ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-217-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 30-ին) առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք տվող տարիքը 23-ից դարձել է 26:
Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-218-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 30-ին):
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կարգավորել վերոնշյալ օրենքների կիրարկման հետ կապված՝ անցումային ժամանակաշրջանի հարաբերությունները:
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքով (ուժի մեջ է մտնելու 2020 թվականի հունիսի 25-ին) սահմանվել է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
««Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու (նրա 23 տարին լրանալու) հիմքով:
Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:
Այս դեպքում նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից:
Նույն հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի և կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
Ըստ այդմ, Օրենքի վերոնշյալ դրույթների կիրառմամբ՝ այն դեպքում, երբ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև վերոնշյալ օրենքն ուժի մեջ մտնելը՝ 2020 թվականի ապրիլի 30-ը, նրա՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է:
Օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ մտնլուց հետո նշված անձիք ձեռք են բերում կենսաթոշակի իրավունք և դիմելու դեպքում նրանց իրավունքը կիրացվի Օրենքով սահմանված կարգով:
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջանում կարգավորել անձանց կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունքը ապրիլի 30-ից մինչև դիմելու օրն ընկած ժամանակահատվածի համար:
Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ կենսաթոշակ վճարելը դադարեցվում է Օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարություն չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում, իսկ 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված է, որ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով:
Հաշվի առնելով վերոնշյալ օրենսդրական փոփոխությունները, անհրաժեշտ է օրենքի կիրարկումն ապահովող ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել դրանց։ Կերակրողին կորցնելու դեպքում նպաստի մասով փոփոխություններն անհրաժեշտ է կատարել ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան լրացումներ և փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2011թ. մայիսի 5-ի թիվ 665-Ն և 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշումների մեջ։
2. Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ եթե ուսումնական հաստատությունում առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորող անձի 23 տարին լրացել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը և նրա կենսաթոշակի գործում առկա է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա նրա` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի:
Եթե նրա կենսաթոշակի գործում առկա չէ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը, ապա մինչև 2020 թվականի դեկտեմբերի 30-ը գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթեր (այդ թվում՝ 2019 թվականի հուլիսի 1-ից հետո առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելու մասին ուսումնական հաստատության տված տեղեկանքը) ներկայացնելու դեպքում անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակվում է 2020 մայիսի 1-ից: Այդ ժամկետից հետո դիմելու դեպքում կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ է նշանակվում դիմելու օրվանից 1-ից:
Նույնաբովանդակ փոփոխություն նախատեսվում է կատարել նաև ՀՀ կառավարության 2014թ. հունիսի 26-ի թիվ 635-Ն որոշման մեջ:
Նախագծով առաջարկվում է հստակեցնել կենսաթոշակ վճարելը դադարեցնելու հիմքերը այդ հիմքերին ավելացնելով սահմանված ժամկետում կենսաթոշակառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին բանկի հաստատումը չստանալը:
Նախագծում հստակեցվում է նաև խնամատար ընտանիքի խնամքին հանձնված երեխայի (հոգեզավակի) կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը (նպաստը) վճարելու կարգը:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-217-Ն, ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի ապրիլի 16‑ի ՀՕ-218-Ն և ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի մարտի 4‑ի ՀՕ-109-Ն օրենքերի կիրարկումը: