Добавить в избранное

В стадии разработки

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней

project.digest.no Автор предложения, дата получения Содержание предложения Заключение Сделанные изменения
1 2 3 4
1 ԲԱՐՎԱ ՍՊԸ 24.08.2021 14:43:53 Մերկապարանոց և անհիմն եզրակացություն է արված կայանների իբր 0% էֆֆեկտիվության մասով: Խորհուրդ է տրվում նախագիծը պատրաստողին գեթ մեկ անգամ անկեղծ զրույցի բռնվել վերջնական շահառուի հետ, այն է՝ շարքային գյուղացու, որին փոխարենը փաստացի առաջարկվում է օրինակ Աշոցքի, Անիի կամ Ամասիայի տարածաշրջանում ցանցապատել իր հացահատիկի, գարիի և վարսակի ցանքատարածությունները: Պետական կառուցվածքում հակակարկտային պայքարի ստորաբաժանում չտեսնելը դեռ չի նշանակում տարիների աշխատանքը և գրանցված արդյունքները գետնին հավասարեցնել նման տեքստերով: Առաջարկում ենք հարվածային ալիքների գեներացմամբ աշխատող հակակարկտային կայանների ցածր արդյունավետության վերաբերյալ մասը նախագծից հանել, քանզի այն չի վերաբերվում նախագծի բուն նպատակին, այն է պետական համակարգից նշված ծառայությունը դեպի մասնավոր հատված ուղղելը, որը ի դեպ ընդունելի է նաև միջազգային փորձը հաշվի առնելով: Առաջարկությունը չի ընդունվել, քանի որ իրավական ակտի նախագծում (այսուհետ՝ նախագիծ)՝ հարվածային ալիքների գեներացմամբ աշխատող հակակարկտային կայանների ցածր արդյունավետության վերաբերյալ ոչ մի դիտարկում գոյություն չունի։ Եթե ի նկատի ունեք նախագծի հիմնավորման մեջ ներառված դիտարկմանը, ապա տեղեկացնում ենք, որ հիմնավորումը միջանկյալ փաստաթուղթ է, որի մեջ ներառված պարզաբանումները չեն արտացոլվում իրավական ակտում։ Ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ակտիվ ներգործության հարցերով փորձագիտական խմբի նախկինում արած հայտարարությունները, միջազգային փորձագետների օգնությամբ ՄԱԶԾ ուսումնասիրությունների արդյունքում հրապարակված 2019 թվականի փորձագիտական զեկույցը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսումնասիրությունը, ինչպես նաև ԱԻՆ-ի կողմից 2019 թվականի ապրիլին կազմակերպած գիտական քննարկումները ապացուցել են, որ հարվածային ալիքների գեներացմամբ աշխատող հակակարկտային կայանների գործունեությունը անարդյունավետ է, ավելին՝ բացասական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Նաև ուշադրություն ենք հրավիում այն հանգամանքին, որ "Բարվա" ՍՊԸ-ն զբաղվում է հարվածային ալիքների գեներացմամբ աշխատող հակակարկտային կայանների արտադրությամբ, ուստի Բարվա ՍՊԸ-ի կողմից նախագծին առարկություն ներկայացնելու հանգամանքը սույն պարագայում հանրային շահից զատ պայմանավորված է նաև իր անմիջական բիզնես շահերով։ Առաջարկությունը չի ընդունվել։
2 Արման Գևորգյան 25.08.2021 15:22:42 Նախագծով առաջարկվում է օրենքում փոփոխություն կատարելու միջոցով նշված գործունեությունը հանել Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ոլորտից, ինչի հետևանքով դադարեցվելու է պետության կողմից հանրապետության տարածքում Հակակարկտային ծառայության գործունեությունը: Հակակարկտային ռազմականացված ծառայությունը Հանրապետությունում ստեղծվել է 1964 թվականին: Ներկայումս, Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կազմում գործող Հակակարկտային ծառայությունը հանրապետության տարածքում գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը կարկտահարությունից իրականացնում է 604 գազագեներատորային հակակարկտային կայանների և 3 հրթիռային կայանների միջոցով: Տարեկան միջինը 600 կարկտավտանգ ամպ ներգործության է ենթարկվում Հակակարկտային ծառայության կողմից, ինչի արդյունքում ամպերի ընդամենը 4.4 - 5.5 %-ի դեպքում է տեղում կարկուտ, ներգործության ենթարկված 94.5 - 95.6 % կարկտավտանգ ամպերը վնասազերծվում են: Վնասազերծված ամպերից յուրաքանչյուրից տեղացաց կարկտահարությունը կհասցներ տասնյակ միլիոնավոր դրամների վնաս: 2021 թվականի ընթացքում հանրապետության տարբեր համայնքներ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ձեռք են բերել և տեղադրել նոր 65 գազագեներատորային հակակարկտային կայան: Ստացվում է, որ պետությունը աջակցում է համայնքներին՝ կայաններ ձեռք բերելու հարցում, և զուգահեռաբար դադարեցնում է նաև այդ նոր կայանները շահագործող ծառայության գործունեությունը: Նախագծի հիմնավորման մեջ բացակայում է ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 1-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանության կիրառումը: Դա նշանակում է, որ կայանների արդյունավետության գնահատում տեղի չի ունեցել, սակայն նշված է, որ դրանց արդյունավետությունը զրոյական է: Նախագծի հիմնավորման մեջ բացասական անդրադարձ է կատարվել նաև հրթիռային մեթոդի վերաբերյալ: Սակայն, 2017 թվականին պիլոտային ծրագրի շրջանակներում տեղադրված երեք ժամանակակից հրթիռային կայանները հնարավորություն ունեն ծրագրում մուտքագրելու արգելափակ սեկտորներ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, որպեսզի այդ սեկտորների տիրույթում բացառվի հրթիռային կրակոցների իրականացումը: Այդպիսի արգելափակ սեկտորներից են օրինակ Արմավիրի մարզի Մեծամորի ատոմակայանը: Արգելափակ սեկտորների ծրագրում մուտքագրման գործոնը կարևորագույն հանգամանք է և մեծ հնարավորություն է ընձեռում արձակիչ կայանները տեղադրել նույնիսկ սահմանամերձ գոտիներում՝ արգելափակելով հրթիռների արձակումը պետական սահմանից դուրս: Ինչ վերաբերում է ավիացիայի կողմից որոշակի կայանից հրթիռների արձակման ժամանակավոր արգելքի դեպքերին, ապա հրթիռային կայանների քանակների ավելացման դեպքում հրթիռները կարձակվեն այլ կայանների միջոցով: Այսպիսով կներդրվի ճկուն փոխհամագործակցության համակարգ, ինչպես իրականցվել է դեռևս խորհրդային տարիներին: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 21-ի N 1112 – Ա որոշմամբ ստեղծվել է Միջգերատեսչական հանձնաժողով` հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքներն ամփոփելու և հետագա զարգացման հնարավորությունները գնահատելու, ինչպես նաև անկանոն տեղադրված գազագեներատորային հակակարկտային կայանների տեղափոխման վերաբերյալ համապատասխան եզրակացություն ներկայացնելու նպատակով: Միջգերատեսչական հանձնաժողովը Կառավարությանը ներկայացրել է հետևյալ հիմնական եզրակացությունը, որը ներառված չէ նախագծի հիմնավորման մեջ: • Հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի պիլոտային ծրագրի արդյունքները դրական են և այն ունի բարձր արդյունավետություն: • Հանրապետությունում նպատակահարմար է կիրառել հակակարկտային պաշտպանության համակցված եղանակ (հրթիռային, գազագեներատորային և ցանցային), ներդնելով և զարգացնելով հրթիռային պաշտպանության համակարգը: • Հայաստանի Հանրապետության տարածքում հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի զարգացումը նպատակահարմար է իրականացնել փուլային տարբերակով: • Գազագեներատորային հակակարկտային կայանքների տեղափոխման հարցին նպատակահարմար է անդրադառնալ հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրումից հետո: Ամփոփելով վերոգրյալը առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից չհանել «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը, կամ այն տեղափոխել Արտակարգ իրավիճակների (ինչպես եղել է մինչև 2019 թվականը), ինչու չէ նաև Էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակներում՝ հետևյալ պատճառներով: • Անհրաժեշտ է շարունակել իրականացնել ներգործությունները կարկտաբեր ամպերի վրա, դրանով իսկ նվազագույնի հասցնելու կարկտահարություններից առաջացած վնասները: Միայն ապահովագրական համակարգերի գործածումը չի լուծի պարենային անվտանգության և տնտեսության զարգացման խնդիրները, այդպիսով հնարավոր է լուծել միայն որոշ ֆերմերների վնասների փոխհատուցման հարցը: 2017 թվականի հունիսին, Կոտայքի մարզի Զորավան համայնքում կարկտապաշտպան ցանցաշերտերը կարկտահարության հետևանքով ամբողջովին պատառոտվել են և վնասել են պտղատու այգու ծառատեսակները: • Մթնոլորտի և մթնոլորտային վտանգավոր երևույթների վրա ակտիվ ներգործությունը պետք է իրականացվի պետական կազմակերպության մասնագիտացված ստորաբաժանման կողմից, կենտրոնացված կարգով կառավարվող մեթոդով և տեխնոլոգիայով: • Անհրաժեշտ է իրագործել հակակարկտային արդյունավետ համակարգի մշակման և ներդրման ծրագիրը, որն ամրագրված է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրում և ժամանակացույցում: • Անհրաժեշտ է զարգացնել ներկայիս հակակարկտային պաշտպանությունը, ինչպես օրինակ Վրաստանի հանրապետությունը՝ 2 տարիների ընթացքում տեղադրելով շուրջ 80 հրթիռային հակակարկտային համակարգեր: Հակակարկտային աշխատանքների դադարեցումը՝ ներկայիս հետպատերազմյան ծանր սոցիալ տնտեսական պայմաններում, կհանգեցնի պարենային անվտանգության խնդիրների: Պարզաբանում՝ իրավական ակտի ընդունումից հետո կմշակվի և կընդունվի իրավական ակտի կիրարկումը ապահովող՝ միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրենց կարգավորումները կգտնեն Ձեր կողմից բարձրացված հարցերը։
3 Արման Գևորգյան 27.08.2021 18:37:55 Իմ կողմից 25.08.2021 15:22:42 հրապարակված ռաջարկության բովանդակության մեջ բերված են հիմնավոր փաստարկներ (կարող եմ նաև մանրամասնորեն ներկայացնել), որոնց հիման վրա տրված է հստակ առաջարկություն, այն է՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից չհանել «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը, կամ այն տեղափոխել Արտակարգ իրավիճակների (ինչպես եղել է մինչև 2019 թվականը), ինչու չէ նաև Էկոնոմիկայի նախարարության գործառույթների շրջանակներում: Սակայն եզրակացության սյունյակում նշվել է հետևյալը.  Պարզաբանում՝ իրավական ակտի ընդունումից հետո կմշակվի և կընդունվի իրավական ակտի կիրարկումը ապահովող՝ միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրենց կարգավորումները կգտնեն Ձեր կողմից բարձրացված հարցերը։ Ինչ է նշանակում իրավական ակտի ընդունումից հետո ... բառակապակցությունը եթե բերված են իրավական ակտը չընդունելու փաստեր: Ակնկալում եմ Իմ կողմից 25.08.2021 15:22:42 հրապարակված ռաջարկության բովանդակության հստակ նշված փաստերի և հիմնավորումների հակափաստարկները, կամ այլապես ընդունել առաջարկս: Ընդունվել է ի գիտություն։
4 Արմինե Մարուխյան 26.08.2021 19:18:51 Առաջարկվում է չեղյալ համարել օռենքի նախագիծը: Խորհրդային տարիներին հակակարկտային ծառայությունը հրետանային և հրթիռային համակարգերը կիրառել է շատ բարձր արդյունավետությամբ: Ներկայիս պայմաններում հակակարկտային ծառայությունը փակելու փոխարեն անհրաժեշտ է զարգացնել ծառայությունը՝ արդիական հրթիռային համակարգեր տեղադրելով, ինչպես աշխարհի զարգացած շատ երկրներում է: Առաջարկությունը չի ընդունվել։ Առաջարկությունը չի ընդունվել։
5 Վոլոդյա Ասոյան 26.08.2021 19:20:37 Առաջարկում եմ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից չհանել «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը հետևյալ պատճառով: Հիմնավորման մեջ ներկայացված է թէ՝ հաշվի առնելով միջազգային փորձը գազագեներատորային կայանքների արդյունավետությունը զրոյական է, ինչը չի համապատասխանում իրականությանը: Միջազգային փորձը հաշվի առնելիս պետք էր ուսումնասիրել հետևյալ հղումներով միջազգային կայքերը՝ Բելգիա - http://www.inopower.eu/ , Նոր Զելանդիա - http://www.hailcannon.com/contact.html , Ֆրանսիա - http://www.anti-grele.fr , Արգենտինա - http://www.sapoi-sa.com , որոնց ուսումնասիրմամբ ակնհատ է դառնում, որ արդյունավետությունը բավարար է, ոչ թե զրոյական: Գազագեներատորային կայանքներ են կիրառվում նաև հետևյալ երկրներում՝ Հունգարիա, Իտալիա, Բրազիլիա,Գերմանիա, Շվեյցարիա, Ավստրիա, Սերբիա, Բելգիա, Լեհաստան, Ռումինիա, Դանիա, Նիդերլանդներ, Անգլիա, Իսպանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ավստրալիա, Նոր Զելանդիա, Կանադա, Ուկրաինա, Թուրքիա, Վրաստան, Ղազախստան, Հնդկաստան, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Իրան: Առաջարկում եմ նաև նշված երկրներին ներկայացնել նախագծի հիմնավորման մեջ արձանագրված գիտական քննարկումների արդյունքները: Պարզաբանում՝ իրավական ակտի ընդունումից հետո կմշակվի և կընդունվի իրավական ակտի կիրարկումը ապահովող՝ միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրենց կարգավորումները կգտնեն Ձեր կողմից բարձրացված հարցերը։
6 Վոլոդյա Ասոյան 31.08.2021 14:13:48 Ես ներկայացրել էի առաջարկություն (26.08.2021 19:20:37), որը հիմքեր է պարունակում իրավական ակտը չեղյալ համարելու, սակայն եզրակացության մեջ տրվել է ցրողական արտահայթություն: Հրավիրում եմ կայքի պատասխանատուների և համապատասխան պատկան մարմինների ուշադրությունը՝ ներկայացված բոլոր առաջարկությունների բովանդակության և դրանց տրված եզրակացությունների մակարդակին, ակնկալելով համապատասխան հետևություններ ու գործողություններ:
7 Ռոման Մուրադյան 27.08.2021 12:03:11 Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքում http://mes.am/hy/news/item/2017/10/31/hrtirkayan/ նշված է, որ ԱԻՆ-ը ՌԴ-ից ձեռք է բերել նորագույն արտադրության և բարձր արդյունավետություն ապահովող վերջին սերնդի հրթիռային կայաններ: Կրակոցներն իրականացվում են ռադիոլոկացիոն կայանի տրամադրած տվյալների հիման վրա՝ ապահովելով թիրախավորման շատ մեծ ճշգրտություն: Ռուսաստանի Դաշնության մասնագիտացված «ԱՆՏԻԳՐԱԴ» գիտահետազոտական կենտրոնի կողմից ուսումնասիրվել և մշակվել է՝ «ՀՀ տարածքում հրթիռային եղանակով հակակարկտային պաշտպանության կազմակերպման ծրագիրը», որտեղ տրվել են նաև լուծումներ` ներկայիս գործող գազագեներատորային հակակարկտային կայանքների հետագա շահագործման վերաբերյալ: Ծրագրով առաջարկվել է 1 միլիոն 100 հազար հեկտար գյուղատնտեսական նշանակության տարածք պաշտպանելու համար ձեռքբերել նոր սերնդի 4 ռադիոլոկացիոն կայան, արդիականացնել գործող երկու ռադիոլոկացիոն կայանները և ձեռք բերել 70 հրթիռային արձակիչ կայան: Այդ ժամանակ Հակակարկտային ծառայությունը գտվել է ԱԻՆ-ի կազմում, իսկ ներկայումս ՇՄՆ կազմում է: Հետևություն՝ եթե Շրջակա միջանայրի նախարարությունը ունակ չէ զարգացնելու հակակարկտային պաշտպանությունը և իրականացնելու վերոնշյալ ծրագիրը ինչպես Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ապա խնդիրը պետք է փնտրել Շրջակա միջավայրի նախարարության մեջ, այլ ոչ թե ներկայացնել անհիմն պատճառաբանություններ և փակել հակակարկտային ծառայությունը՝ փոշիացնելով դեռևս խորհրդային տարիներից գործող ու այս ընթացքում մեծ դժվարություններով ստեղծվածը: Ամփոփելով վերոգրյալը, առաջարկում եմ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը հանել և տեղափոխել նույն հավելվածի 4-րդ կետ՝ Արտակարգ իրավիճակների (ինչպես եղել է մինչև 2019 թվականը) գործառույթների շրջանակներում: Պարզաբանում՝ իրավական ակտի ընդունումից հետո կմշակվի և կընդունվի իրավական ակտի կիրարկումը ապահովող՝ միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրենց կարգավորումները կգտնեն Ձեր կողմից բարձրացված հարցերը։
8 Սարգիս Սերոբյան 27.08.2021 22:08:06 Վաղուց հասունացած նախաձեռնություն է, առավել ևս հրթիռային պիլոտային ծրագրի կանխատեսելի տապալումից և դրա շրջանակներում պետական միջոցների անարդյունավետ օգտագործումից հետո տեղին է նշել, որ ամբողջ Եվրոպայում, բոլոր այն երկրներում որտեղ առկա է պայքարի գազագեներատորային մեթոդը, նմանատիպ կայանների շահագործումը իրականացվում է պետական կառույցներից դուրս, լոկալ (ռեգիոնալ) ստեղծված միավորների կողմից, որոնք սնվում են տվյալ տարածաշրջանի հողօգտագործողների, ֆերմերային տնտեսությունների, համայնքների կողմից կատարվող համապատասխան վճարումներով: Մեզ մոտ տարիներ շարունակ գործել է անարդյունավետ պետական կառավարման մոդել, ապահովելով լրացուցիչ բեռ պետության և բյուջեի համար, այն դեպքում երբ փաստացի գրեթե բոլոր ծախսերը շահագործման, լիցքավորման հետ կապված թողնվել են համայնքների և մասնավորի վրա: Առաջարկվում է ընդունել նախագիծը և խրախուսել նշված լոկալ կառույցների շուտափույթ ստեղծման գործընթացը: Ընդունվել է ի գիտություն։
9 Armen Poghosyan 28.08.2021 01:31:23 Կառաջարկեի նախագծի հեղինակներին կամ հեղինակին մի քանի հարց ուղղել՝ 1) Գազագեներատորային հակակարկտային կայանքների էֆեկտիվության վերաբերյալ կարծիք հայտնելուց առաջ , երբևէ վերոհիշյալ գիտնականներից որևէ մեկը արդյոք այցելել է ՀՀ-ում առկա որևէ հակակարկտային ռադիոլոկացիոն կենտրոն , կամ երբ իբր բազմամյա դիտարկում են արել , նկատել են արդյոք այն հարյուրավոր կարկտավտանգավոր ամպերը որոնք վնասազերծվել են հենց իրենց նշած Արմավիրի մարզի Վանանդ , Կողբավան , Նոր Կեսարյա ,Գետաշեն և այդ հատվածի մի շարք գյուղերում տեղադրված գազագեներատորային կայանքների շնորհիվ ՝ չկարողանալով նույնիսկ ներթափանցել ՀՀ սահման ? 2) Արդյոք գյուղացիները ունեն բավարար ֆինանսական միջոցներ միանգամից ցանցապատման անցնելու , կամ նրանցից քանի %-ին բանկերը կտրամադրեն վարկեր ,կամ արդյոք մտածել են թե ինչպիսի հետևանքներ կունենա վերգետնյա քամին 6-7մ բարձրություն ունեցող կեռասենու ծառի վրայի հակակարկտային ցանցի վրա ? 3) ԱԷԿ-ի ուղղությամբ արձակված հրթիռների մասին նշելուց առաջ միգուցե լսել են «запретный зона» արտահայտությունը ? 4)Գյուղացու ինչին է պետք ձեր մոնիթորինգի կենտրոնն ու իր հայտնած իրազեկումը , երբ իր այգին պաշտպանված չէ ? 5)Որոշում կայացնելուց առաջ հարցում արած կաք այգեգործների շրջանում ? 6)Պատկերացնենք որոշումն ընդունեցիք , իսկ գյուղացիների մի մեծ մասը՝ ասենք մի 75-80%-ը , որոշում են վարկով ցանցապատել իրենց այգիները , արդյոք մեր պետությունն ունի հնարավորություն սուբսիդավորել բոլորին ? 7) Մտածել եք արդյոք , երբ կհասունանա Արա լեռան ստորոտում գտնվող 2500Հա-ից ավելի այգիների խնձորենին հակակարկտային ցանցի տակ , նոյեմբեր ամսին ? Մենակ չասեք , որ տարբերություն չի լինելու և ցանցի տակի խնձորը նույն «կարմրաթուշ» և «անուշահամ»-ը կլինի: Հերիք է , հերիք է կոտրեք գյուղացուն ձեր իբր գիտական որոշումներով , առանց այն ել մեծ մասը բանկերից ու հարկադիրներից չեն կարողանում պրծնեն , հիմա էլ դուք ՝ որոշեցիք որ մի քանի տասնամյակ գործող ու գյուղացուն լավից-վատից պաշտպանող կառույցը արդեն զրոյական օգուտ է տալիս , կամ եթե կանգնել եք «ոտքի» մտադիր լինելով փակել , ապա հիմնավոր փաստեր նշեք , ոչ թե գրեք թե իբր համաշխարհային այսինչ-այնինչ կառույցի գիտնականները եկան այն եզրահանգման ,որ արդյունավետությունը 0-ական է, կամ որ գիտնականն է ներկա գտնվել հակակարկտային կենտրոնում ու համոզվել որ արդյունք չկա , լավել կա ու նշեմ , որ ձեր պատկերացրած սին և անհիմն թվերով գյուղացուն չեք խաբի , գյուղացին լավ գիտի ,որ օրվա ցանկացաց ժամին էլ լինի հակակարկտային ծառայությունը պայքարում է իրենց համար : Ընդունվել է ի գիտություն։
10 Արամ Ավետիսյան 29.08.2021 19:29:29 Մթնոլորտային երևույթների վրա պետք չէ ազդել որովհետև այն ուժը ինչ ունի մթնոլորտը չի կարող ունենալ մարդու ստեղծածը և մի հատ էլ ազդել վրան։ Պետք է հարմարվել ինչը հատկապես արդիական է կլիմայի գլոբալ փոփոխության պայմաններում։ Այս տեսակետից խիստ կարևոր է հակակարկտային ցանցերի կիրառությունը և գյուղապահովագրության զարգացումը։ Արմատներով Ջավախքից եմ և տեղյակ եմ որ Վրաստանում այս տարի հրթիռներով պաշտպանվող տարածքում շատ ուժեղ կարկուտ է եկել և գյուղացիները փողոցներ էին փակում և ափսոսում որ չեն ապահովագրել իրենց հողերը կարկտից և հույսները դրել էին հրթիռների վրա։ Հոդվածի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ www.ekhokavkaza.com/amp/31231171.html նշեմ որ նմանատիպ դեպքերը բավական շատ են։ Ողջունում եմ հայրենի կառավարության քայլը զարգացնել ապահովագրությունը միայն առաջարկում եմ ավելացնել պետության կողմից սուբսիդավորման տոկոսները։ Ընդունվել է ի գիտություն։
11 Վարազդատ Աստվածատրյան 30.08.2021 10:39:43 Նախագծի կասկածելի հիմնավորման մեջ բացասական անդրադարձ է կատարվել նաև հրթիռային մեթոդին՝ ներկայացնելով արհեստածին բարդություններ: Մասնավորապես նշված է, թե հրթիռները ոչ կառավարվող են, և որ դրանց անկումը և պայթումը տեղի կունենա հարևան երկրների տարածքներում: Ակնհայտ է, որ նախագծի հիմնավորման հեղինակները չունե՛ն համապատասխան մասնագիտական գիտելիքներ, չե՛ն ուսումնասիրել և չե՛ն տիրապետում նույնիսկ բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությանը: Չկառավարվող հրթիռը նշանակում է ինչ ուղղությամբ արձակվի հրթիռը այն ուղղությամբ էլ կանցնի թռիչքային ճանապարհը՝ որոշակի բարձրության անկում արձանագրելով: Այսինքն, եթե նույնիսկ հրթիռն արձակվի պետական սահմանի մոտակայքից սահմանին հակառակ ուղղությամբ, որևէ խնդիր չի կարող առաջանալ: Հուշեմ նաև, որ հրթիռային կայանները կարող են տեղադրվել պետական սահմանից բավականին խորության վրա: Եվ հեղինակներից ակնկալում եմ պատասխան հետևյալ հարցի վերաբերյալ, թէ՝ 2017 թվականից մինչ օրս հանրապետության տարածքեւմ գործող 3 հրթիռային հակակարկտային կայաններից արձակված հրթիռներից քանիսն են անցել ՀՀ պետական սահմանից և հայտնվել հարևան պետության տարածքում: Որպես բարդություն է ներկայացվել նաև ավիացիայի թռիչքների պատճառով հրթիռային ներգործությունների դադարեցումը: Եվ այստեղ նույնպես հարց է առաջանում՝ որևէ մեկը ուսումնասիրել է թե 24 ժամվա ընթացքում օդային տարածքը ընդամենը քանի րոպեով է զբաղված լինում ու այդպիսի նույն տարածքի զուգադիպում քանի տարին մեկ կարող է տեղի ունենալ, ակնկալում եմ պատասխանը: Նշեմ նաև այն հանգամանքը, որ ներկայումս ՀՀ-ում կիրառվող ԱՍ հակակարկտային հրթիռները չեն պարունակում պայթուցիկ նյութեր (հիմնավորումը հետևյալ ղեկավարման փաստաթուղթն է՝ РД 52.37.821-2015, հղում՝ https://files.stroyinf.ru/Data2/1/4293755/4293755844.htm ), դրանք այրվող նյութեր են և նախագծի հիմնավորման հեղինակները չեն տիրապետում նույնիսկ իրենց ենթակայության կողմից կիրառվող ԱՍ հրթիռների տեխնիկական բնութագրերին և վստահաբար հայտնում եմ, որ այդ նշված մասը նույնպես իրականության հետ աղերս չունի: Աշխատելու ցանկության պարագայում լիովին հնարավոր է ավելացնել և կիրառել հրթիռային մեթոդը, իսկ դա ինչ որ անհատների քմահաճույքի հարց չէ՝ այլ մեր օրերում անհրաժեշտություն է: Վերը նշվածը հաշվի առնելով, առաջարկում եմ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը չհանել և չեղյալ համարել օրենքի հավելվածի փոփոխությունը: Առաջարկությունը չի ընդունվել։ Առաջարկությունը չի ընդունվել։
12 Վարազդատ Աստվածատրյան 31.08.2021 11:57:41 Իմ՝ 30.08.2021թ. առաջարկությամբ ապացույցներ եմ բերել՝ նախագծի հիմնավորման մեջ իրականության հետ առընչություն չունեցող պատճառաբանությունների վերաբերյալ, որոնք հարկադրում են օրենքի նախագիծը հետ կանչելու համար, սակայն իմ առաջարկությունը Չի ընդունվել: Ներկայացրեք առաջարկս չընդունելու հիմնավորումները՝ ըստ առաջարկիս նշված բոլոր կետերի: Ընդունվել է ի գիտություն։
13 Sevak Hovhannisyan 30.08.2021 14:08:46 ՙՙՍակայն մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության կազմակերպումն անմիջականորեն չի առնչվում Նախարարության գործառույթներին, նպատակներին և հիմնականում նպատակաուղղված է գյուղատնտեսության գործունեության խոցելիության նվազմանը՚՚: Հարց. եթե չի առնչվում ՇՄՆ գործառույթներին , ինչու է գտնվում ձեր ենթակայության տակ ? «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ու «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները գտնվել են նույն լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կառավարման ոլորտում ,հետագայում միացման միջոցով անցել են ՇՄՆ կառավարման ոլորտ : Հարց. որքանով կարող է անաչառ և խելամիտ լինել երկու կազմակերպություններից մեկի տված եզրակացությունը մյուսի նկատմամբ , երբ սույն առաջարկը անում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» -ը ? «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 17-րդ կետը նոր եք տեսել ? ՙՙՍտացվում է որ գործող օրենսդրական կարգավորումներով միևնույն մարմնին է վերապահված նշված գործունեության և´ իրականացման և´ թույլտվության գործառույթները՚՚։ Հարց. իսկ կա մեկ այլ կառույց , որը ՀՀ-ում կատարում է ռադիոլոկացիոն դիտարկում , հետևում է կարկտային ամպերում տեղի ունեցող պրոցեսներին և հակակարկտային ծառայությանը կարող է թույլատրել կամ արգելել իրականացնել ակտիվ ներգործություն ? Ինչ վերաբերում է գործող հակակարկտային մեթոդների վերաբերյալ ձեր կողմից տրված ՙՙգիտական՚՚ եզրահանգումներին , կասեմ որ դրանք անպատասխանատու և քննարկվող հարցի հետ առնչություն չունեցող անհատի կարցիք են հիշեցնում: Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վաղ ազդարարման, գնահատման և գերկարճաժամկետ կանխատեսման իրավիճակային կենտրոն և Ռադիոլոկացիոն մոնիթորինգի կենտրոն ստեղծելու իմաստը ? Առանց այն էլ ձեր հիդրոմետ ծառայության կողմից արված կանխատեսումները մեղմ ասած ոչ միշտ են իրականությանը մոտ լինում: Կամ եթե ձեր կարծիքով իրավացի եք , ինչու որոշումը ի կատար ածել 2022 թ-ի հունվարի 1-ից ? (օրը նշում եմ այն գրությունից, որը մարզպետարանների կողմից ուղարկվել է համայնքների ղեկավարներին), հիմա փակեք , որ առաջին իսկ կարկտային ամպից տեղացած կարկտահարության պատասխանատվությունը դուք ստանձնեք: Ինչ վերաբերում է գյուղապահովագրությանը... ՀՀ-ում գործող ապահովագրական կազմակերպությունների առաջարկած պայմաններն լսելով նույնիսկ դուք չեք ապահովագրի ձեր չունեցաց այգիները , էլ ուր մնաց գյուղացին : Հիմա աչքի անցկացրեք սրանց պայմանները https://aina.am/gyux-apahovagrutun/ , https://abcfinance.am/gyugh-apahovagrutyun.html և հարցրեք օրինակի միջի Վարդանին , արդյոք գոհ է որ կորցրեց ասենք 3-4 մլն դրամի խաղող, չհաշված մյուս ծախսերը ( պարարտացում, ոռոգում , էտի աշխատանքներ, թունաքիմիկատներ,խոտհունձ և բազում այլ ծախսեր) , իսկ ապահովագրական գործակալությունը վճարեց 160000 դրամ ? Եվ էս ամեն ինչից հետո , մեր Վարդանը կմիացնի Շանթը , էլ ավելի ներվայնացաց վիճակում կնայի սահմանային լարված իրավիճակի մասին պատմող լուրերը ու անհամբեր կսպասի լուրերից հետո մեր նորաթուխ ՙՙՀիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների վաղ ազդարարման, գնահատման և գերկարճաժամկետ կանխատեսման իրավիճակային կենտրոն և Ռադիոլոկացիոն մոնիթորինգի կենտրոն՚՚-ի ՙՙմե հրաշք լուրին՚՚ այն է ՝ https://www.youtube.com/watch?v=_wPO41w8xd8 Պարզաբանում՝ իրավական ակտի ընդունումից հետո կմշակվի և կընդունվի իրավական ակտի կիրարկումը ապահովող՝ միջոցառումների ծրագիր, որի շրջանակում իրենց կարգավորումները կգտնեն Ձեր կողմից բարձրացված հարցերը։
14 Սերգո Մարտիրոսյան 31.08.2021 18:09:58 Հետաքրքիր է, որ դեռ կան խոսակցություններ հրթիռների վերաբերյալ: Հարգելիներս, 2017-ին այդ իբր պիլոտային ծրագրով փոշիացվել է մոտ 80 000 000 ՀՀ դրամ պետ. բյուջեից: Դեռ մի կողմ դնենք այդ մեթոդի լրջագույն անվտանգային(ավիացիա, ատոմակայան, պետ. սահմաններ և այլն) և բնապահպանական(կիրառվող քիմիական ռեագենտներ) խնդիրները: Հենց ներկրման և փորձարկման պահից այդ համակարգը եզակի անգամներ «աշխատեց», այն էլ խափանումներով, եղան համապատասխան պաշտոնական հաղորդագրություններ այդ մասով: Այնուհետև մասնագետներ ժամանեցին արտերկրից և խնդիրը բարդեցին մեր երկրին հատուկ բնակլիմայական պայմանների վրա: Հետո պարզվեց կարիքի դեպքում, հսկայական ծախսերի հետ մեկտեղ (1 հրթիռի արժեքը մինչև 300 ԱՄՆ դոլար) համապատասխան հրթիռի մատակարարն էլ չկա: Վրաստանում և ՌԴ հարավային մարզերում այս թեման համարվում է բյուջետային միջոցների անիմաստ վատնման դասական օրինակ,ուստի պետք չէ դրանք որպես իբր հաջողված օրինակ բերել: Կառավարությունը պետք է օր առաջ վերանայի գյուղ. ապահովագրության դրույքաչափերը և սուբսիդավորման մեխանիզմները, ի նպաստ հողի մշակի: Ընդունվել է ի գիտություն։
15 Կարապետ Վարդանյան 01.09.2021 14:43:08 Չեմ կարող չանդրադառնալ շահագրգիռ կողմ հիշեցնող՝ Սերգո Մարտիրոսյանի 31.08.2021 18:09:58 առաջարկությանը: Ինչ է նշանակում 2017-ին այդ իբր պիլոտային ծրագրով փոշիացվել է մոտ 80 000 000 ՀՀ դրամ պետ. բյուջեից, եթե պիլոտային ծրագրի բոլոր դրույթներն իրականացվել են և բացի այդ, որոշ մասնագետների բարի համբավի շնորհիվ էլ մեկ հրթիռային կայան նվիրաբերվել է Հայաստանին: Ներկայումս էլ կայաններն առկա են և գործող: Այդ կայաններով ընդհանուր վնասազերծվել է 18 կարկտավտանգավոր ամպ (2018թ.` 9ամպ, 2019թ.՝ 5ամպ, 2020թ.՝ 4ամպ): Իբր  լրջագույն անվտանգային խնդիրների վերաբերյալ նշեմ, որ նախագծի մասին վերը նշված առաջարկներում փաստեր են արձանագրված, որ ներկայացված խնդիրները սին են: Միայն իբր բնապահպանական խնդրին անդրադառնամ, որ միջազգային բազմաթիվ գիտական ուսումնասիրություններ են եղել և հայտնի փաստ է, և որ հակակարկտային հրթիռների կիրառումը էական վնասակար ազդեցություն չի կարող ունենալ, որ թույլատրելի սահմանայի արժեքներից հազարապատիկներ անգամ փոքր է: 1964 թվականից մինչև 1992 թվականը Հայաստանում կիրառվել են հրթիռային և հրետանային մեթոդները առանց խնդիրների, իսկ հիմա ավելի կատարելագործված և արդիական հրթիռների դեպքում խնդիրներ են առաջացել?: Իբր հսկայական ծախսերի (1 հրթիռի արժեքը մինչև 300 ԱՄՆ դոլար) մասին, հարց. Դուք, կամ որևէ մեկը իրականացրել է արդյոք տեխնիկատնտեսական հաշվարկ, վստահ եմ որ ոչ, քանի որ արդյունքները կհիասթափեցնեն Ձեզ և նման մտածողներին, պրիմիտիվ բան է՝ նախ ուսումնասիրեք թէ մեկ կարկտահարության հետևանքով քանի տասնյակ միլիոն դրամի վնաս է պատճառվում տնտեսությանը և մեկ ամպի վրա քանի հրթիռ է օգտագործվում ու համեմատեք: Հրթիռի մատակարարի վերաբերյալ նշեմ, որ մատակարարներ կան մի շարք երկրներում, ընդամենը աշխատելու ցանկություն և ունակություն է անհրաժեշտ: Աշխարհի շուրջ 40 զարգացած երկիր կիրառում է հրթիռային հակակարկտային մեթոդը: Վրաստանի և ՌԴ հարավային մարզերի իբր բյուջետային միջոցների անիմաստ վատնման մասին տեղեկացնեմ, որ որևէ նման պաշտոնական տեղեկատվություն գոյություն չունի՝ հակառակ պատկերն է, աստիճանաբար զարգացնում են և ընդլայնում պաշտպանվող տարածքները: Նշեմ նաև, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի օգոստոսի 21-ի N 1112 – Ա որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովը ուսումնասիրել է հակակարկտային հրթիռային պաշտպանության համակարգի ներդրման պիլոտային ծրագրի արդյունքները և տվել է դրական Եզրակացություն: Ընդունվել է ի գիտություն։
16 Խաչիկ Խաչատրյան 01.09.2021 14:58:50 Ընդունելի նախագիծ է անհրաժեշտ է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից հանել «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը: ՀՀ-ում հակակարկտային պաշտպանության գազագեներատորային համակարգը, ինչպես նաև վերջերս ներդրված հրթիռային համակարգը արդարացված չեն և որքանով որ հասանելի է տեղեկատվությունը հակակարկտային պաշտպանության արդյունավետության որևէ համապարփակ տեղեկատվություն առկա չէ: Հասանելի տեղեկատվությունը միայն այն է, որ որևէ համայնքի կամ համայնքների տարածքում իրականացվել է կարկտաբեր ամպի վրա ակտիվ ներգործություն՝ իրականացվել է ինչ որ քանակի կրակոց: Այնուհետև այդ նույն համայնքների տարածքում դիտվել է կարկտահարություն և գյուղացիական տնտեսությունները կրել են զգալի վնաս: Որպես արդյունավետության ցուցիչ տարածված է հետևյալ գաղափարը՝ եթե չգործարկեինք գազագեներատորային կայանները ապա կարկտի հատիկները առավել մեծ չափեր կունենային և ավելի մեծ վնաս կտային գյուղացիական տնտեսություններին, բայց կրկին չկա որևէ գիտական հիմնավորում: Կարկտահարությունից հետո գյուղացիները դիմում են կառավարությանը և վնասի գնահատումից հետո ստանում չնչին ֆինանսական աջակցություն (երբեմն դա էլ չեն ստանում), բայց միևնույն ժամանակ պետական բյուջեն ծախսում է հսկայական միջոցներ հակակարկտային «պաշտպանության համակարգի» գործունեության ապահովման համար: Օրենքում փոփոխություններ կատարելուց հետո անհրաժեշտ է մշակել գործուղությունների ծրագիր գյուղացիական տնտեսությունների ապահովագրական համակարգի ներդրման և դրա զարգացման ու հասանելիության համար, ինպես նաև այգեգործության բնագավառում կարկտապաշտպան ցանցերի լայնորեն կիրառման համար: Ընդունվել է ի գիտություն։
17 Artur Grigoryan 01.09.2021 18:48:22 Ողջունում եմ օրենքում փոփոխություն անելու գաղափարը, բավական է մսխել պետական բյուջեն գազագեներատոր կոչվող սարքավորումների վրա և շարունակել խաբել հողից բարիք ստեղծող գյուղացուն, չէ որ երկիրը շենացնողը հենց գյուղացին է։ Չնայած գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում ներկայումս առկա թերություններին՝ անհրաժեշտ է կատարել ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք միջոցառումներ և կայունացնել այն, ինչպես տեղի ունեցավ ավտոապահովագրության ոլորտում։ Ի գործ ՀՀ կառավարություն Ընդունվել է ի գիտություն։
18 Աղասի Գասպարյան 02.09.2021 17:41:32 Դեմ եմ՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 6-րդ կետից «մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման» բառերը հանելուն և առաջարկում եմ չեղյալ համարել օրենքի հավելվածում փոփոխությունը, քանի որ ՀՀ-ում կիրառվող հակակարկտային համակարգերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել միայն ՀՀ կառավարության 2011 թ. դեկտեմբերի 1-ի նիստի N 47 արձանագրային որոշմամբ հաստատված՝ Կարկտային պրոցեսների վրա ակտիվ ներգործության արդյունավետության գնահատման մեթոդաբանության համաձայն, ՈՐԸ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ: Կենացների և ցանկությունների տիրույթում գտվող փաստաթղթերը և կարծիքները հիմք չեն հանդիսանում: Առաջարկությունը չի ընդունվել։ Առաջարկությունը չի ընդունվել։