Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 223.1-րդ, 223.2-րդ և 223.3-րդ հոդվածներով.

 

Հոդված 223.1. Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը

1. Քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը՝ սույն օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում՝

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

      1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

      2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

      3) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

      4) անչափահասի ներգրավմամբ,

      5) քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Սույն գլխի իմաստով քրեական միջավայր է համարվում քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորումը, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն, որոնք հակասում են կամ չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին, և որի նպատակն է սպառնալու, հարկադրելու, բռնության, հանցագործությունների կատարման կամ հանցագործությունների կատարմանը հովանավորելու, հանցավոր արարքների կատարմանն այլ անձանց ներգրավելու կամ այլ անօրինական գործողությունների միջոցով լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) կամ ստանալ անօրինական օգուտ կամ այլ առավելություն:

Քրեական միջավայրը ստեղծված է համարվում դրա փաստացի ձևավորման պահից՝ անկախ սույն հոդվածում նշված նպատակների փաստացի իրականացումից:

4. Սույն գլխի իմաստով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող է համարվում այն անձը, որը քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն` համարվում է հեղինակություն և քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացման համար տալիս է հրահանգներ, ինչպես նաև կազմակերպում է քրեական միջավայրի հավաքներ կամ մասնակցում է դրանց կամ կազմակերպում է ապօրինի դրամահավաքություններ (այդ թվում նաև մոլեխաղերի միջոցով) կամ տնօրինում է քրեական միջավայրի միջոցով ստացված անօրինական օգուտը կամ կատարում է քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված այլ գործողություններ։

5. Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

 

Հոդված 223.2. Քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը

1. Քրեական միջավայրում ընդունված վարքագծի հատուկ կանոններով առաջնորդվելը կամ քրեական միջավայրի հավաքներին մասնակցելը կամ քրեական միջավայրի կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն այլ կերպ ներգրավված լինելը`

       պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

       1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

       2) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

       3) քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

3. Քրեական միջավայրին հարելուն հարկադրելը`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

      1) քրեակատարողական հիմնարկում պահվող անձի կողմից,

      2) զինված ուժերում կամ այլ զորքերում ծառայողի կողմից,

      3) քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից,

      4) անչափահասի նկատմամբ`

      պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

5. Քրեական միջավայրին հարելու կամ հարելուն հարկադրելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Հոդված 223.3. Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը

Քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ ստանալու համար՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասը «223,» թվից հետո լրացնել «223.1, 223.2, 223.3,» թվերով:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    18.07.2019 - 03.08.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Уголовный процесс

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 13093

Принт

Предложения

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

02.08.2019

4. Խմբի առաջակությունները Արձանագրվածի առնչությամբ Խումբը գտնում է, որ քրեական մշակույթի դեմ պայքարը պետք է լինի համալիր՝ ներառելով ինչպես օրեսնդրական կարգավորումները, այնպես էլ պրակտիկայում պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց հետ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացումը, մասնավորապես՝ 1. ինչպես արդեն ներկայացվեց պատժողական քաղաքականությունից անցում վերականգնողականի, սոցիալական վերականգնողական ծառայությունների ուժեղացում, կադրային քաղաքականության փոփոխություն, պատժից ազատման ինստիտուտների պրակտիկ գործունեության բարելավում և այլն: 2. նախագծի վերաբերյալ հանրային քննարկման կազմակերպում՝ քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների, նմանատիպ քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինների և շահագրգիռ այլ մասնակիցների մասնակցությամբ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

02.08.2019

3. Անդրադառնալով բուն նախագծին և դրա դրույթներին՝ պետք է նշել հետևյալը. Նախագծով առաջարկվող փոփոխության համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.1-223.3 հոդվածները լրացվում են: Ըստ փոփոխության՝ 223.1 հոդվածով նախատեսվում է քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը: Խմբի դիտարկմամբ՝ հոդվածը և հանցագործության տեսակի սահմանումը ինքնին բավականին լայն է և խնդրահարուց՝ որոշակիության և իրավակիրառ պրակտիկայում արդյունավետ կիրառման տեսանկյունից: Արդյունավետ կիրառելիություն ապահովելու համար առաջարկվում է դրույթները սահմանել առավել կոնկրետ, տալ հոդվածի որակման ենթակա եզրույթի մանրամասն բացատրությունը: Նույն հոդվածի 4-րդ մասով տրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի սահմանումը, ինչը կրկին խնդրահարույց է, քանի որ բացակայում են որակման համար կոնկրետ պահանջներն ու չափանիշնիշները: Նկարագրությունը, որը տրված է հոդվածի 4-րդ մասով, չնայած օրենսդրական մակարդակում ստացել է հարուստ նկարագրություն, սակայն պրակտիկ կիրառելիության տեսանկյունից զուրկ է որոշակիությունից և կհանգեցնի տարընթերցման: Նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսվում է, որ «Իր կողմից քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնած և քրեական միջավայրի կողմից կատարված հանցանքի բացահայտմանը կամ կանխմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»: Նման կարգավորումն առավել ամբողջական դարձնելու նպատակով առաջարկում ենք նախատեսել հայտնելու վերաբերյալ հստակ ժամկետներն ու դրա օբյեկտիվության գնահատման չափանիշները: Իրավական որոշակիության խնդիր նկատելի է նաև նախագծի 223.2 և 223.3 հոդվածներով նախատեսված՝ «քրեական միջավայրին հարելը կամ քրեական միջավայրին հարելուն հարկադրելը» և «քրեական միջավայրին հարողին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելը» հանցակազմերի առնչությամբ: Իրավական որոշակիության խնդիրը բացատրվում է նրանով, որ նախագծով այս դրույթներին տրված է տարածական սահմանում, ինչը, օրինակ, պրակտիկայում քննիչների կողմից կիրառելիս հնարավոր է բարդությունների տեղիք տա:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբ

02.08.2019

2. Այս առումով միայն օրենսդրական մակարդակում կարգավորումներ նախատեսելը, Խմբի կարծիքով, դեռևս բավարար չէ: Քանի որ քրեական մշակույթի դեմ պայքարը պահանջում է նաև այլ քայլեր: Մասնավորապես, անհրաժեշտ է պատժի կրման ընթացքում ազատազրկված անձանց համար ուժեղացնել սոցիալական վերականգնողական ծառայությունները, ներդնել ռիսկերի և կարիքների գնահատման գործուն և արդյունավետ մեխանիզմներ, վերանայել ՔԿՀ-ների կադրային քաղաքականությունը և այլն: Հարկ ենք համարում նշել նաև, որ թվարկած քայլերի առնչությամբ խումբը արդեն իսկ հանդես է եկել առավել մանրամասն առաջարկներով:

Узнать больше