Նախագծում առկա են խնդիրներ հակակոռուպցիոն մարմնի կազմի հետ կապված
Առաջարկվող նախագծի համաձայն` հանձնաժողովը կազմված է 5 անդամից: Հարց է առաջանում, թե ինչու՞ է թվակազմը որոշվել 5 անդամ այն դեպքում, երբ բացակայում են հիմնավորումները տվյալ թվակազմի վերաբերյալ: Ավելին, վերոնշյալն ուղղակիորեն կրկնօրինակում է ներկայումս գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի թվակազմի վերաբերյալ կարգավորումները:
Ընդ որում, հանձնաժողովի անդամ ի սկզբանե կարող էր նշանակվել 30 տարին լրացած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող ՀՀ քաղաքացին։
Հանձնաժողովի անդամ դառնալու համար նախագծով առաջարկվող «առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ» կարգավորումը թերի էր, ըստ մեզ, քանզի այն չէր պարունակում պահանջ մասնագիտական` հակակոռուպցիոն գործունեության ստաժի մասին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական ստաժի պահանջներին, մենք առաջարկել ենք նախատեսել առնվազն 35 տարեկան լրացած լինելու պահանջ:
Ներկայիս կարգավորմամբ նշված է, որ Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել 30 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, հայերենին տիրապետող, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, հասարակության կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ով ունի առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ, որից ոչ պակաս, քան 3-ը հակակոռուպցիոն կամ բարեվարքության ոլորտի։
Գտնում ենք, որ 5 տարվա աշխատանքային ստաժի ժամկետը, որից ընդամենը 3-ը հակակոռուպցիոն ոլորտի, խիստ անբավարար է նման պատասխանատու պաշտոն ստանձնելու համար:
Բացի այդ, ողջամտորեն հարց է առաջանում, թե ինչու՞ մեր այն դիտարկմանն ի պատասխան, ըստ որի անձը լինելով 30 տարեկան հասակում` չի կարող բավարարել անձի ուսումնառության և մասնագիտական 10 տարվա ստաժի պահանջներին, որոշվել է ոչ թե 5 տարով ավելացնել տարիքին վերաբերվող պահանջը, այլ` փոխարենը նվազեցնել ստաժի տարիները: Օրինակ, Մոլդովայում անհրաժեշտ է 10 տարվա աշխատանքային ստաժ: