90%10%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

------------------------ 2024 թվականի N ---------- - Ն
ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 946-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման տեխնիկական պահանջները և նկարագրերը՝ համաձայն Հավելված 1-ի։
2. Սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման չափանիշները՝ համաձայն Հավելված 2-ի։
3. Սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը՝ համաձայն Հավելված 3-ի։
4. Սահմանել հյուրանոցային տնտեսության որակավորման ժամկետը՝ համաձայն Հավելված 4-ի։
5. Սահմանել հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման վկայականի ձևը՝ համաձայն Հավելված 5-ի։
6. Ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հյուրանոցային ծառայություններ մատուցելու կարգն ու պայմանները սահմանելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգերը և որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 946-Ն որոշումը։
7. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը որակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրված որակավորման կարգերը շարունակում են գործել մինչև դրանցում նշված որակավորման ժամկետի գործողության ավարտը կամ մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը՝ որակավորված անձի դիմումի հիման վրա որակավորման կարգը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահի որոշումն ուժի մեջ մտնելը։
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ


Հավելված 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման


ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ


1. Սույն Հավելված 1-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորում՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածով և սույն որոշմամբ նախատեսված կամավոր որակավորման միջոցով հյուրանոցային տնտեսության օբյեկտի՝ սույն Հավելված 1-ով նախատեսված Կառավարության համար ընդունելի համարվող չափանիշներին, տեխնիկական պահանջներին և նկարագրերին համապատասխանությունը հաստատելը, որի հիման վրա հյուրանոցային տնտեսության օբյեկտին շնորհվում է որակավորման կարգ.
2) որակավորման կարգ` հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման արդյունքով հյուրանոցային տնտեսության օբյեկտի դասակարգում (գրեյդինգ, ռեյթինգ և այլն), որը, որպես կանոն, դրսևորվում է աստղերի (ադամանդների) նոմենկլատուրային արտահայտմամբ, որով նվազագույնը 1 (մեկ) աստղը բնութագրում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի և դրա հարմարությունների համապատասխանությունը բազային չափանիշներին, տեխնիկական պահանջներին և նկարագրերին, իսկ որակավորման կարգի առավելագույն քանակով աստղը կամ այլ արտահայտմամբ նշագրումը բնութագրում է սույն հավելվածով սահմանված չափանիշներին, տեխնիկական պահանջներին և նկարագրերին առավելագույն կամ լավագույն համապատասխանությունը.
3) միջազգային որակավորում՝ միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից 10 և ավելի օտարերկրյա պետությունում միասնական կերպով կիրառվող հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման կարգ.
4) միջազգային որակավորում տրամադրող հաստատություն՝ սույն Հավելված 1-ի 3-րդ կետում նշված հաստատություն, միավորում կամ ծագման երկրի օրենսդրությամբ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այլ կառույց.
5) միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ կամ զբոսաշրջային ասոցիացիա՝ Կառավարության 2025 թվականի ____________ ________-ի «Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը հաստատելու մասին» N ___- Ն որոշմամբ սահմանված զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորում.
6) Կոմիտե՝ «Զբոսաշրջության մասին» օրենքի 6-րդ հոդվածով սահմանված զբոսաշրջության բնագավառում լիազորություններ կրող իրավասու պետական մարմին։
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման նպատակներն են.
1) մատուցվող հյուրանոցային ծառայությունների թափանցիկությունն ապահովելը, այդ ծառայությունների նկատմամբ սպառողների մոտ վստահությունն ամրապնդելը,
2) մատուցվող հյուրանոցային ծառայությունների կայուն որակ ապահովելը, հյուրանոցային ծառայությունների որակի հեղինակությունը բարձրացնելը,
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտների միջև տարբերակում ապահովելը՝ նպաստելով սպառողի՝ հյուրանոցային ծառայությունների ընտրությանը,
4) հյուրանոցային տնտեսության օբյեկտների մրցունակության բարձրացմանն աջակցելը և հյուրանոցային տնտեսության օբյեկտների միջև արդար և մոլորութունից զերծ մրցակցություն ապահովելը,
5) հյուրանոցային ծառայության ակնկալվող որակի մասին սպառողներին նախապես տեղեկացնելը, սպառողի և քաղաքացիական շրջանառության այլ սուբյեկտների կամ միջնորդների (intermediary) համար հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը հանրության համար հասանելի և չափելի որոշակի տեխնիկական պահանջների և չափանիշների համապատասխանությունը նախանշելը։

2. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ
3․ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորումն անցկացվում է սույն Հավելված 1-ի 4-րդ կետում նշված միջազգային որակավորում տրամադրող հաստատությունների կողմից կիրառվող տեխնիկական պահանջներով և նկարագրերով։
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար ընդունելի են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանով հաստատված տեխնիկական պահանջները և նկարագրերը, իսկ դրանց չհակասելու դեպքում նաև հետևյալ միջազգային որակավորում տրամադրող հաստատությունների կողմից կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերը.
1) Հոթելսթարս Յունիոն (Hotelstars Union).
2) 10 և ավելի օտարերկրյա պետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման փորձ ունեցող միջազգային որակավորում տրամադրող այլ հաստատության կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտ որակավորելու համար մշակված ու կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերը։
5. Միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերը ենթակա են կիրառման հյուրանոցային տնտեսության օբյեկտը որակավորելու պահին միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից հաստատված վերջին խմբագրությամբ և գնահատման մեթոդաբանությամբ, իսկ պատվիրակված լինելու դեպքում՝ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամի հաստատած և միջազգային որակավորում տրամադրող հաստատության հետ համաձայնեցված վերջին խմբագրությամբ և գնահատման մեթոդաբանությամբ։
6. Զբոսաշրջային ասոցիացիայի ընտրությունից հետո Կառավարությունը կարող է ընդունել, ճանաչել և կիրառել այլ միջազգային որակավորում տրամադրող հաստատության տեխնիկական պահանջները և նկարագրերը, եթե
1) միջազգային որակավորում տրամադրող նոր հաստատության կողմից կիրառվող տեխնիկական պահանջները և նկարագրերն առնվազն հավասար կամ առավել են Հայաստանի Հանրապետությունում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար նախկինում կիրառված տեխնիկական պահանջներից և նկարագրերից,
2) առկա է սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 5-րդ կետում սահմանված հիմքերից մեկը, և
3) Կառավարության 2025 թվականի _____________ ______-ի N ____-Ն «Հյուրանոցային տնտեսության օբյեկտներին որակավորում տրամադրող զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության չափանիշները և կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված կարգով ընտրվել է միջազգային որակավորում տրամադրող հաստատության նոր անդամ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման

 


ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

1. Սույն Հավելված 2-ում օգտագործված հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում կիրառվող նշանակությունը:
2. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորվում են երկու չափանիշի (տարրի) համադրմամբ.
1) հյուրանոցային տնտեսության օբյեկտում կամ դրա հարմարություններում միջազգային որակավորում տրամադրող հաստատության կողմից կիրառվող տեխնիկական պահանջների և չափանիշների առկայության և տեխնիկական նկարագրերին համապատասխանության ստուգում (օբյեկտիվ չափանիշ),
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտում կամ հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից օբյեկտիվ չափանիշների իրագործմանն ուղղված ծառայությունների որակի գնահատման ստուգում (գնահատողական կամ սուբյեկտիվ չափանիշ)։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Հավելված 3
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման

 


ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Հավելված 3-ում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ՝ Կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 10-ի «Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից առցանց կամ այլ հարթակներում հյուրանոցային ծառայությունների գովազդներում կամ հյուրանոցային ծառայություն մատուցելու մասին իր կողմից տարածվող հայտարարություններում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտում տեղադրվող տեղեկատվությանը ներկայացվող չափանիշները և տեղեկատվության տեղադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1613-Ն որոշմամբ հաստատված Հավելվածի 1-ին մասի 1-ին կետում նշված անձ։
2) դիմող՝ սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ի սահմանված որակավորման կարգ ստանալու համար դիմող հյուրանոցային ծառայություններ մատուցող անձ.
3) նախաորակավորում՝ զբոսաշրջային ասոցիացիայի կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման փուլ, որով զբոսաշրջային ասոցիացիայի կողմից հաստատվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով նախատեսված չափանիշներին.
4) նախաորակավորման հավաստագիր՝ սույն Հավելված 3-ի 14-րդ կետով նախատեսված նախաորակավորման հավաստագիր։
2. Սույն Հավելված 3-ում օգտագործված այլ հասկացություններն ունեն «Զբոսաշրջության մասին» օրենքում և սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ում կիրառվող նշանակությունը:

2. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՈՐՈՇԵԼԸ
3. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորող զբոսաշրջային ասոցիացիայի վերաբերյալ տվյալները հրապարակվում են Կոմիտեի ինտերնետային կայքում։
4. Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձը դիմում է զբոսաշրջային ասոցիացիային հյուրանոցային տնտեսության օբյեկտը որակավորելու համար։
5. «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված դեպքում Կոմիտեն, առանց նախաորակավորման, որակավորում է հյուրանոցային տնտեսության օբյեկտները բացառապես, եթե առկա է հետևյալ հիմքերից առնվազն մեկը.
1) ընտրության համար անցկացված մրցույթով զբոսաշրջային ասոցիացիա չի ընտրվել, կամ առկա են «Զբոսաշրջության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված այլ հիմքերը.
2) Հայաստանի Հանրապետությունում բացակայում է գործող զբոսաշրջային ասոցիացիա, որը համապատասխանում է Կառավարության կողմից զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման ընտրության համար սահմանված չափանիշներին.
3) զբոսաշրջային ասոցիացիան լուծարվել է, դադարել է գոյություն ունենալ, սնանկության հատկանիշներ ի հայտ գալու կամ կազմակերպակառավարչական խնդիրների պատճառով ի վիճակի չէ նախաորակավորել հյուրանոցային տնտեսության օբյեկտը.
4) զբոսաշրջային ասոցիացիան սեփական նախաձեռնությամբ դադարեցրել է կամ միջազգային որակավորում տրամադրող հաստատության գործողությունների արդյունքում դադարել է միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամի կարգավիճակը.
5) միջազգային որակավորում տրամադրող հաստատությունը հանձնառու չէ անմիջականորեն կամ զբոսաշրջային ասոցիացիայի միջոցով նախաորակավորել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտները.
6) առկա են այլ հիմքեր, որոնք անհնարին են դարձնում զբոսաշրջային ասոցիացիայի կողմից հյուրանոցային տնտեսության օբյեկտների նախաորակավորման անցկացումը։
6. Սույն Հավելված 3-ի 5-րդ կետով նախատեսված հիմքերից մեկի առկայության դեպքում Կոմիտեն հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորում է սույն որոշման Հավելված 1-ի 4-րդ կետում նշված՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի հիման վրա։ Կոմիտեն իր ինտերնետային կայքում նախապես հրապարակում է տեխնիկական պահանջները և նկարագրերն արտացոլող հարցաշարը, ինչպես նաև հարցաշարի լրացման հրահանգները։

3. ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ
7. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է երկու փուլով՝
1) առաջին փուլ՝ նախաորակավորում, երբ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անունից զբոսաշրջային ասոցիացիան հյուրանոցային տնտեսության օբյեկտին շնորհում է որակավորման կարգ,
2) երկրորդ փուլ՝ որակավորման կարգի ճանաչում և որակավորման վկայականի տրամադրում, երբ նախաորակավորման հավաստագրի հիման վրա Կոմիտեն հաստատում է հյուրանոցային տնտեսության օբյեկտին զբոսաշրջային ասոցիացիայի շնորհած որակավորման կարգը:
8. Նախաորակավորման փուլը գործում է միայն զբոսաշրջային ասոցիացիայի միջոցով որակավորման դեպքում։ Նախաորակավորումը չի գործում, եթե առկա է սույն Հավելված 3-ի 5-րդ կետով նախատեսված հիմքերից առնվազն մեկը, և հյուրանոցային տնտեսության օբյեկտները որակավորում է Կոմիտեն։
4. ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻՆ ԴԻՄԵԼԸ, ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ՇՆՈՐՀԵԼԸ
9. Նախաորակավորում անցնելու համար դիմողը որակավորման կարգ ստանալու մասին հայտը ներկայացնում է զբոսաշրջային ասոցիացիա։
10. Զբոսաշրջային ասոցիացիան իր ինտերնետային կայքում պարտավոր է մշտապես հրապարակել և թարմացված պահել սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով նախատեսված չափանիշներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանությունը ստուգելու համար նախատեսված ներքին ընթացակարգը, որն առնվազն պետք է ներառի.
1) նշում, թե որ միջազգային որակավորում տրամադրող հաստատության անդամ է զբոսաշրջային ասոցիացիան և ինչ դասակարգմամբ են տրամադրվում որակավորման կարգերը՝ նշելով յուրաքանչյուր որակավորման կարգի համար նախատեսված պահանջները,
2) հղումները միջազգային որակավորում տրամադրող հաստատության ինտերնետային կայքին,
3) սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով նախատեսված չափանիշները, սույն որոշմամբ հաստատված Հավելված 1-ով նախատեսված տեխնիկական պահանջները և նկարագրերը, որոնք միջազգային որակավորում տրամադրող հաստատության հետ համաձայնեցված կարգով կիրառվում են զբոսաշրջային ասոցիացիայի կողմից,
4) զբոսաշրջային ասոցիացիային որակավորման կարգ ստանալու մասին հայտը ներկայացնելու կարգը և ներկայացվող փաստաթղթերի ցանկը,
5) նախաորակավորման հավաստագրի տրամադրման մերժման հիմքերը,
6) որակավորման կարգ ստանալու համար ծախսերի մոտավոր նախահաշիվը,
7) որակավորման կարգ ստանալու համար պահանջվող մոտավոր ժամկետները,
8) սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով նախատեսված չափանիշներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության ստուգմանն ուղղված աուդիտորական ստուգման հակիրճ նկարագրությունը։
11. Որակավորման կարգ տրամադրելու մասին հայտ ստանալուց հետո մինչև նախաորակավորումն անցկացնելը զբոսաշրջային ասոցիացիան պարտավոր է.
1) գրավոր կամ էլեկտրոնային եղանակով դիմողին տեղեկացնել նախաորակավորման հավաստագրի ճանաչման և որակավորման վկայական տրամադրելու համար Կոմիտեին դիմելիս սույն Հավելված 2-ի 19-րդ կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը և տեղեկությունները սույն որոշմամբ սահմանված ժամկետում Կոմիտե ներկայացնելու դիմողի պարտականության մասին.
2) հավաստիանալ, թե արդյոք դիմողը ծանոթացել է զբոսաշրջային ասոցիացիայի ինտերնետային կայքում հրապարակված սույն Հավելված 3-ի 10-րդ կետով նախատեսված ներքին ընթացակարգին,
3) դիմողի պահանջով պարզաբանել սույն Հավելված 3-ի 10-րդ կետով նախատեսված ներքին ընթացակարգին վերաբերող հարցերը և այդ հարցերի վերաբերյալ տրամադրել ընդհանուր բնույթի անվճար խորհրդատվություն։
12. Նախաորակավորման ընթացքում զբոսաշրջային ասոցիացիան միջազգային որակավորում տրամադրող հաստատության հետ համագործակցությամբ և զբոսաշրջային ասոցիացիայի հաստատած ներքին ընթացակարգերով դիմողի հյուրանոցային տնտեսության օբյեկտում անցկացնում է սույն որոշմամբ հաստատված Հավելված 2-ով նախատեսված չափանիշներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապատասխանության աուդիտ։

5. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ
13. Նախաորակավորման արդյունքներով զբոսաշրջային ասոցիացիան հյուրանոցային տնտեսության օբյեկտի վերաբերյալ դիմողին տրամադրում է նախաորակավորման հավաստագիր կամ մերժում նախաորակավորման հավաստագիր տրամադրելը։
14. Նախաորակավորման հավաստագրում նշվում են՝
1) դիմողին անհատականացնող տվյալները՝
ա. իրավաբանական անձի դեպքում՝ ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը.
բ. ֆիզիկական անձի դեպքում՝ անուն, ազգանուն, հայրանուն և անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
գ. անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը,
2) նախաորակավորված հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն,
3) միջազգային որակավորում տրամադրող կազմակերպության ամբողջական անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, որի կողմից կիրառվող որակավորման կարգերին համապատասխան անցկացվել է նախաորակավորումը,
4) շնորհվող որակավորման կարգը,
5) նախաորակավորման հավաստագրի գործողության ժամկետը,
6) նախաորակավորման հավաստագիրը տրամադրած զբոսաշրջային ասոցիացիայի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը,
7) նախաորակավորման հավաստագիրը տրամադրելու ամիսը, տարին և ամսաթիվը,
8) նախաորակավորման արդյունքներն ամփոփող աուդիտորական եզրակացության հերթական համարը և այն կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը,
9) նախաորակավորման հավաստագիրը ստորագրած անձի անունը և ազգանունը, ստորագրությունը, այդ թվում՝ էլեկտրոնային ստորագրությունը։
15. Նախաորակավորման հավաստագիրը տրվում է հայերենով՝ զբոսաշրջային ասոցիացիայի կամ դիմողի ցանկությամբ զուգորդելով այլ լեզուներով։
16. Հյուրանոցային տնտեսության յուրաքանչյուր օբյեկտի համար տրամադրվում է առանձին նախաորակավորման հավաստագիր։
17. Զբոսաշրջային ասոցիացիան նախաորակավորման հավաստագիրը տրամադրում է դիմողին նախաորակավորման արդյունքներով որակավորման կարգ շնորհելու մասին զբոսաշրջային ասոցիացիայի կողմից որոշում կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։
6. ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՎ ՇՆՈՐՀՎԱԾ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ
18. Նախաորակավորման հավաստագիրը ստանալու պահից 1 ամսվա ընթացքում դիմողը հայտ է ներկայացնում Կոմիտե որակավորման կարգը ճանաչելու և որակավորման վկայական տրամադրելու համար։
19. Որակավորման կարգը Կոմիտեի կողմից ճանաչելու համար դիմողն էլեկտրոնային եղանակով Կոմիտե է ներկայացնում՝
1) նախաորակավորման հավաստագրով հյուրանոցային տնտեսության օբյեկտին շնորհված որակավորման կարգը Կոմիտեի կողմից հաստատելու մասին հայտ, որում նշվում են.
ա. սույն Հավելված 3-ի 14-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դիմողին անհատականացնող տվյալները,
բ. դիմողի գտնվելու վայրը,
գ. հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն,
դ. էլեկտրոնային փոստի հասցե՝ հետադարձ ծանուցման համար,
ե. հայտը ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը և ստորագրությունը,
2) նախաորակավորման հավաստագրի պատճենը, իսկ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու դեպքում՝ հավաստագրի էլեկտրոնային ֆայլը (PDF) ձևաչափով։
3) հյուրանոցային տնտեսության օբյեկտի շահագործման փաստագրման ակտը` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, տեխնիկական անձնագիրը` քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի սահմանած կարգին համապատասխան, կամ շահագործման ենթակա լինելը հավաստող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթուղթ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգության պահանջներին հյուրանոցային տնտեսության օբյեկտի համապա¬տաս¬խանության մասին հրդեհային անվտանգության բնագավառում լիազոր մարմնի եզրակացություն.
5) Կառավարության լիազոր մարմնի եզրակացությունը սանիտարա¬համա-ճարակային անվտանգության ապահովվածության մասին.
6) հյուրանոցային տնտեսության օբյեկտ հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ դիմողի իրավունքները հավաստող փաստաթղթի պետական գրանցման ծածկագիրը։
20. Հայտը ներկայացնելիս դիմողը տալիս է իր համաձայնությունը Կոմիտեի կողմից հարցումներ անելու վերաբերյալ՝ Կոմիտե ներկայացված փաստաթղթերի իսկությունը պարզելու նպատակով։
21. Կոմիտեն ստուգում է դիմողի գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանուցած լինելու և դիմողի վերաբերյալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում համապատասխան տեղեկատվության առկայությունը։
22. Հայտը ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն կարող է հարցումներ ուղարկել՝ հարցումներ ուղարկելու մասին միաժամանակ տեղեկացնելով դիմողին՝
1) նախաորակավորման հավաստագիրը զբոսաշրջային ասոցիացիայի կողմից տրամադրված լինելու փաստը և որակավորման կարգ ստանալու հայտին կից ներկայացված փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար.
2) պետական լիազոր մարմիններ՝ հյուրանոցային տնտեսության օբյեկտի որակավորման կարգ ստանալու համար հայտին կից ներկայացված սույն Հավելված 3-ի 19-րդ կետի 3-6-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերի իսկությունը ստուգելու համար։
23. Սույն Հավելված 3-ի 19-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը Կոմիտե ներկայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն իրավունք ունի էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին ծանուցել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունների մասին և առաջարկել 15 աշխատանքային օրվա ընթացքում լրացնել փաստաթղթերը, տեղեկությունները կամ շտկել դրանցում տեղ գտած թերությունները։
24. Հայտի և դրան կից փաստաթղթերի հիման վրա Կոմիտեի նախագահը հայտը ստանալու պահից 1 ամսվա ընթացքում կայացնում է հետևյալ հրամաններից մեկը՝
1) ճանաչել նախաորակավորման հավաստագրով տրամադրված որակավորման կարգը և տրամադրել որակավորման վկայական,
2) մերժել նախաորակավորման հավաստագրով շնորհված որակավորման կարգի ճանաչումը։
25. Սույն Հավելված 3-ի 24-րդ կետում նշված հրամանում նշվում են հետևյալ տեղեկությունները.
1) «Վարչարարության և վարչական վարույթի մասին» օրենքով վարչական ակտի ներառվող ընդհանուր բնույթի տեղեկությունները,
2) հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և հասցեն,
3) շնորհված որակավորման կարգը՝ նախաորակավորման հավաստագրում նշված որակավորման կարգն արտացոլելով, իսկ շնորհված որակավորման կարգը ճանաչելը մերժելու դեպքում՝ այն մերժելու հիմքը,
4) միջազգային որակավորում տրամադրող հաստատության անվանումը, որի կողմից կիրառվող որակավորման կարգով որակավորվել է հյուրանոցային տնտեսության օբյեկտը։
5) հյուրանոցային տնտեսության օբյեկտին որակավորման կարգ շնորհած զբոսաշրջային ասոցիացիայի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը։
26. Կոմիտեի նախագահը մերժում է նախաորակավորման հավաստագրով շնորհված որակավորման կարգը ճանաչելը, եթե առկա է հետևյալ հիմքերից առնվազն մեկը՝
1) դիմողը Կոմիտե չի ներկայացրել սույն Հավելված 3-ի 19-րդ կետով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը.
2) որակավորման կարգ ստանալու համար զբոսաշրջային ասոցիացիա կամ Կոմիտե ներկայացված փաստաթղթերում կեղծված են կամ դրանցում առկա են խեղաթյուրված տեղեկություններ.
3) Կոմիտե ներկայացված փաստաթղթերը թերի են ներկայացվել և դիմողը հրաժարվել է վերացնել դրանցում առկա թերությունները Կոմիտեի տրամադրած ժամկետում,
4) զբոսաշրջային ասոցիացիա, պետական իրավասու մարմիններ կամ Կոմիտե ներկայացված փաստաթղթերում ի հայտ են եկել տեղեկություններ, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտը ենթակա չէ շահագործման կամ հյուրանոցային տնտեսության օբյեկտում ապահովված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հրդեհային անվտանգության կամ սանիտարական պահանջների կատարումը.
5) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, կամ փաստաթղթերը ներկայացվել են սույն ընթացակարգով սահմանված ժամկետների խախտմամբ, եթե չեն ներկայացվել Կոմիտեի նախագահի համար բաց թողնված ժամկետները հարգելի համարելու պարզաբանումներ։
27. Կոմիտեի նախագահի հրամանի տեսաներածված (սքանավորված) պատճենը ուղարկվում է դիմողի՝ սույն Հավելված 3-ի 19-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում նշված էլեկտրոնային փոստի հասցեին այն կայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ միաժամանակ որակավորված անձի հասցեն, անվանումը և որակավորման վկայականի գործողության ժամկետը հրապարակելով իր ինտերնետային կայքում։ Կոմիտեն դիմողին է տրամադրում Կոմիտեի նախագահի հրամանի բնօրինակը դիմողի առաջին իսկ պահանջով։
28. Զբոսաշրջային ասոցիացիայի կամ դիմողի առաջարկով զբոսաշրջային ասոցիացիայի ներքին ընթացակարգերով սահմանված դեպքերում և կարգով մասնակցելու իրավունք ունի նաև Կոմիտեի աշխատողը՝ առանց որակավորման գործընթացին միջամտելու իրավունքի։
29. Սույն Հավելված 3-ի 28-րդ կետում նշված դեպքում Կոմիտեի մասնակցության դեպքում Կոմիտեի աշխատողը կարող է արձանագրել որակավորման ընթացակարգում առկա թերությունները, որոնց հիման վրա Կոմիտեի նախագահն իր հիմնավորված կարծիքով կարող է առաջարկել զբոսաշրջային ասոցիացիայից վերանայել հյուրանոցային տնտեսության օբյեկտին որակավորման կարգ շնորհելու կամ որակավորման կարգ տրամադրելը մերժելու մասին որոշումը ։
30. Սույն Հավելված 3-ով նախատեսված կարգով Կոմիտեի նախագահի որոշումն ուղարկվում է զբոսաշրջային ասոցիացիա այն կայացնելու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում։
31. Զբոսաշրջային ասոցիացիան պարտավոր է 15 աշխատանքային օրվա ընթացքում քննարկել Կոմիտեի նախագահի առաջարկը և Կոմիտեին գրավոր ներկայացնել իր դիրքորոշումը՝ իր կողմից ձեռնարկված գործողությունների վերաբերյալ և իր որոշումը փոխելու կամ որոշումը փոխելու անհնարինության պատճառաբանությունը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված 5
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Որակավորման վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:
2. Որակավորման վկայականի գործողությունը կարող է յուրաքանչյուր անգամ երկարաձգվել դիմողի հայտի հիման վրա սույն Հավելված 5-ի 1-ին կետով սահմանված ժամկետով։
3. Որակավորման ժամկետը երկարաձգելու համար գործում է նույն ընթացակարգը, ինչ որակավորման վկայականը տալու համար կիրառված ընթացակարգն է։
4. Որակավորման վկայականի գործողության ժամկետի ավարտից առնվազն 3 ամիս առաջ որակավորման վկայականը երկարաձգելու մասին հայտը ներկայացվում է ՝
1) զբոսաշրջային ասոցիացիա, եթե որակավորումը նախաորակավորմամբ է նախատեսված.
2) Կոմիտե՝ սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի 5-րդ կետով նախատեսված դեպքում:
5. Սույն Հավելված 5-ի 4-րդ կետով նախատեսված դեպքերում հայտին կից կարող են չներկայացվել սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի փաստաթղթերը և տեղեկությունները, եթե գործող որակավորման կարգն ստանալու համար հայտին կից ներկայացված նույն փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել, կամ դրանց գործողությունը չի դադարել: Այդ դեպքում որակավորման ժամկետը երկարաձգելու մասին հայտում նշվում է, որ նախկինում սույն որոշմամբ հաստատված Հավելված 3-ի ներկայացված փաստաթղթերով և տեղեկություններում փոփոխությունները բացակայում են։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հավելված 6
ՀՀ կառավարության 2024 թվականի
___________-ի N ____ - Ն որոշման


ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

N _______

________________________________________________________________________________
(որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումը և գտնվելու վայրը)

Համապատասխանում է _____________________________ որակավորման կարգին:

Տրված է`___ _________________________ թ.

Գործողության ժամկետը __________________________

ՈՐԱԿԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐ ______________________________________________
(ստորագրությունը) (անուն, ազգանունը)


Կ.Տ.

 

 

  • Քննարկվել է

    19.03.2025 - 03.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 837

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Paris Hotel Yerevan

02.04.2025

Միանշանակ աջակցում եմ նախագծին։

Paris Hotel Yerevan

02.04.2025

`

Տեսնել ավելին