В стадии разработки
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում (այսուհետ նաև` Քրեակատարողական ծառայություն) կրծքանշանով պարգևատրում խրախուսանքի միջոցը Քրեակատարողական ծառայության պետի միջնորդությամբ կիրառվում է բացառապես Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից, իսկ մեդալով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակներն ընդհանրապես նախատեսված չեն: Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ խրախուսանքի տեսակների շարքում «մեդալով» պարգևատրում և «քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում» խրախուսանքի տեսակներ սահմանելով հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ կերպով գնահատելու քրեակատարողական ծառայողի կատարած աշխատանքը: Վերոնշյալ հարցի վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի այլ ծառայություններում խրախուսման տեսակների և տրման կարգերի վերաբերյալ: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն.
«(...)» Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
(...) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում( …).
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2016 թվականի հունիսի 28-ի թիվ 11-Ն հրամանով հիմնվել են.
1) ոստիկանության մեդալներ`
ա. «Սխրագործության համար»,
բ. «Իրավակարգի ամրապնդման համար»,
գ. «Մարտական զորակցություն»,
դ. «Օրենքի պատվար»,
ե. «Համագործակցության ամրապնդման համար», (…):
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի համաձայն` Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին խրախուսելու և կարգապահական տույժի ենթարկելու կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության օրենքով:
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 21-ի օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` «(…) 2. Զինծառայողներին կարող են տրվել հետևյալ խրախուսանքները. (…) 10. գերատեսչական մեդալներով պարգևատրում:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի համաձայն` «…5. Զինծառայողներին տրվող խրախուսանքներից` (...) 10) «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մեդալներով պարգևատրում» խրախուսանքը կիրառվում է հրամանով և զինծառայողին առձեռն հանձնվում է գերատեսչական մեդալ: Մեդալների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը (…):
«Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի դ) ենթակետի համաձայն` երկարամյա ծառայության, արտակարգ իրավիճակների դեպքում անձնուրաց ծառայության, ծառայողական պարտականությունները, ինչպես նաև առաջադրանքները պատշաճ կատարելու համար փրկարարական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
« (…) դ) մեդալի կամ կրծքանշանի շնորհում (…) »:
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 740-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 18-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` նախարարը օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր, իսկ 33-րդ կետի համաձայն` փրկարարական ծառայողներին պարգևատրում է մեդալներով, կրծքանշաններով և պատվոգրերով, իսկ նախարարության քաղաքացիական ծառայողներին, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների ռազմականացված կամ ոչ ռազմականացված պահակային ստորաբաժանումների քաղաքացիական անձնակազմին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և այլ քաղաքացիներին ու անձանց` մեդալներով և պատվոգրերով։
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի N 105-Ն հրամանով ամրագրվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մեդալներ և կրծքանշաններ սահմանելու, դրանց շնորհման կարգը և ձևերը: «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից շնորհվող մեդալներն ու կրծքանշաններն են`
1) «Փառքի խաչ Նոյ» մեդալ,
2) «Համագործակցություն հանուն փրկության» մեդալ,
3) «Անբասիր ծառայության համար» մեդալ,
4) «Լավագույն հրշեջ-փրկարար» մեդալ,
5) «Անվեհեր փրկարար» մեդալ,
6) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվավոր աշխատակից» մեդալ,
7) «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն» մեդալ,
8) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության վետերան» մեդալ (…) »:
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» մասին Հայաստանի Հանրապետության 2004 թվականի փետրվարի 18-ի օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի համաձայն` «Գլխավոր հարկադիր կատարողը` (…) 13) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հարկադիր կատարման ծառայության` իր կողմից պաշտոնում նշանակված ծառայողներին. (…):
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-րդ կետով սահմանվում է, որ երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում է (…) 4.1) մեդալով պարգևատրում (…) »:
Նշված հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված խրախուսանքի (այն կիրառում է գլխավոր հարկադիր կատարողը` համապատասխան նախարարի համաձայնությամբ):
Նշված հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ և 4.1-ին կետերով նախատեսված խրախուսանքները կարող է կիրառել նաև գլխավոր հարկադիր կատարողը (…):
Նշված հոդվածի 6-րդ մասով նախատեսվում է, որ նույն հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով նախատեսված մեդալի և 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 12-րդ ենթակետի համաձայն` «Նախարարը. «(…) 12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր (...) »:
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի N 348-Լ հրամանի հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետը. «(…) 3) օրենքով կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր (…)»:
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի օրենքի (այսուհետ նաև` Օրենքի) 26-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ և 12-րդ կետերի համաձայն` Քրեակատարողական ծառայության պետը. «(…) 8) միջնորդություն է ներկայացնում համապատասխան նախարարին` քրեակատարողական ծառայողներին և քաղաքացիական ծառայողներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին, (…)
12) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին, քաղաքացիական ծառայողներին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի վարձու աշխատողներին (…)»:
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) արտահերթ կոչման շնորհում.
4.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.
5) կրծքանշանով պարգևատրում:
Ընդ որում, հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան նախարարը, բացառությամբ նույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքի:
Հիշյալ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կիրառում է Քրեակատարողական ծառայության պետը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:
Նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կարող են կիրառել նաև Քրեակատարողական ծառայության պետը և քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:
Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է համապատասխան նախարարը:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ղեկավարվելով վերոնշյալ իրավակարգավորումներով և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը չունի գերատեսչական մեդալներ և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում խրախուսանքի տեսակները՝ մշակվել է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով հնարավորություն կստեղծվի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և քրեակատարողական ծառայության պետին օժտել մեդալով, կրծքանշանով և քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրելու լիազորությամբ՝ այդպիսով ապահովելով նաև քրեակատարողական ծառայողների համար նախատեսված խրախուսանքի տեսակները զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց տրվող խրախուսանքի տեսակներին համապատասխանությունը ու դրանց միատեսակությունը։
Ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսված խրախուսանքի տեսակների ավելացումը լրացուցիչ խթան կհանդիսանա ծառայողական պարտականություններն առավել հմտորեն, բարեխիղճ և պատշաճ ձևով կատարելու, ինչպես նաև դրա արդյունքում գնահատված լինելու համար, միաժամանակ հնարավոր կլինի ըստ արժանվույն գնահատել ու խրախուսել ծառայողական և մասնագիտական պարտականությունները պատշաճ կատարած աշատակիցներին` դրանով իսկ հասարակությունում բարձրացնելով քրեակատարողական ծառայության դերը:
-
Обсуждалось
19.11.2019 - 04.12.2019
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6771
Принт