ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- --------------- 2022 թվականի N - Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ․» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել՝
1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
- Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը և միջոցառումների ցանկը 2023 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Ազգային ժողով:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2022 թվականի
-------------- --- -ի N ----- - Լ որոշման
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԳԼՈՒԽ I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023 թվականի տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ․» ենթակետի և 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները։
- Տարեկան ծրագիրն ընդգրկում է 2023 թվականի ընթացքում պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
- Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի դրույթները և հաշվի առնելով գործադիր իշխանության հանրապետական մարմինների և Երևանի քաղաքապետարանի առաջարկությունները:
ԳԼՈՒԽ II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Ծրագրի նպատակն է հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
- Ծրագրի խնդիրներն են`
- հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրության բարելավում,
- հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական, կրթական, մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովում,
- հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացում,
- հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացում։
ԳԼՈՒԽ III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ
- 2021 թվականին ընդունվեել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, որով օրենսդրական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հաշմանդամության բժշկական մոտեցումից՝ անցում կատարելով հաշմանդամության՝ մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցման։
- Վերոնշյալ օրենքների ընդունումից հետո հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման արդյունավետ մեխանիզմներ ապահովելու նպատակով մշակվում են ենթաօրենսդրական իրավական ակտերը։
- Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 195643 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության 6.6 %-ը։
- Հաշմանդամություն ունեցող անձինք, ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում, ստանում են աջակցող միջոցներ` պրոթեզներ, օրթեզներ, հենակներ, անվասայլակներ, քայլակներ, լսողական սարքեր, ձայնաստեղծ սարքեր, աչքի պրոթեզներ և այլն:
- Պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային և շուրջօրյա խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են դրամաշնորհի տրամադրման մրցույթներ, որոնց կարող են մասնակցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում և խմբային տներում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով:
- Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
- Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
- Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է գործադիր իշխանության հանրապետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:
- Ապահովվում է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
- Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2023 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 10 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:
ԳԼՈՒԽ IV. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
- Սույն տարեկան ծրագրի N 2 հավելվածով հաստատված յուրաքանչյուր միջոցառման կատարման վերաբերյալ պատասխանատու կատարող մարմինը տվյալ տարվա առաջին կիսամյակի ավարտից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում վարչապետի աշխատակազմ է ներկայացնում հաշվետվություն միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ:
- Տարվա ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու մարմինները վարչապետի աշխատակազմ են ներկայացնում միջոցառումների իրականացման տարեկան հաշվետվությունները:
- Պատասխանատու մարմինների կողմից ուղարկված և վարչապետի աշխատակազմի կողմից ընդունված տարեկան ամփոփ հաշվետվությունը տարվա ավարտից հետո 1 ամսվա ընթացքում հրապարակվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում: