Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության
օրենքի նախագծի ընդունման
ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ներկայացված օրենքի նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:
ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով կարգավորվում են «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված մի շարք դրույթներ, մասնավորապես` օրենքում օգտագործվող հասկացությունները, համայնքային ծառայության սկզբունքները, համայնքային ծառայողների հիմնական իրավունքներն ու պարտականությունները և այլն, որոնցում առկա են որոշակի անհամապատասխանություններ:
Բացի վերը նշվածից` համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտվել են մի շարք խնդիրներ, մասնավորապես`
- ի տարբերություն համանման գործընթացներ ունեցող հանրային ծառայության մյուս տեսակների համայնքային ծառայությունը չունի բարձրագույն պաշտոնների խումբ, ինչի արդյունքում առաջանում է անհավասարություն մյուս ծառայությունների ամենաբարձր պաշտոններ զբաղեցնող անձանց դասային աստիճանների և մի շարք այլ գործառույթների առումով.
- ՀՀ համայնքներում համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները և համայնքային ծառայողների ատեստավորման գործընթացներն անցկացվում են 2՝ թեստավորման և հարցազրույցի փուլերով անցկացնելու առումով.
- պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոնները Կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում միավորվող համայնքներում արտամրցութային կարգով համալրման հարցում.
- համայնքային ծառայության վերապատրաստումը 3 տարին մեկ անցկացնելու և կազմակերպելու հարցում.
- համայնքային ծառայության կադրերի ռեզերվը ընդլայնելու հարցում.
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Ներկայացված օրենքի նախագծի նպատակը` «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցումն է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված այլ ծառայություններին, ինչպես նաև համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալն է:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է.
- Հաշվի առնելով համայնքների միավորման արդյունքում աշխատակազմի քարտուղարի պաշտոնի առանցքային լինելը` վերջիններիս իրավունքների, պարտականությունների, ինչպես նաև սահմանափակումների և պատասխանատվության առումով լիազորությունների շրջանակի ընդլայնում:
- Կառավարության 09.08.2018 թ. N 911-Ն որոշմամբ նախատեսված դասային աստիճանները այլ ծառայությունների դասային աստիճանների և (կամ) կոչումների հավասարեցում.
- թափուր պաշտոնները համալրելու նպատակով անցկացվող մրցույթների և համայնքային ծառայողների ատեստավորման գործընթացի անցկացման օբյեկտիվության բարձրացում.
- համայնքային ծառայողների վերապատրաստումների իրականացում` մասնագիտական կարիքների և անհրաժեշտության առկայության դեպքում.
- պետական մարմիններին վերապահված լիազորությունը համայնքին պատվիրակելու հետևանքով համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված պաշտոնները Կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում արտամրցութային կարգով համալրելու հնարավորության ընձեռում.
ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔ
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության կողմից: