Հիշել նախագիծը

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «առարկայի իրացման հաշվին» բառերից հետո լրացնել «`գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո» բառերը:

2) 5-րդ մասի «ստացված միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «՝ նվազեցված գույքի օտարումից առաջացող  հարկերը» բառերը:

3) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«6․ Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի  ընթացիկ արժեքը (գնահատված արժեքը կամ ընթացող աճուրդների մեկնարկային գինը՝ առանց գույքի օտարումից առաջացող  հարկերի) ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) առանց գույքի օտարումից առաջացող հարկերի հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացում, հափշտակություն) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մասնակցելու իրավունք՝ ապահովված պահանջի չափի և գույքի արժեքի (առանց գույքի օտարումից առաջացող հարկերի) տարբերության չափով:

4) 7-րդ մասի «ստացված միջոցները» բառերից հետո լրացնել «, նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերը,» բառերը:

5) 8-րդ մասի «ստացված միջոցները» բառերից հետո լրացնել «, նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերը,» բառերը:

6) 9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․

«9․ Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը առանց գույքի օտարումից առաջացող հարկերի հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` վճարելով գույքի օտարումից առաջացող  հարկերը, այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի 3 տոկոսի չափով (առանց գույքի օտարումից առաջացող  հարկերի արժեքի): Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի, գույքի օտարումից առաջացող հարկերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:»:

Հոդված 2. Օրենքի 80-րդ հոդվածի  2-րդ մասում «վճարվում են» բառից հետո լրացնել «գույքի օտարումից առաջացող հարկերը,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 82-րդ հոդվածում`

  • 1-ին մասի «ա-ե» կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

 «ա) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունները,

 բ) կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում`

- գույքի պահպանման և տնօրինման համար անհրաժեշտ ծախսերը (սնանկության դիմումը ներկայացնելու օրվանից մինչև ֆինանսական առողջացման ծրագրի նախագծի հաստատումն ընկած ժամանակահատվածում ֆինանսավորումները),

- վարչական աշխատողների աշխատավարձը, եկամտային հարկի գումարները, սոցիալական վճարները և դրոշմանիշային վճարի գումարները,

- վարչական ապարատը պահպանելու համար այլ անհրաժեշտ ծախսերը,

- աշխատավարձի, եկամտային հարկի և սոցիալական վճարների (պարտադիր սոցիալական վճարների) վերաբերյալ փաստաթղթերի արխիվացման ծախսերը.

գ) այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև պարտապանը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման հաշվարկի միջոցով, ինչպես նաև պարտապան քաղաքացու նկատմամբ ալիմենտների գծով պահանջները (երեխա, անաշխատունակ ծնող, անաշխատունակ ամուսին).

դ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող վեց ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները և նույն ժամանակահատվածում առաջացած եկամտային հարկի, սոցիալական վճարի և դրոշմանիշային վճարի գումարները.

ե) դատական ծախսերը.»:

2) 2-րդ մասում` «բ» կետը փոխարինել «գ» կետով, իսկ 4-րդ մասում` «ա» կետը փոխարինել «բ» կետով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Քննարկվել է

    05.02.2025 - 25.02.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1248

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արմինե Զալինյան

25.02.2025

հերթական անհեթեթ նախագիծը

Արման Սարգսյան

24.02.2025

Ներկայացված նախագծի վերաբերյալ նախ հարկ է նշել, որ սնանկության գործով կառավարիչը /այսուհետ` կառավարիչ/ հանդես է գալիս հավասար սկզբունքներով պարտատերերի միջև:Բաշխման ծրագրով նախատեսված գումարի հերթականությունը /գրավի առարկայի իրավունքից առաջացած գումարից սկզբում կատարվի հարկերի փոխանցումը, իսկ այնուհետև գրավով ապահովված պարտատիրոջը կամ գրավով ապահովված պարտատիրոջը ամբողջությամբ կատարվի մարումը` առանց հարկերը հանելու/ կառավարչի համար սկզբունքային հարց չի կարող համարվել: Հարկ է նշել միայն, թե առաջարկվող նախագծի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված՝ 1.մաս «գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո» և 2. 5-րդ մաս «ստացված միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերը» բառերը փոփոխման դեպքում, արդյո՞ք այդ հարկերը համարվում են որպես պարտապանի գույքի իրացումից ծագող լրացուցիչ հարկային պարտավորություններ, թե ո՞չ: Եթե ոչ, ապա նման պայմաններում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ կառավարչի կողմից չնայած այն հանգամանքի, որ գույքը իրացվում է կառավարչի կողմից և մինչ այդ էլ կատարվում են բազմաթիվ գործողություններ, այդ թվում նաև դատական վեճեր, գույքագրման դեպքում առաջացած վեճեր և այլն, զրկված է լինում ստանալու վարձատրություն, փոփոխման ենթակա հարկի չափից: Նշված հանգամանքը ենթակա է հստակեցման, հետագա դատական վեճերից և սնանկության գործընթացը անտեղի ձգձգելու խուսափելուց: Բացի այդ հարկ է նշել, որ հարկային պարտավորությունը առաջանում է այդ իրացված գույքի պետական գրանցում կատարելու պահից /ՀՀ ՊԵԿ-ը հիմք է ընդունում ՀՀ Քաղ.-օրի 449-րդ հոդվածի 3-րդ մասը/, այսինքը՝ կառավարչի կողմից մինչև բաշխման ծրագրի կազմելը, նախ պետք է առաջացնել այդ գույքի իրացումից առաջացած հարկը, այսինքն՝ նախ կատարվի գույքի պետական գրանցումը, այնուհետև ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով ներկայացվի ԱԱՀ-ի մասով առաջացած պարտավորության հաշվետվությունը և նոր դրանից հետո ներկայացվի բաշխման ծրագիր: Նման դեպքում օրենքի պրակտիկ կիրառման ժամանակ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ վում՝ 1.Նախ պետք է նշել, որ կառավարիչը տեղեկացված չի լինում գնորդի կողմից գույքի պետական գրանցում կատարելու մասին և այդ հանգամանքի պարզումը չի մտնում կառավարչի պարտականությունների մեջ: Ըստ էության կառավարիչը դրա մասին իմանում է միայն ՀՀ ՊԵԿ ԿՈՒՎ-ի կողմից կազմված արձանագրություններից, կամ եթե գնորդը իրականում տրամադրում է կառավարչին գրանցման հիմքերը: Այսինքն, նման պայմաններում հստակեցված չէ, թե ե՞րբ է առաջանում այդ գույքի իրացումից առաջացած հարկային պարտավորությունը: Այսինքն, մինչև իրացված գույքը չստանա պետական գրանցում, կառավարիչը չի կարող հաշվարկել առաջացած հարկային պարտավորությունը, որի արդյունքում էլ կկարողանա այն ընդգրկել բաշխման ծրագրում: Իսկ ինչպես հայտնի է, ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ, կապված գրանցման հետ, մասնավորապես՝ պարտապանին պատկանող հողատարածքների հետ կապված, որում առկա են բազմաթիվ անճշտություններ և այդ հողի գրանցումը կարող է տևել նույնիսկ տարիներ: Իսկ ինչ վերաբերվում է երրորդ անձանց պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի իրացմանը և այդ գույքի գրանցմանը, ապա այս դեպքում, կառավարիչը հանդիպում է շատ ու շատ այլ խնդիրների հետ՝ կապված թե արգելանքներից ազատելու և թե բողոքարկումների հետ: Նման պայմաններում հստակեցված չէ ՀԱՐԿԵՐԻ ՊԱՀՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ : 2.Այն դեպքում, երբ կադաստրային արժեքը ցածր է գույքի իրացման արժեքից, հարկային պարտավորությունը հաշվարկվում է անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից ոչ պակաս չափով, թե՞ իրացված արժեքից:Եթե գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը իրացվում է կադաստրային արժեքից ցածր գնով, ապա մեծ է հավանականությունը, որ գրավով ապահովված պարտատիրոջը գումար չի բաշխվի կամ բաշխվելու դեպքում կհատկացվի չնչին գումար:Նման պայմաններում առկա չէ հավասարության սկզբունքը: Միաժամանակ անդրադառնալով առաջարկվող նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրոյթին, առաջարկվում է 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա-ե» կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «ա) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունները, բ) կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում: Նման պայմաններում առաջնային է դառնում առաջացած հարկային պարտավորությունը, որը աբսուրդ է, այն դեպքում, երբ մարդու իրավունքերի եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներով և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, առաջնային պաշտպանության է արժանի անձին տրվող վարձատրությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ նման սահմանումով կա այնպիսի վտանգ, որ գույքի իրացումից կառավարիչը ընդհանրապես կարող է վարձատրություն չստանալ, քանի որ կարող են առկա լինել դեպքեր երբ հարկը ավելի շատ կարող է լինել քան գույքի իրացված արժեքը և նման պայմաններում 82-րդ հոդվածի 1-ին մասով պետք է բավարարվի իրացված գումարից ողջ գումարը:Նշված առաջարկը անընդունելի է: Բացի այդ բնական է, որ առաջարկվող փոփոխության վերաբերյալ ավելի բովանդակալից մտքեր, առարկություններ և առաջարկներ հնարավոր կլինի ներկայացնել միայն բաց քննարկման դեպքում:

Արգամ Խաչատրյան

23.02.2025

1. Օրենքի նախագծի Հիմնավորումներում նշված խնդիրը իրապես առկա է: նախագծով առաջարկվող կարգավորումներով չի լուծվում առկա խնդիրը /գույքի արտադատական իրացումից գոյացող հարկերը բյուջե վճարելու ընթացակարգը, ինչպես Սնանկության մասին գործող օրենքը, այնպես էլ նախագիծը չի տալիս/: 2. Գույքի արտադատական իրացումից գոյացող հարկերը բյուջե վճարելու պարտականությունը սնանկության գործով կառավարչի վրա դնելու և այդ գումարները կառավարչի վարձատրությունից առաջնային հերթով բաշխելու դեպքում, օրենքով, ի թիվս մի շարք այլ դեպքերի, ի հայտ կգա կառավարչին հարկադիր անվճար աշխատանքի ենթարկելու ևս մեկ հիմք / որը ևս կընդգրկվի մինչ այժմ կառավարիչներին հարկադիր անվճար աշխատանքի ենթարկելու առկայության հաստատման և փոխհատուցումների պահանջի իրավական գործընթացում/:

Տեսնել ավելին