Добавить в избранное

«Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Նախագիծ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26.2-րդ կետով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

  1. Սահմանել «Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը»՝ համաձայն Հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Վ. ԴՈՒՄԱՆՅԱՆ

 

 

 

 

Հավելված

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2021 թվականի                              -ի  N             Ն հրամանի

 

 

 

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման, հրատարակման և Հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման հետ կապված իրավահարաբերությունները:

 II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

  1. Հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներն են.

1) դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը,

2) դասագիրքը պետք է ներկայացնի միայն ստույգ, գիտականորեն հաստատված և ճշգրիտ տեղեկատվություն, վարկածների վերաբերյալ տեղեկատվության ընդգրկման պարագայում՝ հստակ նշում պարունակի այդ մասին, օգտագործի միայն գիտականորեն շրջանառվող վարկածներ,

3) դասագրքում պետք է ապահովված լինեն պատշաճ հղումները (այդ թվում՝ էլեկտրոնային հասցեների հղումներ) օգտագործված բոլոր նյութերին և աղբյուրներին,

4) դասագիրքը պետք է հնարավորություն ընձեռի բազմակողմանիորեն ծանոթանալու ներկայացվող նյութին կամ թեմային և նպաստի սովորողի  մոտ  դրա վերաբերյալ սեփական դիրքորոշման ու կարծիքի ձևավորմանը,

5) դասագրքի շարադրանքի լեզուն պետք է համապատասխանի տվյալ տարիքային խմբի լեզվամտածողության առանձնահատկություններին՝ խուսափելով մասնագիտական և գիտական եզրույթների անհարկի գործածումից, երկարաշունչ նախադասություններից՝ կիրառելով հնարավորինս պարզ կառուցվածքով և հասկանալի բովանդակությամբ նախադասություններ,

6) դասագրքում պետք է օգտագործվեն տեղեկատվության փոխանցման տարբեր եղանակներ՝ տեքստային, պատկերային, գրաֆիկական, թվային և այլ՝ փոխլրացման և համադրման սկզբունքով՝ խուսափելով կրկնություններից,

7) դասագրքի կառուցվածքը պետք է համապատասխանի ներքոգրյալ մեթոդական պահանջներին․գլուխների և պարբերությունների դասավորում, ներքին ամբողջականություն, հստակություն, տրամաբանական հաջորդականություն, եզրակացությունների հակիրճություն, պարզություն, ներկայացման արտահայտչություն ու պատկերացումների, նկարազարդումների, ճշգրիտ և բազմազան հարցերի, պայմանների ու առաջադրանքների այնպիսի կառուցվածք, որը սովորողներից պահանջում է կատարել մտավոր գործողություններ, նշումներ, ուրվագծեր, գծանկարներ, հաշվարկներ, գործնական աշխատանք, փորձեր և այլն: 

  1. Դասագրքի էջերը չպետք է գերազանցեն՝

1) 176 էջը (11 մամուլ)՝ տարրական և միջին դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար,

2) 144 էջը (9 մամուլ)՝ տարրական և միջին դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառի համար,

3) 192 էջը (12 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ հումանիտար և հասարակագիտական բնագավառների համար,

4) 160 էջը (10 մամուլ)՝ ավագ դասարաններում՝ բնագիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի բնագավառի համար։

  1. Դասագիրքը կարող է լինել թղթային, էլեկտրոնային կամ հիբրիդ (համակցված)։
  2. Թղթային դասագիրքը ունենում է իր թվայնացված տարբերակը, որը ձեռք է բերվում դասագրքի հետ միաժամանակ։
  3. Հիբրիդ դասագիրքը թղթային դասագիրքն է, որի մեջ ներառված է թվային բովանդակություն։
  4. Դասագրքերի օգտագործման նվազագույն ժամկետը (տվյալ առարկայի չափորոշչի և ծրագրի պահանջների անփոփոխ մնալու դեպքում)՝

1) տարրական դասարաններում՝ առնվազն 3 տարի է,

2) միջին և ավագ դասարաններում՝ առնվազն 5 տարի,

3) էլեկտրոնային դասագրքերի գործածության ժամկետը՝ առնվազն 7 տարի է:

  1. Դասագրքերի օգտագործման ժամկետներն ամրագրվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով:
  2. Թղթային և էլեկտրոնային դասագրքերի վերարտադրության համար օգտագործվում են սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) կղմից դասագրքերի օգտագործման համար ներդրված գումարները: Թղթային և էլեկտրոնային դասագրքերի համար ներդրումային գումարները տարբեր են։
  3. Սովորողը, ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) գրավոր համաձայնության դեպքում, կարող է հրաժարվել թղթային դասագրքերից և օգտվել էլեկտրոնային դասագրքերից:

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

  1. Հանրակրթական առարկաների դասագրքերի գնումն իրականացվում է՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով,

2) հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ Հաստատություն)՝ առանձնացված բանկային հաշիվներում առկա ներդրումային գումարների միջոցներով,

3) օրենքով չարգելված այլ միջոցներով:

  1. Դասագրքերի ստեղծումն ու հրատարակումն իրականացվում է մրցութային եղանակով։
  2. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։
  3. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։
  4. Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է կրթության կառավարման պետական լիազոր մարմինը։ Հաստատությունների սովորողների ծնողների (նրանց օրինական ներկայացուցիչների) դասագրքերի համար ներդրումային գումարներով ֆինանսավորվող դասագրքերի ստեղծման և հրատարակման մրցույթները կազմակերպում և անցկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկվում է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը (այսուհետ՝ ԴՏՀՏՇՀ):
  5. Դասագրքերի ստեղծման մրցույթի պարտադիր բաղադրիչն է մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունը, որն իրականացվում է սույն կարգով ձևավորված հանրակրթության պետական չափորոշչին դասագրքերի համապատատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների (այսուհետ՝ հանձնաժողովներ) կողմից։
  6. Դասագրքերի ստեղծման մրցույթի ընթացքում ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունը իրականացվում է հետևյալ փուլերով՝

1) համապատասխանության փուլ: Այս փուլում գնահատվում է ներկայացված հավակնորդ դասագրքում նյութի գիտական համապատասխանությունը՝ «ԱՅՈ՛, համապատասխանում է» և «Ո՛Չ, չի համապատասխանում» գնահատականներով։ Գիտական համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը ներկայացվում է հավակնորդ դասագիրքը ստեղծողի կողմից և իրենից ներկայացնում է առնվազն երկու մասնագիտական համապատասխան կառույցների կամ մասնագետների եզրակացություն՝ հավակնորդ դասագրքի գիտական համապատասխանության վերաբերյալ։ Գիտական համապատասխանության վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տված կառույցների և մասնագետների տվյալները ներառվում են դասագրքում։

2) Բովանդակային գնահատման փուլ: Հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքերի բովանդակային գնահատումն իրականացվում է հանձնաժողովների կողմից՝ նախապես սահմանված բովանդակային չափանիշներին, դրանց համապատասխան բնութագրիչներին, մշակված գնահատման սանդղակին համապատասխան։ Հանձնաժողովների կողմից սահմանվում է դասագրքերի անցողիկ բովանդակային շեմ։ Բովանդակային շեմն անցած հավակնորդ դասագրքերն անցնում են փորձաքննության հաջորդ փուլ։

3) Վարկանիշային գնահատման փուլ: Այս փուլում բովանդակային շեմն անցած հավակնորդ դասագրքերը ներկայացվում են ուսուցիչների վարկանիշային գնահատմանն առցանց եղանակով՝ հրապարակվելով ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում։ Վարկանիշային գնահատման համար տրվում է 15 օր՝ հաշված հրապարակման օրվանից։ Վարկանիշային գնահատումն իրականացվում է 10 միավորանի սանդղակով։ 7 և ավելի միավոր վարկանիշային գնահատական ստացած հավակնորդ դասագրքերն ընդգրկվում են հանրակրթական առարկաների երաշխավորված դասագրքերի ցանկում։

  1. ԴՏՀՏՇՀ-ի պաշտոնական կայքում ստեղծվում է հանրակրթական առարկաների երաշխավորված դասագրքերի շտեմարան, որտեղ ներառված յուրաքանչյուր դասագրքի համար տեղադրվում է վերջինիս փորձաքննության մանրամասն տեղեկանքը՝ յուրաքանչյուր փուլի արդյունքներով։
  2. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 25-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ Նախարար) կողմից հաստատվում են տվյալ ուսումնական տարվա համար գործածության երաշխավորված հանրակրթական առարկաների դասագրքերի ցանկը և դրանց գործածության ժամկետները:
  3. Հաստատությունների կողմից ներկայացված տեղեկատվության ամփոփման արդյունքներով ԴՏՀՏՇՀ-ի կառավարման ավտոմատացված համակարգում (այսուհետ՝ ԿԱՀ) ձևավորվում է գալիք ուսումնական տարվա համար դասագրքերի պատվերը (այսուհետ՝ պատվեր):
  4. Պատվերի հիման վրա՝ պետական բյուջեից ֆինանսավորման դեպքում՝ կրթության կառավարման պետական լիազոր մարմինը, և Հաստատությունների ներդրումային միջոցներից ֆինանսավորման դեպքում՝ ԴՏՀՏՇՀ-ն, կազմակերպում են Հաստատությունների կողմից ընտրված դասագրքերի հրատարակման մրցույթ։
  5. Դասագրքերի հրատարակման մրցույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքին համապատասխան։
  6. Հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքեր կարող են ստեղծվել և հրատարակվել կրթության կառավարման պետական լիազոր մարմնի կողմից՝ պետական պատվերի շրջանակներում։ Պետական պատվերի պարագայում՝ հանրակրթական ուսումնական առարկաների դասագրքերը կարող են ստեղծվել ոչ մրցութային եղանակով՝ ուղիղ պատվերի միջոցով։

IV.ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇՉԻՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հանձնաժողովների գործունեության նպատակն է հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքերի փորձաքննությունը (այսուհետ՝ փորձաքննություն)։
  2. Հանձնաժողովները ձևավորվում են հանձնաժողովների անդամների թեկնածուների՝ պաշտոնապես առաջադրված և համակարգչում զետեղված անվանացանկից։
  3. Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվում է հայտարարություն, որտեղ նշվում են այն պահանջները, որոնց պետք է բավարարի հանձնաժողովի անդամը:
  4. Հանձնաժողովի անդամության թեկնածուներ (այսուհետ` թեկնածուներ) առաջադրվում են Նախարարության, գիտական և գիտահետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների, պետական կառավարման տարածքային մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից, ինչպես նաև անձնական նախաձեռնությամբ:
  5. Հանձնաժողովի անդամին առաջադրվող պարտադիր պահանջներն են`

1)բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով),

2)մասնագիտական աշխատանքի առնվազն 7 տարվա ստաժ:

  1. Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է տարակարգ, կոչումներ, գիտական աստիճան, առավել երկար ստաժ ունեցող հավակնորդին:
  • Թեկնածուն պետք է լրացնի անձնական թերթիկ, որտեղ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
  • անունը, ազգանունը (հայրանունը), զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, կրթության, աշխատանքային ստաժի վերաբերյալ և այլ տվյալներ,
  • այն առարկայի (առարկաների) անվանումը, որի դասագրքերի՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանության գնահատման հանձնաժողովում թեկնածուն կարող է ընդգրկվել որպես հանձնաժողովի անդամ:
  1. Նախարարությունը իրականացնում է հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրություն` ըստ հետևյալ մասնագիտական ուղղությունների՝

1) տվյալ առարկայի դասավանդող ուսուցիչ,

2) մանկավարժ-մեթոդիստ,

3) մանկավարժ-հոգեբան,

4) հայոց լեզվի մասնագետ,

5) նկարիչ-ձևավորող,

6) բժիշկ-հիգիենիստ։

Յուրաքանչյուր մասնագիտական ուղղությունից ընտրվում է մինչև 5 թեկնածու՝ յուրաքանչյուր առարկայի համար։

  1. Թեկնածուների ամբողջական անվանացանկը կարող է համալրվել և փոփոխվել դասագրքերի ստեղծման մրցույթի վերաբերյալ հայտարարություն տալու օրվանից առնվազն 6 ամիս առաջ:
  2. Թեկնածուն չի կարող լինել հանձնաժողովի անդամ, եթե հանդիսանում է դասագրքերի ստեղծման մրցույթին ներկայացված հավակնորդ դասագրքի հեղինակ, համահեղինակ, խմբագիր, խորհրդատու, թարգմանիչ կամ որևէ այլ ուղղակի ձևով մասնակից է հավակնորդ դասագրքի ստեղծմանը:
  3. Հանձնաժողովի բոլոր անդամները գրավոր ներկայացնում են հայտարարություն` սույն կարգի 28-րդ կետի պահանջներին բավարարելու մասին:
  4. Թեկնածուները Նախարարության միջոցով գրավոր տեղեկացվում են թեկնածուների ցուցակում ընդգրկված լինելու մասին` նախքան ցուցակի համակարգչում զետեղելը:
  • Հանձնաժողովը կազմվում է համակարգչի կողմից պատահական ընտրված 5 թեկնածուներից` մրցույթն անցկացնելուց 2 աշխատանքային օր առաջ:
  1. Եթե համակարգչի միջոցով ընտրված թեկնածուի (թեկնածուների)՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվելը (ժամանակավոր անաշխատունակության, բացակայության, 33-րդ կետով սահմանված և այլ պատճառներով) անհնարին է, ապա համակարգչի միջոցով ընտրվում է այլ թեկնածու:
  • Հանձնաժողովի կազմում ընտրված անդամները, Նախարարության կողմից տեղեկացվում են հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման օրվա, ժամի և վայրի մասին` հանձնաժողովի կազմավորումից հետո՝ 24 ժամվա ընթացքում:
  • Հանձնաժողովի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով, որով սահմանվում են նաև աշխատանքների կազմակերպման և դասագրքերի գնահատման պայմանները:
  • Եթե գնահատման աշխատանքների ընթացքում հանձնաժողովի որևէ անդամի մասնակցությունը հանձնաժողովի հետագա աշխատանքներին դառնում է անհնար, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է սույն կարգի 37-րդ կետում նկարագրված սկզբունքով:
  1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնում է սահմանված կարգով կազմը հաստատվելու պահից: Հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են գնահատման արդյունքները ներկայացնելուց հետո:

 

  • Обсуждалось

    30.11.2021 - 15.12.2021

  • Тип

    Приказ решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9192

Принт

Предложения

Արամ Նազարյան

15.12.2021

Կարծում եմ նախագիծը հետընթաց քայլ է դեպի խորհրդային ժամանակներ, երբ վերևից եկող հրահանգներով ու կարծրատիպերով դասագրքեր էին ստեղծվում և հրամցվում մեզ։ Եղած համակարգը բարելավելու փոխարեն դասագրքաստեղծման և հրատարակման անընդունելի նախագիծ է մշակվել, որը պարունակում է ոչ միայն բովանդակային ռիսկեր, այլ նաև տանելու է պետական մենաշնորհի վերականգնում այս ոլորտում։ Դա կհանգեցնի գաղափարների և տեսակետների ազատության և մրցակցության վերացմանը, ինչը բերելու է դպրոց անորակ և անհասկանալի ծագմամբ ու ապազգային բովանդակությամբ դասագրքեր։ Սկզբունքորեն մերժելի է սույն նախագիծը։

Սոկրատ Մկրտչյան

15.12.2021

2. Դասագրքերի ստեղծման և հրատարակման համար անցկացվում են առանձին մրցույթներ։ Այս կետի նպատակն էլ պարզ չէ: Այստեղ նույնպես տեսնում ենք ոչ արդար վերաբերմունք հրատարակչությունների և հեղինակների հանդեպ: Եթե նախարարության նպատակն է «դասագրքի ստեղծումն» առանձին մրցույթով կազմակերպել ու գնել, այն դարձնել պետական սեփականություն և գնումների միջոցով պատվիրել տպաքանակներ՝ անտեսելով հրատարակչություններն ու հեղինակային խմբերը, ապա կարծում ենք, որ այդպես լինել չի կարող, քանզի միջազգային բազմաթիվ օրենքներով կարգավորվում են հեղինակային գույքային իրավունքների փոխանցման հարցերը, ինչը ենթադրում է, որ հրատարակչություններին (արդյունքում, բնականաբար, նաև հեղինակներին) պետք է վճարել յուրաքանչյուր տպագրված օրինակի համար: Պարզ չէ, թե այդ դեպքում առաջին փուլի ավարտին ինչ սկզբունքով է գնում կատարվելու, ով է ապահովելու ստեղծված դասագրքերի (առավել ևս, որ դրանք պետք է ներառեն նաև էլեկտրոնային ռեսուրսներ) հետագա սպասարկումը: Մեր հաշվարկները ցույց են տալիս նաև, որ երկու տարբեր փուլերով մրցույթի արդյունքում դասագրքերի գինը մինչև 30% կարող է ավել լինել, քան եթե այն արվի մեկ փուլով: 3. Դասագրքերի ստեղծման մրցույթին կարող են մասնակցել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձինք։ Անհասկանալի է տվյալ դեպքում ֆիզիկական անձի մասնակցությունը: Օրինակ, կան հեղինակային իրավունքի բազմաթիվ օբյեկտներ (տեքստ, տառատեսակ, նկար, քարտեզ, էլ ռեսուրսներ, դիզայն, բնագրեր և այլն), որոնք ներառվում են դասագրքի մեջ, և որոնց հեղինակների հետ պետք է հեղինակային գույքային իրավունքների օգտագործման պայմանագրեր կնքվեն, կատարվեն անհրաժեշտ վճարումներ, վճարվեն համապատասխան հարկերը և այլն: Թվարկյալ աշխատանքները կատարելու համար բնականաբար տվյալ ֆիզիկական անձը պետք է դառնա իրավաբանական անձ, ով կկրի նաև ստեղծված դասագրքի յուրաքանչյուր տարրի պատասխանատվությունը: Ասենք օրինակ, հեղինակային իրավունքի խախտման դեպքում իրավաբանական անձը իր ողջ գույքով կարող է պատասխանատվություն կրել, իսկ այս դեպքում ի՞նչ է անելու ֆիզիկական անձը:

Ռուբեն Աղայան

14.12.2021

Կետ 2. 1) դասագիրքը պետք է համապատասխանի Հանրակրթության պետական չափորոշչի, տվյալ առարկայի չափորոշչի և օրինակելի ծրագրի պահանջներին և ներկայացնի տվյալ առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությունը, Ավելացնել օրինակելի բառը։ Կետ 17. 1. Նախընտրելի կլինի‚ որ գիտական համապատասխանությունը նույնպես գնահատի բովանդակային համապատասխունությունը գնահատող հանձնաժաղովը։ 2. Չեն նշվում մասնագիտական եզրակացություն տվող կառույցներին և մասնագետներին ներկայացվոց պահանջները։ 3. Քոսք չի գնում դասագրքերի գնի վերաբերյալ։ Արդյո՞ք սա նշանակում է‚ որ գնառաջարկը որևե դեր չի խաղում դասագրքերի մրցումնակության գնահատման գործընթացում։ Կետ 23. Այս կետը վերադարձնում է մեզ Խորհրդային Հայաստան‚ դուռ է բացում կամայականությունների և չարաշահումների համար՝ առավել ևս‚ որ ոչ մի խոսք չկա այն կիրառելու պատճառների և պայմանների մասին։

Узнать больше