Արմինե Զալինյան
25.02.2025
հերթական անհեթեթ նախագիծը
0 - Կողմ
52 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները:
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքն իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները: Մասնավորապես՝ սնանկության վարույթի ընթացքում պարտապանի գույքի վաճառքի դեպքում դուրս գրվող հարկային հաշիվներում առանձին նշվում է ավելացված արժեքի հարկի գումարի չափը, որը գնորդի կողմից վճարվում է։ Սակայն, ինչպես այժմ պրակտիկայում կիրառվում է, գույքի վաճառքից առաջացած ամբողջ գումարը՝ ներառյալ գնորդի կողմից որպես անուղղակի հարկ վճարված ավելացված արժեքի հարկի գումարը, ուղղվում է ապահովված պարտատիրոջ պահանջի բավարարմանը: Հետևաբար՝ ստացվում է, որ պետական բյուջեն նման գործարքներից կրում է կրկնակի վնաս՝ նախ բյուջե չի մուտքագրվում գույքի վաճառքից առաջացած հարկը, իսկ դրա հաշվին բյուջե չի մուտքագրվում նաև գնորդի կողմից իրացման արդյունքում առաջացած հարկը (գույքի վաճառքից առաջացած հարկի գումարի չափով): Նշվածի կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից ընտրանքային կարգով ուսումնասիրվել են թվով 108 գործեր, որոնցով պարզվել է, որ վերջին երկու տարիների կտրվածով սնանկության վարույթների ընթացքում օտարված գույքերից առաջացել է 5,2 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար, որը չի մուտքագրվել պետական բյուջե:
Հարկի նպատակը բյուջետային համակարգի եկամուտների ապահովումն է, և այն գտնվում է պետության հատուկ հսկողության և ազդեցության տակ, որտեղ պետության գերակշռող, առաջնային շահն արտահայտվում է հարկային աղբյուրները առավելագույնս մեծացնելու, հզորացնելու ձգտման մեջ, որը տանում է հարկային համակարգի և հարկային քաղաքականության մյուս գործառույթների ու խնդիրների գերակայությանը: Կարևորելով հարկի սոցիալական և տնտեսական դերն ու նշանակությունը Նախագծի շրջանակում առաջարկվում է առաջնահերթություն սահմանել պարտատերերի չապահովված պահանջներում պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունների նկատմամբ:
Միաժամանակ, հարկ է անդրադարձ կատարել Նախագծով սահմանված՝ պարտատերերի չապահովված պահանջներում պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորություններն առաջնահերթություն սահմանելու հետ կապված մի շարք պետություններում առկա միջազգային փորձին, մասնավորապես.
Մեծ Բրիտանիայի գործող օրենսդրության համաձայն, հարկային մարմինը դիտվում է բոլոր մյուս չապահովված պարտատերերի հետ հավասար դիրքում, որը կարգավորված է 1986թ. «Անվճարունակության մասին» օրենքով: Առաջնահերթ պարտքերը մարվում են հաստատուն վճարումներից (ապահովված պարտքից) և անվճարունակության գործընթացի հետ կապված ծախսերից (այդ թվում՝ կառավարչի վարձատրությունից) հետո, սակայն փոփոխուն վճարումներից և բոլոր մյուս չապահովված պարտքերից առաջ: Առաջնահերթ պարտքերի տեսակները ներկայումս սահմանված են 1986թ. «Անվճարունակության մասին» օրենքի 386-րդ բաժնում և 6-րդ սանդղակում (Անգլիա և Ուելս) և հիմնականում ներառում են ընկերության աշխատակիցների պահանջների որոշ տեսակներ:
Հարկ է նշել, որ Լատվիայի Հանրապետության «Ներդրումային օրենքի» 118-րդ բաժնի համաձայն՝ չապահովված պարտատերերի շրջանակում հարկային պահանջները համարվում են առաջնահերթություն և վճարվում են անվճարունակության վարույթի և աշխատողների պահանջների ծախսերը հոգալուց հետո «Ներդրումային օրենքի» 118-րդ բաժին/ Https://likumi.lv/ta/en/en/id/214590/:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացած միջոցների բաշխումը իրականացնել նշված գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո, ինչի արդյունքում կերաշխավորվի նշված գումարների վճարումը ՀՀ պետական բյուջե և լրացուցիչ վարչարարական գործիքներ և ծախսեր չեն իրականացվի դրանց գանձման ուղղությամբ:
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։
6.Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի ապահովված իրավունքի առարկայի իրացումից առաջացող անուղղակի հարկերի վճարումը ՀՀ պետական բյուջե և լրացուցիչ վարչարարական գործիքներ և ծախսեր չեն իրականացվի դրանց գանձման ուղղությամբ:
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չեն նախատեսվում։
Քննարկվել է
05.02.2025 - 25.02.2025
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Պետական եկամուտներ
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1350
Տպել25.02.2025
հերթական անհեթեթ նախագիծը
24.02.2025
Ներկայացված նախագծի վերաբերյալ նախ հարկ է նշել, որ սնանկության գործով կառավարիչը /այսուհետ` կառավարիչ/ հանդես է գալիս հավասար սկզբունքներով պարտատերերի միջև:Բաշխման ծրագրով նախատեսված գումարի հերթականությունը /գրավի առարկայի իրավունքից առաջացած գումարից սկզբում կատարվի հարկերի փոխանցումը, իսկ այնուհետև գրավով ապահովված պարտատիրոջը կամ գրավով ապահովված պարտատիրոջը ամբողջությամբ կատարվի մարումը` առանց հարկերը հանելու/ կառավարչի համար սկզբունքային հարց չի կարող համարվել: Հարկ է նշել միայն, թե առաջարկվող նախագծի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված՝ 1.մաս «գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո» և 2. 5-րդ մաս «ստացված միջոցների հաշվին» բառերից հետո լրացնել «նվազեցված գույքի օտարումից առաջացող հարկերը» բառերը փոփոխման դեպքում, արդյո՞ք այդ հարկերը համարվում են որպես պարտապանի գույքի իրացումից ծագող լրացուցիչ հարկային պարտավորություններ, թե ո՞չ: Եթե ոչ, ապա նման պայմաններում ստացվում է այնպիսի իրավիճակ, որ կառավարչի կողմից չնայած այն հանգամանքի, որ գույքը իրացվում է կառավարչի կողմից և մինչ այդ էլ կատարվում են բազմաթիվ գործողություններ, այդ թվում նաև դատական վեճեր, գույքագրման դեպքում առաջացած վեճեր և այլն, զրկված է լինում ստանալու վարձատրություն, փոփոխման ենթակա հարկի չափից: Նշված հանգամանքը ենթակա է հստակեցման, հետագա դատական վեճերից և սնանկության գործընթացը անտեղի ձգձգելու խուսափելուց: Բացի այդ հարկ է նշել, որ հարկային պարտավորությունը առաջանում է այդ իրացված գույքի պետական գրանցում կատարելու պահից /ՀՀ ՊԵԿ-ը հիմք է ընդունում ՀՀ Քաղ.-օրի 449-րդ հոդվածի 3-րդ մասը/, այսինքը՝ կառավարչի կողմից մինչև բաշխման ծրագրի կազմելը, նախ պետք է առաջացնել այդ գույքի իրացումից առաջացած հարկը, այսինքն՝ նախ կատարվի գույքի պետական գրանցումը, այնուհետև ,,Սնանկության մասին,, ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով ներկայացվի ԱԱՀ-ի մասով առաջացած պարտավորության հաշվետվությունը և նոր դրանից հետո ներկայացվի բաշխման ծրագիր: Նման դեպքում օրենքի պրակտիկ կիրառման ժամանակ առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ վում՝ 1.Նախ պետք է նշել, որ կառավարիչը տեղեկացված չի լինում գնորդի կողմից գույքի պետական գրանցում կատարելու մասին և այդ հանգամանքի պարզումը չի մտնում կառավարչի պարտականությունների մեջ: Ըստ էության կառավարիչը դրա մասին իմանում է միայն ՀՀ ՊԵԿ ԿՈՒՎ-ի կողմից կազմված արձանագրություններից, կամ եթե գնորդը իրականում տրամադրում է կառավարչին գրանցման հիմքերը: Այսինքն, նման պայմաններում հստակեցված չէ, թե ե՞րբ է առաջանում այդ գույքի իրացումից առաջացած հարկային պարտավորությունը: Այսինքն, մինչև իրացված գույքը չստանա պետական գրանցում, կառավարիչը չի կարող հաշվարկել առաջացած հարկային պարտավորությունը, որի արդյունքում էլ կկարողանա այն ընդգրկել բաշխման ծրագրում: Իսկ ինչպես հայտնի է, ներկայումս առկա են բազմաթիվ խնդիրներ, կապված գրանցման հետ, մասնավորապես՝ պարտապանին պատկանող հողատարածքների հետ կապված, որում առկա են բազմաթիվ անճշտություններ և այդ հողի գրանցումը կարող է տևել նույնիսկ տարիներ: Իսկ ինչ վերաբերվում է երրորդ անձանց պատկանող գրավի առարկա հանդիսացող գույքի իրացմանը և այդ գույքի գրանցմանը, ապա այս դեպքում, կառավարիչը հանդիպում է շատ ու շատ այլ խնդիրների հետ՝ կապված թե արգելանքներից ազատելու և թե բողոքարկումների հետ: Նման պայմաններում հստակեցված չէ ՀԱՐԿԵՐԻ ՊԱՀՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ : 2.Այն դեպքում, երբ կադաստրային արժեքը ցածր է գույքի իրացման արժեքից, հարկային պարտավորությունը հաշվարկվում է անշարժ գույքի հաշվարկային արժեքի 80 տոկոսից ոչ պակաս չափով, թե՞ իրացված արժեքից:Եթե գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքը իրացվում է կադաստրային արժեքից ցածր գնով, ապա մեծ է հավանականությունը, որ գրավով ապահովված պարտատիրոջը գումար չի բաշխվի կամ բաշխվելու դեպքում կհատկացվի չնչին գումար:Նման պայմաններում առկա չէ հավասարության սկզբունքը: Միաժամանակ անդրադառնալով առաջարկվող նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի դրոյթին, առաջարկվում է 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա-ե» կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ. «ա) պարտապանին սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո պարտապանի գույքի օտարումից առաջացող հարկային պարտավորությունները, բ) կառավարչի (ժամանակավոր կառավարչի) վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում: Նման պայմաններում առաջնային է դառնում առաջացած հարկային պարտավորությունը, որը աբսուրդ է, այն դեպքում, երբ մարդու իրավունքերի եվրոպական դատարանը իր բազմաթիվ որոշումներով և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով, առաջնային պաշտպանության է արժանի անձին տրվող վարձատրությունը: Բացի այդ, հարկ է նշել, որ նման սահմանումով կա այնպիսի վտանգ, որ գույքի իրացումից կառավարիչը ընդհանրապես կարող է վարձատրություն չստանալ, քանի որ կարող են առկա լինել դեպքեր երբ հարկը ավելի շատ կարող է լինել քան գույքի իրացված արժեքը և նման պայմաններում 82-րդ հոդվածի 1-ին մասով պետք է բավարարվի իրացված գումարից ողջ գումարը:Նշված առաջարկը անընդունելի է: Բացի այդ բնական է, որ առաջարկվող փոփոխության վերաբերյալ ավելի բովանդակալից մտքեր, առարկություններ և առաջարկներ հնարավոր կլինի ներկայացնել միայն բաց քննարկման դեպքում:
23.02.2025
1. Օրենքի նախագծի Հիմնավորումներում նշված խնդիրը իրապես առկա է: նախագծով առաջարկվող կարգավորումներով չի լուծվում առկա խնդիրը /գույքի արտադատական իրացումից գոյացող հարկերը բյուջե վճարելու ընթացակարգը, ինչպես Սնանկության մասին գործող օրենքը, այնպես էլ նախագիծը չի տալիս/: 2. Գույքի արտադատական իրացումից գոյացող հարկերը բյուջե վճարելու պարտականությունը սնանկության գործով կառավարչի վրա դնելու և այդ գումարները կառավարչի վարձատրությունից առաջնային հերթով բաշխելու դեպքում, օրենքով, ի թիվս մի շարք այլ դեպքերի, ի հայտ կգա կառավարչին հարկադիր անվճար աշխատանքի ենթարկելու ևս մեկ հիմք / որը ևս կընդգրկվի մինչ այժմ կառավարիչներին հարկադիր անվճար աշխատանքի ենթարկելու առկայության հաստատման և փոխհատուցումների պահանջի իրավական գործընթացում/: