Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված` պետության կողմից բնակարանների ձեռքբերման հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները նաև անմիջապես կառուցապատողներից ձեռք բերվող անհատական բնակելի տների նկատմամբ կիրառելն է:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվականի հոկտեմբերի 6-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող անմիջապես կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ֆիզիկական անձի (բացառությամբ վարձու աշխատող չհամարվող անհատ ձեռնարկատիրոջ ու նոտարի) կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները, բայց ոչ ավելի, քան համապատասխան եռամսյակի համար տվյալ ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարը, փոխհատուցվում են ֆիզիկական անձին:
Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ մեխանիզմը կիրառելի չէ անմիջապես կառուցապատողներից անհատական բնակելի տների ձեռք բերման նպատակով ստացված հիպոտեկային վարկերի նկատմամբ: Բացի այդ, եկամտային հարկի փոխհատուցման հնարավորությունից օգտվում են բավականին թանկարժեք բնակարաններ ձեռքբերող անձինք, ինչն էլ հանգեցնում է նշյալ դրույթների հասցեականության կորստի և պետական բյուջեի անհարկի ծանրաբեռնվածության:
- Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պետության կողմից բնակարանների ձեռքբերման հիպոտեկային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները կիրառել անմիջապես կառուցապատողներից ձեռք բերվող անհատական բնակելի տների նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է նաև յուրաքանչյուր ամսվա համար փոխհատուցման ենթակա եկամտային հարկի առավելագույն գումարի սահմանում, քանի որ նախագծով նպատակ է դրվում փոխհատուցել ոչ շքեղ բնակարաների և անհատական բնակելի տների ձեռքբերման կամ կառուցման համար ստացված հիպոտեկային վարկի տոկոսները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկի գումարներից փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հարաբերությունները: