Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի    աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Օրենսգրքի 5-րդ հոդվածը լրացնել՝

1) հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1.  Այն գործատուները, որոնք սույն օրենսգրքի 18.1-ին հոդվածի համաձայն հանդիսանում են գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողներ, կարող են չընդունել ներքին իրավական ակտեր, բացառությամբ սույն օրենսգրքի 248-րդ հոդվածով նախատեսված դեպքի: Ներքին իրավական ակտեր չընդունելու դեպքում գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուն ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները ներառում է աշխատանքային պայմանագրում, որի օրինակելի ձևը սահմանում է աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարը:».

2) հետևյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում է համարվում նաև այդ համակարգով իրազեկումը:»:

 

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 

«Հոդված 18.1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի մոտ աշխատանքային հարաբերությունների կարգավորման անաձնահատկությունները

 

1. Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատու են համարվում օրենքով սահմանված պահանջները բավարարող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը:

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործատուն դադարում է հանդիսանալ գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտ, ապա դադարման օրվանից մեկ ամիս հետո մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը գործատուի վրա չեն տարածվում սույն օրենսգրքով գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար սահմանված կարգավորումները:»:

 

 

Հոդված 3. Օրենսգրքի 113-րդ հոդվածում 1-ին մասի 1-ին կետում «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու)» բառերը փոխարինել «(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու)» բառերով.

 

Հոդված 4. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 3-րդ մասում «(անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման)» բառերը փոխարինել «(անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանվելու)» բառերով.

 

Հոդված 5. Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 

 «1.1. Արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 153-րդ հոդվածում`

1)   5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակը, տևողությունը և հանգստանալու տեղը սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում:».

2)  լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումների քանակն ու տևողությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 8.  Օրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 160. Ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդներ

 

1. Ամենամյա երկարացված արձակուրդ տրամադրվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ: Ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ամենամյա լրացուցիչ արձակուրդ տրամադրվում է՝

1) այն աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի.

2) չնորմավորված  աշխատանքային օրով աշխատողներին.

3) հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին:

3. Ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները սահմանվում են կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում:

4. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները, ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 9.  Օրենսգրքի 161-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 10. Օրենսգրքի 168-րդ հոդվածը «113-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «1-ին,» բառով:

 

Հոդված 11. Oրենսգրքի 174-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4-րդ մասով․

«4. Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջապես աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր հմտություններ ձեռք բերելու կամ զարգացնելու համար աշխատողին կարող է տրվել  ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան 2 տարի:».

 

 

Հոդված 11. Օրենսգրքի 183-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Հոդված 183. Աշխատանքի վարձատրությունը աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի իջեցնելու անհնարինության դեպքում

 

1. Այն աշխատողներին, որոնց աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության և անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի, վճարվում է հավելում, կողմերի համաձայնությամբ որոշված չափով, որը պետք է ամրագրվի աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նախատեսված դեպքերում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողներին վճարվող հավելման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 184-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 184. Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը

 

1. Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի վճարվում են հավելումներ, որոնց չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ և ամրագրվում աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում:

2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի վճարվող հավելման չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 185-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 

«1.1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային՝ տոնական կամ հիշատակի օրերին կատարած աշխատանքի համար աշխատողին վճարովի այլ հանգստյան օր տրամադրելու դեպքում, դրա տևողությունը պետք է ավելի երկար լինի, քան նրա կողմից կատարված աշխատանքի տևողությունը, սակայն ոչ ավել, քան դրա կրկնակին: Աշխատողին տրամադրվող հանգստի տևողությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ:»:

 

Հոդված 14.  Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետ:

  • Обсуждалось

    13.06.2019 - 04.07.2019

  • Тип

    Закон

  • Область

    Государственные доходы, Работа и занятость, Финансовая, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 15787

Принт

Связанные документы / ссылки

Предложения

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

04.07.2019

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը խիստ խնդրահարույց է աշխատողի իրավունքների պաշտպանության նվազագույն երաշխիքների ապահովման տեսանկյունից: Այսպես, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Գործատուի մոտ աշխատողի համար հասանելի էլեկտրոնային տեղեկատվական համակարգի առկայության դեպքում, գործատուի կողմից ներքին և անհատական իրավական ակտերին աշխատողի պատշաճ կարգով իրազեկում համարել նաև այդ համակարգով իրազեկումը: Միևնույն ժամանակ չի սահմանվում աշխատողի կողմից ծանուցումը ստանալու մասին էլեկտրոնային հավաստման պահանջ, հետևաբար, նախագծով ըստ էության սահմանվում է աշխատողի ծանուցված լինելու կանխավարկածը` անկախ աշխատողի կողմից իրականում ծանուցված լինելու հանգամանքից: Գտնում ենք, որ նման իրավակարգավորումը չի երաշխավորում աշխատողի իրավունքների լիարժեք իրականացման հնարավորությունը և վերջինիս իրավունքների խախտման դեպքում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվում է գործատուի պահանջով թույլատրելի համարել Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված բոլոր դեպքերում արտաժամյա աշխատանքի կատարումը: Մինչդեռ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը թույլատրելի է համարում գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքի կատարումը նաև այն դեպքում, երբ առկա է գործատուի պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտություն: Մեջբերված դրույթի ձևակերպումը հնարավորություն է տալիս գործատուին իր հայեցողությամբ գնահատելու համապատասխան աշխատանքի կատարման անհրաժեշտությունը և ըստ էության առանց որևէ սահմանափակման պահանջելու աշխատողից արտաժամյա աշխատանքի կատարում` պայմանավորելով այն «իր պայմանագրային պարտավորությունների անհապաղ կատարման անհրաժեշտությամբ»: Ելնելով վերոգրյալ դրույթի ձևակերպման անորոշությունից` գտնում ենք, որ 145-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դեպքում արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել միայն կողմերի համաձայնությամբ: Հետևաբար, առաջարկվում է Օրենսգրքի 144-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով. «1.1. Արտաժամյա աշխատանք կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ սույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ի մասը, որով սահմանվում է արտաժամյա աշխատանքի կատարման առավելագույն ժամաքանակը իրար հաջորդող երկու օրվա, ինչպես նաև տարվա ընթացքում: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող փոփոխությունը չի բխում աշխատողի իրավունքների պաշտպանության համար նվազագույն երաշխիքների ապահովման պետության գործառույթից և հղի է գործնականում աշխատողներին արտաժամյա աշխատանքում ներգրավելու չարաշահման, վերջիններիս իրավունքների ոտնահարման վտանգներով: Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվում է ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունների սահմանումը թողնել կողմերի հայեցողությանը` ի հակադրություն գործող իրավակարգավորման, որով ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ: Արդյունքում, պետությունն ըստ էության հրաժարվում է աշխատանքի հատուկ պայմաններում աշխատող առանձին կատեգորիայի աշխատողների, աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատողների, չնորմավորված աշխատանքային օրով աշխատողների համար հանգստի իրավունքը երաշխավորող նվազագույն պահանջները սահմանելու գործառույթից: Հաշվի առնելով ՀՀ-ում արձանագրվող գործազրկության ցուցանիշները, ակնհայտ է, որ վերոգրյալ կատեգորիաների աշխատողների համար երկարացված և լրացուցիչ արձակուրդների նվազագույն տևողությունները սահմանելու իրավունքը կողմերի հայեցողությանը թողնելը փաստացի հանգեցնելու է գործատուի հայեցողությամբ դրանք սահմանելու անսահմանափակ իրավունքին: Նախագծի 11-րդ և 12-րդ հոդվածներով առաջարկվում է կողմերի համաձայնությամբ սահմանել հավելման չափերը, որոնք ենթակա են վճարման աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը գերազանցող պայմաններում աշխատող աշխատողներին, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարող աշխատողներին: Մինչդեռ, գործող Աշխատանքային օրենսգրքով սահմանվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ, ինչպես նաև արտաժամյա և գիշերային աշխատանք կատարելու համար վճարման ենթակա հավելման նվազագույն չափեր` բացառելով հավելման չափի որոշման բնագավառում գործատուի բացարձակ հայեցողությունը: Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող լուծումները գործնականում հանգեցնելու են աշխատողների աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի (ներառյալ` անվտանգության ապահովման և հիգիենայի պահանջները բավարարող պայմանները, հանգստի իրավունքը), աշխատանքի արդարացի վարձատրության իրավունքների կոպիտ ոտնահարմանը:

Հայաստանի մշակույթի աշխատողների Ճյուղային հանրապետական արհմիություն

04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2018թ. մարտի 23-ին քննարկվել է Հանրապետական եռակողմ հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի, Հայաստանի գործատուների միության ներկայացուցիչների մասնակցությամբ: Նախագիծը արհմիությունների կոնֆեդերացիայի կողմից ենթարկվել է հիմնավորված քննադատության և Հանձնաժողովի կանոնակարգի համաձայն՝ չի ընդունվել: /Եռակողմ հանձնաժողովի նիստին մասնակցել է նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ներկայացուցիչը:/ Այնուհետև՝ 2018թ. հունիսին, նույն նախագիծը քննարկվել է ՀՀ կառավարության աշխատակազմում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ՝ դարձյալ արժանանալով բացասական գնահատականի, քանի որ չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության, ՀՀ աշխատանքային օրենսդրության մի շարք պահաջների: Ակնհայտ է, որ նախագիծը վատթարացնում է աշխատողի վիճակը և աջակցում է գործատուին, ավելի ուժեղացնելով նրան՝ որպես աշխատանքային հարաբերությունների կողմի: Մինչդեռ պետությունը, առանց խտրականության, պարտավոր է պահպանել կողմերի իրավահավասարության սկզբունքը և հնարավորինս աջակցել աշխատողին՝ որպես աշխատանքային հարաբերությունների թույլ կողմի: Օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված են արտաժամյա աշխատանքը թույլատրելու բացառիկ դեպքերը: Մեր գնահատմամբ այս հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերից բացի՝ մնացած 2-6 ենթակետերի դեպքերում գործատուն արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար պարտավոր է ստանալ աշխատողի գրավոր համաձայնությունը, մինչդեռ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Արտաժամյա աշխատանքի ներգրավելու անհրաժեշտության դեպքում գործատուն այդ մասին ողջամիտ ժամկետներում տեղեկացնում է աշխատողին»: Իսկ եթե աշխատողը չի կատարում գործատուի պահանջը, կարող է ենթարկվել կարգապահական տույժի: Մեր կարծիքով՝ դա հարկադիր աշխատանքի կիրառում է և հակասում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1 մասի 2-րդ ենթակետին և ԱՄԿ-ի թ.29 կոնվենցիայի 2-րդ հոդվածին, համաձայն որի՝ «հարկադիր կամ պարտադիր աշխատանք եզրույթը նշանակում է որևէ պատժի սպառնալիքի տակ որևէ անձից պահանջվող ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որի համար այդ անձը կամավոր չի հայտնել իր համաձայնությունը:» Տվյալ պահանջից ելնելով՝ պետք է փոփոխություն կատարել 145-րդ հոդվածի 2-րդ մասում և խմբագրել այլ կերպ, oրինակ՝ «Սույն հոդվածի 1-ին մասի 2-6 ենթակետերի դեպքերում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու համար անհրաժեշտ է աշխատողի գրավոր համաձայնությունը»: Օրենսգրքի 183-րդ, 184-րդ հոդվածների՝ նախագծով առաջարկված փոփոխությունները, փաստորեն, աշխատողին թողնում են առանց պետական նվազագույն երաշխիքի: Ակնհայտ է, որ աշխատողը չի կարողանալու գործատուի հետ վարել արդյունավետ բանակցություններ՝ արժանավայել հավելավճարի համար: Եվ, քանի որ հանրապետության ձեռնարկություններում /որոշ բացառություններով/ չի անցկացվել ըստ աշխատանքի պայմանների աշխատատեղերի պարտադիր ատեստավորում, աշխատողը նաև տեղեկացված չէ իր աշխատատեղում առկա վտանգների և իր առողջության համար վնասակար պայմանների ազդեցության հետևանքների մասին: Պետությունը պարտավոր է առանց խտրականության բոլոր աշխատողների /ոչ միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների/ համար սահմանել նվազագույն հավելավճարի շեմը, որից հետո աշխատողը, ելնելով իր որակավորումից և պահանջվածությունից, կարող է պահանջել ավելին: Ավելացնենք նաև, որ 2013թ.-ից դադարեցված է Աշխատանքի պետական տեսչության գործունեությունը և փաստացի չի իրականացվում պետական հսկողություն աշխատանքային օրենսդրության կիրառման նկատմամբ: Չի իրականացվում նաև հասարակական հսկողություն ձեռնարկությունների զգալի մասում արհեստակցական կազմակերպությունների բացակայության հետևանքով: Ուստի նման փոփոխությունների ընդունումը համարում ենք ժամանակավրեպ:

Աննա Բարիկյան

04.07.2019

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի այս նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռևս 2017 թվականին, որի վերաբերյալ շահագրգիռ կողմերի, պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների, արհեստակցական միությունների և այդ թվում Աշխատանքի միջազգային կազմակերպության գրասենյակի կողմից բազմաթիվ բացասական եզրակացություններ են հնչեցվել, որի արդյունքում 2018թ.-ին՝ հեղափոխությունից հետո, այդ նախագիծը մերժվեց և շրջանառությունից դուրս եկավ: Այժմ նորից անդրադառնալ նույն նախագծի որոշ հոդվածների գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը չկա: Նախագծում մասնավորապես առաջարկված են հարցեր, որոնք աշխատողների միայն տնտեսական և սոցիալական վիճակը վաթարացնող միտում ունեն: Մասնավորապես նախագծով սահմանվում է, որ արտաժամյա աշխատանքը կարող է կատարվել կողմերի համաձայնությամբ կամ Աշխատանքային օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանված դեպքերում՝ գործատուի պահանջով: Արտաժամյա աշխատանքի տարեկան տևողությունը սահմանված է Աշխատանքային օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել: Նախ նշենք, որ օրենսգրքի 146-րդ հոդվածը ունի ընդհամենը մեկ մաս, եթե ուժը կորցրած է ճանաչվում, ապա հոդվածը ամբողջովին պետք է ուժը կորցրած ճանաչել: Ուժը կորցրած ճանաչելու դեպքում էլ վերանում է տարվա ընթացքում օրենքով նախատեսված գործատուի կողմից աշխատողի արտաժամյա աշխատանքին ներգրավելու աշխատաժամանակի տևողությունը, որի արդյունքում գործատուի համար հնարավորություն է ստեղծվում աշխատողին արտաժամյա աշխատանքի ներգրավելու անսահմանափակ տևողությամբ: Նախագծի 8-րդ հոդվածով սահմանվում է, որ ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդները միավորել Օրենսգրքի 160-րդ հոդվածում, իսկ 161-րդ հոդվածն էլ ուժը կորցրած ճանաչել: Այստեղ նախագծի հեղինակները հաշվի չեն առել, որ ամենամյա երկարացված արձակուրդը տրվում է հատուկ պայմաններում աշխատողներին, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդը՝ հատուկ բնույթի աշխատանքներում աշխատողներին: Այդ արձակուրդների իրավունք ունեցող աշխատողների ցանկերը մի դեպքում սահմանում է կառավարությունը (պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների աշխատողների համար), մյուս դեպքում՝ կողմերի համաձայնությամբ (մասնավոր հատվածում աշխատողների համար): Միաժամանակ նախագծով նախատեսվում է, որ պետական հատվածում աշխատողների ամենամյա արձակուրդների տևողությունը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից,իսկ մասնավոր հատվածում՝ կողմերի համաձայնությամբ: Սա պետք է դիտարկել պետական և մասնավոր հատվածների միջև խտրականության դրսևորում: Նախագծով նախատեսվում է նաև աշխատանքի ծանր, վնասակար և առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատողների հավելաչափը հանրային բնագավառի աշխատողների համար սահմանում է ՀՀ կառավորությունը, իսկ մասնավոր հատվածի աշխատողների համար՝ կողմերի համաձայնությամբ և ամրագրվում է աշխատանքային և (կամ) կոլեկտիվ պայմանագրերում, որը ևս խտրականության դրսևորում է պետական և մասնավոր հատվածների աշխատողների միջև: Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի աշխատակազմի իրավաբանական բաժնի իրավախորհրդատու

Узнать больше