Добавить в избранное
Հայաստանի Հանրապետության օրենքը ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Գևորգ Գրիգորյան 17.05.2019 18:01:44 | Նախաբանում ներկայացվածը չի համապատասխանում Օրենքում առկա կարգավորումների իրական նպատակին։ Նախագծի նախաբանից կարելի է եզրակացնել, որ կարգավորումները վերաբերվելու են ծխախոտի դեմ պայքարին, կամ ծխելու կանոնակարգմանը, մինչդեռ իրական նպատակը պետք է լինի մարդկանց առողջության ցուցանիշների բարելավումը, հիվանդության բուժումը և հիվանդությունների նվազեցումը։ | Իրավական ակտի նախագծի նախաբանում հստակ նշված են օրենքի ընդունման նպատակները, ընդ որում, շատ ավելի լայն համատեքստում, քան ներկայացված է առաջարկության մեջ: Մասնավորապես, օրենքի հիմնական նպատակներից մեկը ներկա և ապագա սերունդների առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցությունից, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից պաշտպանությունն է, որը ներառում, սակայն չի սահմանափակվում միայն առողջության ցուցանիշների բարելավման, հիվանդությունների բուժման կամ հիվանդությունների նվազեցման նպատակներով: Այն ընդգրկում է առողջ ապրելակերպի խթանումը, ծխախոտի ծխից ազատ միջավայրերի ստեղծումը, հիվանդությունների կանխարգելումը և մի շարք այլ սոցիալ-տնտեսական և բնապահպանական ուղղվածության նպատակներ, որոնց բոլորի թվարկման անհնարինությամբ պայմանավորված սահմանված են ընդհանուր ձևակերպումներում: | |
2 | Գևորգ Գրիգորյան 17.05.2019 18:01:44 | Նշված հասկացությունից հետևում է, որ ծխախոտային արտադրատեսակն այն արտադրանքն է, որը իր մեջ պարունակում է հումք հանդիսացող ծխախոտի տերև և օգտագործվում է ծխելու կամ օրգանիզմ ներս շնչելու կամ դուրս շնչելու ձևով կիրառմամբ։ Հասկացությունների մեջ կիրառվում է նաև «ծխախոտ» և «ծխախոտային արտադրանք» բառերը, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք են տալիս, այն տեսանկյունից, որ եթե տվյալ իրավական ակտով նախատեսվում է համապատասխանաբար «ծխախոտային արտադրատեսակ» հասկացությունը, որի մեջ ենթադրաբար կարելի է ներառել նաև բոլոր այն արտադրանքները, որոնք օգտագործվում են ծխելու, օրգանիզմ ներս շնչելու կամ դուրս ներս շնչելու ձևով կիրառմամբ, ապա 1-ին հոդվածի 1-ին մասի 8-րդ և 11-րդ կետերում նշվող նմանատիպ ենթադրելի բառերը նույնպես կարելի է վերագրել վերոնշված հասկացությանը, սակայն միայն համապատասխան մեկնաբանմամբ։ | Օրենքի նախագծի վերջնական տարբերակում «ծխախոտ» և «ծխախոտային արտադրանք» հասկացությունները, որպես առանձին հասկացություններ, կիրառված չեն: Նախագծում կիրառված բոլոր հասկացությունները հստակեցված են և չեն կարող շփոթության տեղիք տալ, մասնավորապես ծխախոտային արտադրատեսակի հիմնական բնութագրիչն այն ամբողջությամբ կամ մասամբ ծխախոտահումք հանդիսացող տերևից արտադրված լինելն է կամ դրանում ծխախոտահումքի առկայությունը, փոխարինիչինը՝ ծխախոտահումք չպարունակելը: Ինչ վերաբերում է բժշկական նպատակներով օգտագործվող փոխարինիչներին, ապա այստեղ բնութագրիչը հենց դրա բժշկական նպատակներով օգտագործման պայմանն է: Բժշկական նպատակներով արտադրվածների պարագայում արտադրատեսակի կիրառման ցուցումներում, դրա բժշկական բնույթի մասին տեղեկատվությունը պարտադիր նշվում է: | |
3 | Գևորգ Գրիգորյան 17.05.2019 18:01:44 | Նախագծի 1-ին հոդվածով սահմանվում է ծխախոտահումք հասկացությունը որի մեջ չի ներառվում ծխախոտ բառը, իսկ ծխախոտային արտադրատեսակ հասկացության մեջ կիրառվում է «ծխախոտահումք հանդիսացող տերև» բառերը, ինչից ելնելով հասկանալի չէ, թե ծխախոտ բառը ինչ իմաստով է կիրառվելու։ Վերոշարադրյալով պայմանավորված առաջարկվում է հասկացությունների սահմանումները հստակեցնել կամ համապատասխանեցնել հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը։ | ||
4 | Տիգրան Ստեփանյան 17.05.2019 23:03:01 | Վերջերս <<Հայկական ժամանակ>> օրաթերթի ինտերնետ կայքում 16.10.2018թ. հրապարակված հոդվածից / http://armtimes.com/hy/article/146245/ տեղեկացել ենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ծխելու դեմ պայքարի նոր օրինագիծ է մշակել, որով, ըստ էության, նախատեսվում է ծխող քաղաքացիների /որոնց թիվն, ի դեպ, ՀՀ չափահաս քաղաքացիների 30%-ից ավելին է/ իրավունքների կոպիտ խախտում: Մասնավորապես՝ նշված օրենքի նախագծով ծխելն արգելված կլինի փակ եւ կիսափակ հանրային տարածքներում, այդ թվում՝ շքամուտքերում, աշխատանքային տարածքներում՝ անկախ սեփականության ձեւից, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, hյուրանոցային տնտեսության օբյեկտների տարածքներում եւ այլն: Նախատեսվում է նաև, որ մասնավոր տրանսպորտային միջոցի վարորդն ընթացքի ժամանակ ծխելու համար կտուգանվի: Ակնհայտ է, որ սա պայքար չէ ծխելու դեմ, սա պայքար է ծխող քաղաքացիների դեմ, քանզի ըստ էության նախատեսվում է չափահաս քաղաքացիների 30%-ից ավելին հայտարարել օրենքից դուրս անկոչ հյուրեր բացօդյա հասարակական, հանգստի և զվարճանքի վայրերում /օրինակ՝ բար, սրճարան, ակումբ և այլն/, հյուրանոցի վարձակալած համարում կամ պատշգամբում, անգամ սեփական՝ անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ: Հատկանշական է մասնավորապես հետևյալ մեջբերումը. «Ծխելը սպանում է եւ վերջ»,- խնդիրը կտրուկ ձեւակերպեց նախարար Արսեն Թորոսյանը: Խոսելով ծխելու դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող սահմանափակումների ու արգելքների մասին՝ նա նկատեց, որ դրանք անհրաժետ են, անկախ այն բանից՝ մարդիկ ողջունո՞ւմ են, թե՞ չէ: Այսինքն ի՞ նչ է սա նշանակում, ինչ-որ նախարար այսուհետ թելադրելու է ՀՀ քաղաքացիներին թե ինչպես ապրել՝ անկախ այն բանից՝ մարդիկ ողջունո՞ւմ են, թե՞ չէ: Ստիպված ենք արձանագրել, որ վերոհշյալ անձն ըստ ամենայնի պատահաբար կամ կադրային սուր դեֆիցիտի պայմաններում է հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում, քանզի <<անկախ այն բանից՝ մարդիկ ողջունո՞ւմ են, թե՞ չէ>> կարգախոսով գործելաոճն ակնհայտորեն հիշեցնում է նախկին ռեժիմի իշխանավորների գործելակերպը: Արդյոք մինչև նախարարի պաշտոնում հայտնվելը վերջինս որևէ բան անգամ սեփական բակում արգելելու համար բավարար ներուժ գտներ՝ անկախ այն բանից՝ հարևանները դա կողջունեին թե ոչ: Ինչ է սա, եթե ոչ պաշտոնեական դիրքի չարաշահում: Ողջամիտ կասկածներ են առաջանում առ այն, որ մեր առողջության գլխավոր պահապանը կարծես թե չի մտաբերում թե ում համար, հանուն ինչի և ում բարի կամքով է աշխատավարձ ստանում մեր իսկ վճարած հարկերից: Ինչ վերաբերում է ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների անհրաժեշտությանը, ապա հարկ է նշել, որ այդպիսիք անհրաժեշտ և բավարար կերպով արդեն իսկ նախատեսված են համանուն օրենքի 11-րդ հոդվածով, որի դրույթները լիովին կիսում ենք: Մասնավորապես, արդեն իսկ գործող թիվ ՀՕ-72-Ն <<Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Ծխելն արգելվում է` 1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում. 2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում. 3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում. 4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի. 5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների. 6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները։ Այսինքն վերոհիշյալ օրենքով արդեն իսկ անհրաժեշտ և բավարար կերպով պաշտպանված են չծխող քաղաքացիների իրավունքները, մինչդեռ առաջարկվող նախագիծն ըստ էության հետապնդում է ծխող քաղաքացիներին օրենքից դուրս հայտարարելու, պատժելու, հասարակական և ժամանցի վայրերից դուրս մղելու նպատակ: Բոլորովին նույն տրամաբանությամբ կարելի է նաև օրենքից դուրս հայտարարել օծանելիքի օգտագործումը, հոտավետ սննդի օգտագործումը և որպես հետևանք՝ բնական գազերի արձակումը /հավատացեք՝ դա էլ է վնասակար/, նշանակել տուգանքներ հասարակական վայրերում, փողոցում, հանգստի և զվարճանքի վայրերում, անձնական ավտոմեքենայում և այլն: Կոկա-կոլաները, տարաբնույթ պեպսիները և այլ գազավորված՝ մեծ քանակի շաքար պարունակող գազավորված ըմպելիքներն էլ են վնասակար – միգուցե դա էլ արգելվի: Չափազանց գեր լինելն էլ է վնասակար և կարող է խախտել այլոց իրավունքները /օրինակ՝ հասարակական տրանսպորտում/, առավոտյան չլվացվելը և անձնական հիգիենա չպահպանելը ևս վնասակար է - հնարավոր է այլ քաղաքացիներ հրապուրվեն չաղ ու անլվա կենսակերպին – ահա ևս մեկ տուգանելու առիթ, միգուցե մեր գլխավոր առողջապահը դրանով էլ՞ զբաղվի: ՀՀ քաղաքացիների 30%-ից ավելի իրավունքները կոպտորեն խախտող, տասնամյակների ընթացքում ձևավորված հասարակական կարգը և բնականոն ապրելակերպն անհիմն սահմանափակող օրենքներ և որոշումներ չեն կարող ընդունվել մեր երազանքի երկրում, առավել ևս՝ առանց ՀՀ քաղաքացիների իրական կամքը հանրաքվեի միջոցով պարզելու: Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում դիմել ՀՀ Ազգային ժողովի նախագահին և բոլոր պատգամավորներին հետևյալ պահանջով. 1) ՀՀ առողջապահության նախարարության կողմից ներկայացված «Ծխախոտի օգտագործման եւ ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքի նախագիծը մերժել կամ առնվազն վերացնել այդ նախագծում ծխող քաղաքացիների իրավունքները սահմանափակող բոլոր այն հոդվածները, որոնցով որևէ կերպ ավելացվում են կամ խստացվում արդեն իսկ գործող թիվ ՀՕ-72-Ն <<Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին>> ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդարացի սահմանափակումները, ինչպես նաև ևս մեկ անգամ պարզաբանել ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձին ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի 1-ին պարբերությունը: 2) խնդրում ենք ՀՀ Ազգային ժողովում քննարկման առարկա դարձնել և հստակ, հանրամատչելի կերպով արտահայտել ՀՀ ԱԺ-ի, ինչպես նաև մասնավորապես Ձեր դիրքորոշումը հետևյալ հարցերի վերաբերյալ. - Արդյոք ՀՀ կառավարությունն իր կողմից իրականացվող ներքին քաղաքականության մեջ այլևս առաջնորդվում է <<անկախ այն բանից՝ մարդիկ ողջունո՞ւմ են, թե՞ չէ>> կարգախոսով: Եթե ոչ, ապա ինչպես եք վերաբերվում նման գործելակերպ դրսևորող առանձին անձանց կողմից բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորությանը: - Կողմ եք արդյոք, որ բացի կրթական, մշակութային, մարզական, առողջապահական հաստատություններից և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի, ժամանցի վայրերից և հասարակական տրանսպորտից՝ իշխանության որևէ օղակ ՀՀ քաղաքացիներին թելադրի, պարտադրի կամ արգելի իր տեսակետից օգտակար կամ ոչ օգտակար ժամանցը և զվարճանքը նաև քաղաքացիների տանը, հյուրանոցի համարում, ակումբում, բարում, սրճարանում, 18 տարեկանից մեծ անձանց համար նախատեսված այլ ժամանցի վայրերում, փողոցում, բակում, պատշգամբում և անձնական ավտոմեքենայում: - Կողմ եք արդյոք, որպեսզի ծխող քաղաքացիները հայտարարվեն օրենքից դուրս անկոչ հյուրեր սրճարաններում, բացօդյա հասարակական վայրերում, բարերում, ակումբներում և նրանց մուտքն արգելվի, - Ինչպես եք վերաբերվում օծանելիք, տարաբնույթ ոչ օգտակար և վնասակար սննդի և խմիչքներ օգտագործողների կամ չափազանց գեր կամ անձնական հիգիենա չպահպանող քաղաքացիների իրավունքների սահմանափակման և տուգանելու հնարավորությանը – չէ որ այդ սովորույթներն ու իրողությունները նույնպես վնասակար են և կարող է մեր օգտակար սնունդ ուտող, առողջ ապրելակերպ վարող, հոտերի նկատմամբ ալերգիա ունեցող, փոքրամարմին կամ չափազանց մաքրասեր և այլ հայրենակիցները հանկարծ հրապուրվեն չաղ, անլվա և գարշահոտ կենսակերպով և ՀՀ-ում ստեղծվի աղետալի վիճակ: Հարգանքով՝ ՀՀ քաղաքացի Տիգրան Ստեփանյան | ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80%: Վիճակագրական տվյալների համաձայն ՀՀ մեծահասակ (սկսած 16 տարեկանից) բնակչության 25%-ից ավելին կանոնավոր (ամենօրյա) ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը: Ամեն օր ծխող տղամարդկանց թիվն ավելացել է 48.7%-ից մինչև 53.4%, իսկ կանանց թիվը՝ 1.3%-ից մինչև 2.3%: 2016 թվականին ծխող տղամարդկանց թիվը 15-19 տարիքային խմբում 15.1% է, ցուցանիշը կտրուկ աճում է 20-34 և 35-49 տարիքային խմբերում, համապատասխանաբար՝ 64.4% և 62.1%: Այն շատ բարձր է մնում 50-64 տարիքային խմբում՝ 56.6%: 2016 թվականին ընտանիքների 53.1%-ը նշել են, որ տան պայմաններում նրանք գտնվում են ամենօրյա երկրորդային ծխի վնասակար ազդեցության տակ և համարվում են ամենօրյա պասիվ ծխողներ, իսկ 2.8%-ը պասիվ ծխողներ` շաբաթական մի քանի անգամ: Փակ աշխատանքային տարածքում պասիվ ծխողներ են աշխատող անձանց 39.7%-ը, իսկ և' բաց, և' փակ տարածքում աշխատողների շրջանում պասիվ ծխողներ են 73.9%-ը: Պետք է նշել, որ վերը նշված իրավիճակը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում նաև գործող օրենքի բացերով և թույլ կարգավորումներով, ինչի արդյունքում առկ են նման չհուսադրող վիճակագրական արձանագրումներ: Ուստի ոլորտում բեկումնային փոփոխություններ հնարավոր է իրականացնել հանրային գիտակցության մեջ փոփոխությունների շարունակական իրականացմամբ՝ այն զուգակցելով օրենսդրական առավել խիստ ներգործության միջոցների սահմանմամբ և կիրարկմաբ: Օրենքի նոր նախագծի ներկայացման նպատակը յուրաքանչյուրի՝ ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված առողջության պահպանման իրավունքի ապահովումն է և դրան ուղղված միջավայրի ստեղծումը՝ այդ թվում տարաբնույթ սահմանափակող իրավակարգավորումների միջոցով: ՀՀ առողջապահության նախարարությունը լինելով առողջապահության ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառավարման մարմին, պարտավոր է միջոցներ ձեռնարկել մարդկանց սահմանադրական իրավունքի ապահովման գործուն երաշխիքների ստեղծմանը:Այս առումով օրենքի նախագիծը նպատակ ունի անկախ ծխելու կամ չծխելու հանգամանքից, պաշտպանել մարդականց իրավունքները՝ տարբեր սահմանափակումներ սահմանելու գործիքակազմով: Պետք է նկատի ունենալ նաև, որ ծխելը ծխողի և շրջապատի համար վնասակար և որևէ անհրաժեշտությամբ չպայմանավորված սովորություն է, որի կրողների համար սահամանափակումներ մտցնելը լիովին իրավաչափ է և բխում է հանրային ընդհանրական շահից, որտեղ առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման պետության պարտականությունը և մարդու իրավունքները գերակա են ծխողների ծխելու իրավունքի նկատմամբ: ՀՀ առողջապահության նախարարությունը գիտակցում է, որ սահմանափակող իրավակարգավորումներ ունեցող բարեփոխումները հանրային առանձին խմբերի բացասական արձագանքին կարող են արժանանալ, այդուհանդերձ ծխախոտային արտադրատեսակների և ծխելու դեմ խիստ և հետևողական պայքարի օտարերկրյա փորձը ցույց է տալիս, որ միայն այդ դեպքում է հնարավոր արձանագրել նշանակալից արդյունքներ: Գիրության կամ չլվացվելու հետ կապված օրինակների վկայակոչումը, մեր կարծիքով տեղին չէ և աղերս չունի օրենքի նախագծի հետ: Ինչ վերաբերվում է գազավորված ըմպելիքներին, ապա դրանց օգտագործման նվազեցմանն ուղղված գործիքների մշակումը ևս ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթությունների թվում է: | |
5 | Տիգրան Ստեփանյան 22.05.2019 18:32:01 | Խիստ հատկանշական է, որ այս նախագծին ԿՈՄՂ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎԵԼ, ինչը հաստատեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծից՝ հավելելով, որ քվեարկելու հնարավորությունը կայքում նախագիծ տեղադրելու պարտադիր պայման չէ - այն որոշում է նախաձեռնող կողմը): Վերոգրյալն իր հերթին ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նախագծի հեղինակ՝ ՀՀ առողջապահության նախարարությունում համապատասխան պաշտոնը զբաղեցնող անձը կարծես թե չի մտաբերում թե ում համար, հանուն ինչի և ում բարի կամքով է աշխատավարձ ստանում մեր իսկ վճարած հարկերով: Փաստորեն ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ինչ-որ նախարար և/կամ այլ պաշտոնատար անձ փորձում է ՀՀ քաղաքացիներին թելադրել, պարտադրել կամ արգելել իր տեսակետից օգտակար կամ ոչ օգտակար ժամանցը և զվարճանքը այդ իսկ քաղաքացիների տանը, հյուրանոցի համարում, ակումբում, բարում, սրճարանում, 18 տարեկանից մեծ անձանց համար նախատեսված այլ ժամանցի վայրերում, փողոցում, բակում, պատշգամբում և անգամ՝ անձնական ավտոմեքենայում: Այդ նպատակով պատրաստվում է չափահաս ՀՀ քաղաքացիների մի ահռելի զանգվածի իրավունքները կոպտորեն խախտող, ոչ թե ծխելու դեմ պայքարի, այլ ծխող քաղաքացիներին օրենքից դուրս հայտարարելու <<օրենք>>-ի նախագիծ, որը փորձում են սողոսկել ՀՀ Ազգային ժողով՝ ԲԱՑԱՌԵԼՈՎ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: | Քվեարկությունն իրականացվել է նախագծի նախորդ քննարկումների ժամանակ: Նախագծի տեղադրումը e-draft համակարգում այս անգամ նպատակ է հետապնդել հանրությանը տեսանելի դարձնել շահառու կողմերի կողմից ստացված առաջարկներին համաձայն կատարված փոփոխությունները: Նախագծի «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հնարավորությունը կայքում նախագիծ տեղադրելու պարտադիր պայման չէ: Օգտատերը նշում է, որ նախագիծը «փորձում են սողոսկել ՀՀ Ազգային ժողով՝ ԲԱՑԱՌԵԼՈՎ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»: Նոր օրենքի նախագիծը ընթացակարգով փոխանցվելու է Ազգային ժողով՝ անկախ e-draft.am կայքի քվեարկության արդյունքներից: e-draft.am գործիքը ունի այլ կիրառական նպատակներ, որոնք նկարագրված են «Կայքի մասին» բաժնում: | |
6 | Տիգրան Ստեփանյան 22.05.2019 18:48:28 | Խիստ հատկանշական է, որ այս նախագծին ԿՈՄՂ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎԵԼ, ինչը հաստատեցին նաև ՀՀ արդարադատության նախարարության թեժ գծից՝ հավելելով, որ քվեարկելու հնարավորությունը կայքում նախագիծ տեղադրելու պարտադիր պայման չէ - այն որոշում է նախաձեռնող կողմը): Վերոգրյալն իր հերթին ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ նախագծի հեղինակ՝ ՀՀ առողջապահության նախարարությունում համապատասխան պաշտոնը զբաղեցնող անձը կարծես թե չի մտաբերում թե ում համար, հանուն ինչի և ում բարի կամքով է աշխատավարձ ստանում մեր իսկ վճարած հարկերով: Փաստորեն ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ինչ-որ նախարար և/կամ այլ պաշտոնատար անձ փորձում է ՀՀ քաղաքացիներին թելադրել, պարտադրել կամ արգելել իր տեսակետից օգտակար կամ ոչ օգտակար ժամանցը և զվարճանքը այդ իսկ քաղաքացիների տանը, հյուրանոցի համարում, ակումբում, բարում, սրճարանում, 18 տարեկանից մեծ անձանց համար նախատեսված այլ ժամանցի վայրերում, փողոցում, բակում, պատշգամբում և անգամ՝ անձնական ավտոմեքենայում: Այդ նպատակով պատրաստվում է չափահաս ՀՀ քաղաքացիների մի ահռելի զանգվածի իրավունքները կոպտորեն խախտող, ոչ թե ծխելու դեմ պայքարի, այլ ծխող քաղաքացիներին օրենքից դուրս հայտարարելու <<օրենք>>-ի նախագիծ, որը փորձում են սողոսկել ՀՀ Ազգային ժողով՝ ԲԱՑԱՌԵԼՈՎ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ: | Քվեարկությունն իրականացվել է նախագծի նախորդ քննարկումների ժամանակ: Նախագծի տեղադրումը e-draft համակարգում այս անգամ նպատակ է հետապնդել հանրությանը տեսանելի դարձնել շահառու կողմերի կողմից ստացված առաջարկներին համաձայն կատարված փոփոխությունները: Նախագծի «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հնարավորությունը կայքում նախագիծ տեղադրելու պարտադիր պայման չէ: Օգտատերը նշում է, որ նախագիծը «փորձում են սողոսկել ՀՀ Ազգային ժողով՝ ԲԱՑԱՌԵԼՈՎ ՆԱԽԱԳԾԻՆ ԿՈՂՄ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»: Նոր օրենքի նախագիծը ընթացակարգով փոխանցվելու է Ազգային ժողով՝ անկախ e-draft.am կայքի քվեարկության արդյունքներից: e-draft.am գործիքը ունի այլ կիրառական նպատակներ, որոնք նկարագրված են «Կայքի մասին» բաժնում: | |
7 | Տիգրան Ստեփանյան 22.05.2019 18:54:50 | Ինչ վերաբերում է տվյալ նախագծում միջազգային փորձի վկայակոչմանը, ապա հարկ է նկատել, որ այսպես կոչված <<միջազգային փորձը>>, որպես այդպիսին, ներառում է նաև միասեռական ամուսնությունները ճանաչելու փորձ, այդպիսի <<ընտանիք>>-ներին մանկատներից երեխաներ որդեգրելու հնարավորություն ընձեռելու փորձ...և այլ <<հիանալի միջազգային փորձեր>> կամ էքսպերիմենտներ: Այնպես որ <<միջազգային փորձ>> վկայակոչելը չի կարող հիմք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտությունը սահմանափակելու և այդ <<փորձ>>-ը պարտադրելու համար: | Մեկնաբանությունը չի կրում բովանդակային առաջարկության բնույթ: | |
8 | Տիգրան Ստեփանյան 22.05.2019 19:02:01 | Իսկ եթե նախագծի հեղինակն ուղղակի տարված է առողջապահության ոլորտում միջազգային փորձով, ապա լավ կլիներ, որ բացի ռուսաստանի նման պետության փորձից ուսումնասիրեր նաև զարգացած երկրների փորձը և դրա արդյունքը, մասնավորապես՝ Նորվեգիայում: Ահա և <<Նյու Յորք Թայմս>> թերթում տպագրված Նորվեգիայի առողջապահության նախարարի հարցազրույցի համապատասխան հղումը. https://www.nytimes.com/2019/05/10/world/europe/norway-minister-smoking.html | Ինչպես ներկայացված է իրավական ակտի ընդունման անհրաժեշտության հիմնավորման «Ընթացիկ իրավիճակը և խնդիրները» բաժնում, նախագծի մշակման համար ուսումնասիրվել է ոչ միայն Ռուսաստանի, այլև բազմաթիվ ԵՄ անդամ երկրների (օրինակ՝ Իռլանդիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Գերմանիա), Ավստրալիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Սինգապուրի և այլ երկրների փորձը: Հաշվի է առնվել նաև Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի՝ նմանատիպ օրենսդրության ներդրման արդյունքներն ու բացթողումները՝ առավել թիրախային և համապարփակ կարգավորումներ ունենալու նպատակով: Մեջբերված հոդվածի 10-րդ պարբերությունում նշվում է Նորվեգիայի առողջապահության նախարարի՝ ծխախոտի վերահսկումը սատարող մեկնաբանությունը.«“The number of daily smokers has declined sharply since 2000,” Ms. Listhaug said. “This confirms that the Norwegian tobacco policy and control strategy works.”» | |
9 | Սամվել Գրիգորյան 20.05.2019 16:14:57 | Նոր նախագիծը ողջունելի է, սակայն իր կարգավորումների շրջանակներով զգալի զիջում է բազմաթիվ երկրների օրենսդրություններին և իրենց կարգավորումներին: Օրինակ, նախագծի մեջ բացակայում է ծամելու և ներս շնչելու ծխախոտային արտադրատեսակների/արտադրանքների օգտագործման և շրջանառման մասին արգելքի կարգավորումը, ինչը, օրինակ, առկա է Բելառուսի և Մոլդովայի, ինչպես նաև Եվրամիության բոլոր երկրների օրենսդրությունների մեջ (բացառությամբ Շվեդիայի, որն այդ ապրանքատեսակների արտադրողն է): Նման խիստ սահմանափակումները մշակվել են այդ արտադրատեսակների՝ առողջության վրա թողած սարսափելի ազդեցության պատճառով: Հարց. ինչո՞վ է Հայաստանը պակաս կամ անարժան ի համեմատ այդ երկրների: Միթե՞ մեր բնակիչների համար այդ արտադրանքը պակաս վնասակար է և վտանգավոր: Կարծում եմ, որ սա կոպտագույն բաց է տվյալ նախագծում և այն պետք է լրացվի ի շահ մեր քաղաքացիների, հատկապես՝ երիտասարդների, ում մեծ հաջողություններով իր մարքեթինգային ռազմավարություններում է թիրախավորում ծխախոտ արտադրող արդյունաբերությունը: Եկեք չթերագնահատենք միջազգային փորձը: | Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, ծխախոտային արտադրատեսակ է համարվում ցանկացած արտադրանք, որն ամբողջությամբ կամ մասամբ արտադրված է ծխախոտահումք հանդիսացող տերևից կամ պարունակում է ծխախոտահումք և արտադրված է այնպես, որ օգտագործվի ծխելու կամ ներծծելու կամ ծամելու կամ օրգանիզմ ներսշնչելու, ներառյալ ծխախոտահումքի տաքացման եղանակով աերոզոլ արտադրելու միջոցով ներսշնչելու համար: Ուստի նախագծով ծխախոտային արտադրատեսակի շրջանառության նկատմամբ սահմանված սահմանափակումները հավասարապես վերաբերվում են ծամելու կամ օրգանիզմ ներսշնչելու միջոցով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակներին: | |
10 | Armine Poghosyan 21.05.2019 17:07:05 | Ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ այս նախագիծը քննարկման է դրվում միայն բուռն գործունեություն ցուցաբերելու նպատակով։ Կարծում եմ, Առողջապահության նախարարության մի շարք աշխատակիցներ կամ պարապ են, կամ ինչ որ գրանտի շրջանակներում այս տիպի ծրագրերի իրականացմանն են գերակայություն տալիս։ Ինչպես բացատրել, որ ծխախոտի դեմ պայքարին նախարարությունը այսքան լուրջ ուշադրություն է հատկացնում, այսքան ժամանակ ու եռանդ է տրամադրում, գերակայությունների իմաստով այսքան լուրջ է վերաբերվում, իսկ ասենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում «Մարդու սպառման համար նախատեսված խմելու ջրի որակի մասին, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայում՝ համապատասխանեցնելով 1998 թվականի նոյեմբերի 3-ի N98/83 ԵՄ դիրեկտիվի պահանջներին» նախարարությունը պլանավորում է անդրադառնալ 2023թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակի ընթացքում․․․ Էշ մի սատկի, գարուն կգա տարբերակով Լրիվ հեղափոխական մոտեցում, խմելու ջրի որակը ավելի ցածր դասել քան ծխողների դեմ պայքարելը, էլ չասեմ հիվանդանոցներում տիրող վիճակի մասին, երբ մանկական հիվանդանոցում երեխաները միջանցքներում են տեղավորվում, պալատների բացակայության պատճառով։ Եկենք բոլորով սպասենք հակածխախոտային նախագծի չորրորդ հանրային քննարկմանը, ինչու չէ 5-րդ և 6-րդ ․․․ | Մեկնաբանությունը չի կրում բովանդակային առաջարկության բնույթ: Տվյալ նախագիծը չունի որևէ առնչություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում «Մարդու սպառման համար նախատեսված խմելու ջրի որակի մասին, ՀՀ-ում գործող խմելու ջրի վերաբերյալ իրավական ակտերի պահանջների վերանայում՝ համապատասխանեցնելով 1998 թվականի նոյեմբերի 3-ի N98/83 ԵՄ դիրեկտիվի պահանջներին» կետի հետ: | |
11 | Karen Sef 21.05.2019 17:08:29 | Նախագծի հոդված 1-ում թվարկված սահմանումներում կան այնպիսի սահմանումներ, որոնք հակասում են ԵԱՏՄ 035/2014 տեխնիկական կանոնակարգում նշված սահմանումներից։ | Առաջարկությունը ենթակա է քննարկման կոնկրետացման դեպքում: Այդուհանդերձ, պետք է նշել, որ օրենքի նախագծի սահմանումները բխում են Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայում կիրառված հասկացություններից: | |
12 | Karen Sef 21.05.2019 17:08:44 | Հոդված 3-ում նշված է, որ «Հայաստանի Հանրապետությունում իրացվող ծխախոտային արտադրատեսակները ենթակա են պարտադիր հավաստագրման:» այնինչ ՀՀ և ԵԱՏՄ օրենսդրության համաձայն ծխախոտային արտադրատեսակները երթակա չեն հավաստագրմանը, այլ ենթակա են պարտադիր հաստարարագրման։ 3,4 կետում նշված է, որ «Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ներմուծումը, իրացումը, եթե երկրորդային ծխում նիկոտինի և խեժի պարունակությունը գերազանցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած թույլատրելի սահմանը:» սակայն չկա որևէ երկիր որտեղ կիրառվում է այսպիսի նորմ, ավելին Միջազգային ստանդարտների կազմակերպության կողմից որևէ ստանդարտ մշակված չէ երկրորդային ծխում նիկոտինի և խեժի պարունակության չափման համար, չափումները կատարվում են միայն սիգարետների մեջ պարոնակվով նիկոտինի և խեժի պարունակությունը հետազոտելու համար։ | Առաջարկությունը ընդունվել է: | |
13 | Karen Sef 21.05.2019 17:08:57 | 4-րդ հոդվածում ներկայացված ծխախոտային արտադրատեսակների փաթեթավորմանը և մակնշմանը ներկայացվող հիմնական պահանջները համահունչ չեն ՀՀ Կառավարության կողմից 2019թ մարտի 29-ին ընդունված 297-Ն որոշմանը։ | Առաջարկությունը կարող է քննարկվել կոնկրետացման պարագայում: | |
14 | Արևիկ Թորոսյան 23.05.2019 11:33:22 | Վերջապես մեր երկրում էլ կթևածի “Անծուխ/ մաքուր օդ” գաղափարախոսությունը: Ողջունելի է, սակայն ուզում եմ նշել, որ այնտեղ կարելի է տեսնել որոշ կետեր, որոնք առաջարկում եմ վերանայել և լրամշակել: Նախ և առաջ ուզում եմ նշել սույն նախագծի կարևորությունը մեր հասարակության համար, քանի որ մեր բնակչության մեծամասնությունը հանդիսանում է ծխող և տասից մեկը ՝ պասիվ ծխող: Նախագծի գործարկումը կխթանի ոչ վարակիչ հիվադությունների տարածվածության նվազումը, ինչը հանդիսանում է ՀՀ Առողջապահության նախարարության գերակա խնդիրներից մեկը: Անհրաժեշտ է ծխախոտային արտադրատեսակների ամբողջական արգելքի սահմանում հանրային սննդի վայրերում: Բնակչության մեծամասնությունը անգիտակցաբար ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը, ինչը հետագայում տրամաբանորեն բերում է աղետալի հետևանքների: Խնդրում եմ վերանայել այս կետը և շտկել այն, ինչպես նաև ուշադրություն դարձնել նիկոտինային փոխարինիչների հասանելիությանը բնակչության շրջանում: | Ընդունվել է ի գիտություն: | |
15 | Նարինե Մովսիսյան 23.05.2019 13:35:45 | Նախագիծը սահմանում է հիմնականում նույն սահմանափակումները/արգելքները որոնք արդեն ամրագրված են գործող ՀՀ օրենքով, բացառությամբ արտադրատեսակները ցուցադրման արգելքի և նախազգուշացումների չափսերը ավելացմանը: Ներկայում գործող ՀՀ օրենքով ծխելը արդեն իսկ արգելված է գործնականում բոլոր փակ տարածքներում՝ բացառությամբ հիմնարկների և սննդի կազմակերպությունների, որտեղ ծխելը դերևս թույլատրվում է հատկացված տարածքներում: Հետևվաբար, առաջնային խնդիրը բնակչության առողջության պաշտպանության առումով պետք է լինի ծխելու արգելքը հանրային սննդի վայրերում, ինչպես նաև պետական և մասնավոր հիմնարկների տարածքներում: Համոզված եմ, որ բաց տարածքներում ծխելու արքելքը պետք է իրականցվի աստիճանաբար, առաջնահերթունը տալով կրթական, բժշկական, մանկական և մարզական հաստատություններին: Այդ դեպքում ավելորդ է նաև սահմանափակող հեռավորությունը հաստատելը: Այստեղ կոմպրոմիսներ չպետք է լինեն: Կիսաբաց տարածքներում ծխելու արգելքը չորս տարով հետաձգելը անհարկի է: Ընդհանուր առմամբ, ներկայացված նախագծի դրույթները և կարգավորումների հեռու են լավագույն ժամանակակից պրակտիկայից և զգալիորեն զիջում են բազմաթիվ՝ և ոչ միայն արևմտյան՝ երկրների օրենսդրությանը: Նշենք, օրինակ, գրաֆիկական առողջապահական նախազգուշացումների կիրառումը, որը բնակչությունը կրթելու լավագույն տարբերակներից է և հատկապես ազդեցիկ է երեխաների և երիտասարդների շրջանում: Գրաֆիկական նախազգուշացումներով արտադրանքը ՀՀ տարածքում արդեն իսկ շրջանառության մեջ է՝ օրենսդրորեն այն չամրապնդելը առնվազն անհասկանալի է: Եվս մի քանի դիտարկում. Հոդված 3-ի 5-րդ կետում կարդում ենք. Անձնական օգտագործման նպատակով ֆիզիկական անձիք կարող են Հայաստանի Հանրապետություն ներմուծել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած նիկոտինի և խեժի պարունակության թույլատրելի սահմանը գերազանցող ոչ ավել քան 200 գլանակ: Հարց. Գերազանցող թե Չ՞գերազանցող: Հոդված 8-ի 3-րդ կետում կարդում ենք. 3) Հայաստանի Հանրապետությունում ծխախոտային արտադրատեսակների՝ առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգի հաստատումը. Հարց. Իսկ ինչու ոչ նվազագո՞ւյն, չէ որ սպառման կրճատումը նվազագույնով է պայմանավորվում: Ողջունելի նախաձեռնությունը է, թեև ուշացած: Այլ բացեր իհարկե կլինեն ավելի խորը ուսումնասիրության դեպքում: Սակայն ամենակարևորը. հանրային կարծիք ձևավորելու և ծխախոտի իրական վնասների մասին բնակչության տեղեկացվածության առումով նախաձեռնողները այսօր զիջում են: Հարգանքով, Նարինե Մովսիսյան, MD, MPH | Նախագիծը էականորեն տարբեր կարգավորումներ է սահմանել գործող օրենքի համեմատությամբ: Այսպես բազմաթիվ նոր արգելքներ են սահմանվել ծխախոտային արտադրատեսակների և փոխարինչների իրացման ոլորտում (տես՝ հոդված 5) և օգտագործման ոլորտում (տես՝ հոդված 6):Առաջարկվում է նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածները ևս մեկ անգամ ուսումնասիրել, նկատի ունենալով, որ հատկապես օգտագործման ոլորտում բեկումնային սահմանափակումներ են առաջարկվում, այն է՝ ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործումը արգելելով բոլոր կարգի հանրային փակ և կիսափակ տարածքներում (առանձին բացառություններով): Ինչ վերաբերում է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետներին, ապա այստեղ նախընտրելի է որդեգրել իրատեսական մոտեցումներ, օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելու նպատակով: Իրացման ոլորտում առաջարկվող սահմանափակումներն ևս աննախադեպ են և պարունակում են սահմանափակումներ, որոնք ներկայում չեն կիրառվում: Ինչ վերաբերում է նախազգուշացումներին, ապա հաշվի առնելով դրանց կարգավորման տեխնիկական բնույթը, դրանք ենթակա են կանոնակարգման տեխնիկական կանոնակարգերով և օրենքը, որը կարգավորում է ոլորտային հիմնական հասարակական հարաբերությունները, իմաստ չունի ծանրաբեռնել ավելորդ տեխնիկական բնույթ ունեցող կարգավորումներով: Ներմուծով գլանակների մասով սահմանված կարգավորումները սահմանում նիկոտինի և խեժի պարունակության թույլատրելի սահմանաչափը գերազանցող գլանակներների ներմուծման դեպքում դրանց առավելագույն քանակը: Իսկ ինչ վերաբերում է մանրածախ առավելագույն գնի փոխարեն նվազագույն գնի սահմանմանը ապա ներկա փուլում կարգավորման այս տարբերակը ավելի իրատեսական է, սակայն առաջարկությունը ենթակա է քննարկման՝ հետագայում կիրարկման հնարավորությունների տեսանկյունից: | |
16 | Նարինե Մովսիսյան 23.05.2019 19:26:58 | Առաջարկում եմ նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետը հավելել հետևյալ ենթակետով. Հանրային սննդի օբյեկտներում (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ): | Առաջարկությունն, ըստ էության, ընդունված է, քանի որ նշված հոդվածով ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործումն արգելվում է բոլոր փակ և կիսափակ տարածքներում: | |
17 | Գրիգոր Գրիգորյան 24.05.2019 12:20:04 | Ես ռեստորան ունեմ։ Սիգարետ եմ ծախում, կալյան տալիս ու դրա համար տուրք եմ մուծում թաղապետարան։ Մի տարվա թույլտվություն ունեմ։ Հիմա մուծածս փողը ինչ է լինելու? Էդքան փող էլ ծախսել եմ ապրանք ու կալյան եմ առել։ Գոնե ժամանակ տվեք ապրանքս ծախեմ։ | «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասին համաձայն, ...Օրացուցային տարվա կամ եռամսյակի համար տեղական տուրքի դրույքաչափը համամասնորեն հաշվարկվում է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրման օրվանից սկսած մինչև օրացուցային տարվա կամ եռամսյակի ավարտը: Իսկ 17-րդ հոդվածը սահմանում է, որ տեղական տուրքը ... ենթակա է վերադարձման, եթե .... վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից: Չնայած օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները հաշվարկվել են այնպես, որ տնտեսվարող սուբյեկտների՝ օրենքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հնարավոր վնասները նվազագույնի հասցվեն, այդուհանդերձ վերը ներկայացված օրենքի կարգավորումը հնարավորություն է տալիս նշված ռիսկները հասցնել նվազագույնի: | |
18 | Sargis Avagyan 24.05.2019 14:57:20 | Օրենքի նախագծում ներկայացված չէ, թե հստակ ինչի դեմ է ցանկանում պայքարել մշակող մարմինը, քանի որ եթե պայքարում է ծխելու դեմ, ապա պետք է հստակ տարանջատել նիկոտինի ստացման միջոցները ծխախոտից... Որպես օրինակ բերված է էլեկտրոնային սիգարետը՝ Էլեկտրոնային սիգարետների օգտագործումը վերջին տարիներին լայն տարածում է գտել, հատկապես նախկին ծխողների շրջանում, որպես օգնող միջոց ծխելը դադարեցնելու կամ վնասի նվազեցման նպատակով։ Էլեկտրոնային սիգարետները արտադրում են նիկոտին պարունակող աէրոզոլ (որը հիմնականում կոչում են գոլորշի), խարնուրդի տաքացման միջոցով, որը հիմնականում բաղկացած է պրոպիլենգլիկոլից կամ գլիցերինից, նիկոտինից և արոմատիզատորներից, օգտագործման ընթացքում այրում տեղի չի ունենում։ Չնայած նրան, որ կան որոշակի հետազոտություններ որոնք խոսում են էլ․ սիգարետների որոշակի վնասակարության մասին, այրման արդյունքում առաջացող քաղցկեղածին պիրոգենների և խեժի բացակայությունն է էլեկտրոնային սիգարետների օգտագործումը դարձնում ավելի անվտանգ, քան սովորական սիգարետների ծխելն է։ Որոշ հետազոտությունների համաձայն էլ․ սիգարետների օգտագործումը 95%-ով ավելի քիչ վնասակար է, քան սովորական սիգարետ ծխելը։ Սա է պատճառներից մեկը, որ էլեկտրոնային սիգարետները խորհուրդ են տրվում որպես ծխելը դադարեցնելու միջոց։ Հետազոտությունների համաձայն Էլ․ սիգարետների օգնությամբ ծխելու դադարեցումը 50%-ով ավելի շատ է հաջողվում քան առանց դրա կամ նիկոտին-փոխարինող թերապիայի միջոցով: Օգտագործված գրականության ցանկ՝ 1. Zhang G, Wang Z, Zhang K, et al. Safety Assessment of Electronic Cigarettes and Their Relationship with Cardiovascular Disease. Int J Environ Res Public Health. 2018;15(1):75. 2. Grana R, Benowitz N, Glantz SA. E-cigarettes: a scientific review. Circulation. 2014;129(19):1972-86. 3. Zulkifli A, Abidin EZ, Abidin NZ, Amer Nordin AS, Praveena SM, Syed Ismail SN, Rasdi I, Karuppiah K, Rahman AA.Electronic cigarettes: a systematic review of available studies on health risk assessment. Rev Environ Health. 2018 Mar 28;33(1):43-52. 4. Farsalinos KE, Le Houezec J. Regulation in the face of uncertainty: the evidence on electronic nicotine delivery systems (e-cigarettes). Risk Manag Healthc Policy. 2015;8:157-67. Published 2015 Sep 29. 5. Nutt DJ, Phillips LD, Balfour D, Curran HV, Dockrell M, Foulds J, Fagerstrom K, Letlape K, Milton A, Polosa R, Ramsey J, Sweanor D.Estimating the harms of nicotine-containing products using the MCDA approach. Eur Addict Res. 2014;20(5):218-25. doi: 10.1159/000360220. Epub 2014 Apr 3. 6. Robert West,Lion Shahab ,Jamie Brown, Estimating the population impact of e‐cigarettes on smoking cessation in England. Addiction. Volume111, Issue6 June 2016 Pages 1118-1119 7. McNeill A, Brose LS, Calder R, Hitchman SC E-cigarettes: an evidence update A report commissioned by Public Health England August 2015; 2015260 | իջազգային փորձը չի որակավորում էլեկտրոնային սիգարետները, ինչպես նաև այլ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչները, որպես օգնող միջոց ծխելը դադարեցնելու կամ վնասի նվազեցման համար: Վերոնշված արտադրատեսակների արդյունավետությունը որպես փաստ դեռևս արձանագրված չէ: (https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC5234193/ https://www.mayoclinic.org/healthy-lifestyle/quit-smoking/in-depth/electronic-cigarettes/art-20204330 https://jamanetwork.com/journals/jamainternalmedicine/article-abstract/1846627) Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ չի տալիս էլեկտրոնային սիգարետները որպես ծխելը դադարեցնելու միջոց: Մեջբերված հոդվածները չեն աջակցում մեկնաբանության բովանդակությունը: Հակառակը, մեջբերված հետազոտություններից #1, #2 և #3 ևս մեկ անգամ վկայում են էլեկտրոնային սիգարետների վնասների մասին և սատարում են 100% անծուխ միջավայրի քաղաքականությունը: Մեջբերված հոդվածներից #4 և #5 ունեն էլեկտրոնային սիգարետների նկատմամբ հարաբերականորեն դրական կարծիք, սակայն երկուսն էլ կրում են հետաքրքրությունների կոնֆլիկտ, քանի որ հետազոտող կառույցը ֆինանսական աջակցություն է ստանում էլեկտրոնային սիգարետներ արտադրող ընկերությունից: #6 հոդվածում և #7 զեկույցում մեջբերված հետազոտությունները ունեն մեթոդաբանական խիստ սահմանափակումներ և իրենց թիվն փոքր է հիմնավոր եզրակացությունների համար, որի մասին հստակ նշվում է #7 զեկույցում («The authors cautioned that there was uncertainty in the findings, and gave their findings a ‘low’ confidence rating using GRADE standards»): | |
19 | Syuzi Gevorgyan 24.05.2019 15:11:08 | 1-ին մասի 14-րդ կետը ներկայացնում է փակ տարածք հասկացությունը. «Փակ տարածք` ցանկացած նյութից պատրաստված ծածկ կամ տանիք ունեցող, շարժական կամ անշարժ պատերով ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց, որն ամբողջովին փակ է, բացառությամբ պատուհանների և դռան համար նախատեսված բացվածքների.». Նշված կետը թերի լինելուց բացի անորոշ է։ Ի՞նչ է նշանակում ցանկացած նյութից պատրաստված տանիքով կամ առանց դրա մեկ կամ մի քանի շարժական կամ անշարժ պատերով, ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց. Տունը՞, մեքենա՞ն։ 1-ին մասի 16-րդ կետի համաձայն. հանրային տարածք` հանրությանը մատչելի կոլեկտիվ օգտագործման վայր, անկախ դրա սեփականության ձևից կամ դրան հասանելիությունից. Նշված կետը ևս անորոշ է։ Կետի իմաստից կարելի հասկանալ, որ նախագիծ մշակողները նկատի ունեն ցանկացած փողոց, ցանկացած կիսափակ տարածք և այլն։ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասն անհրաժեշտ է հանել՝ նկատի ունենալով, որ անհիմն կրկնում է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող՝ այս դեպքում Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները: Նախագծի 5-րդ հոդվածը սահմանում է ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման արգելքները, որի 4-րդ կետի համաձայն՝ արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների, բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների, կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցներով: Նման կետ սահմանելու դեպքում պետք է նաև մեխանիզմներ մշակվեն վերհսկողություն իրականացնելու տեսանկյունից, ինչը տվյալ դեպքում առկա չէ։ Ինչ եղանակներով է, օրինակ, վերահսկողություն իրականացվելու Էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցներով ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքի վրա։ | Նախագծի 1-ին մասի 14-րդ կետը ներկայացնում ոչ թե «փակ տարածք», այլ «կիսափակ տարածք» եզրույթը/հասկացությունը։ Ամեն դեպքում, եթե խոսքը գնում է «փակ տարածք» հասկացության մասին, ապա անշուշտ ավտոմեքենան, որն ունի համարանիշ, ապահովագրություն, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիր (հաշվառման վկայագիր), անգամ շատ մեծ ցանկության դեպքում չի կարող համարվել «կառույց», քանի որ ՀՀ օրենսդրության համաձայն համարվում է ավտոմոբիլային տրանսպորտի տեսակ։ Ինչ վերաբերվում է մասնավոր սեփականություն հանդիսացող բնակելի տներին/բնակարաններին, ապա դրանք չեն ընդգրկվում օրենքի կարգավորման ոլորտում, քանի որ նախագծով սահմանափակումները վերաբերում են հանրային փակ կամ կիսափակ տարածքներին: Տպավորություն կա նաև, որ օգտատերը շփոթել է երկու հասկացություններ՝ «փակ» և «կիսափակ» տարածքները՝ 1-ին մասի 13-րդ և 14-րդ կետերը, քանի որ մեկնաբանելիս օգտատերը շարունակում է խոսել մեկ կամ մի քանի շարժական պատերի մասին։ Հուշագրավ է, որ նախագծում չկա հիշատակում «մեկ կամ մի քանի շարժական» պատերի վերաբերյալ։ Եթե ենթադրենք անգամ, որ դիտարկումը կարող է վերաբերվել կիսափակ տարածքներին, ապա կետ 14-ի համաձայն «կիսափակ տարածք» համարվում է «ցանկացած նյութից պատրաստված, երկու և ավելի անշարժ պատերով, տանիքի առկայությամբ ժամանակավոր կամ մշտական ցանկացած կառույց»: Հետևաբար, ստեղծվում է կարծիք, որ օգտատերը աշխատել է հին նախագծերից մեկի վրա և չի պատկերացրել, որ e-draft դարանում տեղադրվածը ուրիշ նախագիծ է: Ինչ վերաբերում է ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով իրացման արգելքին, ապա դրա նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացվի ընդհանուր ընթացակարգերով (թույլտվությունների կասեցում, դադարեցում, վարչական պատասխանատվության միջոցների կիրառում և այլն: ) | |
20 | Syuzi Gevorgyan 24.05.2019 15:11:08 | Նախագծի 7-րդ հոդվածը նախատեսում է ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները որի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն. Ձերբակալվածների, կալանավորվածների, դատարապարտյալների պահման վայրերում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման և ծխախոտի ծխի բացասական ազդեցության նվազեցմանն և կանխարգելմանն ուղղված միջոցառումները իրականացվում են՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության և առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմինների սահմանված կարգին համապատասխան: Զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներն իրականացվում են` Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի սահմանած կարգով»: Նշված կետերը թերի են։ Մի դեպքում եթե խստիվ արգելեն, ապա մեծ աղմուկ կբարձրանա, խնդիրներ առաջացնելով հոդվածի կիրառության հետ։ Մյուս դեպքում միայն ծխախոտային արտադրատեսակների օգտագործման և ծխախոտային ծխի բացասական ազդեցության նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ իրականացնելը բավական չեն։ Պետք է խստիվ արգելվի։ Նշված կետով ևս սահմանված չէ, թե խախտում թույլ տալու դեպքում ով պետք է վերահսկողություն իրականացնի։ | Օգտատերի մեջբերված բովանդակությունը վերաբերում է Նախագծի 6-րդ հոդվածին: Հետևաբար, ստեղծվում է կարծիք, որ օգտատերը աշխատել է հին նախագծերից մեկի վրա և չի պատկերացրել, որ e-draft դարանում տեղադրվածը ուրիշ նախագիծ է: Նախագծով զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակներ օգտագործելու նոր արգելք չի սահմանվում: Սահմանվում է օգտագործման սահմանափակում, որն արդեն իսկ ներառված է դեռևս 1996 թվականին ընդունված և ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ըստ որի ծխելը թույլատրվում է միայն դրա համար նախատեսված առանձնացված հատուկ տարածքներում: Նախագծով նաև հնարավորինս կենտրոնացվել են գործող իրավական ակտերում առկա նույնաբովանդակ սահմանափակումները և այդ դրույթը այս համատեքստում պետք է դիտարկել: Ինչ վերաբերում է վերահսկողության իրականացմանը, ապա այդ հարցը կարգավորված է քրեակատարողական օրենսգրքով, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով և այս նախագծի կարգավորման առարկան չէ: | |
21 | Լիլի Նիկոլաևա 24.05.2019 16:15:24 | Իրականում մենք առողջության պահպանման թեմայով շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք, քան ծխախոտային արտադրատեսակներից առաջացող խնդիրն է: Բոլոր տիպի գազավորված և շաքարի փոխարինիչ պարունակող հյութերը, չիպսերը, հայկական շուկան հեղհեղած պարսկական ցածրորակ կոնֆետները պակաս վնաս չեն հասցնում մեր օրգանիզմին, սակայն ոչ-ոք օրենքի նախագծով հանդես չի գալիս, որ արգելեն էժանագին, անորակ քաղցրավենիքի ներկրումը, կամ ոչ ոք չի պահանջում որ գազավորված հյութերի և չիպսերի տուփի վրա նշվեն բոլոր այն վնասները, որոնք կհասցվեն օրգանիզմին տվյալ սննդամթերքի պարբերաբար օգտագործման շնորհիվ, առավել ևս չենք պահանջում, որ տվյալ ապրանքատեսակների տուփերի մակերեսի 50%-ը հակագովազդ-զգուշացում լինի: Հավելեմ նաև, որ որպես կանոն ծխախոտ ծխում են հասուն մարդիկ, ու հենց իրենք են որշում ՙթունավորվել՚ թե ոչ, իսկ ՙթունավոր՚ չիպսերը, հյութերը և քաղցրավենիքն օգտագործում են ոչ միայն մեծահասակները, այլև երեխաները և բավականին շատ, ինչի հետևանքով էլ առաջանում են առողջական մի շարք խնդիրներ՝ իրենց հետագա բարդություններով, ցանկացած մանկաբույժ դա կհաստատի: Ես ամենևին էլ ծխախոտային արտադրանքի ջատագովը չեմ, բայց դրա հասցրած վնասներից կարելի է խուսափել: Ես չեմ ծխում և հեռու եմ մնում այն վայրերից, որտեղ տվյալ պահին տարածքը հագեցած է ծխով: Միշտ էլ կարելի է տրանսպորտի ծխող վարորդին, աշխատասենյակում ծխող կոլեգային, տանը ծխող ընտանիքի անդամին դիտողություն անել և պահանջել, խնդրել, որ չծխի (պատշգամբում, կամ ծխելու համար նախատեսված վայրում ծխի, եթե այդպիսիք կան): Իսկ արդյոք միշտ ենք կարողանում վերահսկել վերը նշված սննդամթերքի օգտագործումը երեխաների կողմից: Դեռահասների մեջ 10-ից 1-ը գուցե երբեմն ծնողներից գաղտնի ծխում է, իսկ ՙթունավոր՚ սննդամթերքն օգտագործում են 10-ից 11-ը: Ով հանդես կգա օրենքի համապատասխան նախագծով? Մտածելու բան ունենք… | Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորման երկրորդ գլխում մանրամասն ներկացված է Հայաստանի ընթացիկ առողջապահական իրավիճակը և խնդիրները։ Նշված է արդիականությունը և ներկայացված է պաշտոնական վիճակագրությունը, որի ահագնացող ցուցանիշները պարտադրում են լիազոր մարմնին համաչափ արձագանքել և իրականացնել միջազգային լավագույն փորձի վրա հիմնված համապատասխան գործողություններ։ | |
22 | Համլետ Պետրոսյան 24.05.2019 16:21:06 | Հոդված 6 կետ 5 - զորամասերում արգելել ծխելը.... մեր զինվորականների 90 տոկոսը ծխում են: Եթե արգելում ենք, ապա որտեղ պետք է այդ մարդիք ծխեն? Իհարկե, շատ լավ կլինի, որ ընդհանրապես ծխախոտ չօգտագործեն, բայց ներկայումս դա անիրագործելի է: Կարծում եմ, պետք է ընդունել իրականությունը և չգրել անիրականանելի օրենքներ: | Նախագծով զորամասերում և զինվորական հաստատություններում ծխախոտային արտադրատեսակներ օգտագործելու նոր արգելք չի սահմանվում: Սահմանվում է օգտագործման սահմանափակում, որն արդեն իսկ ներառված է դեռևս 1996 թվականին ընդունված և ներկայումս գործող «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ըստ որի ծխելը թույլատրվում է դրա միայն համար նախատեսված առանձնացված հատուկ տարածքներում: Նախագծով նաև հնարավորինս կենտրոնացվել են գործող իրավական ակտերում առկա նույնաբովանդակ սահմանափակումները և այդ դրույթը այս համատեքստում պետք է դիտարկել: | |
23 | Լիանա Պիտինյան 24.05.2019 16:40:05 | Իմ կարծիքով անհնար կլինի վերահսկել: Ով կարող է մտնել և այդ ամենը ստուգել թե ով որտեղ ինչ է վաճառում կամ ով որտեղ է ծխում: Պատկերացնում եք մի հսկա հսկիչների բանակ է պետք ստեղծել ու ահռելի ֆինանսական միջոցներ տրամադրել վերահսկից օրգանի ֆինանսավորման համար: Արդյոք մեր բյուջեն ունի այդ միջոցները, թե էլի մեր գրպաններից պետք է հազարավոր <ստուգող> մարդիք աշխատանվարձ ստանան... | Գործնականում նման մտահոգություն կարող է առաջանալ ցանկացած ոլորտի վերահսկողության մասով: Սահմանափակումների և արգելքների պատշաճ պահպանումը պետք է երաշխավորվի ոչ միայն պատժիչ գործիքների կիրառմամբ, այլ նախևառաջ քաղաքացիների և տնտեսվարողների վարքագծային փոփոխությունների, նրանց իրազեկվածության բարձրացման արդյունքում: Այս իմաստով ՀՀ առողջապահության նախարարությունը, այլ իրավասու գերատեսչությունների հետ մեկտեղ շարունակական բնույթ ունեցող աշխատանքներ է իրականացնելու: Ինչ վերաբերում է վերահսկողությանը, ապա այն իրականացվելու Հ ոստիկանության և տեսչական հսկողություն իրականացնող մարմինների հետ մեկտեղ՝ այդ վերահսկողության ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում:Օրենքի ընդունման դեպքում հնարավոր բացթողումների արձանագրման դեպքում, կմշակվեն լրացուցիչ մեխանիզմներ վերահսկողության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: | |
24 | Անահիտ Մարտիրոսյան 24.05.2019 16:42:47 | Որքանով ես տեղյակ եմ սույն օրենքը ընդունվում է ի կատարումն ծխախոտի դեմ պայքարի կոնվենցիայի, բայց նույն կոնվենցիայի 17-րդ հոդվածով նախատեսվում է, որ կոնվենցիայի մասնակից պետությունները նաև աջակցում են ծխախոտի արտադրությամբ և աճեցմամբ զբաղվող կազմակերպություններին և, համապատասխան դեպքերում, անհատ վաճառողներին տնտեսապես կենսունակ այլ գործունեությամբ զբաղվելու համար։ Ներկայացված նախագծում չկա գեթ մեկ դրույթ, որը որևէ աջակցություն կառաջարկի ՀՀում ծխախոտի արտադրությամբ և վաճառքով զբաղվող կազմակերպությունների և անձանց համար։ Կարծում եմ անհրաժեշտ է մշակել և սույն Նախագծի հետ միասին նաև ներկայացնել այնպիսի հարկային և այլ արտոնություններ նման ընկերությունների համար, որոնք թույլ կտան նրանց անցնել այլ գործունեության, վնաս չպատճառելով ՀՀ տնտեսության զարգացմանը։ | Օրենքի նախաբանում հստակ նշված է օրենքի նպատակը, որն առաջին հերթին ուղղված է Հայաստանի բնակչության առողջության պահպանմանը։ Ինչ վերաբերվում է միջազգային պայմանագրին, որի պարտավորությունները ՀՀ ստանձնել է դեռ 2004 թվականից, ապա նշենք, որ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիաի 17-րդ հոդվածը սահմանում է աջակցությունը տնտեսապես կենսունակ գործունեության այլընտրանքային ձևերին։ Կարծում ենք, որ առաջարկը արժեքավոր է, բայց ոչ այս օրենքի նախագծի շրջանակներում։ Ելնելով առաջարկի տրամաբանությունից՝ ապագայում հնարավոր կլինի մշակել քաղաքականություն ծխախոտային արդյունաբերությանն ու աճեցմամբ զբաղվող կազմակերպություններին արտադրության դիվերսիֆիկացիայի հնարավորություն տալու վերաբերյալ։ | |
25 | Դավիթ Խաչատրյան 24.05.2019 17:09:29 | Նախագծով արգելվում է ցանկացած եղանակով գովազդել և՛ ծխախոտը, և՛ ծխախոտային արտադրատեսակների նմանակները կամ դրանց փոխարինիչներն ու պատկանելիքները, վաճառասրահներում ցուցադրել ծխախոտը, ծխախոտային արտադրատեսակների նմանակները կամ դրանց փոխարինիչներն ու պատկանելիքները: Նմանատիպ արգելքները ստեղծում են անհավասար մրցակցություն ապրանքների վաճառքով զբաղվող տնտեսվարողների նկատմամբ։ Նման ապրանքները ևս պետք է ունենան գովազդի, առաջխաղացման որոշակի հնարավորություն առնվազն ապահովելու համար շուկայի ազատ մրցակցությունը։ Բացի այդ, վաճառասրահներում արտադրատեսակների ցուցադրման կամ գովազդի արգելքը սահմանափակում է չափահաս ծխող մարդկանց կողմից դրանց վերաբերյալ տեղեկանալու հնարավորությունը։ Գովազդի ամբողջական արգելքը բերելու է շուկայի մոնոպոլիզացիայի արդեն իսկ գործող խաղացողների շրջանակով, քանի որ նոր որևէ տնտեսվարող չի կարողանա շուկա մուտք գործել հավասար հնարավորություններով, քանի որ զրկված կլինի իր արտադրանքը սպառողին ներկայացնելու որևէ տարբերակից։ | Ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների գովազդի լիակատար արգելքը երկարատև հեռանկարում դրանց օգտագործման էական նվազեցման արդյունավետ գործիքներից են:Համաձայն Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 13–րդ հոդվածի՝ «Կողմերը ընդունում են, որ գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության լիակատար արգելումը կհանգեցնի ծխախոտային արտադրատեսակների օգտագործման նվազեցմանը» և «Յուրաքանչյուր Կողմ իր սահմանադրությանը կամ սահմանադրական սկզբունքներին համապատասխան ամբողջությամբ արգելում է ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորությունը»: Նշենք նաև, որ յուրաքանչյուր Կողմ իր համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում է իրականացնում արգելքը։ Գովազդի բոլոր ձևերի արգելքի սահմանմամբ, նախ՝ ՀՀ-ն ուշացած ապահովում է կոնվենցիայի պահանջների ամբողջական կատարումը, երկրորդ՝ որոշ առումով սահմանափակում է մարդկանց կողմից իրենց և շրջապատի համար վնասակար ազդեցություն ունեցող արտադրատեսակի հասանելիությունը, դրանով իսկ առաջին հերթին նվազեցնելով նոր օգտագործողների թիվը: Այսինքն, ըստ էության, գովազդի արգելումը կանխարգելիչ գործիք է, որը հանդիսանում է հանրային առողջապահական խնդրի լուծման միջոց:Իսկ տվյալ դեպքում հանրային ընդհանրական շահի և դրա պաշտպանմամբ ձևավորվող սոցիալ-տնտեսական և բնապահպանական արդյունքները գերակա են առանձին տնտեսավարողների մասնավոր տնտեսական շահերի նկատմամբ: |