Добавить в избранное

«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքում և հարակից օրենքներում փոփոխության մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) գործունեության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել դրանք կարգավորել: Մասնավորապես՝ հստակ բնորոշված չի եղել վերահսկողական գործառույթները, մշտադիտարկման հասկացությունը և շրջանակը, բաց է եղել ուսումնասիրության հանձնարարագրում փոփոխություններ կատարելու կարգավորումները և մի շարք տեխնիկական բնույթի այլ խնդիրներ:

Քաղաքացիական ծառայության մասին օրենսդրության ոչ միատեսակ մեկնաբանմամբ պայմանավորված՝ 2019 թվականի հուլիս ամսվանից սկսված կազմակերպված բազմաթիվ քննարկումներից հետո հնարավոր չի եղել ամբողջությամբ հաստատել պաշտոնի անձնագրերը, սահմանված կարգով անցկացնել մրցույթներ և համալրել թափուր հաստիքները:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է կարգավորել և հստակ սահմանել Ծառայության կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները՝ ուսումնասիրություն, մշտադիտարկում և ընթացիկ դիտարկում, ինչպես նաև սահմանվում են այդ լիազորությունների իրականացման կարգերը: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ուսումնասիրությունը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կամ ՀՀ վարչապետի հետ համաձայնեցված Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայությունում և (կամ) վերահսկվող օբյեկտում օրենքով սահմանված կարգով իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն է: Մշտադիտարկումը Ծառայության ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա՝ այդ հանձնարարականով սահմանված վերահսկվող օբյեկտի գործունեությանն առնչվող առանձին հարցերի պարզաբանման համար վերահսկվող օբյեկտում իրականացվող վերահսկողական գործառույթների ամբողջություն է, իսկ ընթացիկ դիտարկումը  Ծառայության լիազորությունների շրջանակներում Ծառայությունում ստացված, Ծառայության կողմից ձեռք բերված տեղեկությունների վերլուծության միջոցով պետական միջոցների ձևավորման և կառավարման, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների և պետական հիմնարկների գործունեության օրինականության և (կամ) արդյունավետության մասով ռիսկերի բացահայտմանն ու գնահատմանն ուղղված գործառույթների ամբողջություն: Առաջարկվում է ներդնել ուսումնասիրությունների կասեցման և վերսկսման գործիքակազմ:

Խնդիրը կայանում է նրանում, որ շատ հաճախ վերահսկողական գործառույթների արագ, արդյունավետ և օպերատիվ իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում իրականացնել մշտադիտարկումներ կամ ընթացիկ դիտարկումներ, որոնք ներկայումս գործող օրենսդրությամբ տարընթերցումների և լրացուցիչ պարզաբանումների տեղիք են տալիս:

Առաջարկվում է ՀՀ վարչապետի սահմանած կարգով՝ վարչապետի հանձնարարությամբ իրականացնել կարգապահական վարույթներ:

Նախատեսվում է սահմանել, որ ստացված դիմումները, բողոքները և առաջարկությունները հասցեագրում է ոչ միայն իրավասու պետական մարմիններին, այլ նաև՝ տեղական ինքնակառավարման մարմիններին և վերահսկել դրանց ընթացքը:

Նախագծով առաջարկվում է Ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հանել քաղաքացիական ծառայության համակարգից և ստեղծել առանձին ծառայության տեսակ, ինչպես վարչապետին ենթակա մյուս մարմինները, որի արդյունքում կստեղծվի մրցույթների անցկացման պարզեցված ընթացակարգ, հաստիքային միավորների առավել արդյունավետ օգտագործման (տեղափոխության՝ հաշվի առնելով կառուցվածքային ստորաբաժանման ծանրաբեռնվածությունը) համակարգ, կնվազեցվի լրացուցիչ վարչարարական գործընթացները, կնախատեսվի անձնակազմի կառավարման առավել դյուրին ընթացակարգեր: Հաստիքների համալրման պարագայում առանձին խնդիր է առաջանում նաև պահանջվող աշխատանքային ստաժը, քանի որ սահմանված չափանիշները ճկուն չեն որակյալ կադրեր ընտրելու համար, փորձը ցույց է տալիս, որ որակյալ մասնագետը կարող է նաև ունենալ մասնավոր հատվածում աշխատանքային փորձ և չունենալ հանրային ծառայության համապատասխան ստաժ:

Նախագծով նախատեսվում է՝

  • ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում ներդնել պետական ծառայության դասային աստիճաններ,
  • Նվազեցնել ծառայության պաշտոնի անձնագրի` աշխատանքային ստաժի չափանիշները,
  • Պարզեցնել ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված ընթացակարգերը, ներդնել թափուր պաշտոնն արտամրցութային կարգով զբաղեցնելու համակարգ, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել դրանց վրա ծախսվող ռեսուրսները, այնպես էլ բարձրացնել ծառայության արդյունավետությունը, կնպաստի ծառայությունում պաշտոնեական առաջխաղացման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը,
  • Խստացվում են ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում կարգապահական տույժեր կիրառելու հետ կապված առկա կարգավորումները:

Վերոգրյալ փոփոխություններով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում և «Գնումների մասին» ՀՀ օրենքում:

«Գնումների մասին» ՀՀ օրենքում նախատեսվում են կառուցակարգեր «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ վերահսկվող օբյեկտների, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով վարչապետի համաձայնությամբ՝ առաջարկելու կասեցնել գործողությունները, գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները, լիազորության իրականացման համար:

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում կատարվում է լրացում և որպես պետական ծառայության առանձին տեսակ նախատեսելով պետական վերահսկողական ծառայությունում պետական ծառայությունը:

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Ներկայացված Նախագծերի ընդունմամբ պայմանավորված ակնկալվում է հստակեցնել Ծառայության լիազորությունները, լիազորությունների իրականացման կարգը, ինչպես նաև առանձնանալ քաղաքացիական ծառայության համակարգից, որի արդյունքում հնարավոր կլինի պարզեցնել ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու հետ կապված ընթացակարգերը, ինչը հնարավորություն կտա էապես կրճատել դրանց վրա ծախսվող ռեսուրսները, կբարձրացնի ծառայության արդյունավետությունը, կնպաստի ծառայությունում պաշտոնեական առաջխաղացման համակարգի ինստիտուցիոնալ զարգացմանը:

 

 

  • Обсуждалось

    06.04.2021 - 26.04.2021

  • Тип

    Закон

  • Область

    Борьба с коррупцией

  • Министерство

    Служба государственного надзора

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7280

Принт