«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր
-
0 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» 2019 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-141-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրում և ամբողջ տեքստում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» բառերով և համապատասխան հոլովաձևերով։
Հոդված 2․Օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝
«2․ Սույն օրենքի իմաստով Ներկայացուցչի գործունեությունն ընդգրկում է հետևյալ ատյանները՝
- Մարդու իրավունքների եվրոպական դատարանը,
- Արդարադատության միջազգային դատարանը,
- միջազգային արբիտրաժը,
- հաշտարարությունը,
- օտարերկրյա դատարանները:»։
Հոդված 3․ Օրենքի 2-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «(այսուհետ՝ Եվրոպական կոնվենցիա),» բառերից հետո լրացնել «Արդարադատության միջազգային դատարանի կանոնադրությունը, «Պետությունների և այլ պետությունների քաղաքացիների միջև ներդրումային վեճերի լուծման մասին» 1965 թվականի մարտի 18-ի կոնվենցիան, Հայաստանի Հանրապետության վավերացրած այլ միջազգային պայմանագրերը» բառերը.
- 2-րդ մասում «վերահսկողության վերաբերյալ կանոնակարգով» բառերից հետո լրացնել «, կիրառելի արբիտրաժային և հաշտարարության կանոններով, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի որոշումներով» բառերը։
Հոդված 4․ Օրենքի 3-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Ներկայացուցիչը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում, վարում է բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ, ինչպես նաև նպաստում Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը:».
- 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Ներկայացուցիչն իր պաշտոնավարումից հետո չի կարող ներկայացնել կամ խորհրդատվություն տրամադրել որևէ անձի՝ սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում քննության փուլում (հաշտարարության գործընթացում) գտնվող այն գործերի առնչությամբ, որոնք ստացվել են կամ որոնց վարույթը սկսվել է իր պաշտոնավարման ժամանակահատվածում կամ որոնցով կազմակերպել կամ իրականացրել է Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումը:»․
3) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ Ներկայացուցիչը չի կարող սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված ատյաններում վարել բանակցություններ կողմի և (կամ) վերջինիս ներկայացուցչի հետ կամ կազմակերպել կամ իրականացնել Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացումն այն գործով, որում ունի անձնական շահ կամ եղել է իբրև այդ գործով կողմի ներկայացուցիչ կամ փաստաբան կամ տրամադրել խորհրդատվություն կամ հանդես եկել որևէ այլ կարգավիճակով:»։
Հոդված 5․Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «փորձ ունեցող,» բառերից հետո լրացնել «միջազգային իրավունքին,» բառերը և հանել «կամ ֆրանսերենին» բառերը։
Հոդված 6․Օրենքի 6-րդ հոդվածի՝
1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3․ Գրասենյակը՝
- օժանդակում է Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Եվրոպական դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
- օժանդակում է Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի՝ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման գործընթացի կազմակերպմանը.
- օժանդակում է միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանը, ինչպես նաև արբիտրաժային կամ օտարերկրյա դատարանների վճիռների և որոշումների ճանաչման և կատարման, ինչպես նաև դրանց բողոքարկման գործընթացի կազմակերպմանը.
- օժանդակում է հաշտարարության կարգով Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծմանը.
- օժանդակում է Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրմանը:»․
2) 4-րդ մասը հանել։
Հոդված 7․ Օրենքի 7-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1․ Ներկայացուցիչը՝
1) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների, միջանկյալ միջոցի կիրառման վերաբերյալ պահանջի, ինչպես նաև Եվրոպական դատարանից ստացված այլ կոմունիկացիայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
2) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերը բարեկամական կարգավորման ձևով լուծելու նպատակով գանգատ ներկայացրած կողմի հետ վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.
3) Հայաստանի Հանրապետության դեմ Եվրոպական դատարան ներկայացված և Հայաստանի Հանրապետությանը կոմունիկացված գանգատների վերաբերյալ գործերով հանդես է գալիս միակողմանի հայտարարությամբ․
4) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո Եվրոպական դատարանում գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը ներկայացնում է Եվրոպական դատարան.
5) կազմակերպում է Եվրոպական դատարանի կողմից առանձին գանգատի առնչությամբ կիրառված միջանկյալ միջոցի պայմանների կատարման գործընթացը.
6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործերով Եվրոպական դատարանի Պալատի վճիռը Եվրոպական դատարանի Մեծ պալատի քննությանը հանձնելու պահանջով միջնորդություն է ներկայացնում Եվրոպական դատարան։».
2) 2-մասից հանել «միայն» բառը։
Հոդված 8․ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարման գործընթացը՝ այդ թվում առաջարկելով Հայաստանի Հանրապետության վերաբերյալ վճռի կամ որոշման կատարմանն ուղղված միջոցառումներ.
2) վճռի կատարման փուլում բարեկամական կարգավորման ձևով խնդրի լուծման նպատակով վարում է բանակցություններ, կնքում է բարեկամական կարգավորումներ.»։
Հոդված 9․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8․1-րդ, 8․2-րդ և 8․3-րդ հոդվածներով՝
«Հոդված 8.1 |
Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը Արդարադատության միջազգային դատարանում ներկայացնելիս |
1․ Ներկայացուցիչը՝
- կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը Արդարադատության միջազգային դատարանում.
- Կառավարության որոշման հիման վրա Հայաստանի Հանրապետության անունից Արդարադատության միջազգային դատարան է ներկայացնում հայցադիմում և հայցի ապահովման միջոց.
- Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ իրավական գործընթաց մեկնարկելու դեպքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը և առարկությունները.
- կազմակերպում է Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման գործընթացը:
Հոդված 8.2 |
Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս |
1․ Ներկայացուցիչը՝
- Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային կամ վեճը դատարանին հանձնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում բանակցություններ է վարում կողմի հետ վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով.
- Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վեճերի շրջանակում մասնակցում է արբիտրաժային տրիբունալի կազմավորմանը՝ կիրառելի արբիտրաժային կանոնների համաձայն նշանակելով Հայաստանի Հանրապետության արբիտրին, բանակցելով կողմի հետ նախագահող արբիտրի նշանակման հարցի շուրջ և այլ անհրաժեշտ գործառույթներ իրականացնելով.
- Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված արբիտրաժային ծանուցման կամ դատական հայցի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը վեճը լուծող համապատասխան մարմին.
- սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա, անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո, օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.
- Կառավարության որոշման հիման վրա վեճը հանձնում արբիտրաժային տրիբունալի կամ օտարերկրյա դատարանի քննությանը.
- ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով.
- ըստ անհրաժեշտության սահմանված կարգով բողոքարկում է օտարերկրյա դատարանների որոշումները (վճիռները).
- ըստ անհրաժեշտության արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում.
- կազմակերպում է արբիտրաժային և օտարերկրյա դատարանների որոշումների (վճիռների) ճանաչումը և կատարումը:
- Սույն օրենքի իմաստով միջազգային արբիտրաժը միջազգային արբիտրաժային կանոնների հիման վրա գործող վեճը լուծող մարմինն է, անկախ դրա՝ մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից կամ առանց նման հաստատության իրականացվելու հանգամանքի:
- Սույն օրենքի իմաստով օտարերկրյա դատարանը այլ պետության ազգային դատարանն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ կողմ:
Հոդված 8.3 |
Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճը հաշտարարության կարգով լուծելիս |
1․ Ներկայացուցիչը՝
- Հայաստանի Հանրապետության անունից բանակցություններ է վարում վեճի կողմի կամ վերջինիս ներկայացուցչի հետ.
- Հայաստանի Հանրապետության անունից կնքում է հաշտարարության կարգով վեճը լուծելու վերաբերյալ համաձայնագրեր (պայմանագրեր).
- Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ վեճի լուծման նպատակով ներգրավում է հաշտարարների կամ հաշտարարական ծառայություններ մատուցող գրասենյակների.
- ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը հաշտարարության ընթացքում.
- անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո կնքում է հաշտության համաձայնություններ և կազմակերպում է հաշտության համաձայնությունների կատարումը:
2․Սույն օրենքի իմաստով հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի` հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:»։
Հոդված 10․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի՝
- 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) ուսումնասիրել ոլորտի միջազգային փաստաթղթերը, նախադեպային իրավունքը, վերաբերելի միջազգային մարմինների զեկույցները, ինչպես նաև ոլորտի ներպետական պրակտիկան, և անհրաժեշտության դեպքում իրականացնել ոլորտի բարելավման և մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշներին համապատասխանեցման վերաբերյալ գործողություններ.»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետ․
«4) մարդու իրավունքների միջազգային իրավական չափանիշների ներդրման նպատակով իրականացնել ծրագրեր՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով միջազգային կազմակերպությունների կամ այլ կառույցների հետ:»։
Հոդված 11․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝
1) 3-րդ կետում «կարգավիճակով,» բառից հետո լրացնել «ինչպես նաև հետ կանչելու նրանց (ad hoc) դատավորի կարգավիճակից.» բառերը,
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին առաջարկելու Հայաստանի Հանրապետության կողմից նշանակվող արբիտրների և հաշտարարների թեկնածուներին.
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) վերանայել Հայաստանի Հանրապետության անունից կնքվող այն պայմանագրերի նախագծերը, որոնցով որպես վեճի լուծման մեխանիզմ նախատեսված է միջազգային արբիտրաժը.»․
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.
«6) իրավասու մարմինների հետ համատեղ մշակել և համապատասխան միջազգային կազմակերպություններում շրջանառել իրավական փաստաթղթեր:»։
Հոդված 12. Եզրափակիչ և անցումային դրույթներ
1․Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2․ Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը, Ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարը և Գրասենյակի քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել, որպես համապատասխանաբար Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ, Ներկայացուցչի գրասենյակի ղեկավար և Գրասենյակի քաղաքացիական ծառայողներ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասում և 9-րդ հոդվածի 26-րդ մասում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով» բառերով։
Հոդված 2․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
03.06.2021 - 20.06.2021
-
Тип
Закон
-
Область
Европейским суд по правам человека
-
Министерство
Аппарат Премьер-министра
Просмотры 5221
Принт