Սերմերի և տնկանյութի մասին օրենքը
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ՄԱՍԻՆ
Սերմերի և տնկանյութի մասին
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
- Սույն օրենքը կարգավորում է օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի գրանցման, սերմերի, տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրումների, պահպանության, իրացման և օգտագործման հետ կապված հարաբերությունները:
- Սույն օրենքը տարածվում է արտադրության կամ վերարտադրության համար նախատեսված տեղական ու ներկրված բոլոր տեսակի մշակաբույսերի, զարդաբույսերի (դեկորատիվ), վայրիաճ մարգագետնային կերաբույսերի և անտառային բույսերի սերմերի, տնկանյութի վրա:
- Սույն օրենքը կիրառելի չէ գենային ինժեներիայի եղանակով ստացված և գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ համարվող սորտերի գրանցման, սերմերի և տնկանյութի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման և օգտագործման դեպքում:
Հոդված 2. |
Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը |
- Սերմերի և տնկանյութի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից ու իրավական ակտերից:
- Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:
Հոդված 3. |
Սերմերի և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրները |
- Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հիմնական խնդիրներն են՝
1) մշակաբույսերի սերմերի, տնկանյութի արտադրության և վերարտադրության գործնական կիրառելի համակարգերի հիմնումը և զարգացումը,
2) սորտաթարմացման, սորտափոխարինման և սորտափորձարկման գործընթացում մշակաբույսերի սորտերի և տնկանյութի ձևերի տնտեսական և կենսաբանական արժեքավոր հատկանիշների պահպանությունն ու վերարտադրությունը,
3) Հայաստանի Հանրապետության բնակլիմայական պայմաններին լավ հարմարվող մշակաբույսերի նոր սորտերի և տնկանյութի նոր ձևերի արագացված բազմացումը,
4) Հայաստանի Հանրապետությունում տարածված, տեղածին (աբորիգեն) ու հազվագյուտ սորտերի և տնկանյութի ձևերի գենետիկական պաշարների պահպանությունն ու վերարտադրությունը,
5) գիտական մեթոդների կիրառմամբ սերմնաբուծության և տնկանյութի արտադրության կազմակերպումը,
6) սերմնաբուծության և տնկանյութի արտադրության զարգացմանը նպաստող ժամանակակից տեղեկատվական շտեմարանների ստեղծումը:
Հոդված 4. |
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1․ Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
- սերմ` սորտերի պահպանության և վերարտադրության նպատակով օգտագործվող բույսի ժառանգականություն կրող գեներատիվ օրգան.
- տնկանյութ՝ բազմամյա բույսերի (որոշ միամյա) վեգետատիվ կամ սերմնային բազմացման մեթոդների կիրառման միջոցով ստացված դուստր բույսեր.
- տնկանյութի արտադրություն` տարբեր մեթոդների և եղանակների կիրառմամբ բույսերի տնկանյութի վերարտադրությամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ.
- սերմնաբուծություն` սորտաթարմացման և սորտափոխարինման իրականացման նպատակով բույսերի շրջանացված սորտերի սերմերի զանգվածային բազմացմամբ զբաղվող բուսաբուծության ոլորտ
- նախահիմնային (օրիգինալ) սերմեր` ընտրասերողի կամ սորտը պահպանողի արտադրած, սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, տվյալ սորտի առանձնահատկություններն ամբողջությամբ կրող սերմեր.
- հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր (սուպերէլիտա, էլիտա)` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, նախահիմնային սերմերից ստացված սերմեր.
- վերարտադրված սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող հիմնային սերմերից ստացված սերմեր.
- հիբրիդային սերմեր` սերմնաբուծության բնագավառում գործող տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանող, ծնողական տարբեր ձևերի տրամախաչման միջոցով ստացված առաջին սերնդի (F1) սերմեր.
- բազմամյա բույսերի ելակետային (նախահիմնային) տնկանյութ ՝ մայր բույսերի ժառանգականության պահպանման ու հետագա բազմացման նպատակով ընտրասերման (սելեկցիոն) աշխատանքների արդյունքում ստացված սորտերի, նույնակների (կլոնների) մասեր կամ վիրուսազերծ ամբողջական բույսեր.
- բազմամյա բույսերի հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ՝ մայրուտների համար նախատեսված և ելակետային տնկանյութի հաջորդիվ բազմացման արդյուքում ստացված վիրուսազերծ ամբողջական բույսեր կամ սորտերի և նույնակների (կլոնների) մասեր.
- բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութ՝ արտադրական այգեհիմնման համար նախատեսված և հիմնային տնկանյութի վեգետատիվ բազմացումից ստացված սորտի անփոփոխ ժառանգականությունը կրող առավել վարակածին վիրուսազերծությունը ստուգված ամբողջական բույսեր.
- բազմամյա բույսերի վերարտադրված տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի հաջորդիվ երեք սերունդները ընդգրկող բուսաճային (վեգետատիվ) բազմացման միջոցով ստացված և վիրուսազերծությունը (առավել վարակածին հարուցիչներից) ստուգված ամբողջական բույսեր.
- բազմամյա բույսերի շարքային (սովորական) տնկանյութ՝ բազմամյա բույսերի հավաստագրված տնկանյութի չորրորդ և հաջորդիվ վերարտադրությունների վեգետատիվ բազմացման միջոցով ստացված, առողջացման և ստուգման չենթարկված ամբողջական բույսեր.
- տնտեսական արդյունավետության պետական փորձարկում` լիազոր մարմնի կողմից բույսերի սորտերի տարբերիչ առանձնահատկությունը, միատարրությունը, կայունությունը, հանրապետության բնակլիմայական պայմաններին նրանց հարմարվողականությունը, մշակության գոտում (գոտիներում) հանրաճանաչ սորտերի համեմատությամբ նրանց տնտեսական արդյունավետությունը որոշելու նպատակով կատարվող դաշտային և լաբորատոր համալիր փորձարկումներ.
- օգտագործման թույլտվություն ունեցող սորտ` տնտեսական արդյունավետության պետական փորձարկումներ անցած, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտ.
- սերմերի արտադրության հերթագայություն` բույսի տվյալ տեսակի օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցված սորտերի սերմերի արտադրության և հավաստագրման նպատակով կիրառվող կանոնների, հրահանգների, ցուցումների և երաշխավորությունների համալիր.
- տնկարանային արտադրության առաջնային օղակ - բազմամյա մշակաբույսերի մայրուտներ և սորտընտրանի (կոլեկցիոն, հավաքածու) այգիներ, որոնք ստեղծված են հիմնական տնկարաններում գրանցված սորտերի ելակետային տնկանյութով մայր բույսերի ժառանգականության պահպանման, ուսումնասիրության ու հետագա բազմացման նպատակով.
- սերմերի և տնկանյութի հավաստագրում` սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության, սերմերի ցանքային և տնկանյութի ապրանքային որակների՝ տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների, սերմնաբուծության և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով սահմանված միջոցառումների համալիր (դաշտային փորձարկումներ, լաբորատոր հետազոտություններ).
- սերմերի հավաստագիր՝ օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի սերմերի ծագումը, ցանքային պիտանիությունը և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և սերմնաբուծության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
- տնկանյութի հավաստագիր՝ տնկանյութի սորտային պատկանելիությունը, ապրանքային որակները և տեխնիկական կանոնակարգերին, պետական չափորոշիչներին և տնկանյութի արտադրության բնագավառում գործող նորմատիվային այլ փաստաթղթերին դրանց համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ.
- բուսաբանական հատկանիշների ստուգիչ փորձարկում` հատուկ այգետարածքների (մայրուտների) և հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի մայր բույսերի սորտային պատկանելիության հետագա ստուգումների միջոցով սերմերի և մայր բույսերի որոշակի սորտի պատկանելիության և սերմերի ու մայր բույսերի որակական ցուցանիշների որոշման նպատակով լիազոր մարմնի կողմից իրականացվող դաշտային փորձարկումների և միջոցառումների համալիր.
- սերմերի և տնկանյութի սորտային հատկանիշներ` տվյալ սորտի տարբերիչ առանձնահատկությունները, կայունությունը, միատարրությունը բնորոշող հատկությունների և հատկանիշների նույնականացման համալիր.
- տնկանյութի ապրանքային որակ՝ տնկանյութի կենսաչափագրական (բիոմետրիկ) չափումների և բուսասանիտարական վիճակի համալիր, որոնց հիման վրա տեսակավորվում է տնկանյութի խմբաքանակը և որոշվում է դրա տնտեսական պիտանելիությունը.
- դաշտային հետազոտություններ (ապրոբացիա)` սերմնադաշտերի, մայրուտների և տնկարանային հողակտորների վրա սերմերի ցանքի և բազմամյա մշակաբույսերի տեսակային և սորտային պատկանելիության, սորտային մաքրության ու միատարրության նույնականացում, հողակտորների՝ մոլախոտերով, մշակաբույսերի հիվանդություններով ու վնասատուներով վարակվածության որոշման միջոցառումներ.
- դաշտային հետազոտող (ապրոբատոր)՝ սերմնադաշտերի և տնկարանների դաշտային հետազոտությունների և հսկումների կատարող.
- մշակաբույսեր` արտադրությունում օգտագործվող հացահատիկային, հատիկաընդեղեն, պալարապտղավոր, կերային, տեխնիկական, բանջարաբոստանային բույսեր, ծաղկաբույսեր, դեղաբույսեր, պտղահատապտղային բույսեր, վազեր (ծառեր, թփեր), ուտելի սնկեր.
- լիազոր մարմին` գյուղատնտեսության բնագավառում պետական կառավարում իրականացնող մարմին:
Գ Լ ՈՒ Խ 2
ՍՈՐՏԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՍԵՐՄԵՐԻ ԵՎ ՏՆԿԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Հոդված 5. |
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի և տնկանյութի ցանկը |
- Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով թույլատրվում են այն սորտերը և տնկանյութի այն ձևերը, որոնք անցել են տնտեսական արդյունավետության պետական փորձարկում և գրանցվել են օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում:
Օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկը վարում և տարեկան առնվազն մեկ անգամ հրապարակում է լիազոր մարմինը:
- Հայաստանի Հանրապետությունում տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների ենթակա բույսերի տեսակների ցանկը սահմանում է լիազոր մարմինը:
- Տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման, օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում դրանց գրանցման և գրանցումից հանելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. |
Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկանյութի արտադրության քայլերի հերթագայությունը (սխեման) |
- Մշակաբույսերի սերմնաբուծության և տնկանյութի արտադրության հերթագայությունը (սխեման) սահմանում է լիազոր մարմինը:
- Սերմերի սորտային և տնկանյութի ձևերի պատկանելիության, սերմերի որակի և տնկանյութի ապրանքային ցուցանիշների որոշման նպատակով հանրապետությունում օգտագործվում են միասնական մեթոդներ, հասկացություններ, տեխնիկական միջոցներ և կանոնակարգեր, չափորոշիչներ, նորմատիվային նույնականացված պահանջներ, որակի ամրագրման փաստաթղթերի ձևեր, այլ նորմատիվային փաստաթղթեր:
- Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիության, մաքրության և սերմերի որակի ու տնկանյութի ապրանքային ցուցանիշների ամրագրման փաստաթղթերի ձևերը սահմանում է լիազոր մարմինը:
- Սերմնաբուծության հերթագայությամբ սահմանվում են սերմերի հետևյալ դասերը.
1) նախահիմնային (օրիգինալ) սերմեր.
2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) սերմեր.
3) վերարտադրված սերմեր (առաջին և երկրորդ վերարտադրությունների, հիբրիդային առաջին և երկրորդ սերունդների սերմեր):
- Տնկարանային արտադրությամբ սահմանվում են հետևյալ կարգերը.
1) ելակետային (նախահիմնային) տնկանյութ
2) հիմնային (սուպերէլիտային, էլիտային) տնկանյութ
3) հավաստագրված տնկանյութ
4) սովորական տնկանյութ
Հոդված 7. |
Սերմերի որակի և տնկանյութի ապրանքային որակի որոշումը |
1․ Սերմերի որակը և տնկանյութի ապրանքային որակը բնութագրվում է սորտային պատկանելիությամբ, սորտային մաքրությամբ, վերարտադրությամբ, դասերով և կարգերով:
2․ Սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիությունն ու մաքրությունը, դասը և կարգը որոշվում են դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների միջոցով:
3․ Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի սորտային պատկանելիությունը յուրաքանչյուր մշակաբույսի, տնկանյութի կարգի և սերմերի դասի համար առանձին որոշվում է սերմնադաշտերի (ցանքատարածությունների), սորտընտրանի այգիների, մայրուտների (կոլեկցիոն այգի) և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների, բուսաբանական հատկանիշների ստուգիչ գնահատման և լաբորատոր հետազոտությունների միջոցով:
4․ Մշակաբույսերի սերմնադաշտերի և տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունները կատարվում են սերմ արտադրողի և տնկանյութ արտադրողի հայտի հիման վրա: Հայտի ներկայացման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
5․ Դաշտային հետազոտողների հավատարմագրման կարգը և սերմնադաշտերի ու տնկարանային տարածքների դաշտային հետազոտությունների հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6․ Լաբորատոր հետազոտությունների նպատակով մշակաբույսերի սերմերի և տնկանյութի խմբաքանակից նմուշառման կարգը և նմուշառման ակտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7․ Սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր հետազոտությունները կազմակերպում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված լաբորատորիաները:
Հոդված 8. |
Սերմերի և տնկանյութի հավաստագրումը |
- Նախահիմնային, հիմնային և վերարտադրված սերմերը ենթակա են պարտադիր հավաստագրման, իսկ ելակետային, հիմնային, հավաստագրված և սովորական տնկանյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետում կամավոր հավաստագրման:
- Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը, հավաստագրման կարգը և դրա նպատակով օգտագործվող ձևաթղթերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Հավաստագրման գործընթացն իրականացնում և համապատասխանության հավաստագիր տրամադրում է լիազոր մարմինը:
- Հավաստագրման ընթացակարգով նախատեսված պահանջները բավարարող սերմերին, տնկանյութին և դրանց խմբաքանակներին տրվում է դրանց ծագումն ու որակը վավերացնող հավաստագիր, իսկ այդ պահանջները չբավարարող սերմերին ու տնկանյութին` փորձարկումների արդյունքների մասին արձանագրություն:
- Հայաստանի Հանրապետությունից արտահանման համար նախատեսված սերմերի տարբեր դասերի և տնկանյութի տարբեր կարգերի որակական ցուցանիշները գնահատվում են միջազգային իրավասու կազմակերպությունների սահմանած ընթացակարգով:
- Անձնական օգտագործման համար արտադրվող և օգտագործվող սերմերն ու տնկանյութը կարող են չհավաստագրվել, չունենալ սորտային պատկանելիության և սերմերի որակական ցուցանիշները հավաստող փաստաթղթեր:
- Լիազոր մարմինն իրականացնում է հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառում:
- Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման համար լիազոր մարմինը վարում է գրանցամատյան:
- Հավաստագրված սերմեր և տնկանյութ արտադրողների, ներկրողների և արտահանողների հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 9. |
Հավաստագրված սերմերի և տնկանյութի պիտակավորումը, փաթեթավորումը, տարավորումը, պահպանությունն ու փոխադրումը |
- Հավաստագրված սերմերի և տնկանյութի փաթեթավորումը, տարավորումը, պիտակավորումը, պահպանությունը, փոխադրումն ու իրացումը կատարվում են հավաստագրի առկայության դեպքում:
- Փոխադրման և իրացման համար նախատեսված հավաստագրված սերմերի և տնկանյութի յուրաքանչյուր խմբաքանակ փաթեթավորվում, տարավորվում և դրոշմվում է` տարայի (ապրանքային միավորի) կամ փակցված պիտակի վրա նշելով սորտի անվանումը, բուսաբանական դասակարգումը, սերմերի ու տնկանյութի ծագման և որակի մասին ամբողջական և ճշգրիտ տեղեկատվությունը:
- Պիտակների ձևերը և դրանց միջոցով հաղորդվող տեղեկությունների բովանդակությունը սահմանում է լիազոր մարմինը:
- Քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերը և տնկանյութը պահպանվում, փոխադրվում և իրացվում են միայն փաթեթավորված վիճակում: Փաթեթը (տարան) պետք է ունենա համապատասխան նախազգուշացնող գրություն և ուղեկցվի սերմերի և տնկանյութի անվտանգ օգտագործման հրահանգով, մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի վրա հնարավոր հետևանքներ ունենալու մասին համառոտ տեղեկատվությամբ:
- Փաթեթավորման համար օգտագործվող տարաները պետք է ապահովեն հավաստագրված սերմերի և տնկանյութի որակի և քանակի պահպանությունը, իսկ քիմիական և կենսաբանական միջոցներով մշակված սերմերի համար` նաև մարդկանց, կենդանիների առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունը:
Հոդված 10. |
Սերմեր ու տնկանյութ արտադրողների և իրացնողների իրավունքները, պարտականությունները և երաշխավորությունները |
- Սերմեր և տնկանյութ արտադրողներն ու իրացնողները՝
1) ինքնուրույն են որոշում արտադրվող կամ իրացվող սերմերի և տնկանյութի տեսականին և քանակությունը,
2) կարող են սորտերի տնտեսական արդյունավետության պետական փորձարկումների կազմակերպման և դրանք Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում գրանցման հայտ ներկայացնել,
3) Հայաստանի Հանրապետությունում սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի դաշտային հետազոտությունների մասին հայտ ներկայացնել:
- Հավաստագրման ենթակա սերմեր և տնկանյութ արտադրողները և իրացնողները պարտավոր են՝
1) ներկայացնել հայտ(եր)` սերմնադաշտերի և տնկանյութի մայրուտների ու տնկարանի թողարկող դաշտերի դաշտային հետազոտություններ, սերմերի և տնկանյութի որակական ցուցանիշների լաբորատոր փորձարկումներ կատարելու և համապատասխան փաստաթղթեր ստանալու համար.
2) սերմերի արտադրությունն իրականացնել` պահպանելով սերմնաբուծության հերթագայությունը.
3) հինգ տարվա ընթացքում, իսկ տնկանյութի համար ութ տարվա ընթացքում գրանցել և պահպանել արտադրված, օգտագործված և իրացված սերմերի ու տնկանյութի ծագումը հաստատող և քանակությունները հավաստող փաստաթղթերը.
4) ապահովել լիազոր մարմնի իրավասու աշխատակիցների ազատ մուտքն արտադրական տարածք (սերմնադաշտեր, տնկարաններ, մայրուտներ, պահեստներ, սերմերի մշակման և փաթեթավորման տարածքներ), անհրաժեշտ պայմաններ ստեղծել նրանց գործունեության իրականացման և պահանջվող փաստաթղթերին ծանոթանալու համար:
- Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք պարտավոր են երաշխավորել՝
1) սերմերի և տնկանյութի որակի փաստաթղթերում արձանագրված սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային և հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների համապատասխանությունը իրացվող սերմերի և տնկանյութի հավաստագրին, որոնց խախտման դեպքում պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
2) սերմերի և տնկանյութի ապրանքային որակը բնորոշող ցեղային, տեսակային, տարատեսակային, սորտային և հիբրիդային ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության մասին փաստաթղթերի պահպանությունը.
3) սերմերի որակական և տնկանյութի ապրանքային ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ ողջամիտ ժամկետներում լիազոր մարմին համապատասխան տեղեկատվություն ներկայացնելը.
4) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների իրականացումն ու համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:
Հոդված 11. |
Սերմերի և տնկանյութի ներմուծումն ու արտահանումը |
- Մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է, եթե՝
1) սերմերը և տնկանյութը նախատեսված են գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկման նպատակների համար.
2) ներմուծվող սորտը գրանցված է օգտագործման թույլտվություն ունեցող սորտերի ցանկում և ներկայացվում են սերմերի և տնկանյութի խմբաքանակի սորտի պատկանելիության և որակական ցուցանիշների` արտահանող երկրի իրավասու կազմակերպության տված հավաստագրերը:
- Հայաստանի Հանրապետություն մշակաբույսերի սերմերի և տնկանյութի ներմուծման և Հայաստանի Հանրապետությունից դրանց արտահանման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի և տնկանյութի առավելագույն քանակները սահմանում է լիազոր մարմինը:
- Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում «տարանցիկ փոխադրում», «ներմուծում մաքսային պահեստ» և «ներմուծում ազատ մաքսային պահեստ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սերմերի խմբաքանակների վրա:
Գ Լ ՈՒ Խ 3
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հոդված 12. |
Պատասխանատվությունն արտադրանքի անհամապատասխանության համար |
- 1. Հավաստագրված սերմերի և տնկանյութի արտադրությամբ, պահպանությամբ, փոխադրումներով, վերարտադրությամբ, իրացմամբ զբաղվող և հավաստագրման գործընթացն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում, եթե՝
1) ապացուցվում է, որ սերմերի և տնկանյութի սորտային մաքրության, ցեղային, տեսակային, սորտային, հիբրիդային, ինչպես նաև կարգային կամ դասային պատկանելիության ցուցանիշների փոփոխությունները տեղի են ունեցել իրենց մեղքով.
2) լրացուցիչ դաշտային հետազոտությունների և լաբորատոր փորձարկումների արդյունքներով անհամապատասխանություն է հայտնաբերվում հավաստագրում ամրագրված ցուցանիշների և սերմերի, տնկանյութի խմբաքանակի համապատասխան փաստացի ցուցանիշների միջև.
3) հավաստագրման ընթացակարգի, սերմնաբուծության հերթագայության, տնկարանային արտադրության, տեխնիկական կանոնակարգերի, պետական չափորոշիչների և նշված ոլորտներում գործող նորմատիվային այլ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումներով:
- 2. Սույն հոդվածի 1-ին մասում նկարագրված պատասխանատվության հետևանքով տնտեսավարողներին հասցված վնասները փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե կողմերի միջև կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Հոդված 13. |
Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումը |
- Սերմնաբուծության և տնկանյութի արտադրության գիտական ապահովումն իրականացնում են լիազոր մարմինը, գիտակրթական, գիտահետազոտական, գիտաարտադրական, փորձարարական հաստատությունները, գիտնական-հետազոտողները, որոնք մշակում են՝
1) բույսերի նոր սորտերի ընտրասերման, սերմնաբանության և սերմնաբուծության վերաբերյալ գիտատեխնիկական ծրագրեր,
2) սերմնաբանության, սերմնաբուծության և սորտագիտության վերաբերյալ գիտականորեն հիմնավորված արդյունավետ համակարգեր,
3) նոր սորտերի ներդրման և հանրապետության տարբեր բնակլիմայական գոտիներում և հողակլիմայական տարբեր պայմաններում դրանց մշակության գիտականորեն հիմնավորված առաջարկություններ,
4) սերմնարտադրության և տնկանյութի արտադրության արդյունավետ տեխնոլոգիաներ, տեղեկատվական ժամանակակից համակարգեր,
5) հանրաճանաչ, արժեքավոր սորտերի և տնկանյութի ձևերի պահպանության և արագացված բազմացման ծրագրեր:
- Մշակաբույսերի գենետիկական պաշարների պահպանության նպատակով լիազոր մարմինը սահմանում է հանրահայտ և տնտեսական մեծ արժեք ունեցող սորտերի պահպանության և վերարտադրության ընթացակարգեր:
Հոդված 14. |
Սերմերի և տնկանյութի մասին օրենքը խախտելու համար պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը |
- Սերմերի և տնկանյութի մասին օրենքի խախտումն առաջ է բերում պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Լիազոր մարմնի հավաստագրման գործընթացն իրականացնող ստորաբաժանումների կամ պաշտոնյաների, հավատարմագրված լաբորատորիաների և դաշտային հետազոտողների որոշումների հետ չհամաձայնելու դեպքում ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են՝
1) համապատասխան որոշումը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բողոք ներկայացնել լիազոր մարմնի բողոքարկման խորհուրդ, որը բողոքը քննության է առնում այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, և իր որոշումը տրամադրում բողոքարկող կողմին՝ որոշումն ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում.
2) սերմնադաշտերի և տնկարանային դաշտերի ու տնկարկների դաշտային լրացուցիչ հետազոտությունների և սերմերի, տնկանյութի լաբորատոր լրացուցիչ փորձարկումների անցկացման հայտ ներկայացնել լիազոր մարմին` պահանջելով այդ աշխատանքների իրականացումն ապահովել այլ հավատարմագրված դաշտային հետազոտողների և փորձարկման լաբորատորիաների միջոցով.
3) բողոքի խնդրո առարկա համարվող որոշման հավաստիությունը պարզաբանելու նպատակով կազմակերպել դաշտային լրացուցիչ հետազոտություններ և լաբորատոր փորձարկումներ այդ իրավասություններն ունեցող անկախ դաշտային հետազոտողների և հավատարմագրված լաբորատորիաների միջոցով:
- Լիազոր մարմնի բողոքարկման խորհրդի որոշմանը չհամաձայնելու դեպքում բողոքարկող կողմը կարող է դիմել դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
- Բողոքարկման խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատում է լիազոր մարմինը:
Գ Լ ՈՒ Խ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 15. |
Եզրափակիչ մաս
|
1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 20-ի ՀՕ-106-Ն օրենքը:
Հոդված 16. Անցումային դրույթներ
- Սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ, 7-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով, 8-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 9-րդ մասերով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվածիրավական ակտերն ընդունվում են օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։
- Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 7-րդ հոդվածի 4-րդ մասով, 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ և 14-րդ հոդվածի 4-րդ մասերով նախատեսված իրավական ակտերը լիազոր մարմնի կողմից ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
-
Обсуждалось
10.03.2021 - 25.03.2021
-
Тип
Закон
-
Область
Сельское хозяйство, Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7061
Принт