«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումը, անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացումը, լրացուցիչ հարկային եկամուտների ապահովումը, ԵՏՄ հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցումը, ինչպես նաև անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի ինդեքսավորումն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Ինչպես միջազգային պրակտիկայում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա են այն ապրանքները, որոնց օգտագործումը վնաս է հասցնում մարդու առողջությանն ու շրջակա միջավայրին (օրինակ՝ ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային խմիչքները, հանածո վառելիքը, այդ թվում՝ բենզինը, դիզելային վառելիքը): Այսինքն, ակցիզային հարկը նախատեսված է պետական բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու, ապրանքների գնի վրա ազդեցության միջոցով մարդու առողջության կամ շրջակա միջավայրի համար վնասակար համարվող ապրանքների սպառումը նվազեցնելու, ինչպես նաև այդ ապրանքների օգտագործման հետևանքով հասարակությանը պատճառված վնասները փոխհատուցելու համար:
Մյուս կողմից, ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն, ընդհանուր առմամբ, ուղղված է անուղղակի հարկերի գծով հարկային բեռի բարձրացմանը և ուղղակի հարկերի գծով հարկային բեռի իջեցմանը։
Այս համատեքստում, խնդիրն այն է, որ՝
1) 2024 թվականի հունվարի 1-ից գործող՝ երեք տարիների համար սահմանված՝ ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի վերանայելու ժամանակահատվածը լրանում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին: Մյուս կողմից, անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր տարի ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ապահովելու համար համարժեք հարկում,
2) Եվրասիական տնտեսական միության հարկային քաղաքականության և վարչարարության ոլորտներում համագործակցության շրջանակներում իրականացվում է զգայուն ապրանքների ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցման քաղաքականություն, ինչը ենթադրում է որոշ ապրանքների մասով անդամ պետություններում կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերի մոտարկում (օրինակ՝ ավանդական և տաքացվող ծխախոտ),
3) մինչև 2024 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 2208 90 330 0, 2208 90 380 0, 2208 90 480 0 ծածկագրերին դասվող` պտուղներից և (կամ) հատապտուղներից պատրաստված օղիների (մրգային օղի) ակցիզային հարկի բազային դրույքաչափը 1 լիտրի համար 800 դրամ էր՝ ի տարբերություն ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող այլ օղիների, որոնց ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի համար 3430 դրամ էր: Հարկային քաղաքականության առումով նշյալ տարբերակման նպատակը մրգային օղիների արտադրությունը խրախուսելն էր։ Այնուհետ, հաշվի առնելով հարկերի վճարումից խուսափելու ռիսկերը և վարչարարական բարդությունները (մրգային օղի չհանդիսացող օղիներն արհեստականորեն ներկայացվում էին որպես այդպիսին)՝ բոլոր տեսակի օղիների ակցիզային հարկի դրույքաչափերը հավասարեցվեցին,
4) Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարները Կառավարության սահմանած կարգով և ժամկետներում փոխհատուցվում են այդ կազմակերպություններին: Ընդ որում, նման կարգավորում սահմանելու նպատակը արդյունաբերական կազմակերպություններին աջակցության տրամադրումն է, որպեսզի վերջիններիս կողմից իրենց արտադրական նպատակներով օգտագործվող ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների ձեռք բերման արժեքի մեջ ներառված ակցիզային հարկը չծանրաբեռնի արտադրանքի ինքնարժեքը և արտադրանքն արտաքին շուկաներում լինի մրցունակ այլ երկրների արտադրանքի նկատմամբ:
Միաժամանակ, տարբեր նպատակներով (օրինակ՝ հարկման հավասար և արդար պայմաններ ապահովելու, հարկերի վճարումից խուսափելու ռիսկերը կանխելու) գործնականում անհրաժեշտություն է առաջանում վերանայել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկը։ Որպես հետևանք՝ հանդիպում են դեպքեր, երբ ակցիզային հարկով սկսվում են հարկվել նաև այնպիսի ապրանքներ, որոնք արտադրական նպատակներով օգտագործվում են նաև արդյունաբերական կազմակերպությունների կողմից։ Արդյունքում, պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում քննարկել Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ապրանքների շրջանակը վերանայելու նպատակահարմարության հարցը, ինչը խնդրահարույց է։ Բացի այդ, Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ակցիզային հարկի գումարների վերադարձման կարգավորումն, ըստ էության, տնտեսական քաղաքականության շրջանակում տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող աջակցություն է: Ուստի, առավել նպատակահարմար է նման աջակցություն տրամադրելու շրջանակի հետ կապված հարցերը քննարկել և աջակցությունը տրամադրել ոչ թե հարկային քաղաքականության շրջանակներում, այլ բյուջետային աջակցության գործիքակազմի շրջանակներում,
5) գործող օրենսդրությամբ ԱՏԳ ԱԱ 2404 91 000 9 ծածկագրերին դասվող՝ ծխախոտի արտադրանքը (նիկոտինային տոպրակ - Nicotine Pouches) ակցիզային հարկով չի հարկվում, սակայն ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ այն նույնպես վնասակար է մարդու առողջության համար՝ հաշվի առնելով այն, որ օգտագործվում է օրգանիզմ նիկոտին մատակարարելու համար:
Բացի այդ, այս ապրանքներն ակցիզային հարկով չհարկելու հետևանքով անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծվում այդ ապրանքները ներմուծող տնտեսավարող սուբյեկտների և ԱՏԳ ԱԱ այլ ծածկագրերին դասվող՝ ծխախոտի արտադրանք արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների միջև,
Հայաստանի Հանրապետությունում կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը հաշվարկվում է ըստ կոնյակի հնացման տարիքային խմբերի, և որքան բարձր է կոնյակի հնացման աստիճանը, այնքան բարձր է կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը: Միաժամանակ, հայկական կոնյակների մակնշման ժամանակ նշվում են հայկական կոնյակի անվանումը և տարիքն արտահայտող (օրինակ՝ 3 տարեկան, 5 տարեկան) համապատասխան պայմանանշաններ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետությունում և Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներում կոնյակների տարիքը դասակարգելիս հիմք է ընդունվում դրանց տարախառնուրդում օգտագործված կոնյակի սպիրտերի միջին տարիքը: Սակայն, Եվրոպական հանձնաժողովի կողմից 2021 թվականի մայիսի 12-ին ընդունված կանոնակարգի համաձայն՝ Եվրոպական միության անդամ երկրներում կոնյակի հնացման աստիճանը բնութագրվում է իմաստ արտահայտող նշաններով (օրինակ XO, VS կամ VSOP): Միաժամանակ, այդ իմաստ արտահայտող նշանները ցույց են տալիս, թե կոնյակի տարախառնուրդում նվազագայունը ինչ հնացման աստիճան ունեցող կոնյակ է օգտագործվել: Արդյունքում, Եվրոպական միության անդամ երկրներում կիրառվող կոնյակների հնացման աստիճանը բնութագրող նշանների հնացման տարիքային միջակայքը և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կոնյակների հնացման տարիքային միջակայքը տարբերվում են, և տեղական արտադրության կոնյակի և Եվրոպական միության անդամ երկրներից ներմուծված կոնյակի միջև առաջանում են ակցիզային հարկով հարկման անհավասար մոտեցումներ:
1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է՝
1) վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը: Մասնավորապես՝
· անցած տարիների ընթացքում տեղի ունեցած գների աճով պայմանավորված՝ որոշակի ինդեքսավորել ենթաակցիզային ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերը՝ ինդեքսավորման յուրաքանչյուր տարվա գործակիցը սահմանելով 3 տոկոս,
· ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը բարձրացնել յուրաքանչյուր տարի 7 տոկոս, տաքացվող ծխախոտինը՝ յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոս, էլեկտրոնային ծխախոտինը՝ առաջին տարում 100 տոկոս, այնուհետև հաջորդող երկու տարիներին 25 և 20 տոկոս, նարգիլեի ծխախոտինը՝ առաջին տարում 40 տոկոս, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի 30 տոկոս,
· ԱՏԳ ԱԱ 2404 91 000 9 ծածկագրին դասվող՝ ծխախոտի արտադրանքը հարկել ակցիզային հարկով, իսկ ակցիզային հարկի դրույքաչափը առաջին տարում սահմանել 2,800 դրամ, այնուհետև հաջորդող երկու տարիներին յուրաքանչյուր տարի բարձրացնել 30 տոկոս,
· մրգային օղիների արտադրությունը խթանելու, հումքի արժեքով պայմանավորված մրգային օղիների ինքնարժեքի բարձր լինելու հանգամանքը մեղմելու և ոլորտը զարգացնելու նպատակով մրգային օղիների ակցիզային հարկի գործող դրույքաչափը նվազեցնել 33 տոկոսով՝ հաշվի առնելով այն, որ վարչարարական կարողությունները զարգացել են, և լաբորատոր փորձաքննության արդյունքներով հնարավոր է պարզել, որ տվյալ արտադրանքը պատրաստված է մրգահատապտղային հումքից,
· կոնյակի ակցիզային հարկի դրույքաչափը 1 լիտրի (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) համար սահմանել 4000 դրամ՝ անկախ տարիքային խմբից,
2) ուժը կորցրած ճանաչել Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգավորումը և խնդրո առարկա դեպքում տնտեսավարող սուբյեկտներին աջակցության տրամադրումն, ըստ անհրաժեշտության, իրականացնել բյուջետային գործիքակազմի շրջանակում:
2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերն են:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:
4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է վերանայել ակցիզային հարկով հարկվող ապրանքների դրույքաչափերը:
Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում, իսկ դրա ընդունմամբ պայմանավորված՝ կավելանան պետական բյուջեի եկամուտները և կարող են ավելանալ պետական բյուջեի ծախսերը:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝
· Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,
· Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
-
Տևողություն
04.03.2026 24.03.2026 -
Տեսակ
Օրենսգիրք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 335
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: