Добавить в избранное

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած տարընթերցումները բացառելու, առկա ձևակերպումները հստակեցնելու հանգամանքներով:

Առաջարկվող փոփոխությամբ կազմակերպությունների գործունեության թափանցիկությունն ապահովելու և հանրությանը հասանելի դարձնելու նպատակով նախատեսվում է գործունեության վերաբերյալ հաշվետվությունների հրապարակման պահանջ սահմանել բոլոր հասարակական կազմակերպությունների համար:

  • Обсуждалось

    30.08.2019 - 14.09.2019

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13177

Принт

Предложения

Ստելլա Չանդիրյան

14.09.2019

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետք է հրապարակել կազմակերպության անդամների, ինչպես նաեւ այն կամավորների թիվը, որոնց աշխատանքի տեւողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը (հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ)։ Հարկ է նկատել, որ համաձայն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Միավորումները չպետք է պարտավորված զգան բացահայտելու իրենց անդամների անուններն ու հասցեները թե՛ միավորման ազատության իրենց իրավունքի, եւ թե՛ մասնավոր կյանքը հարգելու իրավունքի անհամատեղելիության պատճառով: Ավելին «Օրենսդրությունը պետք է նաեւ ապահովի շահառուների, անդամների եւ միավորումների հիմնադիրների գաղտնիության իրավունքի հարգումը, ինչպես նաեւ ցանկացած ոտնահարման դիմաց փոխհատուցումը:»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերաշարադրել Նախագծում տեղ գտած այս կարգավորումն ու այն համապատասխանեցնել հարցի վերաբերյալ առկա միջազգային կարգավորումներին։

Ստելլա Չանդիրյան

14.09.2019

Նախագծի 2-րդ հոդվածով ամրագրվում է, որ պետք է հրապարակվի տարեկան մուտքերի (դրամական եւ/կամ գույքային) ընդհանուր գումարն ու նշվում, որ հաշվետվության օրինակելի ձեւը հաստատում է Լիազոր մարմինը։ Նշվածի առնչությամբ անհրաժեշտ է նկատել, որ այդ օրինակելի ձեւը պետք է կազմվի այնպես, որպեսզի չհակասի շնորհատուների գաղտնիության իրավունքին, թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում: Համաձայն Եվրոպային խորհրդի Նախարարների կոմիտեի «Եվրոպայում ոչ կառավարական կազմակերպությունների իրավական կարգավիճակի վերաբերյալ» CM/Rec(2007)14 hանձնարարականի` «Բոլոր հաշվետվությունները պարտավոր են հարգել շնորհառուների, շահառուների եւ աշխատակազմի իրավունքները, ինչպես նաեւ օրինական բիզնեսի գաղտնիությունը պահպանելու իրավունքը։» : Համանման տարբերակով՝ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ուկրաինայի մասին համատեղ կարծիքի համաձայն` «Շնորհատուի` անանուն մնալու ցանկությունը պետք է հարգվի եւ գաղտնիության իրավունքին կարելի է միջամտել միայն այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում՝ պահպանելով համաչափության սկզբունքը։»։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք հաշվետվության օրինակելի ձեւը կազմելիս հիմք ընդունել շնորհատուների գաղտնիության իրավունքի պահպանման սկզբունքը թե՛ իրավական եւ թե՛ ֆիզիկական անձանց պարագայում։

Ստելլա Չանդիրյան

14.09.2019

«Հասարակական կազմակերպությունների մասին» գործող ՀՀ օրենքում հանրային միջոցներ ստացող կազմակերպությունների կողմից հրապարակային հաշվետվություն ներկայացնելու մասին դրույթը ներառվել է 2016 թվականի դեկտեմբերին՝ նպատակ ունենալով ապահովել հանրային ծախսերի թափանցիկությունը: Նման դրույթի ամրագրման անհրաժեշտությունը պայմանավորված է եղել այն իրողությամբ, որ պետական հաստատությունների կողմից գումարներ էին հատկացվում հանրությանն անհայտ հասարակական կազմակերպություններին, որոնց գործունեության, նվաճումների եւ ստացած դրամաշնորհների արդյունքների մասին որեւէ հանրային տեղեկություն առկա չէր: Տրամաբանորեն ակնհայտ է, որ հանրային միջոցներից օգտվող կազմակերպությունները գտնվում են այլ հասարակական կազմակերպություններից տարբեր իրավիճակում եւ նրանք պետք է հանրության առջեւ հաշվետվողականության ավելի մեծ բեռ կրեն: Ուստի, հստակ եւ կոնկրետ պատճառ կար «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում ձեւակերպելու ավելի մեծ հաշվետվողականության պահանջ այն հասարակական կազմակերպությունների նկատմամբ, որոնց վստահված էր հանրային միջոցների կառավարումը։ Հարկ է նկատել, որ առհասարակ իրավաչափ է հաշվետվողականություն պահանջը, սակայն ինչպես ամրագրված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ եւ Վենետիկի հանձնաժողովի «Միավորումների ազատության մասին» համատեղ ուղեցույցի` «Իրավաչափ է հաշվետվողականություն եւ թափանցիկություն պահանջել միավորումների ձեռք բերած միջոցների մասին, այդուհանդերձ, նման պահանջը չպետք է անհարկի ծանր բեռ լինի, եւ պետք է լինի միավորման չափին եւ գործունեության շրջանակին համաչափ՝ հաշվի առնելով նրա գույքի եւ եկամուտների ծավալը։» : Հաշվի առնլեով վերոշարադրյալը՝ առաջարկում ենք հաշվետվողականության եւ թափանցիկության վերաբերյալ դրույթներն ամրագրել հաշվի առնելով միավորման չափն ու գործունեության շրջանակն եւ չհիմնավորված ու անհամաչափ բեռ չդնել հասարակական կազմակերպությունների վրա` առանց պատշաճ հիմնավորման եւ առանց հստակեցնելու դրա անհրաժեշտությունը ժողովրդավարական հասարակությունում՝ այդպիսով սահմանափակելով ՀՀ Սահմանադրությամբ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված միավորումների ազատության իրավունքը:

Узнать больше