«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՕՐԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ»
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայողի օրը նշելու մասին և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է հունիսի 23-ը սահմանել որպես հանրային ծառայողի մասնագիտական տոն՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան:
Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետությունում մի շարք հանրային ծառայողների կողմից իրենց հիմնադրման կամ դրանց համար խորհրդանշական համարվող օրերը պաշտոնապես նշվում են որպես այդ կառույցների աշխատողների մասնագիտական տոն: Մասնավորապես, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով սահմանվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ իրավիճակների աշխատողի օրը՝ սեպտեմբերի 4-ին, դատախազության աշխատողի օրը՝ հուլիսի 1-ին, հարկադիր կատարողի օրը՝ մայիսի 5-ին, քննչական կոմիտեի ծառայողի օրը՝ հոկտեմբերի 8-ին, ոստիկանության օրը՝ ապրիլի 16-ին, քրեակատարողական ծառայողի օրը՝ հոկտեմբերի 19-ին և այլն:
Ռուսաստանի Դաշնությունում, Ուկրաինայում, Ղազախստանում, որպես հանրային ծառայողի օր նշվում է հունիսի 23-ը: Ուստի, հաշվի առնելով վերոնշյալը և ուսումնասիրելով միջազգային փորձը՝ կարծում ենք, որ նպատակահարմար է միավորել Հայաստանի Հանրապետության կառավարության այդ բոլոր որոշումները մեկ միասնական որոշման մեջ, որի հիման վրա որպես հանրային ծառայողի օր կհայտարարվի հունիսի 23-ը:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է հունիսի 23-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանել որպես հանրային ծառայողի օր:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ արդարադատության նախարարություն:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես կնշվի հանրային ծառայողների համընդհանուր տոնը: