Добавить в избранное

В стадии разработки

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման վերաբերյալ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումների հստակեցումն է, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրների լուծումը:

 1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ և 22-րդ հոդվածների համաձայն՝ եթե անձը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն ստանում է հատուցում, չի կարող ստանալ զինվորական կենսաթոշակ։

Հարկ է նշել, որ համանման կարգավորում նախատեսված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 8-րդ մասով՝ պարգևավճարների համար։

Սոցիալական աջակցության հավասար պայմաններ ապահովելու համար, նպատակահարմար է նույն պայմանը նախատեսել նաև աշխատանքային կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար։

Աշխատանքային կենսաթոշակների (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար Օրենքի 9-14-րդ հոդվածներով սահմանված են համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները, որոնցում սակայն հաշվի չի առնվել, օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը, ինչն անհրաժեշտ է ամրագրել օրենքում։

Կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է մահացած կերակրողի վերջին զինծառայության պաշտոնը զբաղեցրած, նույն զինվորական կոչումը ունեցող և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար հաշվարկվող՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի տոկոսային չափով (յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 60 տոկոսը, երկու ծնողին կորցրած մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխայի դեպքում՝ 80 տոկոսը, չափահաս անդամի համար՝ 40 տոկոսը)։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահացած կերակրողը կարող է ունենալ 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նպատակահարմար է այս դեպքում կենսաթոշակի չափը փոխկապակցել զինծառայության փաստացի ստաժի հետ։

Օրենքի 31-րդ հոդվածով սահմանված են զինվորական ծառայության ստաժում առանձին ժամանակահատվածներ հաշվարկելու առանձնահատկությունները, որոնց համաձայն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժի առկայության դեպքում զինվորական ծառայության ստաժում  որոշ ժամանակահատվածներ հաշվառվում են արտոնյալ հաշվարկով՝ եռակի կամ կրկնակի կամ մեկուկեսի չափով։

Հաշվարկը հստակեցնելու նպատակով անհրաժեշտ է կարգավորել այն դեպքերը, երբ միևնույն ժամանակահատվածը կարելի է զինվորական ծառայության ստաժում  հաշվառել միաժամանակ մի քանի հիմքով։

Իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ է առաջացնում և հստակեցման կարիք ունի Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը, որով սահմանվում են աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթղթերը։

Օրենքի 38-րդ հոդվածի համաձայն՝ տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ ստացող անձը կենսաթոշակը վերահաշվարկելու համար կարող է դիմել գրավոր դիմումի հիման վրա նախորդ վերահաշվարկելուց 12 ամիս հետո։ Ստացվում է, որ, օրինակ, որևէ տարվա մայիս ամսին վերահաշվարկի համար դիմելու դեպքում հերթական անգամ կենսաթոշակառուն կարող է դիմել ամենաշուտը 13 ամիս հետո՝ հաջորդ տարվա հունիս ամսին։

Օրենքի նշված հոդվածում անհրաժեշտ է հստակեցնել կարգավորումները՝ տարեկան մեկ անգամ կենսաթոշակի վերահաշվարկն ապահովելու համար։

Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու վերաբերյալ դրույթների հստակ կիրարկումն ապահովելու նպատակով խմբագրման կարիք ունեն նաև Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի առանձին կետեր։

Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ 30 տոկոսի չափով կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել  օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա։

Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 88-րդ հոդվածի  և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 4-րդ հոդվածի կիրառմամբ հանրային իրավական դրամական պահանջների մասով կենսաթոշակից պահումներ կարելի է կատարել նաև հարկադիր կատարողի որոշումների հիման վրա։

Գործող կարգավորումների համաձայն՝ կենսաթոշակից պահումներ կատարվում են նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն միայն այն դեպքում, երբ ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը։

Իրավակիրառ պրակտիկայում քիչ չեն այն դեպքերը, երբ կենսաթոշակառուն պատրաստ է այլ դեպքերում ևս իր գրավոր համաձայնության դեպքում կենսաթոշակից պահումներ կատարելուն։ Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում  (վճարվում են բյուջե) են այդ մասով նախատեսված անձանց կողմից։

Այսինքն, կենսաթոշակառուի համաձայնությամբ Օրենքով նախատեսված առավելագույն պահումի՝ կենսաթոշակի 30 տոկոսի չափով պահման հնարավորություն, ինչը ենթադրում է ավել վճարված կենսաթոշակի գումարի վերադարձ պետական բյուջե  ավելի պարզ գործընթացների կիրառմամբ, գործող կարգով նախատեսված չէ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցիալական նպաստները (մինչև 01.01.2014թ․՝ սոցիալական կենսաթոշակները) վճարվում են կենսաթոշակների համար սահմանված կարգով, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների՝ կենսաթոշակների և նպաստների վճարմանը վերաբերող առանձին դրույթներ։

 1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ներկայացվող նախագծերի փաթեթը։

2․ Կարգավորման առարկան

Հաշվի առնելով կենսաթոշակների և սոցիալական նպաստների իրավունքի իրացմանն առնչվող՝ վերը նշված խնդիրները, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  նախագծով առաջարկվում է․

  • հստակեցնել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի և կենսաթոշակ ստանալու իրավունք տվող՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու պայմանը, այն փոխկապակցելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու փաստի հետ (ներդրվում է վարչարարության արդյունավետ մեխանիզմ, նախագծի 1-ին հոդվածի 1-ին մաս),
  • «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստացող անձանց համար սահմանել հավասար պայմաններ (նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մաս), բացառելով հատուցում ստանալու ժամանակահատվածում հատուցման դեպքի հիմքով կենսաթոշակ ստանալու հնարավորությունը,
  • սահմանել, որ աշխատանքային կենսաթոշակների (տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում, մասնակի) համար Օրենքի 9-14-րդ հոդվածներով սահմանված՝ համապատասխան տեսակի կենսաթոշակը նշանակելու ժամանակահատվածները չեն կարող լինել ավելին, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը (նախագծի 3-7-րդ հոդվածներ),
  • այն դեպքում, երբ մահացած կերակրողն ունի 20 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ, նրա ընտանիքի անդամներին նշանակվող կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը փոխկապակցել մահացած կերակրողի փաստացի զինծառայության ստաժի հետ (նախագծի 9-րդ հոդված),
  • երկու ծնողին կորցրած երեխայի, առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող՝ մինչև 26 տարեկան զավակի կերակրողին կորցնելու դեպքում սահմանել զինվորական կենսաթոշակի նվազագույն չափ՝ օրենքով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափի հնգապատիկը (նախագծի 9-րդ հոդված),
  • աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառել հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը խնամելու ամբողջ ժամանակահատվածը (նախագծի 10-րդ հոդված), ներկայումս հաշվառվում է առավելագույնը՝ 10 տարի,
  • զինվորական ծառայության ստաժը արտոնյալ հաշվարկով հաշվարկման հիմքերի միաժամանակյա առկայության դեպքում նույն ժամանակահատվածի համար զինվորական ծառայության ստաժը հաշվարկել դրանցից մեկով՝ առավելագույն չափով (նախագծի 11-րդ  հոդված),
  • հստակեցնել, որ աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, իսկ 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածի համար` աշխատանքային գրքույկը և կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթը և սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը (նախագծի 12-րդ հոդված),
  • սահմանել, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կենսաթոշակառուի՝ անձամբ ներկայացրած ցանկացած գրավոր դիմում համարել, որ կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը կողմից կարող է հաստատել նաև կենսաթոշակ նշանակող  ստորաբաժանմումը՝ կենսաթոշակառուի՝ անձամբ ներկայացրած ցանկացած գրավոր դիմումի հիման վրա (նախագծի 13-րդ  հոդված),
  • հստակեցնել, որ գրավոր դիմելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկվում է 12 ամիսը մեկ անգամ (նախագծի 14-րդ հոդված),
  • վերանայել օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու պայմանը, դրանում նախատեսելով Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքը (համապատասխանեցվում է Օրենքի 7-րդ կետում նախագծի 1-ին հոդվածով կատարվող լրացմանը) և այդ հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցված լինելու դեպքում երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնել դադարեցնելու օրվանից, նախագծի 15-րդ հոդված)
  • Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու համար կենսաթոշակ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու դեպքում (նախագծի 15-րդ հոդված), իսկ երեք ամսվա ընթացքում, կրկին Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնել դադարեցնելու օրվանից (նախագծի 15-րդ  հոդված), այսպիսով հստակեցվում է գործող նորմը, որը իրավակիրառ պրակտիկայում «հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում» ձևակերպմամբ խնդրահարույց էր,
  • հստակեցնել, որ չաշխատելու պայմանով նշանակված՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը աշխատելու հիմքով դադարեցնելու դեպքում աշխատանքից ազատվելու ամսվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` կենսաթոշակ ստանալու իրավունքը վեևկանգնվում է ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից (նախագծի 13-րդ հոդվածի 6-րդ մաս),
  • սահմանել, որ նաև հարկադիր կատարողի որոշումների, ինչպես նաև կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա՝ կենսաթոշակի 30 տոլոսը չգերազանցող չափով (նախագծի 14-րդ հոդված),
  • հստակեցնել, որ կենսաթոշակից պահումների կատարումը ապահովում է (պահումը կատարում է) միայն կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, բացառելով բանկի և կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից միաժամանակյա պահումների հնարավորությունները (նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մաս),
  • Օրենքի անցումային դրույթներով նախատեսված (Օրենքի 55-րդ հոդվածի 5-րդ մաս)՝ ավել վճարված կենսաթոշակի գումարների չափում չհաշվարկվող գումարները (որոնք վճարվել էին մինչև 2017 թվականի հունվարի 1-ը) սահմանող դրույթը դարձնել հիմնական դրույթ՝ այն բովանդակային առումով ներառելով Օրենքի 43.1-ին հոդվածում (նախագծի 16-րդ հոդված)։

Բացի վերը նշվածից, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքում կատարել առանձին խմբագրական փոփոխություններ։

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերը նշված՝ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով կենսաթոշակների համար առաջարկվող փոփոխություններից  բխող կամ դրանց համարժեք փոփոխություններ պետական նպաստների համար։

Նախագծերի ընդունման դեպքում լրացուցիչ միջոցները, կապված կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք տվող պայմանների փոփոխությամբ, կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին։

3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կհստակեցվեն «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքների առանձին կարգավորումներ, ինչպես նաև կլուծվեն իրավակիրառ պրակտիկայում ծագած մի շարք խնդիրներ:

 ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումից հետո անհրաժեշտ է փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011 թվականի մայսի 5-ի թիվ 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ։

 ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման բացակայության մասին 

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում  լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան և լրացուցիչ ծախսերը կֆինանսավորվեն սոցիալական ոլորտին ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին։

 

 

 

  • Обсуждалось

    30.09.2021 - 15.10.2021

  • Тип

    Закон

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5950

Принт

Предложения

Andranik Ghazaryan

03.10.2021

Առաջարկվող նախագծով ՛՛Պետական կենսաթոշակների մասին՛՛ օրենքի 35-րդ հոդվածի կարգավորումները տարընթեռցումների և երկակի մեկնաբանության տեղիք են տալիս և կարող են տեսականորեն հանգեցնել կենսաթոշակառուների կողմից չարաաշահումների, քանի որ բովանդակության նեղ մեկնաբանման արդյունքում կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ կենսաթոշակառուն իրավունք ունի իր դիմումը ներկայացնել նաև փոստային կապի միջոցով: Արդյունքում հնարավոր է այնպիսի իրավիճակ, երբ անձը գտնվելով արտասահմանում ՀՀ-ում գտնվող անձի միջոցով դիմում ներկայացնելով կարող է շարունակել ստանալ անկանխիկ եղանակով կենսաթոշակ: Ուստի ենթադրվում է, որ գործածված ՛՛անձամբ՛՛ եզրույթը նշանակում է բանկի տարածքում կենսաթոշակառուի կողմից իր ձեռքով բանկին ներկայացնելը, որը առանձին օրենքով կարգավորելը, որպես այլընտրանք ստորագրված հայտարարությանը, չի կարող համարվել, քանի որ էապես գործառութային առումով ոչ բանկերի և ոչ էլ կենսաթոշակառուների համար ոչինչ չի փոխում: Ուստի առաջարկում եմ 35-րդ հոդվածի 6-րդ մասի առաջարկվող փոփոխությունները չնեռրառել վերջնական փաթեթում:

Узнать больше