ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
4 - За
-
2 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՍՆԴԻԿԻ ՀԱՎԵԼԻՉՈՎ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանելու մասին կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագծի) մշակումը պայմանավորված է «Սնդիկի մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-84-Ն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով։ «Սնդիկի մասին» օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկի ներթափանցումը մարդու օրգանիզմ հաճախ տեղի է ունենում դրա գոլորշիների ներշնչման ժամանակ, որոնք հոտ չունեն։ Սնդիկի նույնիսկ փոքր քանակների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ առողջական խնդիրներ և ծանր թունավորում։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա։
Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ սպառնում են պտղի բնականոն զարգացմանը։ Սնդիկով պայմանավորված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սնդիկը դիտարկում է այն տասը հիմնական քիմիական նյութերի կամ միացությունների շարքում, որոնք զգալի մտահոգություն են առաջացնում հանրային առողջության համար:
Ի կատարումն Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների, 2020 թվականից հետո Կոնվենցիան վավերացրած երկրները՝ Կոնվենցիայի 4-րդ հոդվածի համաձայն, արգելում են Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը:
Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է։
Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019 թվականից սկսած «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վերաբերյալ իրազեկության բարձրացման նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ (աշխատանքային քննարկումներ, սեմինարներ)՝ նվիրված սնդիկի հավելիչով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերմանը։ Անցկացվել է իրազեկության բարձրացման աշխատանքային հանդիպում սնդիկ պարունակող լամպեր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով նախապես ծանուցել սնդիկի հավելիչով որոշ արտադրանքների, այդ թվում՝ սնդիկ պարունակող լամպերի շրջանառությունից փուլային դուրսբերման մասին։
«Սնդիկի մասին» օրենքով սահմանված է Հայաստանի Հանրապետությունում սնդիկի հավելիչով ապրանքների արտադրության արգելք։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում սնդիկ պարունակող արտադրանքի հիմնական շրջանառությունն իրականացվում է արտաքին առևտրի իրականացման արդյունքում, շրջանառությունից դրանց փուլային դուրսբերման նպատակով մշակվել է ներմուծման և արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը սահմանող նորմատիվ իրավական ակտի նախագիծ՝ աղյուսակի 1-ից 6-րդ տողերում ներառելով այն արտադրանքները, որոնք ունեն սնդիկ չպարունակող այլընտրանքներ և որոնց նույնականացումը մաքսային մարմնի կողմից հնարավոր է իրականացնել առանց արտադրանքի բաղադրության լրացուցիչ փորձաքննության՝ հիմք ընդունելով տվյալ արտադրանքի (ապրանքի) դասակարգման ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը և մաքսային հայտարարագրում ներկայացված նկարագիրը, իսկ աղյուսակի 7-ից 10-րդ տողերում՝ այն արտադրանքը, որոնց նույնականացումը մաքսային մարմնի կողմից կիրականացվի ղեկավարվելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով և ապրանքի (արտադրանքի) նկարագրով։
Նախագծով նախատեսվում է արգելք սահմանել սնդիկի հավելիչով այն արտադրանքների ներմուծման և արտահանման վրա, որոնք չեն համապատասխանում այդ արտադրանքների անվտանգությունը կանոնակարգող Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հետ կապված հարաբերությունները միասնական են և սահմանվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 7-րդ հավելվածին համապատասխան: Պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապրանքների փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններն իրավունք ունեն կիրառելու սահմանափակումներ, եթե այդ սահմանափակումներն անհրաժեշտ են մարդու կյանքի և առողջության պահպանման, շրջակա միջավայրի պահպանության, կենդանիների և բույսերի պաշտպանության, միջազգային պարտավորությունների կատարման համար։ Պայմանագրի 47-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն ներմուծել և կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին արձանագրության (այսուհետ՝ Արձանագրություն) 4-րդ կետի համաձայն՝ ոչ սակագնային կարգավորման միջոցների սահմանման, կիրառման, երկարաձգման և վերացման մասին որոշումներն ընդունվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Արձանագրության 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով, անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, իսկ 51-րդ կետի համաձայն Ժամանակավոր միջոց սահմանող անդամ պետությունը նախօրոք, սակայն ոչ ուշ, քան միջոցի սահմանման օրվանից 3 օրացուցային օր հետո, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ծանուցում է դրա մասին և ԵԱՏՄ մաքսային տարածքում այդ միջոցի սահմանման վերաբերյալ առաջարկ է ներկայացնում։ Արձանագրության 54-րդ կետի համաձայն՝ եթե Միության մաքսային տարածքում ժամանակավոր միջոց սահմանելու մասին որոշում չի ընդունվում, ապա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ժամանակավոր միջոցը սահմանած անդամ պետությանը և անդամ պետությունների մաքսային մարմիններին տեղեկացնում է, որ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով նախատեսվում է հաստատել սնդիկի հավելիչով արտադրանքների Հայաստանի Հանրապետությունից արտահանման (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից ԵԱՏՄ երկրներներ տեղափոխման) և Հայաստանի Հանրապետություն ներմուծման (այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներկրման) արգելք՝ վեց ամիս ժամկետով։
Նախագծով նախատեսվում է ներմուծման կամ արտահանման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի համար սահմանել բացառություններ, եթե դրանք անհրաժեշտ են՝ քաղաքացիական պաշտպանության կամ ռազմական նպատակներով, հետազոտությունների, սարքերի չափաբերման կամ որպես չափանմուշ օգտագործման համար։ Նշված բացառությունները նախատեսված են Կոնվենցիայի «Ա» հավելվածի «ա» և «բ» կետերով։
Բացառությունների ենթակա լինելը հիմնավորելու համար հայտատուն պետք է ներկայացնի․
- տեղեկանք՝ հիմնավորելով Կոնվենցիայով սահմանված նպատակով արտադրանքների օգտագործման անհրաժեշտությունը,
- հայտատուի գրավոր դիմումի հիման վրա համապատասխան լիազոր մարմնից ստացված գրավոր համաձայնություն՝ տվյալ արտադրանքի ներմուծման կամ արտահանման վերաբերյալ։
Լյումինեսցենտային և նատրիումային լամպերի ներուծումը կամ արտահանումը նախատեսվում է թույլատրել, եթե արտադրանքն ուղեկցվում է «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթղթով (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր կամ սերտիֆիկատ)։
Կոսմետիկ միջոցների, դիմահարդարման կամ մաշկի խնամքի միջոցների, օճառների, որպես օճառ օգտագործվող մակերութակտիվ օրգանական նյութերի և միջոցների ներուծումը կամ արտահանումը նախատեսվում է թույլատրել, եթե արտադրանքին կից ներկայացվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 009/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) վերաբերյալ փաստաթուղթ (արտադրանքի համապատասխանության հայտարարագիր, իսկ մանկական կոսմետիկայի և նանոնյութերի օգտագործմամբ արտադրված օծանելիքակոսմետիկական արտադրանքի համար՝ արտադրանքի պետական գրանցման վկայական)։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի Կոնվենցիայով և «Սնդիկի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված պահանջը, ինչը կհանգեցնի սնդիկի հավելիչով արտադրանքների ներմուծման կրճատմանը, դրանց շրջանառությունից փուլային դուրսբերմանը, սնդիկ պարունակող վտանգավոր թափոնների գոյացման կանխարգելմանը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի 2-րդ միջոցառման՝ «Սնդիկի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծերը վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» կատարման անհրաժեշտությունից։
-
Обсуждалось
10.08.2022 - 31.08.2022
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы
-
Министерство
Министерство окружающей среды
Просмотры 3644
Принт