ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման իրավասությունը վերապահվել էր շրջակա միջավայրի նախարարությանը (այսուհետ՝ Նախարարություն) մշակվել և ընդունվել է ի կատարումն վարչապետի 2019 թվականի հունվարի 11-ի N ԱՔ6-2019 հանձնարարականի և տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2019 թվականի հունվարի 11-ի նիստի N ԱՔ6-2019 արձանագրության հանձնարարականների 3-րդ կետի 2-րդ ենթակետի: Նախագծի հիմքում դրված է եղել «շրջակա միջավայրի մոնիտորինգ»-ի միասնական ապահովման գաղափարը և դրա մշակման և իրականացման քաղաքականությունը «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ կետով վերապահվել է շրջակա միջավայրի նախարարությանը (2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ 123-Ն): Սակայն մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կազմակերպումն անմիջականորեն չի առնչվում Նախարարության գործառույթներին, նպատակներին և հիմնականում նպատակաուղղված է գյուղատնտեսության գործունեության խոցելիության նվազմանը:
«Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ու «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ կազմակերպություններ) գտնվել են նույն լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում և խնդիր է դրված եղել հնարավորինս օպտիմալացնել պետական բյուջեից սնվող կազմակերպությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1329-Ն որոշմամբ կազմակերպությունները վերակազմակերպվել են միացման ձևով և ստեղծվել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ինչն էլ հետագայում ՀՀ կառավարության 2020 թվականի 81-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) միացման ձևով վերակազմակերպվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) և հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում իրականացվող գործառույթները Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտից հանվել և գործում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ոլորտում։
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 17-րդ կետով սահմանված է, որ մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործությունը մթնոլորտի բնական վիճակի, եղանակի, դրանում ընթացող պրոցեսների բնական ընթացքը փոփոխելու նպատակով իրականացվող արհեստական ներգործություն է, որը կատարվում է համապատասխան համակարգերի, կայանքների, սարքերի, քիմիական ռեագենտների և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, նույն օրենքի 34-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական կառավարման մարմինները, ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները տնտեսական նպատակներով մթնոլորտային օդի և մթնոլորտային երևույթների արհեստական փոփոխություններ հետապնդող գործողություններ կարող են իրականացնել մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների թույլտվությամբ և միայն այն պայմանով, որ դա չհանգեցնի եղանակի և կլիմայի վրա անբարենպաստ ներգործության: Ստացվում է որ գործող օրենսդրական կարգավորումներով միևնույն մարմնին է վերապահված նշված գործունեության և´ իրականացման և´ թույլտվության գործառույթները։
Բացի այդ Կառավարության 2008 թվականի N 1253-Ն որոշմամբ (4-րդ գլխի 4-րդ կետ) գազագեներատորային մեթոդի արդյունավետությունը սահմանվել էր մինչև 50 տոկոս (նույն տոկոսոային արդյունավետությունն է սահմանաված նաև այդ սարքերի տեխնիկական անձնագրերով) և ընդունվել էր կիրառման այլընտրանքային այլ մեխանիզմներ չլինելու պատճառով, հիմնավորելով, որ այս մեթոդի կիրառումը հանրապետությունում նպատակահարմար է մի շարք պայմաններից ելնելով, քանի որ սահմանամերձ գոտիները հնարավոր չէր գոյություն ունեցող պաշտպանության այլ մեթոդներ կիրառել, ապա միակ մեթոդը մնում էր գազագեներատորայինը։
Հանրապետության տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը կարկտահարությունից կազմակերպվում է կենտրոնացված կարգով կառավարվող մեթոդով ու տեխնոլոգիայով՝ հեղուկացված գազով աշխատող հեռակառավարվող 604 գազագեներատորային հակակարկտային կայանքի (որոնցից 234-ը՝ պետական, 321-ը՝ համայնքային, 49-ը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականություն) և 3 հրթիռային արձակիչ կայանի միջոցով;
Հաշվի առնելով միջազգային փորձը, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հարցերով փորձագիտական խմբի նախկինում արված հայտարարությունները, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, միջազգային փորձագետների օգնությամբ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործման ծառայությունների ուսումնասիրությունները, ինչպես նաև նախկինում կազմակերպված գիտական քննարկումների արդյունքում կայացված եզրահանգումներից պարզվել է, որ Հայաստանում տարիներ շարունակ գազագեներատորային կայանքների կողմից կարկտաբեր ամպերի վրա կիրառվող ներգործության արդյունավետությունը զրոյական է։
Ինչ վերաբերում է հակակարկտային պաշտպանության հրթիռային մեթոդին, ապա դրանց կիրառումը հանրապետությունում կապված է մի շարք բարդությունների հետ: Հրթիռները ոչ կառավարվող են, չի բացառվում, որ դրանց հետագծով անկումը և պայթումը տեղի ունենան հարևան երկրների տարածքներում: Հաճախակի են նաև գործարանային խոտանի պատճառով հրթիռների պայթման դեպքերը գետնի վրա, որոնք կարող են ավերածությունների, ինչպես նաև զոհերի պատճառ դառնալ: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ պաշտպանական գործողություններ իրականացնելիս այդ գոտում ավիացիայի թռիչքների պատճառով, որպես կանոն, դադարեցվում են ներգործության աշխատանքները:
Հրթիռային մեթոդը չնայած ունի գիտական հիմնավորում, սակայն այն բարձր էֆեկտիվություն է ապահովում միայն նոր հասունացող կարկտավտանգ ամպերի համար, իսկ արդեն ձևավորված կարկտի պարագայում այն նույնպես ունի ցածր արդյունավետություն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կարկտաբեր ամպերի 80-90%-ը ներթափանցում են Թուրքիայի և Նախիջևանի տարածքից (արդեն իսկ հասունացած կարկտաբեր վիճակում), հետևաբար հրթիռային մեթոդի էֆեկտիվությունը այդ մարզերի համար նույնպես ցածր կլինի, քանի որ հրթիռի բաց թողած նյութը ազդում է միայն նոր հասունացող կարկտավտանգ ամպերի վրա: Որպես օրինակներ՝ 2018 թվականի հունիսի 20-ի Արմավիրի մարզի 9 համայնքներում (հրթիռային արձակիչ կայանների միջոցով կատարվել է 19 հրթիռային կրակոց) տեղացած կարկտահարությունը, որի հետևանքով 30-100 տոկոսով վնասվել են մարզի 1440 հա հողատարածություններ, կարկուտից տուժել են գրեթե բոլոր մշակաբույսերը: Բացի այդ հրթիռային համակարգի գործունեության համար ՀՀ-ում ռիսկային գոտի է Մեծամորի ատոմակայանի օդային տարածությունը։
Հաշվի առնելով վերը շարադրվածը պետք է նշել, որ ՀՀ-ում մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների իրականացման և այդ ոլորտի քաղաքականության մշակման անհրաժեշտությունն իսպառ բացակայում է և անհրաժեշտ է շեշտադրումը դնել հակակարկտային պաշտպանության պասիվ եղանակի՝ կարկտապաշտպան ցանցաշերտերի տեխնոլոգիաների ներդրմանը և գյուղատնտեսական ապահովվագրության զարգացմանը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է օրենքում փոփոխություն կատարելու միջոցով նշված գործունեությունը հանել Նախարարության համակարգման ոլորտից։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության և «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի և «Հիդրոօդերևութաբանական գործունեություն մասին» օրենքի միասնական կիրառման գաղափարը և իրավական հարթություն կստեղծի ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 745-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու համար՝ ինչի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի հակակարկտային ծառայության աշխատանքների իրականացումը շրջակա միջավայրի նախարարության համակարգման և ՊՈԱԿ-ի իրավասությունների շրջանակից հանել։ ՊՈԱԿ-ի կազմում հակակարկտային ծառայության 130 հաստիքների և տեխնիկական բազայի հիման վրա հիմնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վաղ ազդարարման, գնահատման և գերկարճաժամկետ կանխատեսման իրավիճակային կենտրոն և Ռադիոլոկացիոն մոնիթորինգի կենտրոն (ընդհանուր մոտ 60 հաստիքային միավորով): Ինչն ամրագրված է նաև Եվրասիական տնտեսական միության երկրների Weather REALNET եղանակի օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու վերաբերյալ նախագծով: Օրենքի ընդունումից հետո ՊՈԱԿ-ի մնացած հաստիքների և պահպանման ծախսերի մասով կկատարվեն կրճատումներ: նախատեսվում է ՇՄՆ ՀՄԿ ՊՈԱԿ-ի կազմում հակակարկտային ծառայության 130 հաստիքների և տեխնիկական բազայի հիման վրա հիմնել հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վաղ ազդարարման, գնահատման և գերկարճաժամկետ կանխատեսման իրավիճակային կենտրոն և Ռադիոլոկացիոն մոնիթորինգի կենտրոն (ընդհանուր մոտ 60 հաստիքային միավորով): Ինչն ամրագրված է նաև Եվրասիական տնտեսական միության երկրների Weather REALNET եղանակի օդերևութաբանական տվյալների միասնական տեղեկատվական դաշտ ստեղծելու վերաբերյալ նախագծով: Օրենքի ընդունումից հետո ՊՈԱԿ-ի մնացած հաստիքների և պահպանման ծախսերի մասով կկատարվեն կրճատումներ:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Սույն օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի փոփոխության
- Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման, մթնոլորտի, ջրերի, հողերի, ընդերքի, կենդանական ու բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների վրա վնասակար ներգործությունների կանխարգելման կամ նվազեցման, կլիմայի փոփոխության հիմնախնդիրների լուծմանն ուղղված, ներառյալ` հարմարվողականության, ինչպես նաև բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործման, վերականգնման և վերարտադրության, բնության հատուկ պահպանվող տարածքների, անտառների կայուն կառավարման, պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման, շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող և օգտագործվող վտանգավոր քիմիական նյութերի ու թափոնների էկոլոգիապես անվտանգ կառավարման պայմանների ապահովման, շրջակա միջավայրի ու բնական ռեսուրսների (բացառությամբ օգտակար հանածոների պաշարների) մասին տվյալների միասնական հանրապետական ֆոնդերի, կադաստրների ու ռեգիստրների վարման ապահովման, շրջակա միջավայրի ոլորտում լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների տրամադրման, հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման,շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության ապահովման, էկոլոգիական գիտության, կրթության և իրազեկման ապահովման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը: