Հայկ Արամյան
01.12.2019
Սա օրենքի նախագիծ է, որը ոչ մի բանով չի նպաստում Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը, գեներացնում է որոշակի ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի: Օրենքի փոփոխությունը նպատակ ունի փրկարար ծառայության կադրային նշանակումները կենտրոնացնել Արտակարգ իրավիճակների նախարարի ձեռքում, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկացած քաղաքացու ցանկացած պահի հնարավոր լինի ընդունել աշխատանքի։ Գործող կարգավորմամբ Փրկարար ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը , իսկ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը: Օրենքի նախագծով առաջարկվում է, որ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նույնպես նշանակի Արտակարգ իրավիճակների նախարարը։ Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ օրենքներով սահմանված կարգով ոչ' Պաշտպանության նախարարությանը ենթակա Զինված ուժերում, ոչ' Արդարադատության նախարարությանը ենթակա Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարները չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին: Վարչապետին ենթակա ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերում ևս ՀՀ Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին։ Փաստորեն ստացվում է, որ հազարավոր ենթականեր ունեցող Փրկարար ծառայության տնօրենը կարող է զրկվել որևէ քաղաքացու փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու հնարավորությունից։ Նախագծի հաջորդ խիստ մտահոգիչ և ռիսկեր պարունակող դրույթը հետևյալն է. Գործող օրենքով Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում միայն կառավարության կողմից սահմանված առանձին մասնագիտությունների համար, որոնց պարագայում կարող են փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար այլ պահանջներ (այդ թվում` տարիքային) սահմանվել: Իսկ այս նախագծով օրենքը փոխվում է այնպես, որ ԱԻ նախարարը ցանկացած ՀՀ քաղաքացու` անկախ տարիքից, մասնագիտությունից, զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքից, կարող է նշանակել փրկարար ծառայության պաշտոնի: Բայց սա էլ դեռ ամենը չէ. Նախագծով նախատեսվում է Փրկարար ծառայության մասին օրենքի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ կերպ. «Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:» Սա արդեն ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին։ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, իսկ <<Փրկարար ծառայության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, օրենքի կարգավորման առարկան վերաբերում է այդ մարմնում ծառայությանը, հետևաբար, Փրկարար ծառայության մասին օրենքը փրկարար ծառայությունից դուրս, տվյալ դեպքում նախարարության այլ ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու հետ կապված որևէ իրավահարաբերություն չի կարող կարգավորել: Մի պահ պատկերացրեք . փրկարար ծառայողը ոչ թե գործուղվում է, այլ, ոչ ավել ոչ պակաս, նշանակվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանման որևէ պաշտոնում, այսինքն, այլ ծառայությունում, և այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է տվյալ անձը համարվում փրկարար ծառայող, երբ պաշտոնի է նշանակվում այլ համակարգում և փրկարար ծառայության պաշտոն չի զբաղեցնում: Օրենքի նախագիծը համարում եմ բացարձակ և ակնհայտ անընդունելի ու առաջարկում եմ նախագծին որևէ ընթացք չտալ։