Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

 «Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը 

Բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն: Բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմելիությունը կազմում է տարեկան շուրջ 47,000 անձ, որից առաջին անգամ փորձաքննվողները՝ 15,000, վերափորձաքննվողները՝ 32,000 անձ: 32,000-ի 25%-ը (8000 անձ) անժամկետ հաշմանդամություն ունեցողներն են: Այսինք հաջորդ տարվա վերափորձաքննվողների թիվը կազմում է շուրջ 24,000 անձ: Փորձաքննության արդյունքում սահմանվում է հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ, որոնք վերափորձաքննության արդյունքում կարող են փոփոխվել: Համաձայն ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 13-ի N 780-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի, 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «Հաշմանդամ երեխա» կարգավիճակը` երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը:

Հաշմանդամության խմբերի փոփոխությունը ֆինանսական տեսանկյունից բյուջեի վրա ազդեցություն չի ունենում, քանի որ նվազագույն կենսաթոշակը նույնն է բոլոր խմբերի համար (26,500 ՀՀ դրամ):

Կրկնակի փորձաքննության (վերափորձաքննության) արդյունքում տարեկան փորձաքննվածների 2.6%-ը (624 անձ) հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվում: Սակայն առաջնակի փորձաքննությամբ տարեկան հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ է սահմանվում դիմողների 85%-ին, շուրջ 12,000 անձի։

Չնայած ներկայումս վարվող քաղաքականության միտումներին, երբ բոլոր գործողություններն ուղղված են կոռուպցիոն դրսևորումները բացառելուն, այնուամենայնիվ, այդ արատավոր երևույթը շարունակում է դեռևս արմատացած մնալ շատ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներում: Այս          են վկայում վերջին  ամսների ազգային անվտանգության ծառայության բացահայտումները: Բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովներն աշխատում են գերծանրաբեռնված գրաֆիկով, մի շարք հանձնաժողովների կազմը համալրված չլինելու պատճառով: Հետևաբար, կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կձևավորվի 9-10 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Այս նպատակով փորձաքննությունների թիվը 1 օրվա կտրվածքով մեծ չէ՝ ընդամենը 4-5 անձ:

Հաշվի առնելով հեռակա փորձաքննությունների, պատճառական կապերի, 18 տարին լրանալու, վերականգնողական անհատական ծրագրերի, առողջական վիճակի վատթարացումների վերաբերյալ որոշումներ կայացնելու հրատապությունը, դրանք ընդգրկվել են բացառությունների շարքում: Այս դեպքերում նախորդ որոշումը պարզեցված կարգով ուժի մեջ նույնությամբ թողնելը կարող է ռիսկային լինել փորձաքննվող անձի տեսանկյունից, քանի որ փորձաքննական որոշման փոփոխությունը կարող է հանգեցնել անձի իրավունքների և արտոնությունների փոփոխության:

Նշենք, որ ներկայումս աշխատանքներ են տարվում հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխման ուղղությամբ: Մասնավորապես, մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է դրվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը, այս համատեքստում ընթացքի մեջ են գնահատող մասնագետների ռեեստրի ներդրման աշխատանքները, նախատեսվում է մինչև 2020 թվականի վերջը դրանք ավարտին հասցնել:

    ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման 10-րդ կետի դրույթների համաձայն՝ մինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով տարածքային ԲՍՓ հանձնաժողով է դիմում ծնողներից մեկը կամ խնամակալը, իսկ բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ նշվում է դիմումը ներկայացրած անձի անձնական տվյալները: Վերջինս էլ իրավունք է ձեռք բերում ստանալու հաշմանդամություն ունեցող երեխայի հաշմանդամության նպաստը: Ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում բազմաթիվ խոչընդոտներ ու խնդիրներ են առաջանում երեխայի նոր ներկայացուցչի կողմից հաշմանդամության նպաստը ստանալու հարցում: 

  Նույն որոշման N 1 հավելվածի 11-րդ կետով սահմանված է, որ եթե հաշմանդամը բուժման նպատակով գտնվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, ապա նրա բժշկասոցիալական փորձաքննությունը, հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի համաձայն, իրականացվում է հեռակա` բժշկասոցիալական փորձաքննության նախկին փաստաթղթերի և այն բժշկական կազմակերպության տված փաստաթղթերի հիման վրա, որտեղ նա գտնվում է բուժման մեջ: «Հաշմանդամ» բառի կիրառումը իրենից ենթադրում է, որ եթե հաշմանդամության սահմանված ժամկետից անգամ մեկ օր անցել է, անձը հեռակա վերափորձաքնության նպատակով իրավասու պետական մարմիններ դիմել չի կարող՝ զրկվելով իր իրավունքը իրացնելու հնարավորությունից:

          Վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված է նաև բժշկասոցիալական փորձաքննության առաջին անգամ ուղեգրվելու կարգը և ժամկետները։  Հավելված 1-ի 29-րդ  կետով սահմանված է բժշկասոցիալական վերափորձաքննություն իրականացնելու դեպքերը, այդ թվում առողջական վիճակի վատթարացման դեպքը: Սակայն  հստակեցված չեն այդ նպատակով դիմելու ժամկետները և գործընթացը:  Ներկայումս առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում հաշմանդամության երկրոդ խումբ ունեցող անձանց մատուցվում են ծառայություններ պետական պատվերի շրջանակներում մի շարք թանկարժեք վիրահատական միջամտությունների դեպքում, ինչն էլ շարժառիթ է հանդիսացել 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հիվանդության սուր վիճակներում դիմելու: Որոշ դեպքերում, երբ անձին հրատապ վիրահատական բժշկական օգնություն տրամադրելու անհրաժեշտություն է առաջանում, առողջապահության մասնագետների կողմից ուղղորդվում են հաշմանդամության խմբի վերանայման կամ հաշմանդամության երկրորդ խումբ «ստանալու»: Որոշմամբ վերափորձաքննության դիմելու ժամկետները հստակեցված չլինելու պատճառով խնդիրներ են առաջանում դիմումը ընդունելու կամ չընդունելու, ինչպես նաև բժշկական փաստատթղթերում առկա տվյալների մասով: Ելնելով վերոգրյալից, ակնհայտ է դառնում որ արհեստականորեն բարձրանում է վիճակի վատթարացման հիմքով վերափորձաքննությունների ենթարկվելու դեպքերի քանակը և 3-րդ խմբից 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածների քանակը։ Այսպիսով, 2018թ  վերափորձաքննության արդյունքում 3-րդ խմբից 2-րդ խմբի հաշանդամություն է սահմանվել 765 անձի, իսկ 2019թ.՝ 1435 անձի։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է 1 տարի ժամկետով անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացնել հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության, բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների:

Փորձաքննությունները (հաշմանդամության գնահատումը) կիրականացվեն նոր սկզբունքով՝ պատահական ընտրությամբ ձևավորված հանձնաժողովների միջոցով: Նշենք, որ ներկայումս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում գնահատող մասնագետների ռեեստրի ձևավորման ուղղությամբ: Պարբերաբար և հաշմանդամության գնահատման գործընթացից 2-3 օր առաջ ձևավորվող հանձնաժողովների գործունեության պարագայում հնարավորինս նվազում են կոռուպցիոն ռիսկերը: Փոփոխության թիրախը կլինի նաև այն, որ հաշմանդամության գնահատման գործընթացում շեշտը կդրվի ոչ թե հաշմանդամության կարգավիճակ սահմանելու, այլ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը որոշելու վրա:

         Նախագծով նաև առաջարկվում է հստակեցնել անձի հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը։

Նախագծով սահմանվել է դրույթ՝ մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու վերաբերյալ։

Նախագծով առաջարկվում է հստակեցնել առողջական վիճակի վատթարացման հիմքով բժշկասոցիալական վերափորձաքննության դիմելու ժամկետները և կարգը, քանի որ հիվանդության սուր վիճակում, առանց համապատասխան բուժական և վերականգնողական միջամտություններ իրականացնելու և  դրանց արդյունքում ֆունկցիոնալ խանգարումների և կենսագործունեության սահմանափակումների աստիճանը որոշելու հաշմանդամություն սահմանելու օբյեկտիվությունն իջնում է: 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

Նախագիծը մշակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը 

Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է վերափորձաքննություններն իրականացնել հատուկ ընթացակարգով (պարզեցված), զուգահեռաբար աշխատանքներ տանելով մասնագետների ընտրության (հանձնաժողովների ձևավորման) նոր համակարգ ձևավորելու ուղղությամբ, որը կապահովի կոռուպցիոն ռիսկերի նվազումն ու բացառումը, կհստակեցվի բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը, կնվազի հայեցողկական որոշումների կայացումը:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 «Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա: 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 թվականի ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Կրկնակի փորձաքննության (վերափորձաքննության) արդյունքում տարեկան փորձաքննվածների 2.6%-ը (624 անձ) հաշմանդամություն ունեցող անձ չեն ճանաչվում: Հաշվի առնելով 2020 թվականի համար կանխատեսվող կենսաթոշակի միջին ամսական չափի աճը, հաշմանդամության միջին կենսաթոշակի չափը կկազմի 44000 ՀՀ դրամ, 624 անձի հաշմանդամության կենսաթոշակը տարեկան կկազմի 329 472 000 ՀՀ դրամ:

Միաժամանակ, բժշկասոցիալական փորձաքննության բաժինները աշխատելու են կրճատված կազմով՝ 24-ի փոխարեն 9-10-ը բաժին (ներառյալ վերափորձաքննության, բժշկասոցիալական փորձաքննության հարցերով դիմում-բողոքների ուսումնասիրության, բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձանց տվյալների մշակման և վերլուծության բաժինները), որը ենթադրում է շուրջ 140 մլն. ՀՀ դրամ խնայողություն: 

Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել բժկասոցիալական փորձաքննության գրասենյակի գործունեության արդյունավետությունը: Ակնկալվում է, որ կբարձրանա նաև հանձնաժողովներ առաջնակի դիմած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների օբյեկտիվությունը, ինչը կարող է հանգեցնել առաջնակի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվողների թվի փոփոխության (նվազման):

 

 

  • Обсуждалось

    17.02.2020 - 03.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10198

Принт

Предложения

Կարեն Աբրահամյան

28.02.2020

Voroshman naxagic@ erbvanic uji mej kmtni?qnnarkman avartic heto(03.03.2020-@ verjnajamketne).

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

19.02.2020

ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՍՀՆ կողմից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում ներկայացված «Բժշկասոցիալական վերափորձաքննությունները հատուկ ընթացակարգով իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 1) քննարկվել էր 2020 թվականի հունվարի 9-24 ընկած ժամանկահատվածում (https://www.e-draft.am/projects/2221/about)։ Նախագիծ 1-ին կողմ էին քվեարկել 3 և դեմ՝ 2 անձ կամ կազմակերպություն։ Ընդ որում, այդ հարթակի «Ամփոփաթերթ» բաժնում ներկայացված չէին հանրային քննարկմանը մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և դրանց վերաբերյալ ՀՀ ԱՍՀՆ դիրքորոշումներն ու ձեռնարկված միջացառումները։ ՀՀ ԱՍՀՆ կողմից 2020 թ․ փետրվարի 17-ից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-Ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 2) (https://www.e-draft.am/projects/2286)։ Հարկ է նշել, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ հանրային քննարկման քվեարկության արդյունքները հաշվի առնելով ՀՀ ԱՍՀՆ Նախագիծ 1-ը փոխարինել է նորով՝ Նախագիծ-2-ով ում և նախորդ տարբերակում առկա բացթողումներն ամբողջությամբ շտկվել են Նախագիծ 2-ում։ Նախագիծ-2-ի կարգավորումները կարծեք թե ուղղված են վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող անձանց վարչարարական քաշքշուկից թեթևացնելուն և կոռուպցիոն ռիսկերից խուսափելուն։ Այդ կարգավորումներով բարելավվում է վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող որոշ խմբի անձանց կարգավիճակը և նրանք ստիպված չեն լինելու կատարել լրացուցիչ ծախսեր պահանջող հիվանդանոցային բուժ օգնություն ստանալու, մասնագիտացված կազմակերպություններում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու ուղղությամբ։ Սակայն վերոհիշյալի հետ մտահոգություն է առաջացնում, որ այդ իրավակարգավորումները չեն տարածվելու «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների վրա։ Կարծում ենք, որ այդ խբերում ընդգրկված անձանց հատկապես պետք է վերաբերեն նոր իրավակարգավորումները, մինչև ամբողջությամբ կփոխվեն բժշկասոցիալակն փորձաքննությունների կարգավորումները։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետն կարիք ունի լրացուցիչ հստակեցման և խմբագրման, քանզի այդ նախադասության «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը շփոթություն են ստեղծում։ Միաժամանակ այդ մասում նշված չէ, թե վերափորձաքննվողին ի՞նչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:»։ Մինչդեռ մեզ ոչ մեկիս հայտնի չէ, թե ինչ իրավական ակտով և երբ է սահմանվել «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ» ստեղծելու կարգը։ Եւ ընդհանրապես այդ նախադասւոյթւոնը կարիք ունի հայեցի հստակ խմբագրման։ Կարծում ենք, որ Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով, քանի որ 16-ից բարձր տարիքի երեխաները՝ մինչև 18 տարեկան դառնալը նույնպես ունեն խնամակալներ և այդ տարիքի երեխաներին նույնպես պետք է վերաբերի առաջարկվող իրավակարգավորումը։ Մեզ համար անհասկանալի է մնում «Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։» իրավակարգավորմամբ ինչ նպատակ է հետապնդում երեք ամսով սահմանափակելու նորմը։ Բացի վերոհիշյալից Նախագիծ-2 ում բավականին շատ են օրենսդրական տեխնիկայի պահանջներին հակասող համարակալումներն ու ձևակերպումները, ինչի արդյունքում առաջանում է շփոթմունք, տեքստին հղում տալն ըստ հերթական համարների դժվարություններ է հարուցում։ Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք․ 1. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի խմբագրությունից հանել ««հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։» բառերը, 2. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետը խմբագրել՝ հստակեցման առումով այնպես, որպեսզի պարզ լինի, թե «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը ինչ են նշանակաում և ինչու այդ որոշումը նախորդ տարի չէր տրվել, 3. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետում հստակորեն նշել, թե վերափորձաքննվողին ինչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը), 4. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված նախադասւոյթւոնը «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:» հստակեցնել, հայեցի հստակ խմբագրել և հստակ նշել, թե որ իրավական ակտին համապատասխան պետք է կազմավորվեն «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ»։ 5. Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով։ 6. Առաջարկում ենք Նախագիծ-2 ում կատարել օրենսդրական տեխնիկայի պահանջներին համապատասխան համարակալում։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ

Узнать больше