ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումների համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված իրավահարաբերությունները կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ /այսուհետ՝ որոշում/ շահառուների շրջանակի ընդլայնման, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության շրջանակներում տվյալ բուհում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) պահանջի, ինչպես նաև սահմանված չափանիշների սահմանային արժեքների փոփոխության անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Որոշմամբ սահմանված կարգով 2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում գնահատվեցին գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների ձեռքբերումները և քննարկվեցին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նրանց տարկետում տալու հնարավորությունը: Արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք քաղաքացիներ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացան տարկետում: Տվյալ ժամանակահատվածում առաջացած տեխնիկական խնդիրները խոչընդոտեցին գործընթացի արդյունավետ իրականացմանը,որը հաշվի առնելով ներկայացվեցին նախագծով առաջարկվող փոփոխությունները:
Հստակեցվել է Որոշման 1-ին կետի բանաձևը:
Որոշման 3-րդ կետի փոփոխությամբ հստակեցվել են քաղաքացիների կողմից դիմումներ ներկայացնելու ժամկետները:
Հավելվածի 5-րդ ենթակետի փոփոխությամբ դիմորդի՝ հանձնաժողովի հետ անցկացվող հարցազրույցի (E 5) փուլը հանվել է, քանի որ հստակ, չափելի չափանիշներ սահմանված չէին այդ փուլի համար, որոնք հնարավորություն կտային օբյեկտիվ գնահատելու հարցազրույցի արդյունքները: Հաշվի առնելով նշվածը՝ պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է դիմում ներկայացրած քաղաքացու մոտիվացիոն նամակի, գիտական և գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառի երկու ներկայացուցիչների երաշխավորագրերի պահանջը, հետևաբար իջեցվել են որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կրթական ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները՝ նշանակալի նվաճումների հաշվարկման 100 բալային առավելագույն միավորների սահմանաչափը՝ 80 միավոր՝ նկատի ունենալով, որ հարցազրույցի փուլը հանվել է և նախատեսված չափորոշչի համար սահմանված 20 բալային միավորը պակասել է: Միաժամանակ հստակեցվել են միջին որակավորման գնահատականը և ներդրվել է դրա հաշվարկման բանաձև, ինչի արդյունքում տարկետման իրավունքի հավակնություն ձեռք բերելու շեմը մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 60 միավորի փոխարեն սահմանվել է 49, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 65-ի փոխարեն 51 բալային միավոր: Համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև նշանակալի նվաճումների ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության(այսուհետ՝ Մեթոդաբանություն) մեջ:
Հավելվածի 9.1-րդ կետով սահմանված է, որ գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ըստ մասնագիտությունների ցանկերի առաջին երեք տասնյակում ընդգրկված հաստատություններ բակալավրի (դիպլոմավորվածմասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի ևասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու կամ դիմորդհանդիսանալու հանգամանքը` ուսման և կացության համար անհրաժեշտ ֆինանսական աղբյուրների (scholarship) վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ:
Նշված կետը ևս հստակեցվել է, որպես հիմք ընդունելով բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ըստ մասնագիտությունների ցանկերը: Տարընթերցման տեղիք տվող «scholarship» բառը հանվել է, իսկ դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:
Մեթոդաբանության 4-րդ կետը հստակեցվել է՝ նախատեսվել է միջին որակավորման գնահատականի հաշվարկման հստակ բանաձև:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծով առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության, արվեստի բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող ուսանողներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացմանը: