Добавить в избранное

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի /այսուհետ՝ Նախագիծ/ մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու, հանրային հաշվետվողականություն ապահովելու, ինչպես նաև Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (այսուհետ՝ ՖԱԹՖ) 8‑րդ հանձնարարականի պահանջներին համապատասխանեցնելու հանգամանքով: Փոփոխությունների ենթարկվող դրույթների վերաբերյալ ստացվել են հասարակական կազմակերպությունների բազմաթիվ հարցադրումներ:

Նախագծով կատարվող փոփոխությամբ հաշվետվության հրապարակման պարտադիր պահանջ է սահմանվում բոլոր հասարակական կազմակերպությունների համար: Գործող կարգավորմամբ Կազմակերպությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները): ՖԱԹՖ-ի 8‑րդ հանձնարարականի 8.3 կետի համաձայն՝ երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություններ բոլոր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկությունը, ամբողջականությունն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը խթանելու համար: «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանվել է, որ կազմակերպության գործունեության սկզբունքներից է հաշվետվողականությունը: Ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն և արդյունքում բացակայում է հանրային հաշվետվողականությունը: Առկա է նաև տարընթերցում, արդյո՞ք հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ միայն ստացված հանրային միջոցների հաշվին իրականացված ծրագրերի, թե կազմակերպության ողջ գործունեության վերաբերյալ: Օրենքի 24-րդ հոդվածը նոր խմբագրությամբ շարադրելով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ կազմակերպությունը հաշվետվությունում ներկայացնում է անդամների և կամավորների թիվը հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ինչի արդյունքում ներկայացվում է առնվազն մեկ տարվա վաղեմություն ունեցող տեղեկատվություն և կորցնում է արդիականությունը: Նախագծով նախատեսվում է նշված տեղեկատվությունը ներկայացնել հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ:

Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ հաշվետվությունը ներառում է անդամների, ինչպես նաև կամավորների թիվը (հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ): Նախագծով նախատեսվում է սահմանել կամավորների թվի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման պահանջ, եթե կամավորի աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր:

 Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ կառավարությանը ենթակա մարմին է համարվում Պետական եկամուտների կոմիտեն, իսկ 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն գործում է որպես Պետական եկամուտների կոմիտե: Առաջարկվող փոփոխությամբ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում նշված լիազոր մարմնի անվանումը համապատասխանեցվում է «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված անվանմանը:

  • Обсуждалось

    30.08.2019 - 14.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 14205

Принт

Предложения

Ստելլա Չանդիրյան

14.09.2019

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետք է հրապարակել կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Հարկ է նկատել, որ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Միավորումները չպետք է պարտավորված զգան բացահայտելու իրենց անդամների անուններն ու հասցեները թե՛ միավորման ազատության իրենց իրավունքի, եւ թե՛ մասնավոր կյանքը հարգելու իրավունքի անհամատեղելիության պատճառով: Ավելին «Օրենսդրությունը պետք է նաեւ ապահովի շահառուների, անդամների եւ միավորումների հիմնադիրների գաղտնիության իրավունքի հարգումը, ինչպես նաեւ ցանկացած ոտնահարման դիմաց փոխհատուցումը:»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաշարադրել Նախագծում տեղ գտած այս կարգավորումն ու այն համապատասխանեցնել հարցի վերաբերյալ առկա միջազգային կարգավորումներին։

Ստելլա Չանդիրյան

14.09.2019

Նախագծի 2-րդ հոդվածով ամրագրվում է, որ պետք է հրապարակվի տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարն ու նշվում, որ հաշվետվության օրինակելի ձեւը հաստատում է Լիազոր մարմինը։ Նշվածի առնչությամբ անհրաժեշտ է նկատել, որ այդ օրինակելի ձեւը պետք է կազմվի այնպես, որպեսզի չհակասի շնորհատուների գաղտնիության իրավունքին, թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում: Համաձայն Եվրոպային խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի` «Բոլոր հաշվետվությունները պարտավոր են հարգել շնորհառուների, շահառուների եւ աշխատակազմի իրավունքները, ինչպես նաեւ օրինական բիզնեսի գաղտնիությունը պահպանելու իրավունքը։» : Համանման տարբերակով՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ուկրաինայի մասին համատեղ կարծիքի համաձայն` «Շնորհատուի` անանուն մնալու ցանկությունը պետք է հարգվի եւ գաղտնիության իրավունքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պահպանելով համաչափության սկզբունքը։»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հաշվետվության օրինակելի ձեւը կազմելիս հիմք ընդունել շնորհատուների գաղտնիության իրավունքի պահպանման սկզբունքը թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում։

Ստելլա Չանդիրյան

14.09.2019

«Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթի ամրագրման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն իրողությամբ, որ պետական հաստատությունների կողմից գումարներ էին հատկացվում հանրությանն անհայտ հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության, նվաճումների եւ ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որեւէ հանրային տեղեկություն առկա չէր: Տրամաբանորեն ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ հասարակական կազմակերպություններից տարբեր իրավիճակում եւ նրանք պետք է հանրության առջեւ հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ եւ կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում ձեւակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը։ Հարկ է նկատել, որ առհասարակ իրավաչափ է հաշվետվողականություն պահանջը, սակայն ինչպես ամրագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Իրավաչափ է հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին, այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, եւ պետք է լինի միավորման չափին եւ գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի եւ եկամուտների ծավալը։» : Հաշվի առնլեով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք հաշվետվողականության եւ թափանցիկության վերաբերյալ դրույթներն ամրագրել հաշվի առնելով միավորման չափն ու գործունեության շրջանակն եւ չհիմնավորված ու անհամաչափ բեռ չդնել հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման եւ առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված միավորումների ազատության իրավունքը:

Узнать больше