Paris Hotel Yerevan
02.04.2025
Միանշանակ աջակցում եմ նախագծին։
28 - Կողմ
4 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------------------ 2025 թվականի N ---------- - Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները՝ համաձայն Հավելված 1-ի։
2. Սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության կարգը՝ համաձայն Հավելված 2-ի։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1. Սույն Հավելված 1-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) զբոսաշրջային ասոցիացիա կամ միավորում՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում, որը սույն որոշմամբ սահմանված կարգով ընտրվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորելու համար.
2) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ՝ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1613-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձ.
3) Կոմիտե՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված զբոսաշրջության բնագավառում լիազորություններ կրող իրավասու պետական մարմին.
4) դիմող՝ զբոսաշրջային ասոցիացիա, որը սույն որոշմամբ սահմանված կարգով դիմել է Կոմիտե՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար.
5) միջազգային որակավորում տրամադրող հաստատություն՝ Կառավարության 2025 թվականի _______________________ ________-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը սահմանելու մասին» N_____-Ն որոշմամբ սահմանված հաստատություն.
6) միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ՝ զբոսաշրջային ասոցիացիա, որը միջազգային որակավորում տրամադրող հաստատության լիիրավ (full) կամ կիրառող (implementing) անդամ է կամ որևէ այլ կերպ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անունից անդամության, պայմանագրի կամ այլ համաձայնության ուժով լիազորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց տրամադրելու միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից կիրառվող որակավորումը։
2. Դիմելու պահին դիմողը պետք է համապատասխանի սույն Հավելված 1-ի 3-5-րդ կետերով սահմանված չափանիշներին։
3. Դիմողը պետք է՝
1) առնվազն 2 տարի Հայաստանի Հանրապետությունում գրանցված լինի որպես ոչ առևտրային կազմակերպություն,
2) չգտնվի լուծարման գործընթացում կամ սնանկ ճանաչված չլինի,
3) իր անդամների կեսին ավելին լինեն հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք,
4) լինի միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ,
5) ունենա ֆինանսական կայունություն,
6) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացված հայցադիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով չհանդիսանա իր գործողությունների կամ անգործության հետևանքով զբոսաշրջային գործունեության ընթացքում կամ դրա արդյունքում երրորդ անձանց վնաս պատճառած անձ կամ այդ դատական ակտով հաստատված չլինի զբոսաշրջային ասոցիացիայի կողմից խտրականության հիմքով խախտում,
7) պատասխանատվության ենթարկված չլինի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից, եթե այդ ակտը դատական կարգով բողոքարկված չէ.
8) ունենա սույն Հավելված 1-ի 4-րդ կետով սահմանված չափանիշներին համապատասխանող գործադիր մարմնի ղեկավար կամ այդ պահանջներին համապատասխանող գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող ժամանակավոր պաշտոնակատար.
9) տա հայտարարություն, որ մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվելու կամ ընտրվելու դեպքում պարտավորվում է բավարարել սույն Հավելված 1-ի 5-6-րդ կետերով սահմանված չափանիշները,
10) ունենա կարողություն մրցույթը հաղթելու դեպքում մշակելու և ընդունելու սույն Հավելված 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետով և 6-րդ կետով նախատեսված ներքին ընթացակարգերը և իրավական ակտերը։
4. Դիմողի գործադիր մարմնի ղեկավարը պետք է՝
1) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված տնտեսական հանցագործությունների համար Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա դատապարտված չլինի կամ չունենա դատվածություն կամ մեղադրյալի կարգավիճակ այդ հանցագործությունների կատարման համար,
2) չզբաղեցնի հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող անձի կամ այդ գործառույթները պատվիրակված լինելու դեպքում՝ պատվիրակված կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի գործառույթները կատարող պաշտոն,
5. Մրցույթում որպես հաղթող ընտրվելու դեպքում զբոսաշրջային ասոցիացիան պետք է կատարի հետևյալ պարտականությունները՝
1) կազմակերպի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացը թափանցիկության, անաչառության, հավասարության և արդարության սկզբունքների հիման՝ բացառելով իր անդամ չհանդիսացող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց համեմատությամբ իր անդամներից հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման համար պահանջվող ծառայության գումարը, եթե նման տարբերակումը պայմանավորված չէ օբյեկտիվ չափանիշով, որի մասին տեղեկությունները հասանելի են հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց,
2) մրցույթում հաղթող ճանաչվելու պահից 3 ամսվա ընթացքում նախագծի և սահմանված կարգով ընդունի սույն Հավելված 1-ի 5-6-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխան ընթացակարգերը,
3) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ մինչև երրորդ օրացուցային տարվան հաջորդող տարվա հունիս ամսվա վերջին օրը, Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ միջազգային աուդիտորական ընկերության միջոցով անցկացնի անկախ ոչ ֆինանսական աուդիտ, որը կտա կարծիք զբոսաշրջային ասոցիացիայի կողմից նախորդ երեք տարիների ընթացքում հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց որակավորման գործընթացն զբոսաշրջային ասոցիացիայի ներքին ընթացակարգերին համապատասխան կազմակերպելու և սույն Հավելված 1-ի 5-6-րդ կետերով ստանձնած պարտականությունները կատարելու մասին և անկախ աուդիտի կարծիքը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում աուդիտի կարծիքը, իսկ օտար լեզվով լինելու դեպքում՝ դրա պատշաճ թարգմանված հայերեն օրինակը ներկայացնի Կոմիտե,
4) յուրաքանչյուր ամիս՝ մինչև հաջորդող ամսվա 15-ը, Կոմիտեին տրամադրի ամփոփ հաշվետվություն որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտների քանակի, նախաորակավորման փաստաթուղթը ստանալուց հետո հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման գործընթացի վերաբերյալ զբոսաշրջային ասոցիացիային վերջինիս սահմանած ընթացակարգերով ներկայացված բողոքների քանակի մասին,
5) հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնի Կառավարության 2025 թվականի _________ ______ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները, նկարագրերը, որակավորման ընթացակարգը և չափանիշները, որակավորման վկայականի ձևը և ժամկետը սահմանելու մասին» N_____-Նորոշմանը համապատասխան,
6) Կոմիտեի առաջին իսկ պահանջով տրամադրի որակավորված անձանց քանակի, հյուրանոցային համարների քանակի, հյուրանոցային համարների տեսակի, ննջատեղերի մասին տեղեկություններ նման պահանջ ստանալուց օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում.
7) միավորման գործունեության դադարեցման մտադրության մասին տեղեկացնի Կոմիտեին առնվազն 3 ամիս առաջ, իսկ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամի կարգավիճակից զրկվելու կամ անդամի կարգավիճակը դադարեցնելու դեպքում անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այդ որոշման մասին իմանալու կամ այդ որոշման կայացման օրվանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
6. Մրցույթում որպես հաղթող ընտրվելու դեպքում զբոսաշրջային ասոցիացիան պետք է մշակի և ընդունի հետևյալ ընթացակարգերը և ներքին իրավական ակտերը.
1) էթիկայի կանոններ, որոնք պետք է սահմանեն.
ա. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձին տրամադրվող տեղեկատվությունը պատշաճ և ամբողջական ներկայացնելը.
բ. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձին մոլորեցնող տեղեկատվության տրամադրումը բացառելը.
գ. հյուրանոցային տնտեսության որակավորման համար գործող զեղչերի մասին տեղեկատվություն տրամադրելը.
դ. հյուրանոցային տնտեսության օբյեկտի և հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի մասին ստացված տեղեկությունների հրապարակման անթույլատրելիությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, քաղաքացիական դատավարության օրենսգրքով, քրեական դատավարության օրենսգրքով, հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի և զբոսաշրջային ասոցիացիայի փոխադարձ համաձայնությամբ կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի.
ե. որևէ տեսակի խտրականությունը բացառելը.
զ. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց մասին բացասական տեղեկություններ տրամադրելը կամ հրապարակելը բացառելը, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միջոցով, կամ նրանց մասին արատավորող կամ զրպարտող տեղեկություններ հայտնելը կամ տարածելը կամ որևէ կերպ երրորդ անձանց հասանելի դարձնելը կամ, առանց հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի համաձայնության, նրա վերաբերյալ որևէ այլ տեղեկություններ հրապարակելը, բացառությամբ սույն որոշմամբ սահմանված կարգով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի վերաբերյալ Կոմիտեին տեղեկություններ տրամադրելու դեպքերի.
է. էթիկայի կանոնները խախտելու համար կիրառվող պատասխանատվությունը։
2) բողոքների քննության ընթացակարգ, որն առնվազն պետք է սահմանի.
ա. իր կողմից հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց որակավորմանն ուղղված մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստացված բողոքների ընդունման կարգը.
բ. բողոքների քննության առավելագույն ժամկետը, բողոքի պատասխանի ձևը և ուղարկման եղանակը.
գ. ինտերնետային կայքի առկայության դեպքում առանձին բաժնում նշում նամակների և բողոքների արձագանքման ժամկետի և ներկայացման կարգի մասին, ինչպես նաև կայքի միջոցով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձի հետ առցանց հետադարձ կապի հնարավորությունը,
3) ներքին ընթացակարգ, որն առնվազն պետք է սահմանի.
ա. հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց որակավորման համար ստացված փաստաթղթերի շրջանառության կարգը.
բ. որոշումների կայացման ընթացակարգը.
գ. որակավորման նպատակով հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանցից ստացվող տեղեկատվության պահպանության կարգը, ժամկետը, որը չի կարող պակաս լինել «Արխիվային գործի մասին» օրենքով սահմանված ժամկետից, իսկ էլեկտրոնային նյութերի դեպքում՝ 10 տարուց, և հատուկ մեխանիզմները դրանցում պարունակվող առևտրային գաղտնիք և անձնական տվյալներ պարունակող տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար,
դ. էլեկտրոնային եղանակով պահպանվող նյութերի և տեղեկությունների հանձնման պարտականությունը Կոմիտեին կամ, «Արխիվային գործի մասին» օրենքով նախատեսված դեպքերում՝ արխիվ հանձնելու պարտականության մասին սույն կետի «գ» պարբերությունում նշված ժամկետի ավարտից հետո։
7. Սույն Հավելված 1-ում սահմանված չափանիշներին համապատասխանությունը միավորումը պարտավոր է պահպանել իր գործունեության ողջ ընթացքում։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հավելված 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Հավելված 2-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) մրցույթ՝ Կոմիտեի կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձի ընտրության համար հայտարարված մրցույթ։
2) մրցութային հանձնաժողով կամ հանձնաժողով` Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված կոլեգիալ մարմին, որը սույն Հավելված 2-ով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ ընտրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորող զբոսաշրջային ասոցիացիա.
2. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում կիրառվող նշանակությունը:
2. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄԸ
3. Զբոսաշրջային ասոցիացիան ընտրվում է բաց մրցույթի միջոցով։
4. Կոմիտեն իր ինտերնետային կայքում և իր կողմից վարվող սոցիալական ցանցերի էջերում միաժամանակ հրապարակում է մրցույթի հայտարարությունը։
5. Մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացնելու համար տրամադրվում է առնվազն 1 ամիս՝ հաշվված մրցույթի հայտարարությունը Կոմիտեի ինտերնետային կայքում հրապարակման պահից։
6. Մրցույթի հայտարարությունը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝
1) նշում այն մասին, որ մրցույթը հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրելու մասին է,
2) նշում, որ մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել բացառապես Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող զբոսաշրջային ասոցիացիաները,
3) մրցույթին մասնակցության հայտի ներկայացնելու կարգը,
4) նշում, որ մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմամբ դիմողը ստանձնում է պարտականություն համապատասխանելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-6-րդ կետերով նախատեսված չափանիշներին և մրցույթի արդյունքների ամփոփումից հետո դրանց չկատարումը հանգեցնելու է ընտրված զբոսաշրջային ասոցիացիայի՝ որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորող զբոսաշրջային ասոցիացիայի կարգավիճակից զրկվելուն,
5) նշում, որ սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 10-րդ ենթակետով տրված հայտարարությունը համարվում է մրցույթի հայտարարության պայմանների ակցեպտավորում,
6) նշում, որ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի որոշմամբ՝ հիմք ընդունելով, թե որ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ է դիմողը,
7) մրցույթին դիմելու վերջնաժամկետը,
8) մրցույթի արդյունքների ամփոփման և մրցույթի հաղթողի հետ պայմանագիր կնքելու ժամկետը և պայմանագրի գործողության ժամկետը,
9) հետադարձ կապ հաստատելու միջոցները
10) մրցույթի այլ պայմանները։
3. ՄՐՑՈՒՅԹԻՆ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
7. Դիմողն էլեկտրոնային եղանակով՝ Կոմիտեի stc@mineconomy.am և Էկոնոմիկայի նախարարության secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեներին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը՝
1) մրցույթին մասնակցելու մասին հայտ, որն առնվազն պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
ա. զբոսաշրջային ասոցիացիայի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական ձևը,
բ. զբոսաշրջային ասոցիացիայի պետական գրանցման համարը,
գ. նշում, որ հայտը ներկայացվում է մրցույթին մասնակցելու համար,
դ. զբոսաշրջային ասոցիացիայի համաձայնությունը Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից՝ զբոսաշրջային ասոցիացիայի մասին տեղեկություններ ստանալու մասին,
ե. զբոսաշրջային ասոցիացիայի դեմ ներկայացված հայցերով դատական գործերի ցանկը՝ նշելով յուրաքանչյուր դատական գործի համարը (առկայության դեպքում) կամ նշում, որ զբոսաշրջային ասոցիացիայի դեմ հայցեր առկա չեն.
զ. դիմելու պահին նախորդող առնվազն 2 տարում զբոսաշրջային ասոցիացիայի կողմից որպես հասարակական միավորում կամ իրավաբանական անձանց միություն իրականացրած գործառույթների հակիրճ նկարագրությունը,
է. նշում, որ մրցույթում հաղթելու դեպքում ստանձնում է պարտականություն բավարարելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-6-րդ կետերով սահմանված չափանիշները (կատարելու դրանցում նշված պարտականությունները),
ը. էլեկտրոնային փոստի հասցե՝ հետադարձ ծանուցման ապահովման համար,
թ. հայտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,
ժ. այլ փաստաթղթեր և տեղեկություններ՝ նշելով, թե դրանցից յուրանքանչյուրը սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի որ չափանիշին համապատասխանությունը գնահատելու համար է ներկայացվում.
ժա. հայտին կցվող փաստաթղթերի ցանկը.
2) գործադիր մարմնի ղեկավարի՝
ա. անձը հաստատող փաստաթղթի տվյալները,
բ. համաձայնությունը պետական մարմիններից ստանալու Հավելված 1-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետերով սահմանված հանցագործությունների համար դատվածություն չունենալու փաստը հաստատող տեղեկատվություն,
գ. հաստատում այն մասին, գործադիր մարմնի ղեկավարը բավարարում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշը,
3) զբոսաշրջային ասոցիացիայի անդամների ցանկը՝ ներառելով հետևյալ տեղեկությունները.
ա. յուրաքանչյուր անդամի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
բ. յուրաքանչյուր անդամի պետական գրանցման համարը և գործունեության հասցեն,
գ. նշում, թե իր անդամներից որոնք են հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ,
4) միջազգային որակավորում տրամադրող հաստատությունից ստացված փաստաթուղթ, որը պարունակում է տեղեկություններ միջազգային որակավորում տրամադրող հաստատությանը դիմողի անդամ լինելու մասին՝ նշումով, որ զբոսաշրջային ասոցիացիան իրավունք ունի այդ հաստատության անունից Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում և ինչ հիմքով,
5) ֆինանսական կայունությունը հաստատող հետևյալ տեղեկությունները.
ա. դիմելու պահին նախորդող 12 ամսվա համար զբոսաշրջային ասոցիացիայի բանկային հաշվից քաղվածք, որն արտացոլում է անդամներից ստացված անդամավճարների վճարումը,
բ. դիմողի անդամներից անդամավճարներ գանձելու զբոսաշրջային ասոցիացիայի իրավունքը հաստատող ապացույցներ,
գ. սեփականության իրավունքով դիմողին պատկանող գույքի ցանկ,
6) իրավաբանի, Հայաստանի Հանրապետությունում արտոնագրված փաստաբանի կամ փաստաբանական ընկերության հաստատում, որ վերջիններիս աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա զբոսաշրջային ծառայության համար մշակելու են սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 6-րդ կետով նախատեսված չափանիշներին համապատասխան ներքին ընթացակարգերը և իրավական ակտերը։
8. Նախկինում զբոսաշրջային ասոցիացիային հյուրանոցային տնտեսության որակավորում իրականացնող զբոսաշրջային ասոցիացիայի կարգավիճակից զրկումը չի սահմանափակում նույն զբոսաշրջային ասոցիացիայի իրավունքը հետագայում դիմելու նոր մրցույթին մասնակցելու համար, եթե վերացել է զբոսաշրջային ասոցիացիային հյուրանոցային տնտեսության որակավորում իրականացնողի կարգավիճակից զրկելու հիմքը։
9. Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում միաժամանակ ներկայացվում է նոտարական կարգով հաստատված հայերեն թարգմանությունը։
10. Դիմողի սեփական նախաձեռնությամբ կարող են Կոմիտե ներկայացվել սույն Հավելված 2-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ և 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված տեղեկությունները հաստատող փաստաթղթերը և տեղեկությունները։
11. Դիմողի կողմից կազմված փաստաթղթերը ստորագրում է դիմողի գործադիր մարմնի ղեկավարը։
12. Սույն Հավելված 2-ի 7-րդ կետով սահմանված փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլի տեսքով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX)։
4. ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ
13. Դիմողի ներկայացրած փաստաթղթերի և տեղեկատվության համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ով սահմանված չափանիշներին ստուգվում և գնահատվում է ներկայացված փաստաթղթերի և դրանցում պարունակվող տեղեկությունների հիման վրա՝ ստուգելով դրանց վավերականությունը, ամբողջականությունը և իսկությունը։
14. Սույն որոշմամբ հաստատված Հավեված 2-ի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը Կոմիտե ներկայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն իրավունք ունի դիմողի հայտում նշված էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին ծանուցել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների մասին և առաջարկել 5 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները։
15. Սույն Հավելված 2-ի 14-րդ կետում նշված թերությունները վերացնելուց հետո ներկայացված հայտը համարվում է ընդունված հայտի սկզբնական ներկայացման օրը։
16. Կոմիտեի նախագահը կարող է դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ դիմողի և դիմողի գործադիր մարմնի ղեկավարի կողմից սույն Հավելված 2-ի 7-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ և 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված տեղեկությունների իսկությունը ստուգելու համար, բացառությամբ սույն Հավելված 2-ի 10-րդ կետով նախատեսված դեպքի։
17. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված չափանիշը ստուգվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից արտահանված քաղվածքով։ Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 1-2-րդ ենթակետերով սահմանված չափանիշները համարվում են բավարարված, եթե՝
ա. զբոսաշրջային ասոցիացիան գրանցված է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում որպես ոչ առևտրային կազմակերպություն դիմելու պահից նախորդող առնվազն 2 տարի առաջ,
բ. զբոսաշրջային ասոցիացիայի լուծարման կամ սնանկության մասին գրանցամատյանում գրառումները բացակայում են։
18. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է դիմողի ներկայացրած ցանկով կամ դիմողի ներկայացրած այլ փաստաթղթերով (անդամակցության դիմումներ, անդամավճարների վճարման ցուցակներ և այլն)։ Զբոսաշրջային ասոցիացիայի ներկայացրած տեղեկատվության իսկությունը ստուգելու համար անհրաժեշտության դեպքում Կոմիտեն կարող է անմիջականորեն հարցումներ անել ցանկում նշված անդամներին։
20. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 4-5-րդ և 9-10-րդ ենթակետերով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե դիմողը ներկայացրել է սույն Հավելված 2-ի 7-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից տրված փաստաթուղթ։
21. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է www.datalex.am տեղեկատվական համակարգով կամ Դատական դեպարտամենտ հարցում ուղարկելու միջոցով։
22. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է Մրցակցության հանձնաժողով կատարված հարցումներով։ Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե Մրցակցության հանձնաժողովի կողմից դիմողի նկատմամբ առկա չէ ուժի մեջ մտած վարչական ակտ։
23. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված չափանիշը ստուգվում է զբոսաշրջային ասոցիացիայի ղեկավարի վերաբերյալ ներկայացված փաստաթղթերով և հարցումներ ուղարկելու միջոցով։ Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված չափանիշը համարվում է բավարարված, եթե դիմողի գործադիր մարմնի ղեկավարը չունի դատվածություն կամ մեղադրյալ կարգավիճակ տնտեսական հանցագործությունների համար և հյուրանոցային ծառայություն մատուցող անձի մոտ չի զբաղեցնում գործադիր մարմնի ղեկավարի պաշտոն կամ գործադիր մարմնի գործառույթները իրավաբանական անձի պատվիրակելու դեպքում՝ պատվիրակված ընկերության գործադիր մարմնի ղեկավարի պաշտոն։
24. Եթե դիմողի ներկայացրած փաստաթղթերը և տեղեկությունները բավարարում են սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-4-րդ կետերով սահմանված չափանիշները, հաղթողի ընտրությունը կատարվում է բոլոր չափանիշները բավարարող դիմողների միջև` ըստ սույն Հավելված 2-ի 45-րդ կետով սահմանված կարգի։
25. Սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 3-4-րդ կետերով սահմանված չափանիշներից առնվազն մեկին չբավարարման դեպքում դիմողի թեկնածության հետագա քննարկումը դադարեցվում է։
5. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
26. Հանձնաժողովը ոչ մշտական հիմունքներով գործող մարմին է։
27. Հանձնաժողովի անդրանիկ կազմը հաստատվում է Կոմիտեի նախագահի հրամանով սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 1 ամսվա ընթացքում։ Հրամանում նշվում է հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի նշանակման ժամկետը։
28. Հանձնաժողովի անդամի նշանակման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին, բացառությամբ Կոմիտեի նախագահի կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձի կամ Կոմիտեի աշխատողների, ում համար նշանակման ժամկետի սահմանափակում չի կիրառվում։
29. Հանձնաժողովի կազմը, անդամների նշանակման ժամկետը և այլ փոփոխությունները հաստատվում են Կոմիտեի նախագահի հրամանով։ Կոմիտեի նախագահի պարտականությունն է ապահովել, որ հանձնաժողովը մշտապես համալրված լինի սույն Հավելված 2-ի 30-րդ կետով նախատեսված քանակի անդամներով։
30. Հանձնաժողովը բաղկացած է X անդամից.
1) Կոմիտեի 3 աշխատող,
2) 1 իրավաբան կամ փաստաբան,
3) այլ։
31. Կոմիտեի նախագահը կամ նրան ի պաշտոնե փոխարինող անձը հանդիսանում է Հանձնաժողովի մշտական անդամ և ղեկավարում է Հանձնաժողովի նիստերը։
32. Հանձնաժողովը՝
1) ստուգում է դիմողի կողմից ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները ու դրանց հիման վրա որոշում դիմողի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ով սահմանված չափանիշներին։
33. Հանձնաժողովի նախագահը՝
1) նիստի սկզբում պարզում է նիստի իրավազորությունը և հանձնաժողովի բացակա անդամների, ինչպես նաև հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց պատշաճ ծանուցված լինելու հարցը,
2) հանձնաժողովի նիստին հրավիրված այլ անձանց տեղեկացնում է նիստի դռնփակ լինելու (նիստը դռնփակ անցկացվելու դեպքում) և նիստում քննարկվող հարցերի ու այլ տեղեկատվության հրապարակման ենթակա չլինելու մասին,
3) հայտարարում է հանձնաժողովի նիստը հետաձգելու կամ ընդմիջելու մասին,
4) հրապարակում է նիստի օրակարգը.
5) ձայն է տալիս ելույթի, ինչպես նաև հարցի կամ դրան պատասխանելու համար, հանում է այն հարցերը կամ դադարեցնում է այն ելույթները, որոնք չեն առնչվում կամ վերաբերելի չեն հանձնաժողովի նիստում քննարկվող հարցերի էությանը,
6) հայտարարում է քվեարկության անցկացման մասին,
7) հայտարարում է հանձնաժողովի նիստի ավարտի մասին,
8 հանձնաժողովի բնականոն աշխատանքներն ապահովելու համար իրականացնում է այլ գործառույթներ:
34. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստ հրավիրելու միջոցով։
35. Հանձնաժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում են Հանձնաժողովի անդամների կեսից ավելին։
36. Հանձնաժողովի նիստերին մասնակցում է Կոմիտեի նախագահի կողմից նշանակված նիստերի քարտուղարը, որի գործառույթն է՝
1) տեղեկացնել հարցազրույցի հրավիրվող անձանց հանձնաժողովի նիստի և ժամանակի մասին,
2) կազմել հանձնաժողովի արձանագրությունը։
37. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, չունի քվեարկելու իրավունք և չի կարող կարծիք արտահայտել օրակարգի հարցի վերաբերյալ բովանդակային քննարկումներին։
38. Դիմողի վերաբերյալ քննարկումները հանձնաժողովի անդամների միջև գաղտնի են։ Հանձնաժողովի անդամների մտքերը ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ միայն նրանց գիտությամբ և համաձայնությամբ։
39. Հանձնաժողովի անդամների միջև քննարկումները համառոտ ներառվում են հանձնաժողովի արձանագրության մեջ, որը ստորագրում են նիստին ներկա և քվեարկությանը մասնակցած Հանձնաժողովի բոլոր անդամները:
40. Հանձնաժողովի նիստը որևէ պատճառաբանությամբ չկայանալու դեպքում նիստը չկայանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում Կոմիտեն հրավիրում է հանձնաժողովի նոր նիստ։
41. Անընդմեջ երկու և ավելի անգամ հանձնաժողովի նիստ չկայանալու դեպքում Կոմիտեի նախագահը միանձնյա է որոշում հաղթողին, եթե մրցույթին մասնակցող առնվազն մեկ դիմող ներկայացրել է սույն որոշմամբ հաստատված չափանիշներին համապատասխանող փաստաթղթեր և տեղեկություններ։
42. Սույն Հավելված 2-ի 41-րդ կետում նախատեսված դեպքում մեկից ավելի դիմողների առկայության դեպքում Կոմիտեի նախագահը հաղթողին որոշում է միանձնյա՝ հիմք ընդունելով սույն Հավելված 2-ի 45-րդ կետում նշված կարգը։
43. Հանձնաժողովի նիստի հրավիրման, վարման, քվեարկության կազմակերպման, շահերի բախմամբ պայմանավորված քվեարկությանը մասնակցելուց հրաժարվելու կարգը և արդյունքների մասին թեկնածուին ծանուցելու այլ մանրամասները կարող են սահմանվել Կոմիտեի նախագահի հրամանով։
6. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԴԻՄՈՂՆԵՐԻՆ ԾԱՆՈՒՑԵԼԸ, ՈՐԱԿԱՎՈՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ
44. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներով ընտրում է հաղթողին։
45. Եթե մեկից ավելի թեկնածուներ միաժամանակ բավարարում են սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ով սահմանված չափանիշներին, հաղթող է ընտրվում այն դիմողը, որը, ըստ մրցութային հանձնաժողովի կարծիքի, անդամ է այն միջազգային որակավորում տրամադրող հաստատությանը, որի որակավորումը հանձնաժողովի կարծիքով առավել ընդունելի է։
46. Հանձնաժողովի որոշման հիման վրա Կոմիտեի նախագահն ընդունում է հրաման մրցույթի հաղթող ճանաչելու մասին, որում, ի թիվս «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ընդհանուր պայմանների, նշվում են՝
1) մրցույթում հաղթած դիմողի ֆիրմային անվանումը, կազմակերպաիրավական տեսակը և գրասենյակի հասցեն,
2) որակավորման համար հիմք ընդունվող միջազգային որակավորում տրամադրող հաստատության անվանումը,
3) մրցույթում հաղթած դիմողի պարտականությունը սույն որոշմամբ սահմանված ժամկետում բավարարելու սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-6-րդ կետերով սահմանված չափանիշներին,
4) հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորելու իրավունքի իրացման ժամկետը,
5) հրամանի գործողության ժամկետը,
5) այլ։
47. Հանձնաժողովի կողմից ընդունված որոշման արդյունքներով Կոմիտեի նախագահի հրամանն էլեկտրոնային փոստով ուղարկվում է դիմողին հանձնաժողովի կողմից որոշումը կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
48. Հրամանի գործողությունը սկսվում է մրցույթում հաղթած դիմողի կողմից որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-6-րդ կետերով սահմանված չափանիշներից վերջինին բավարարելու օրվանը հաջորդող օրվանից և գործում է 10 (տասը) տարի ժամկետով։
49. Մրցույթում հաղթած դիմողի կողմից սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի 5-6-րդ կետերով սահմանված չափանիշներին սահմանված ժամկետում չբավարարելու դեպքում Կոմիտեի նախագահն ընդունում է հրաման մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելու և մրցույթում հաղթած դիմողին հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրելու իրավունքից զրկելու մասին։
50. Մրցույթում հաղթած դիմողն իրավունք է ստանում որակավորելու հյուրանոցային տնտեսության օբյեկտները սույն Հավելված 2-ի 46-րդ կետով նախատեսված հրամանն ուժի մեջ մտնելու պահից և այն գործում է 10 (տասը) տարի ժամկետով։
51. Հրամանը հրապարակվում է Կոմիտեի ինտերնետային կայքում։
52. Սույն Հավելված 2-ի 46-րդ կետով նախատեսված հրամանի գործողության ժամկետի ավարտին նախորդող 1 ամսվա ընթացքում մրցույթում հաղթած դիմողն իրավունք ունի դիմելու Կոմիտե հրամանի գործողության ժամկետը նույն ժամկետով երկարացնելու համար, եթե որակավորման գործընթացում հրամանի գործողության ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել և զբոսաշրջային ասոցիացիան շարունակում է բավարարել սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ով նախատեսված չափանիշները։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Քննարկվել է
19.03.2025 - 03.04.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Էկոնոմիկա
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 705
Տպել02.04.2025
Միանշանակ աջակցում եմ նախագծին։
02.04.2025
`
28.03.2025
Նախագծում ներկայացված է պահանջ, ըստ որի, միայն մեկ զբոսաշրջային միավորում է ընտրվում որպես որակավորող մարմին։ Այս մոտեցումը կարող է մենաշնորհային իրավիճակ ստեղծել՝ սահմանափակելով մրցակցությունը։ Առաջարկվում է հնարավորություն տալ տարբեր զբոսաշրջային ասոցիացիաների, այդ թվում նաև ոչ ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին, միջազգային հաստատություններին մասնակցելու որակավորման գործընթացին՝ խթանելով մրցակցությունը։ Մյուս կողմից, կարող է առաջանալ ռիսկ, որ անդամագրվելով տվյալ միավորմանը, հյուրանոցները կարող են ստանալ առավելություններ որակավորման գործընթացում: o Հյուրանոցներից պահանջվում է ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր (սեփականության փաստաթղթեր, տեխնիկական նկարագրություններ, միջազգային ստանդարտներին համապատասխանության փաստաթղթեր և այլն)։ Պարբերաբար նորացված հաշվետվությունների պահանջը լրացուցիչ բյուրոկրատիա է ստեղծում, ինչը ժամանակատար է տնտեսվարողի համար։ Առաջարկվում է կրճատել ծանր վարչարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 21-րդ դարում հյուրընկալության բիզնեսում որակավորման չափանիշները իրենց տեղը աստիճանաբար զիջում են հաճախորդների կողմից տրված գնահատականներին (review, feedback): o Որակավորման տեխնիկական պահանջները խիստ կապված են Hotelstars Union-ի կամ այլ միջազգային հաստատությունների չափանիշների հետ, ինչը կարող է սահմանափակել տեղական առանձնահատկությունների ներգրավումը։ o Որակավորումը փաստացի պարտադիր է դառնում, քանի որ առանց այդ համակարգի հյուրանոցները կարող են դժվարություն ունենալ շուկայում մրցունակ մնալու համար։ Որոշման նախագծում որակավորման պահանջի պարտադիր կամ կամավոր լինելը պետք է հստակեցվի: o Որակավորող մարմնի կողմից հյուրանոցների գնահատման մեթոդաբանությունը հիմնականում հիմնված է ստանդարտային պահանջների վրա, ինչը չի ներառում հյուրանոցատերերի կարծիքը կամ շուկայի դինամիկան։ Այլ երկրների հետ համեմատություն անցկացնելով՝ ներկայացնում ենք մի քանի օրինակ՝ 1. Ֆրանսիա - Ֆրանսիայում որակավորումը իրականացվում է Atout France կազմակերպության միջոցով, որը պետական մարմին է։ Դա ապահովում է վերահսկելիություն և անկողմնակալություն։ 2. Գերմանիա - Hotelstars Union-ի անդամ լինելով՝ Գերմանիան ունի ավելի ճկուն համակարգ, որտեղ հյուրանոցները կարող են կամավոր մասնակցել որակավորման գործընթացին։ 3. Մեծ Բրիտանիա - Մի քանի անկախ հաստատություններ (AA, VisitBritain) են գնահատում հյուրանոցները, ինչը խթանում է մրցակցությունը։ 4. ԱՄՆ - Որակավորումը հիմնականում իրականացվում է մասնավոր կազմակերպությունների (Forbes Travel Guide, AAA) կողմից, ինչը նվազեցնում է վարչական բեռը։ Վերոնշյալ խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկվում է՝ o թվայնացնել դիմումների ընդունման գործընթացը, ավտոմատացնել դիմումների ընդունման և ստուգման փուլերը, որը կկրճատի բյուրոկրատական քաշքշուկը, նաև ավելի անաչառ կդարձնի գործընթացը: o Ավելացնել հյուրերի կարծիքների հիման վրա ձևավորվող գնահատման համակարգ (օրինակ՝ Booking.com-ի կամ TripAdvisor-ի վարկանիշների հիման վրա)։ o Որակավորման չափանիշները հարմարեցնել նաև հայկական հյուրանոցային բիզնեսի յուրահատկություններին, օրինակ՝ էկո-տուրիզմի և ավանդական հայկական հյուրանոցների առանձնահատկությունների ներառումը։