Արտյոմ Սիրեկանյան
31.10.2022
Կարծում եմ, առաջարկվող փոփոխությունները ոչ թե ոլորտը բարեփոխելու են, այլ գործնականում առաջացնելու մի շարք խնդիրներ : Առաջարկվող փոփոխությունները կատարելու դեպքում առաջանալու են հետևյալ խնդիրները. 1. Առաջարկվող փոփոխությունների արդյունքում դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահը հաշվարկվելու է գործին մասնակցող անձանց կողմից դատական ակտը ստանալու պահից: Արդյունքում դատական ակտը գործին մասնակցող անձանց կողմից տարբեր ժամկետներում ստանալու դեպքում, այն գործին մասնակցող յուրաքանչյուր անձի համար օրինական ուժի մեջ է մտնելու տարբեր ժամկետներում, ինչը իր հերթին խնդիրներ է առաջացնելու դատական ակտի բողոքարկման դեպքում (մի քանի բողոքների համատեղ քննության անհնարինությունը՝ դրանց տարբեր ժամկետներում բողոքարկելու դեպքում, լրացուցիչ կծանրաբեռնի դատարաններին): Բացի այդ, նշված կարգավորումը կարող է չարաշահվել գործին մասնակցող անձանց կողմից, մասնավորապես՝ գործին մասնակցող այն անձը, ում դեմ կայացվել է դատական ակտը, կարող է չարամտորեն միջոցներ ձեռնարկել դատական ակտը չստանալու կամ ավելի ուշ ստանալու համար, այդպիսով պայմանավորել դատական ակտի այլ ժամկետում օրիանական ուժի մեջ մտնելը: 2. Հաջորդ խնդիրը վերաբերում է դատական ակտերի կատարելիությանը: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվող կարգավորմամբ դատական ակտը գործին մասնակցող մի անձի համար կարող է դեռևս օրինական ուժի մեջ մտած չլինել, իսկ մյուսի համար կարող է մտնել կատարման փուլ: 3. Նախագծի հիմնավորման մեջ վկայակոչվել է Սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշմումը, որը սակայն սխալ է մեկնաբանվել նախագծի հեղինակների կողմից: Մասնավորապես՝ Սահմանդրական դատարանը արձանագրել է որ, դատավարական ժամկետը գործին մասնակցող անձի կողմից հարգելի պատճառով բաց թողնվելու դեպքում դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը ենթակա է դատարանի կողմից բավարարման, իսկ մյուս կողմից՝ Վճռաբեկ դատարանը դատավարական ժամկետը բաց թողնելու «հարգելի պատճառ» է համարել նաև անձի կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Հետևաբար Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է դառնում, որ քննարկվող նորմը գործնականում որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ դատավարական օրենսդրությունը գործին մասնակցող անձանց օժտել է դատական ակտը ուշ ստանալու դեպքում այն բողոքարկելու իրավունքով՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ ներկայացված միջնորդությամբ: 4. Նախագծի հիմքում դրվել է Քրեական դատավարության օրենսգրքի համանման կարգավարումը՝ հաշվի չառնելով ոլորտային օրենսդրության ակնհայտ տարբերությունները: Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և նախագիծը խնդիր լուծելու փոխարեն առաջացնելու է միայն նոր և ավելի մեծ խնդիրներ: