«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման
-
1 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 416-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
- Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավար և մանկավարժական կազմի տարիֆաորակավորման բնութագրերը հաստատելու մասին» N 416-Ն հրամանի՝
- վերնագրում և տեքստում «ղեկավար և մանկավարժական կազմ» բառերը փոխարինել «վարչական և մանկավարժական կազմ» բառերով.
- հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ
Հավելված
Կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարի
2022 թ. N -Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՏԱՐԻՖԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի (այսուհետ` վարչական և մանկավարժական աշխատողների) տարիֆաորակավորման բնութագրերի նկարագրերը, ըստ պաշտոնների, հիմք են ծառայում սահմանելու նախադպրոցական ուսումնական հաստատությունների վարչական և մանկավարժական աշխատողների պաշտոնային իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը:
- Վարչական և մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանումները պետք է համապատասխանեն այդ պաշտոնների նկարագրերով սահմանված բնութագրումներին:
- Պաշտոնների բնութագրերի նկարագրերը (այսուհետ` նկարագրեր) նախատեսված են վարչական և մանկավարժական յուրաքանչյուր պաշտոնի համար և հաշվի են առնվում որակավորման տարակարգերը սահմանելու ժամանակ:
- Հավելվածում բերված նկարագրերը տարածվում են նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) աշխատողների վրա` անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից:
- Հայաստանի Հանրապետության հաստատությունների վարչական և մանկավարժական կազմի անվանացանկը ներառում է՝
- վարչական կազմ՝
ա. հաստատության տնօրեն.
բ. հաստատության տնօրենի տեղակալ.
- մանկավարժական կազմ՝
ա. հաստատության տնօրեն.
բ. մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ.
գ. հաստատության դաստիարակ.
դ. հաստատության հատուկ մանկավարժ` լոգոպեդ, սուրդոմանկավարժ.
ե. հաստատության հոգեբան.
զ. հաստատության սոցիալական մանկավարժ.
է. հաստատության երաժշտության դաստիարակ (երաժշտական ղեկավար).
ը. հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգիչ
թ. հաստատության պարուսույց` պարի ղեկավար
ժ. լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ:
- ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Պաշտոնային պարտականությունները`
- իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, կրթադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրության, հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան.
- ապահովում և կրում է պատասխանատվություն կրթական ծրագրերի իրականացման, կրթական գործընթացի կազմակերպման համար.
- որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար.
- իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական ժամանակացույցի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.
- լուծում է ուսումնամեթոդական, վարչական, ֆինանսական, տնտեսական և այլ հարցեր.
- պլանավորում, համակարգում և վերահսկում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.
- խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, աջակցում կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանը.
- ձևավորում է սաների տարիքային խմբերի համակազմը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և հաստատության կանոնադրության պահանջներին համապատասխան, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը.
- ապահովում է արդյունավետ համագործակցություն համայնքի, հասարակական կազմակերպությունների, ծնողների (սաների օրինական ներկայացուցիչների) հետ.
- համագործակցում է օրենսդրությամբ թույլատրված տարբեր կազմակերպությունների, միավորումների հետ.
- ապահովում է հիմնադրի բյուջետային հատկացումների, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը.
- ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպություններում.
- ապահովում է ուսումնանյութական բազայի, սանիտարահիգիենիկ ռեժիմի, աշխատանքի պաշտպանության փաստաթղթերի պահպանությունը.
- կրում է պատասխանատվություն համապատասխան կրթական ծրագրերի կատարման, կրթական գործընթացի, կրթության որակի և բովանդակության, սաների կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում երեխաների, աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
- ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, հիմնադրի, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.
- առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ.
- նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը.
- Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համայնքի ղեկավարի և ավագանու (հիմնադրի) որոշումներով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
- տալիս է հաստատության անունից հանդես գալու, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
- բանկերում բացում է հաշվարկային հաշիվ.
- կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
- օրենքով և կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
- իրականացնում է մանկավարժական կադրերի և սպասարկող անձնակազմի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական զարգացման համար.
- վերահսկողություն է իրականացնում հաստատության աշխատողների կողմից աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.
- ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.
- կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք ներկայացնում կառավարման մարմնի (մարմինների) հաստատմանը.
- ապահովում է պայմաններ` հաստատությունում ճիշտ գործավարության իրականացման, դիդակտիկ նյութերի ռացիոնալ օգտագործման, սարքավորումների պահպանման, տեխնիկայի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման համար.
- կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան.
- իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ։
- Տնօրենի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. մանկավարժության, հոգեբանամանկավարժական գիտության և պրակտիկայի արդի նվաճումներին, անձի հոգեբանության, դիֆերենցված հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքներին, կրթական համակարգերի կառավարմանն ու մեթոդներին, տնտեսական հիմունքներին, ֆինանսական, տնտեսական գործունեության կազմակերպմանը.
գ. աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերին ու կանոններին:
- Որակավորման պահանջները`
1) հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրային կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
- 3. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԻՍՏԸ` ՏՆՕՐԵՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳԾՈՎ ՏԵՂԱԿԱԼԸ
- Պաշտոնային պարտականությունները`
- կազմակերպում է ուսումնական հաստատության մեթոդական աշխատանքը, վերլուծում ուսումնական հաստատության ուսումնամեթոդական և դաստիարակչական աշխատանքը.
- առաջարկություններ է ներկայացնում կրթական գործընթացի և մեթոդական աշխատանքի արդյունավետության բարձրացման համար: Համակարգում է մեթոդական նյութերը և կազմում տեղեկատվական նյութեր.
- կատարում է մասնագետներ վերապատրաստելու համար կանխատեսման և պլանավորման աշխատանքներ.
- կազմակերպում է ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, դիդակտիկ նյութերի և սարքավորումների համակարգման աշխատանքները:
- վերլուծում և ընդհանրացնում է ուսումնական հաստատության փորձարարական աշխատանքների արդյունքները. միջոցներ է ձեռնարկում մանկավարժական աշխատողների արդյունավետ փորձը տարածելու համար.
- համակարգում է մանկավարժական աշխատողների աշխատանքը. հաղորդում է ուսուցման և դաստիարակության առաջավոր տեխնոլոգիաները։
- մշակում է մրցույթներ, ցուցահանդեսներ, հավաքներ, ստուգատեսներ անցկացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր.
- ուսումնական հաստատությունների, ստորաբաժանումների, ուսումնամեթոդական, մեթոդական կաբինետների, կենտրոնների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին խորհրդատվական և գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնական, մեթոդական և դաստիարակչական աշխատանքներ կազմակերպելու համար.
- հաստատության տնօրենի հետ համատեղմասնակցում է՝
ա. մանկավարժական աշխատողների, դաստիարակների օգնականների թեկնածությունների ընտրությանը, կոլեկտիվում բարոյահոգեբանական մթնոլորտի ստեղծման, աշխատակիցների բարոյական և նյութական խրախուսման գործընթացին.
բ. հաստատության աշխատանքային պլանի, զարգացման ծրագրերի մշակմանը, ռազմավարության պլանավորմանն ու ներդրմանը, կրթական ծրագրերի ընտրությանը.
գ. համայնքում և ծնողների շրջանում հաստատության վարկի և հեղինակության բարձրացմանը,
դ. սաների հետ տարվող կրթադաստիարակչական, աշխատանքների կազմակերպմանը.
ե. հաստատությունում փորձարարական, հետազոտական աշխատանքների կազմակերպմանը:
10) պլանավորում է ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները հաստատությունում՝ հաշվի առնելով մանկավարժական կադրերի կարողությունները, փորձը.
11) դաստիարակների համար անցկացնում է բաց պարապմունքներ, սեմինարներ, անհատական և խմբային խորհրդատվություններ (կոնսուլտացիաներ), ստուգատեսներ, ցուցահանդեսներ.
12) պլանավորում և դաստիարակների հետ կազմակերպում է ուսումնադիտողական պարագաների, դիդակտիկ նյութերի պատրաստման աշխատանքները.
13) համակարգում է դպրոցի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները.
14) պլանավորում և դաստիարակների հետ պատրաստում է ծնողների հետ տարվող աշխատանքների համար վահանակներ, շարժական թղթապանակներ՝ ընտանեկան դաստիարակության փորձի վերաբերյալ.
15) իրականացնում է դաստիարակների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն. սիստեմատիկ ստուգում է՝
ա. ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանները.
բ. մեթոդական աշխատանքը մանկապարտեզում, մանկավարժների ինքնակրթությունը.
գ. մեթոդական աշխատանքի բովանդակությունը. նախապատրաստումը, ծրագրավորումը, պլանավորումը, կազմակերպումն ու կարգավորումը, խթանումը, վերլուծությունը:
- Մեթոդիստի` տնօրենի ուսումնական գծով տեղակալի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) տնօրենի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. դիդակտիկայի սկզբունքներին, մանկավարժության և տարիքային հոգեբանության հիմունքներին, կրթական հաստատության ուսուցման գործընթացի կազմակերպման, հաստատության գործունեության ֆինանսատնտեսական ղեկավարման համակարգին, ուսումնածրագրային փաստաթղթերի, ուսումնական պլանների, կրթական ծրագրերի, սարքավորումների օրինակելի ցանկերի և այլ ուսումնամեթոդական փաստաթղթերի մշակման սկզբունքներին.
գ. ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառման, ընդհանրացման և տարածման մեթոդիկային, սկզբունքներին.
դ. աշխատանքի անվտանգության, սաների կյանքի, առողջության պաշտպանության կանոններին և նորմերին:
- Որակավորման պահանջները`
1) հաստատության մեթոդիստի, տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ
- Պաշտոնային պարտականությունները`
- պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
- կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.
- կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, նպաստում է գեղագիտական, մարզական տարաբնույթ պարապմունքների, ազատ ժամանցի կազմակերպմանը.
- նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.
- աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
- ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.
- համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.
- սաների կյանքի և առողջության պահպանման նպատակով իրականացնում է հոգածություն և հսկողություն՝ իրեն վստահված սաների նկատմամբ, հաստատությունում և զբոսանքային վայրերում.
- կրում է պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ սաների կյանքի և առողջության համար.
- բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.
- հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները՝ համաձայն կրթական ծրագրի.
- մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր սանի անձնային զարգացման համար.
- խնամքով և հոգածությամբ է վերաբերվում յուրաքանչյուր սանի, շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական տակտ.
- խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
- ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
- երաժշտության դաստիարակի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
- ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.
- վարում է սաների հաճախումների մատյանը.
- առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հիվանդությունից հետո հաստատություն հաճախող սաներին.
- նպաստում է նոր հաճախող սաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.
- մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին, աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.
- ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
- մշտապես զբաղվում է ինքնակրթությամբ.
- խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.
- վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.
- համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.
- ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն.
- իրավասու է՝
ա. ընտրելու և կիրառելու նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին.
- Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
- դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, առաջին օգնության հիմունքներին, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքներին,
գ. Աշխատանքի անվտանգության, սաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները`
1) հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն հինգ տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ (ԼՈԳՈՊԵԴ, ՍՈՒՐԴՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՏԻՖԼՈՄԱՆԿԱՎԱՐԺ, ՕԼԻԳՈՖՐԵՆՈՄԱՆԿԱՎԱՐԺ)
- Պաշտոնային պարտականությունները`
- Դաստիարակների հետ անցկացնում է պարապմունքների լսումներ և մասնակցում պարապմունքների.
- իր աշխատանքում հիմնվում է համապատասխան մասնագետների հետազոտական տվյալների վրա՝ մշտական կապ պահելով ուսումնական հաստատության բուժաշխատողների հետ.
- կազմակերպում է, իրականացնում ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.
- հետազոտում և գնահատում է սաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.
- պարապմունքների համար խմբերը կազմավորում է` հաշվի առնելով սաների հոգեֆիզիկական վիճակը.
- խմբակային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.
- սերտորեն համագործակցում է այլ մասնագետների հետ.
- զարգացման շեղումներ ունեցող սաների հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքներ կազմակերպելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տալիս մանկավարժներին, ծնողներին(օրինական ներկայացուցիչներին).
- ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների խնդիրների կանխարգելմանը, շտկմանը.
- մասնակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սըաների անհատական զարգացման ծրագրերի մշակման` հաշվի առնելով զարգացման առանձնահատկությունները.
- բացահայտում է հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող սաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ.
- անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված սաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին.
- աշխատանքի ընթացքում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների շրջանակներում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ.
- սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.
- Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
- հատուկ մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. հատուկ մանկավարժության, հոգեբանության, արատաբանության, անատոմիաֆիզիոլոգիական և կլինիկական հիմունքներին, երեխայի զարգացման շեղումների ուղղման, կանխարգելման մեթոդներին, ձևերին, մասնագիտական և պրակտիկ գործունեության վերաբերյալ նորմատիվային ու մեթոդական փաստաթղթերին.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները`
հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
- 6. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՀՈԳԵԲԱՆԸ
- Պաշտոնային պարտականությունները`
- հաստատությունում աշխատանքներ է տանում սաների հոգեկան առողջության և անձի զարգացման ապահովման ուղղությամբ.
- հայտնաբերում է սանի անձի կայացումը դժվարացնող պայմանները և հոգեկանխորոշման, հոգեշտկման, խորհրդատվության և վերականգնողական միջոցներով օգնում է սաներին, մանկավարժներին ծնողներին անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում.
- սաների մի տարիքային խմբից մյուսին անցնելիս անցկացնում է սովորելու պատրաստականության հոգեբանամանկավարժական գնահատում, առաջարկում է սանի զարգացման աստիճանին համապատասխան ուսումնական ծրագրեր.
- մասնակցում է օժտված սաների բացահայտման և ստեղծագործական զարգացման գործին.
- բացահայտում է հուզական և մտավոր զարգացման խնդիրներ ունեցող սաներին.
- հետազոտում և սոցիալ-հոգեբանական օգնություն է ցույց տալիս մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող սաներին.
- մասնակցում է հոգեբանամանկավարժական հանձնաժողովի աշխատանքներին, սաների սոցիալ-իրավական պաշտպանության հանձնաժողովների աշխատանքին.
- մասնակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների անհատական զարգացման ծրագրերի մշակմանը` հաշվի առնելով սաների զարգացման առանձնահատկությունները, բացահայտում հուզական, մտավոր զարգացման, վարքային, շփման դժվարություններ ունեցող սաներին, նրանց հետ տանում շտկողական, զարգացնող աշխատանքներ. իրականացնում է սաների հոգեկան, մարմնական (սոմատիկ), սոցիալական բարենպաստության ապահովմանն ուղղված մասնագիտական գործունեություն.
- որոշում է սաների բնականոն զարգացմանը խոչընդոտող գործոնները և ձեռնարկում է տարբեր միջոցներ՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.
- աջակցություն է ցուցաբերում սաներին, ծնողներին, մանկավարժական աշխատողներին՝ կոնկրետ խնդիրների լուծման ուղղությամբ.
- անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկումներ, հետազոտություններ, մանկավարժական գնահատում.
- սաների անհատական և սոցիալական զարգացման ուղղությամբ հետազոտական աշխատանքների նյութերի հիման վրա կազմում է հոգեբանամանկավարժական եզրակացություն՝ մանկավարժական կոլեկտիվի, ծնողների կողմնորոշման նպատակով.
- սահմանված կարգով վարում է փաստաթղթերը և կիրառում ըստ նշանակության.
- մասնակցում է սաների հետ տարվող կրթադաստիարակչական գործունեության, շտկողական և զարգացման ծրագրերի մշակմանը՝ նրանց անհատական, սեռատարիքային առանձնահատկությունները հաշվի առնելով.
- իրականացնում է հոգեբանական աջակցություն՝ օժտված սաների զարգացման ուղղությամբ.
- որոշում է սաների (մտավոր, ֆիզիկական, հուզական) զարգացման շեղման աստիճանը, ինչպես նաև սոցիալական զարգացման տարբեր բնույթի խանգարումները և անցկացնում է հոգեբանամանկավարժական շտկողական աշխատանքներ.
- խորհրդատվություն է իրականացնում մանկավարժներին՝ գործնական հոգեբանության կիրառման ուղղությամբ, նպաստում է մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրավասությունների մակարդակի բարձրացմանը.
- իրավասու է՝
ա. մասնակցելու հաստատությունում դաստիարակչական աշխատանքների ուղղությամբ ծրագրերի կազմանն ու իրականացմանը,
բ. ուսումնասիրելու երեխաների անձնային որակները, անհատականությունը, փոխհարաբերություններն հասակակիցների և մեծահասակների հետ.
գ. ընտրել և կիրառել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պատանջներիրն համապատասխան դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
դ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին:
- Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
- հոգեբանի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. ընդհանուր և մանկավարժական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության, բժշկական հոգեբանության (մանկան նյարդահոգեբանություն, պաթոհոգեբանություն, պսիխոմատիկա), արատաբանության, աշխատանքի հոգեբանության, հոգեախտորոշման, հոգեպրոֆիլակտիկայի հիմունքներին, ակտիվ ուսուցման, շփման, սոցիալ-հոգեբանական, երեխայի բնական և ոչ բնական զարգացման կանխորոշման մեթոդներին.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները`
հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն:
- 7. ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ
- Պաշտոնային պարտականությունները`
- հաստատության ղեկավարության հետ համատեղ ձևակերպում և հստակեցնում է սոցիալ-մանկավարժական աշխատանքի հիմնական ուղղությունները.
- ուսումնասիրում է հաստատության սոցիալ-մանկավարժական հիմնախնդիրները.
- նպաստում է սաների և մանկավարժական աշխատողների շրջանում մարդասիրական հարաբերությունների ձևավորմանը.
- սոցիալ-մանկավարժական աջակցության է ցուցաբերում սաներին և նրանց ընտանիքներին, որն ուղղված կլինի սոցիալական բարդ իրավիճակների և կոնֆլիկտների կանխարգելմանն ու հաղթահարմանը.
- իրավապահ և արդարադատության մարմիններում, պետական այլ հիմնարկներում ներկայացնում է սաների և նրանց ընտանիքների շահերը, իրավունքների պաշտպանությունը.
- մասնակցում է ներառական կրթության ոլորտում բազմամասնագիտական խմբի աշխատանքներին.
- աշխատանքներ է իրականացում սաների սոցիալականացման ուղղությամբ.
- սոցիալական պաշտպանության վերաբերյալ խորհրդատվության է տրամադրում սաներին, նրանց ծնողներին, հաստատության մյուս աշխատակիցներին.
- մասնակցում է դպրոցին երեխաների նախապատրաստելուն ուղղված աշխատանքների իրականացմանը.
- իրականացնում է սաների՝ հասակակիցների և մեծահասակների փոխհարաբերությունների բնույթի, առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված աշխատանքների բովանդակության վերլուծություն.
- իրավասու է՝
ա. մասնակցելու հաստատությունում դաստիարակչական աշխատանքների ուղղությամբ ծրագրերի կազմանն ու իրականացմանը,
բ. ուսումնասիրելու սաների անձնային որակները, անհատականությունը, նրանց դիրքն ընտանիքում, փոխհարաբերություններն ընտանիքի անդամների հետ.
գ. ընտրել և կիրառել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
դ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին:
- Նախադպրոցական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
- սոցիալական մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. ընդհանուր և սոցիալական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության, հիմունքներին, ակտիվ ուսուցման, սոցիալ-հոգեբանական, հաղորդակցման մեթոդներին.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները`
հաստատության սոցիալական մանկավարժի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿԸ (ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ)
- Պաշտոնային պարտականությունները`
1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների և զգացմունքների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով երաժշտական գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) խթանում է սաների ստեղծագործական գործունեության զարգացումը.
3) սաների ստեղծագործական գործունեության զարգացման շրջանակում համագործակցում է մանկավարժական այլ աշխատողների և ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.
4) որոշում է մանկավարժական գործունեության ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.
5) դաստիարակների հետ համատեղ, կրթական ծրագրին համապատասխան, իրականացնում է սաների երաժշտական դաստիարակությունը` կիրառելով երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
6) խթանում է սաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.
7) համակարգում է հաստատության մասնագետների աշխատանքը երաժշտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում երեխաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ.
10) իրավասու է՝
ա. ընտրելու և կիրառելու երաժշտական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին.
դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար:
- Հաստատության երաժշտության դաստիարակի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) երաժշտության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման մեթոդիկային, ունենա հոգեբանամանկավարժական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, զգայական ընկալումների և երաժշտական կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները, մասնագիտորեն տիրապետի երաժշտական գործիքի կատարման տեխնիկային.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները`
հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա`
1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՀՐԱՀԱՆԳԻՉԸ (ՄԱՐԶԻՉ, ՄԱՆԿԱՎԱՐԺ)
- Պաշտոնային պարտականությունները`
- նախադպրոցական կրթական ծրագրերին համապատասխան` երեխաների հետ տանում է ֆիզիկական դաստիարակության աշխատանքներ.
- որոշում է պարապմունքների խնդիրները և բովանդակությունը` հաշվի առնելով երեխաների տարիքը, պատրաստվածությունը, անհատական և հոգեբանական առանձնահատկությունները.
- աջակցում է սաներին վարժությունների կատարման տեխնիկայի և հմտությունների զարգացմանը, ձևավորում է նրանց բարոյակամային որակները:
- ապահովում է սաների անվտանգությունը ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ.
- ցույց է տալիս առաջին մինչբժշկական օգնություն: Մշտապես հետևում է պարապմունքների վայրի սանիտարահիգիենիկ վիճակին և նորմաների պահպանմանը.
- բուժաշխատողների հետ համատեղ հսկում է սաների առողջության վիճակը, կարգավորում նրանց ֆիզիկական անբավարարությունը: Պատասխանատու է սաների կյանքի, առողջության համար.
- կազմում է յուրաքանչյուր խմբի համար ֆիզկուլտուրայի պարապմունքների բաշխման ժամանակացույցը (գրաֆիկը)՝ համաձայնեցնելով հաստատության տնօրենի և մեթոդիստի հետ.
- ըստ ծրագրի՝ անցկացնում է ֆիզիկական դաստիարակության գծով ուսումնական պարապմունքները՝ խմբի տարիքային կազմի առանձնահատկությունները հաշվի առնելով.
- պլանավորում է պարապմունքների բովանդակությունը.
- վերահսկում է օրվա ընթացքում սաների շարժողական ակտիվությունը: Անցկացնում է զրույցներ խմբերի դաստիարակների և սպասարկող անձնակազմի հետ ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.
- ծնողների կազմակերպում է հետ բացատրական աշխատանք՝ պարապմունքներին սաների նախապատրաստման ուղղությամբ.
- պարապմունքների ժամանակ հաշվի է առնում յուրաքանչյուր սանի անհատական հնարավորությունները.
- ուսումնասիրում է պարապմունքի անցկացման հիգիենիկ պայմանները.
- տարվա ընթացքում երկու անգամ ձևավորում է յուրաքանչյուր սանի ֆիզիկական զարգացման գնահատականը (կիրառելով ընտրանքային կարգով գնահատման (դիագնոստիկայի) մեթոդիկան).
- մշտապես կատարելագործում է իր մասնագիտական վարպետությունը, սաների հետ տարվող մեթոդական աշխատանքի հնարները.
- կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի գծով բացատրական աշխատանք հաստատության աշխատակիցների և ծնողների շրջանում։
- Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի, անատոմիայի, սանիտարական գործի, հիգիենայի, մարզագործիքների վրա ուսուցման մեթոդիկայի հիմունքներին,
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները՝
հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`
1) բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՐՈՒՍՈՒՅՑԸ (ՊԱՐԻ ԽՄԲԱՎԱՐԸ)
- Պաշտոնային պարտականությունները`
1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների, պարարվեստային կարողությունների, հմտությունների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով մանկական պարարվեստի գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) խթանում է սաների ստեղծագործական գործունեության զարգացումը՝ հաստատության այլ մանկավարժների և ծնողների համագործակցությամբ.
4) որոշում է պարարվեստի, պարային շարժումների պլաստիկայի մանկավարժական ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.
5) կրթական ծրագրին համապատասխան՝ երաժշտության դաստիարակի, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է սաների շարժումների երաժշտական ընկալման, պարարվեստային դաստիարակությունը` կիրառելով պարարվեստի և երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
6) խթանում է սաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական գործունեության զարգացումը.
7) համակարգում է հաստատության այլ մանկավարժական աշխատողների աշխատանքը պարարվեստի, գեղագիտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
8) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
9) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական, պարարվեստի դաստիարակության հարցերի շուրջ.
10) իրավասու է՝
ա. ընտրելու և կիրառելու պարարվեստի դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին.
դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.
ե. հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին։
- Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) պարուսույցի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, պարարվեստի ուսուցման մեթոդիկային, ունենա մանկավարժահոգեբանական տարրական պատրաստվածություն, իմանա երեխայի անձի տարիքային և անհատական զարգացման, ինչպես նաև տարբեր տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, հուզական, զգայական ընկալումների և պարային ընդունակությունների, կարողությունների առանձնահատկությունները, մանկական երաժշտական ստեղծագործությունները.
գ. աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոններին:
- Որակավորման պահանջները`
հաստատության պարուսույցը (պարի խմբավարը) պետք է ունենա`
1) միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
- ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ (ՈՒՍՈՒՑԻՉ, ԽՄԲԱՎԱՐ)
- Պաշտոնային պարտականությունները`
1) իրականացնում է երեխաների լրացուցիչ կրթությունը, զարգացնում նրանց տարաբնույթ ստեղծագործական գործունեությունը.
2) սաներից կազմավորում է խմբակի, համույթի կազմը, ձեռնարկում է միջոցներ` ուսուցման տևողության ժամկետը, նրանց կազմը պահպանելու համար.
3) ապահովում է ուսուցման ընթացքում աշխատանքի մեթոդների ձևերի, միջոցների ընտրության մանկավարժական հիմնավորումը.
4) ապահովում է երեխաների իրավունքների և ազատության պաշտպանությունը.
5) մասնակցում է կրթական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, կրում է պատասխանատվություն` ըստ ուղղվածության` դրանց կատարման որակի, երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.
6) ըստ ուղղվածության` բացահայտում է երեխաների ստեղծագործական ընդունակությունները, նպաստում դրանց զարգացմանը, նախասիրությունների և հակումների, սոցիալական հաղորդակցական և տարրական հմտությունների ձևավորմանը, զարգացնում նրանց տարաբնույթ ստեղծագործական, գեղագիտական, մտավոր, ֆիզիկական-առողջարարական գործունեությունը.
7) պարապմունքների ընթացքում ապահովում է աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության և հակահրդեհային պաշտպանության նորմերը, կանոնները, մասնակցում է մեթոդական միավորումների աշխատանքներին, բարձրացնում է իր մասնագիտական որակավորումը.
8) դաստիարակների հետ համատեղ ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները: Պարապմունքների ընթացքում պլանավորում է տարբեր բարդության և մակարդակների հանձնարարություններ՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի զարգացումը.
9) իրականացնում է անհատական աշխատանք երեխաների հետ: Նպաստում է երեխաների մեջ ըստ նախասիրության` հետաքրքրությունների ձևավորմանը.
10) մասնակցում է մանկավարժական խորհրդի աշխատանքներին: Տարվա ընթացքում երկու անգամ հաշվետվություն է ներկայացնում իր աշխատանքի, նախադպրոցականների ստեղծագործական ընդունակությունների, նրանց զարգացման գնահատման (դիագնոստիկայի) վերաբերյալ.
11) անցկացնում է դաստիարակների և ծնողների համար բաց պարապմունքներ, կազմակերպում ցուցահանդեսներ.
12) պատասխանատու է ըստ ուղղվածության` կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար.
13) հաշվետու է հաստատության ղեկավարին և մանկավարժական խորհրդին.
14) իրավասու է՝
ա. ընտրելու և կիրառելու ըստ կրթական ծառայության ուղղվածության` դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.
բ. բարձրացնելու մասնագիտական որակավորումը.
գ. մասնակցելու հաստատության կառավարման գործընթացին:
- Նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժի գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական պահանջները`
1) լրացուցիչ կրթության մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է տիրապետի՝
ա. նախադպրոցական կրթության ոլորտի և սույն պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունների կատարման համար անհրաժեշտ օրենսդրությանը.
բ. տարիքային և հատուկ մանկավարժության, հոգեբանության հիմունքներին, երեխաների հետաքրքրությունների և պահանջմունքների զարգացման առանձնահատկություններին, ըստ ուղղվածության` գեղագիտական, մտավոր բնապահպանական, առողջարարական-շտկողական, մարզական, ժամանցային խմբակների գործունեության մեթոդաբանությանը, կազմակերպմանը.
գ. աշխատանքի պաշտպանության, տեխնիկայի անվտանգության հակահրդեհային պաշտպանության նորմերը և կանոնները, երեխաների կյանքի և առողջության պահպանման հիմնական կանոնները:
- Որակավորման պահանջները`
1) նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժը պետք է ունենա`
միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` մանկավարժական որակավորմամբ:
-
Обсуждалось
01.05.2022 - 16.05.2022
-
Тип
Приказ
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Просмотры 9268
Принт