ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հաստատելու մասին» 597-Ն որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կողմից հիդրոդերևութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության վերաբերյալ ներկայացված պաշտոնական տեղեկատվությունը։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է սակավաջրության կամ երաշտի հետևանքով ստեղծված իրավիճակում կանխել ջրօգտագործողների շահերի բախումները և մեղմել ջրային ռեսուրսների վրա ակնկալվող բացասական ազդեցությունը` հատկապես ջրապահանջի բավարարման ժամանակ, ինչպես նաև գտնել համապատասխան լուծումներ սահմանափակ ջրային ռեսուրսները առավել արդյունավետ օգտագործելու համար՝ նպատակ ունենալով կանխարգել Սևանա լճից հնարավոր հավելյալ ջրառը:
Նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված համաշխարհային օդերևութաբանական դիտարկումների ցանցը վերջին 4-5 ամիսներին աշխատել է և շարունակում է աշխատել ոչ լիակատար, ինչի արդյունքում հիդրոօդերևութաբանական կանխատեսումների մոդելների մեջ հաշվարկային տվյալները մուտքագրվում են ոչ ամբողջությամբ, ինչն էլ իր հերթին էականորեն ազդում է հատկապես միջնաժակետ և երկարաժամկետ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների արդարացման որակի վրա։ Պայմանավորված այդ հանգամանքով, ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետների վերանայման անհրաժեշտություն է առաջացել։
- Առաջարկվող նախագծի կարգավորման բնույթը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 597-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվել է ՀՀ կառավարության 23.04.2020թ. N 597-Ն որոշման 2-րդ և 4-րդ կետերում ներկայացված ժամկետները փոփոխել՝ համապատասխան տեղեկատվությունները ներկայացնել ըստ անհրաժեշտության։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը:
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա խուսափել ավելորդ վարչարարությունից և որոշմամբ պահանջվող տեղեկատվությունը վարչապետի աշխատակազմ ներկայացնել անհրաժեշտության դեպքում։