ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումները՝ որպես վճռի և գործի վարույթը կարճելու որոշման դեմ վերաքննիչ բողոք, վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքներով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումների դեմ վճռաբեկ բողոք բերելու համար (նույն տրամաբանությամբ՝ Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումները՝ Վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք, Վերաքննիչ վարչական դատարանի՝ գործն ըստ ության լուծող դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք բերելու համար) նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ ստորադաս դատարանի դատական ակտի հրապարակման պահը դիտարկելու մասով, չեն երաշխավորում դատական ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում այն բողոքարկելու հնարավորությունը, քանի որ օրենսդրորեն և գործնական առումով վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբը չեն համընկնում միմյանց, որն էլ գործնականում կարող է տարաբնույթ մեկնաբանման խնդիր առաջացնել բողոքարկման ժամկետների հաշվարկման հստակության առումով։
2. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
Օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվել։
Օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում։
Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետի ավարտը, (…):
Վարչական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
Վարչական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը, (…)։
Վարչական դատավարության օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։
Վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը (…)։
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծության արդյունքում հարկ է նկատել, որ Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերի վկայակոչված հոդվածներում նախատեսված իրավակարգավորումները որպես նշված դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ նախատեսում են համապատասխան դատական ակտի հրապարակման պահը։ Օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի, 183-րդ հոդվածի 5-րդ մասի և 386-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով համապատասխանաբար վճռի, գործի վարույթը կարճելու որոշման օրինակը և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել (վարչական դատավարության դեպքում՝ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ հրապարակվելուց անմիջապես հետո գործն ըստ էության լուծող դատական ակտը հանձնվում է դատավարության մասնակիցներին, իսկ դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան) Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված նախադեպային պրակտիկայի համաձայն՝ երբ պատշաճ ապացուցված է բողոքարկվող դատական ակտը բողոք բերած անձի կողմից իր կամքից անկախ պատճառներով ուշ ստանալու հանգամանքը, և բողոքը ներկայացվել է դատական ակտն ստանալու օրվանից հաշված՝ օրենքով սահմանված ժամկետում, վերադաս դատարանը բացթողած ժամկետը պետք է վերականգնի իրավունքի ուժով (ex jure) (թիվ ԵԿԴ/2791/02/13 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 24.03.2017 թվականի որոշում, թիվ ՎԴ/3939/05/17 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 07.03.2018 թվականի որոշում): Այնուամենայնիվ, նշված կարգավորումներով չի երաշխավորվում դատական ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում այն բողոքարկելու հնարավորությունը։
Մասնավորապես, 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմամբ Սահմանադրական դատարանը դիրքորոշում է հայտնել առ այն, որ դատարանի կողմից դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու և դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունների պատշաճ կատարումը չի կարող ամբողջ ծավալով երաշխավորել անձի՝ դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ իրացումը՝ հաշվի առնելով դատական ակտի հրապարակման, այն հասցեատիրոջն ուղարկելու (եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել) և հասցեատիրոջ կողմից այն փաստացիորեն ստանալու պահերի միջև առկա ժամանակային գործոնը և դրանով պայմանավորված՝ դատական ակտը բողոքարկելու իրական հնարավորության ապահովման անհրաժեշտությունը: Այդ առնչությամբ, Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249, ՍԴՈ-1254 որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի հիմնախնդրին առնչվող` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայի վերլուծության հիման վրա վերահաստատել է նախկինում իր կողմից արտահայտված իրավական դիրքորոշումն առ այն, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքներն արդյունավետ իրացնելու համար:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանի քննարկվող որոշման եզրափակիչ մասի 2-րդ մասի համաձայն. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատական ակտի բողոքարկման մեկամսյա ժամկետը հաշվարկման ենթակա է այդ ակտի հրապարակման պահից այն դեպքում, երբ բողոքաբերը բողոքարկվող դատական ակտը ստացել կամ դրա ամբողջական տեքստն իր տրամադրության տակ է ունեցել (հասանելի է դարձել) օրենքով նախատեսված ժամկետում::
Այս կապակցությամբ պետք է նշել, որ բավարար չափով հստակ չէ՝ ինչ է իրենից ենթադրում բողոքարկվող դատական ակտը օրենքով սահմանված ժամկետում ստանալ եզրույթը: Նշված մեկնաբանությունը խնդրահարույց է այն դեպքում, երբ դատական ակտը գործին մասնակցող անձանց փոխանցվում է ոչ թե առձեռն հանձնման, այլ փոստային առաքման միջոցով ուղարկելու եղանակով, քանի որ նշված եղանակով ուղարկման դեպքում օրենսդրի կողմից սահմանված է ոչ թե դատական ակտի ստացման, այլ դրա ուղարկման ժամկետը (Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի, 183-րդ հոդվածի 5-րդ մասի և 386-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով ուժով որոշման օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել, իսկ Վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ հոդվածի 7-րդ մասի ուժով՝ դատավարության մասնակիցներից որևէ մեկի ներկա չլինելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը հրապարակման կամ դրան հաջորդող օրն ուղարկվում է նրան): Այսինքն, դատական ակտը գործին մասնակցող անձին ուղարկելու դեպքում ըստ էության օրենսդրի կողմից չի սահմանվել և չէր էլ կարող սահմանվել դատական ակտի ստացման ժամկետ, քանի որ դրա ստացումը կախված է փոստային առաքումից:
Ինչ վերաբերում է նույն որոշման պատճառաբանական մասին, պետք է նշել, որ այն տարաբնույթ մեկնաբանման տեղի է տալիս։ Եթե դատարանի կողմից դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը փոստային ծառայությանը հանձնելու դեպքում բողոքարկման ժամկետը հաշվարկվի դատական ակտի հրապարակման պահից, նման մեկնաբանման պայմաններում կստացվի, որ եթե օրինակ՝ դատարանը դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը հանձնել է փոստային ծառայությանը, իսկ անձը այն ստացել է շատ ավելի ուշ (երբեմն փոստային ծառայության ծանրաբեռնվածության պատճառով դատարանի կողմից ուղարկված դատական ակտը հասցեատիրոջը հանձնելու ժամկետը Երևան քաղաքում տևում է մինչև 5-7 օր, իսկ մարզերում՝ շատ ավելի երկար), միևնույն է մեխանիկորեն անձը զրկվում է օրենքով իրեն բողոքարկման համար տրամադրված մեկամսյա ժամկետը լիարժեք օգտագործելու հնարավորությունից: Ընդ որում, նման մեկնաբանման պարագայում որևէ նշանակություն չունի, թե քանի օր ուշացումով է բողոքաբերը ստանում դատական ակտը, ցանկացած դեպքում ստացվում է, որ բողոքաբերի կամքից անկախ պատճառով իր բողոքը ներկայացնելու համար օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը կրճատվում է: Նման մեկնաբանումը կարող է խոչընդոտ հանդիսանալ բողոքաբերի կողմից իր դատավարական իրավունքներից լիարժեք օգտվելու, արդարադատության պատշաճ իրացման տեսանկյունից:
Նման պայմաններում, հաշվի առնելով, որ Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերի գործող իրավակարգավորումների, ինչպես նաև վերջիններիս վերաբերյալ Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությունների արդյունքում գործնականում դատական ակտի բողոքարկման ժամկետների հաշվարկման սկզբի մասով տարաբնույթ մեկնաբանման հնարավորություն է ստեղծվել, նախագծով առաջարկվում է որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ դիտարկել դրանց ստացման պահը (ոչ թե հիմք ընդունելով նախադեպային իրավունքը, այլ այդ մասին հստակ սահմանելով Օրենսգրքում), որպիսի պայմաններում գործնականում հստակ կերաշխավորվի դատական ակտը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում այն բողոքարկելու հնարավորությունը, և արդյունքում բողոքարկման ժամկետների հաշվարկման հստակության առումով խնդիրներ չեն առաջանա: Մասնավորապես՝ տվյալ դեպքում օրենսդրորեն հստակ կսահմանվի, թե որ պահն է համարվում վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու համար նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկման սկիզբ, և այս մասով տարաբնույթ մեկնաբանման խնդիր չի առաջանա:
Ընդ որում, հարկ է նկատել, որ նմանաբնույթ կարգավորումներ էին նախատեսված նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի՝ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու ժամկետների հետ կապված։ Այսինքն, նախկին խմբագրությամբ գործող Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները համապատասխանում էին գործող Քաղաքացիական դատավարության և Վարչական դատավարության օրենսգրքերի համապատասխան իրավակարգավորումների այն տրամաբանությանը, որ ինչպես վերաքննիչ, այնպես էլ՝ վճռաբեկ բողոքներ կարող են բերվել համապատասխան դատական ակտերը հրապարակվելուց հետո մեկամսյա ժամկետում: Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունիսի 30-ին Քրեական դատավարության օրենսգրքի ընդունմամբ դրա 364-րդ հոդվածի 1-ին և 380-րդ հոդվածի 1-ին մասերում նախատեսված կարգավորումներով ևս փոխվել է նշված մոտեցումը, մասնավորապես, նոր Քրեական դատավարության օրենսգրքի նշված հոդվածներում նախատեսված իրավակարգավորումներն, ի տարբերություն 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների, ևս որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու ժամկետի հաշվարկման սկիզբ նախատեսում են ոչ թե համապատասխան դատական ակտի հրապարակման պահը, այլ՝ դրանց ստացման պահը։
Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել սույն նախագիծը:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.
Քաղաքացիական դատավարության օրենսգրքով և Վարչական դատավարության օրենսգրքով որպես վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ բերելու ժամկետի հաշվարկման սկիզբ համապատասխան դատական ակտը ստանալու պահը նախատեսելու պայմաններում օրենսդրորեն հստակ լուծում կստանա բարձրացված հարցը:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Կառավարության 21.07.2022 թվականի Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1133-Լ որոշումից, որի հավելված 2-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով մատնանշված բարեփոխումների ռազմավարական 12 նպատակներից Նպատակ 6-ով և Նպատակ 7-ով նախատեսված է համապատասխանաբար քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխումների, վարչական և վարչական դատավարության օրենսդրության բարեփոխումների իրականացումը, որը ենթադրում է նաև քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսդրության վերանայում։
Նախագիծը նաև բխում է Վարչապետի՝ 06.10.2022 թվականի թիվ 02/07.19/32801-2022 հանձնարարականից: