ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է գործատուների վարչական բեռը թեթևացնելու, գործատուի և վարձու աշխատողի միջև հարաբերությունների ազատականացման, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանների շուրջ պայմանավորվելու հնարավորության ստեղծման նպատակով։
- 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենսգիրքն ընդունվել է 2004 թվականի նոյեմբերի 9-ին և ուժի մեջ մտել 2005 թվականի հունիսի 21-ից: Օրենսգիրքը գործողության մեջ դնելուց հետո ենթարկվել է մի շարք փոփոխությունների` սոցիալ-տնտեսական հարաբերությունների զարգացման պահանջներին համաչափ:
Այնուամենայնիվ, Օրենսգրքի նշված փոփոխություններից հետո ևս, իրավակիրառական պրակտիկան ցույց է տալիս, որ առկա է Օրենսգրքի դրույթների շարունակական բարելավման ու կատարելագործման անհրաժեշտություն՝ նաև աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել ճկուն մեխանիզմներ նախատեսելու տեսանկյունից:
Մյուս կողմից, ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ներկա փուլում կարևորվում է նաև փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար աշխատանքային հարաբերությունների կարգավորման որոշակի խթանների և առանձնահատկությունների սահմանումը։
Նախագծի մշակման շրջանակներում, հաշվի առնելով վերոգրյալը և գնահատելով առկա իրավիճակը՝ առանձնացվել են իրավակիրառական պրակտիկայից բխող, ինչպես նաև առավել ճկուն լուծումներ պահանջող հետևյալ խնդիրները, որոնց անհրաժեշտ է տալ օրենսդրական կարգավորումներ, մասնավորապես՝
- փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար առավել ճկուն կարգավորման, առանձնահատուկ մոտեցումների բացակայությունը,
- գործատուի և աշխատողի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կազմակերպման հնարավորության բացակայությունը,
- արտաժամյա, գիշերային, ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար հավելումների կոշտ կարգավորումների առկայություն՝ սահմանված նվազագույն չհիմնավորված չափեր (գիշերային աշխատանքի համար՝ 30 տոկոս, արտաժամ՝ 50 տոկոս, ծանր, վնասակար՝ 30 տոկոս, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար՝ 50 տոկոս),
- ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների տրամադրման կոշտ կարգավորումների առկայություն (ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են արձակուրդի այս տեսակների իրավունքն ունեցող աշխատողների ցանկերը և տևողությունները),
- Օրենսգրքի պահանջով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների ցանկերը, որի արդյունքում միևնույն աշխատանքի՝ իրարից էապես տարբերվող պայմաններ ապահոված գործատուների համար սահմանված են նույն պարտավորությունները՝ հավելումների վճարում, լրացուցիչ արձակուրդի տրամադրում և չի խրախուսվում գործատուի ներդրումները աշխատանքի պայմանների բարելավման ուղղությամբ։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը որդեգրել է պետական կարգավորումների արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման քաղաքականություն:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման առավել արդյունավետ և ճկուն մեխանիզմներ աշխատանքային հարաբերությունների կողմերի համար՝ հիմնված երկուստեք փոխհամաձայնության և փոխշահավետ լուծումների վրա։ Նախատեսվում են աշխատանքային հարաբերությունների կարգավորման ճկուն հիմքեր հատկապես փոքր բիզնեսով զբաղվող գործատուների համար, մասնավորապես՝ Նախագծով
- փոքր բիզնեսի համար վարչական բեռի թեթևացման նպատակով սահմանվել է, որ այն գործատուները, որոնք հանդիսանում են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, կարող են չընդունել ներքին իրավական ակտեր, բացառությամբ աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտերից,
- ամրագրվել է, որ ներքին իրավական ակտեր չընդունելու դեպքում գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները ներառում է աշխատանքային պայմանագրում, որի օրինակելի ձևը սահմանում է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը,
- սահմանվել է, որ գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում է համարվում նաև այդ համակարգով իրազեկումը,
- սահմանվել են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների կարգավորման առանձնահատկությունները,
- նախատեսվել է արտաժամյա աշխատանքի կազմակերպման ճկուն և կողմերի համար փոխշահավետ հնարավորություն ապահովել և վերացնել ավելորդ սահմանափակումները: Մասնավորապես, նախատեսվում է կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատանք կիրառելու հնարավորությունը,
- ամրագրվել է, որ հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերին կատարած աշխատանքի համար աշխատողին վճարովի այլ հանգստյան օր տրամադրելու դեպքում, դրա տևողությունը պետք է ավելի երկար լինի, քան նրա կողմից կատարված աշխատանքի տևողությունը, սակայն ոչ ավել, քան դրա կրկնակին, աշխատողին տրամադրվող հանգստի տևողությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ,
- կատարվել է խմբագրական փոփոխություն, մասնավորապես՝ «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու)» բառերը փոխարինվել են «(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու»)
- ուժը կորցրած են ճանաչվում ներկայումս ամրագրված դրույթը առ այն, որ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը իրար հաջորդող երկու օրվա ընթացքում չպետք է գերազանցի 4 ժամը, իսկ տարվա ընթացքում` 180 ժամը
- նախատեսվել է, որ լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում
- ամրագրվել է, որ գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջապես աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր հմտություններ ձեռք բերելու կամ զարգացնելու համար աշխատողին կարող է տրվել ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան 2 տարի:».
- ուժը կորցրած են ճանաչվում ներկայումս ամրագրված դրույթները առ այն, որ երկարացված` 25 աշխատանքային օր տևողությամբ` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 30 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, (բացառիկ դեպքերում` 35 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, և 42 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում) ամենամյա արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Նշվածի փոխարեն ամրագրվում է այն անձանց շրջանակը, ովքեր իրավունք ունեն ստանալ ամենամյա լրացուցիչ արձակուրդ, ինչպես նաև նախատեսվում է, որ ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները պետք է սահմանվեն կողմերի համաձայնությամբ և ամրագրվեն աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում: Միաժամանակ նախատեսվում է, որ պետական հատվածում այդ հավելումների չափերը պետք է սահմանվեն ՀՀ կառավարության կողմից (փոփոխություններն առաջարկվել են Օրենսգրքի 183-րդ և 184-րդ հոդվածներում):
Նախագծով նախատեսվող հստակ կարգավորումների փոխարինումը կողմերի միջև ձեռք բերվող համաձայնություններով կհանգեցնեն սոցիալական երկխոսության և պատասխանատվության խթանման, վարչական բեռի թեթևացման, գործատուի սխալվելու ռիսկի նվազեցման, «աշխատավարձ-արտադրողականություն» արդյունավետ հարաբերակցության խթանման, ստվերային աշխատանքի և վարձատրության կրճատմանը։ Ազատ տնտեսական հարաբերությունները կհանգեցնեն տնտեսության մրցունակության աճին և արտադրանքի ինքնարժեքի նվազեցման՝ հաշվի առնելով էներգակիրների ցածր արժեքը գիշերային ժամերին։
Միաժամանակ, ինչ վերաբերում է միջազգային փորձին, ապա օրինակ Մեծ Բրիտանիայի օրենսդրությամբ սահմանված է, որ արտաժամյա աշխատանքի կազմակերպման և իրականացման պայմանները որոշում են կողմերը՝ սահմանելով դրանք աշխատանքային պայմանագրով: Ավելին Մեծ Բրիտանիայի կարգավորումների համաձայն՝ նորմալ աշխատաժամանակն այն է, որը որոշում են կողմերը իրենց համաձայնությամբ: Սահմանված է նաև, որ ամեն դեպքում, շաբաթական առավելագույն աշխատաժամանակը չպետք է գերազանցի 48 ժամը (www.gov.uk):
Շվեյցարիայում սահմանված շաբաթական առավելագույն աշխատաժամանակը 45-50 ժամ է՝ կախված ոլորտից, ընդ որում՝ ՀՀ-ում շաբաթական աշխատաժամանակը, ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել 48 ժամը: Համեմատության մեջ ստացվում է, որ Հայաստանում սահմանված առավելագույն շաբաթական աշխատաժամանակը, ներառյալ արտաժամը, գրեթե միջինում չի գերազանցում Շվեյցարիայում սահմանված նորմալ աշխատաժամանակը առանց արտաժամի:
Իտալիայի Սահմանադրության 36-րդ հոդվածը սահմանում է, որ առավելագույն աշխատաժամանակը պետք է կարգավորվի օրենքով: Այն 1997թ. թիվ 196 օրենքով սահմանված է 40 ժամ: Արտաժամյա աշխատանք է համարվում շաբաթական 40 ժամից ավել կատարվող ցանկացած աշխատանք, որի առավելագույն սահմանը համաձայնեցվում է կոլեկտիվ պայմանագրով:
Մալթայի աշխատանքային օրենսդրությամբ սահմանված է, որ արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ՝ աշխատողի համար հանգստի նվազագույն տևողությունների պահպանմամբ:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, ինչպես նաև տնտեսավարողների մրցունակության բարձրացում, քաղաքացիների և բիզնեսի համար կողմերի համագործակցությամբ սոցիալական և տնտեսական խնդիրների շուրջ արդյունավետ և փոխշահավետ որոշումների կայացման ապահովում: