«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
0 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը
2019 թվականի հուլիսի 7-ին ընդունվել և նույն թվականի օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք): Օրենքի ընդունման կարևորությունն ընդգծվում է հետևյալ գործոններով՝
- առաջին անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում[1] Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կապակցությամբ հարցերը համակարգային և ամբողջական կարգավորման ենթարկվեցին օրենքի մակարդակով.
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի[2] լիազորությունները հստակ օրենսդրական ամրագրում ստացան.
- առաջին անգամ օրենսդրորեն ամրագրվեց Ներկայացուցչի մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման և կանխարգելիչ (պրևենտիվ) լիազորությունը.
- Եվրոպայի խորհրդի տարբեր մարմինների, այդ թվում՝ Նախարարների կոմիտեի հետ համագործակցությունը տեղափոխվեց նոր հարթակ.
- Օրենքով հստակ ամրագրվեց Ներկայացուցչի՝ յուրաքանչյուր տարի իր գործունեության վերաբերյալ Վարչապետին հաշվետվություն ներկայացնելու հիմքը.
- Ներկայացուցչի լիազորությունների պատշաճ իրականացման նպատակով Վարչապետի աշխատակազմում ստեղծվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակն իր համապատասխան ստորաբաժանումներով[3]:
Այդուհանդերձ, բնական է, որ Օրենքի շուրջ մեկ տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը: Երևան եկած ինչպես գործնական, այնպես էլ ինստիտուցիոնալ խնդիրների հիմնական աղբյուրը Ներկայացուցչի կողմից ներկայումս իրականացվող լիազորությունների ոլորտային տարբերակվածությունն է: Այլ կերպ ասած՝ Ներկայացուցչի գործունեությունն իր մեջ ընդգրկում է միմյանցից խիստ տարբերվող և տարբեր մասնագիտացումներ պահանջող հետևյալ ուղղությունները՝ (1) եվրոպական իրավունք և մարդու իրավունքներ, (2) միջազգային հանրային իրավունք և (3) միջազգային մասնավոր իրավունք:
Ինչ վերաբերում է եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների շրջանակներում Ներկայացուցչին Օրենքով ներկայումս վերապահված լիազորություններին, ապա Ներկայացուցիչը շարունակում է իրականացնել Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացուցչությունը՝ ապահովելով (1) Հայաստանի Հանրապետության անունից դիրքորոշումների պատրաստումը, (2) բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ բանակցությունների վարումը, (3) գանգատի առնչությամբ հանդես գալով միակողմանի հայտարարությամբ, (4) կոնկրետ գործերով կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման կազմակերպումը և այլն:
Եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների կամ որոշումների կատարման իր լիազորությունն իրականացնելիս Ներկայացուցիչը (1) նախապատրաստում է և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում գործողությունների ծրագրեր կամ հաշվետվություններ, (2) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման առնչությամբ անհրաժեշտ տեղեկատվություն է ներկայացնում Նախարարների կոմիտե, (3) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների հիման վրա փոխհատուցման ենթակա գումարի վճարման աշխատանքներն է կազմակերպում:
Ինչ վերաբերում է Օրենքի ընդունմամբ համակարգային կարգավորման ենթարկված Ներկայացուցչի՝ ներպետական համակարգում եվրոպական չափանիշների ներդրման, ինչպես նաև դրանից բխող կանխարգելիչ (պրևենտիվ) լիազորությանը, ապա դրա ապահովման համատեքստում Ներկայացուցիչն իրավասու է ծավալել գործունեություն հետևյալ ուղղություններով՝ (1) մշակել մարդու իրավունքների միջազգային և եվրոպական չափանիշների ներդնմանն ուղղված ռազմավարական աշխատանքներ և պլանավորել դրանց կատարման ընթացքը, (2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային և եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու առնչությամբ իրականացնել գործողություններ, (3) համապատասխան ոլորտների պրակտիկան ուսումնասիրելու արդյունքում բարելավման վերաբերյալ առաջարկություններով հանդես գալ, այդ թվում՝ միջազգային և եվրոպական չափանիշների վերաբերյալ պետական մարմինների, հասարակական և այլ կազմակերպությունների ու կառույցների, այլ իրավասու մարմինների ու կառույցների, ինչպես նաև հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, (4) միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև միջազգային այլ կառույցների հետ համագործակցել և համատեղ ծրագրեր իրականացնել:
Հիշատակման է արժանի, որ եվրոպական իրավունքի և մարդու իրավունքների առնչությամբ Ներկայացուցչի լիազորությունների ընդարձակմանը զուգահեռ Օրենքի ընդունումը հիմք հանդիսացավ որպեսզի Վարչապետի հանձնարարականի հիման վրա Ներկայացուցչին վերապահվի միջազգային դատարաններում և արբիտրաժներում, ինչպես նաև օտարերկրյա ներպետական դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացման լիազորությունը[4]: Մասնավորապես, Գրասենյակն իր կարճաժամկետ գործունեության ընթացքում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ առևտրային և ներդրումային վեճերի շրջանակում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և նշված վեճերը լուծող այլ մարմիններում: Այս գործառույթն իրականացնելու համար Գրասենյակն առևտրային և ներդրումային պոտենցիալ վեճի դեպքում իրավասու մարմինների հետ քննարկել և գնահատել է հաշտարարության կարգով վեճի լուծման հնարավորությունը, բանակցություններ է վարել կողմի հետ, կազմակերպել հաշտարարության կարգով վեճի լուծման գործընթացը, իսկ դատական և(կամ) արբիտրաժային կարգով վեճի առկայության դեպքում վերը նշված ատյաններում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու նպատակով միջազգային իրավաբանական ընկերությունների հետ բանակցություններ է վարել, աջակցել է պետության կողմից իրավաբանական-փաստաբանական ծառայությունների գնման գործընթացին, իրավախորհրդատուի հետ պայմանագրերի կնքմանը և պայմանագրային պարտավորությունների կատարմանը, ապահովել է ներպետական մակարդակում ներդրումային և առևտրային վեճին վերաբերող ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթերի (տեղեկությունների) հավաքագրման գործընթացի, իրավական վերլուծությունների իրականացումը, պետության շահերի պատշաճ ներկայացումն ու պաշտպանությունն ապահովելու նպատակով ռազմավարական քայլերի մշակումը և ձեռնարկումը և այլն։
Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ մի կողմից եվրոպական և մարդու իրավունքների համատեքստում արդեն իսկ առկա Ներկայացուցչի լիազորություններն առավել ընդլայնվել ու հստակեցվել են՝ իրենց մեջ ներառելով նաև եվրոպական չափանիշների ներդրման ու կանխարգելիչ գործառույթը, իսկ մյուս կողմից Ներկայացուցչին են վերապահվել նոր՝ միջազգային հանրային և մասնավոր իրավունքին առնչվող լիազորություններ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային դատարաններում, արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելու լիազորությունը: Նման պայմաններում գործող Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը դառնում է անխուսափելի:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նկատի ունենալով Օրենքի կարգավորման առարկան գործող իրավիճակին և փաստացի կատարվող աշխատանքին համապատասխանեցնելու, Ներկայացուցչի կողմից ներկա պահին իրականացվող բոլոր լիազորություններն օրենսդրորեն ամրագրելու, ինչպես նաև լիազորությունների ծավալային աճով պայմանավորված Գրասենյակում որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը մի կողմից, իսկ մյուս կողմից հաշվի առնելով Ներկայացուցչի լիազորությունների առավել լիարժեք ու համակարգային իրականացնելու համար լրացուցիչ կառուցակարգեր նախատեսելու հրամայականը՝ ««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով[5] առաջարկվում է՝
- փոխել Օրենքի վերնագիրը՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի այն բոլոր ատյաններում ներկայացուցչությունը, ինչը ներկա պահին սույն Օրենքի շրջանակներում փաստացի իրականացվում է Ներկայացուցչի կողմից Վարչապետի հանձանարականի հիման վրա.
- օրենսդրորեն հստակ ամրագրել Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում և հաշտարարության գործընթացում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների կամ որոշումների, օտարերկրյա դատարանների վճիռների կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլում.
- օրենսդրորեն ամրագրել Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու լիազորությունը.
- առավել հստակեցնել Ներկայացուցչի՝ եվրոպական չափանիշների ներդրման և կանխարգելիչ լիազորության շրջանակները՝ մասնավորապես, հստակ տարանջատելով հիշյալ լիազորության ներպետական օրենսդրության և պրակտիկայի կատարելագործման ու բարելավման ոլորտում իրականացվող ուղղությունը միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցությամբ իրականացվող և միջազգային ծրագրերի մշակման և կատարման ուղղությունից: Բացի այդ, նկատի ունենալով եվրոպական չափանիշների առավել արդյունավետ և լիարժեք ներդրումը, ինչպես նաև դրա առնչությամբ համակարգային և համալիր մոտեցում ցուացաբերելու անհրաժեշտությունը՝ հարկավոր է օրենսդրորեն ամրագրել Ներկայացուցչի՝ հիշյալ լիազորության համատեքստում Միավորված ազգերի կազմակերպության խոշտանգումների դեմ կոմիտեի և դրա ենթակոմիտեների, Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի[6], ինչպես Հայաստանի Հանրապետության վերաբերյալ տարեկան, այնպես էլ ընդհանուր զեկույցների ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնելու լիազորությունը, ինչը կարևոր հանգամանք է, ի թիվս այլնի, Եվրոպական դատարանի վճիռների (որոշումների) կատարման փուլում պետության մոտեցումը, ոլորտում տիրող իրավիճակը, պետության կողմից ձեռնարկվելիք հնարավոր գործողությունները պատշաճ ներկայացնելու, ոլորտի բարելավմանն ուղղված քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: Մասնավորապես, ԽԴԿ և ԽԿԿ զեկույցներում արտացոլված հանձնարարականների ուսումնասիրմամբ հնարավոր կլինի վեր հանել առկա թե՛ օրենսդրական, թե՛ գործնական խնդիրները, որոնցից շատերն իրենց բնույթով բավական մոտ են Եվրոպական դատարանի կողմից արձանագրած խախտումներին՝ այդպիսով ապահովելով բարձրացված խնդրի համակարգային և ամբողջական լուծումը, միևնույն ժամանակ քայլեր ձեռնարկելով ինչպես օրենսդրության, այնպես էլ պրակտիկայի բարելավման ուղղությամբ.
- նկատի ունենալով Ներկայացուցչի լիազորությունների ընդլայնմամբ պայամանավորված սպասվող մարտահրավերները, դրանց բնույթն ու բարդության աստիճանը, հաշվի առնելով ինչպես Եվրոպական դատարանում, այնպես էլ այսուհետ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պատշաճ ներկայացմանն ու օժանդակման անհրաժեշտությունը՝ Գրասենյակը պետք է ենթարկվի կառուցվածքային որոշակի փոփոխությունների, մասնավորապես, Գրասենյակի վարչությունների ներսում նոր միավորումների ստեղծում, ինչի անհրաժեշտությունը բխում է Ներկայացուցչի ընդլայնված լիազորությունների համատեքստում որոշակի տարանջատվածություն ապահովելու անհրաժեշտությունից, որն ուղղակի երաշխիք է լինելու լիազորությունների լիարժեք ու արդյունավետ կատարման համար:
- Նախագիծը մշակող մարմինը
Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը միտված է՝
- ինչպես Օրենքի վերնագիրը, այնպես էլ դրա կարգավորման առարկան համապատասխանեցնել ներկա պահին Ներկայացուցչի կողմից փաստացի իրականացվող գործունեության հետ՝ դրանում ընդգրկելով նաև միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում, հաշտարարության գործընթացում ներկայացուցչության լիազորությունը.
- Ներկայացուցչի կողմից իրականացվող լիազորությունների մեջ ընդգրկելով նաև Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը՝ Հայաստանի Հանրապետությունը հետայսու պատշաճ ներկայացվածություն կապահովի նաև միջազգային այդ ատյանում.
- Ներկայացուցչի եվրոպական չափանիշների ներդրման լիազորության առավել հստակեցումն ու փոքր-ինչ ընդարձակումը հնարավորություն կընձեռի առավել արդյունավետ համակարգել առանձին խնդիրների վերաբերյալ հեղինակավոր միջազգային մարմինների ինչպես ընդհանուր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ արտահայտած մոտեցումները, կնպաստի, դրանք Եվրոպական դատարանի մոտեցումներին համակցելով, համալիր վերլուծությունների կազմմանը և միջազգային չափանիշների Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ լավագույնս ներդրմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի առանձնահատկությունները.
Ընդհանուր առմամբ, Նախագծով առաջարկվող կարգավորումների ընդունումը տեսական մակարդակում կնպաստի արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների բարելավմանն ու հստակեցմանը, իսկ գործնականում կնպաստի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անշեղ կատարմանը և միջազգային հարթակում Հայաստանի Հանրապետության վարկանիշի բարձրացմանը:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի ավելացում է նախատեսվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Հանրային ծառայության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:
[1] Այսուհետ՝ Եվրոպական դատարան
[2] Այսուհետ՝ Ներկայացուցիչ
[3] Այսուհետ՝ Գրասենյակ
[4] Հիմքը՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ:
[5] Այսուհետ՝ Նախագիծ
[6] Այսուհետ՝ համապատասխանաբար՝ ԽԴԿ և ԽԿԿ:
-
Обсуждалось
03.06.2021 - 20.06.2021
-
Тип
Закон
-
Область
Европейским суд по правам человека
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 5224
Принт