ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- -------------------- 2024 թվականի N ---- -Ն
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության «Թանգարանների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ կետին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի մայիսի 21-ի N 467-Ա որոշման հավելվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2024 թ. -------------------- Երևան |
|
Հավելված
ՀՀ վարչապետի 2024 թվականի
---------------------- ------ -ի N ---------- -Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
- 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵ Ր
- Սույն կարգով կարգավորվում են վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինման և պահպանության հետ կապված հարաբերությունները:
- Վերակազմակերպված և գործունեությունը դադարեցված թանգարանների թանգարանային առարկաների հետագա տնօրինումը և պահպանությունն իրականացվում է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան:
- 2. ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- 3. Թանգարանը հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի կամ պետական ոչ առևտրային կազմակերպության կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպվելու դեպքում՝
1) հիմնադրի որոշմամբ վերակազմակերպվող թանգարանի թանգարանային առարկաներն անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են վերակազմակերպված կազմակերպությանը՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
2) վերակազմակերպված թանգարանը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, և նրա ձեռք բերած թանգարանային առարկաներն ու հավաքածուները համարվում են պետական սեփականություն:
- Պետական կամ համայնքային թանգարանը մեկ այլ թանգարանին միացման ձևով վերակազմակերպման դեպքում՝ հիմնադիրը սահմանում է թանգարանի իրավահաջորդ կազմակերպություն և վերջինիս է փոխանցում միացված թանգարանի թանգարանային առարկաներն ու հավաքածուները:
- Միացման ձևով վերակազմակերպված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաների փոխանցումը իրավահաջորդ կազմակերպությանը կազմակերպում է լիազոր մարմնինը:
- Լիազոր մարմինը փոխանցումը կազմակերպելու նպատակով ստեղծում է թանգարանային առարկաների ընդունման-հանձնման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են՝
1) Պետական թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տեղական կառավարման մարմնի ներկայացուցիչները, իրավահաջորդ կազմակերպության և վերակազմակերպված թանգարանի գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ.
2) Համայնքային թանգարանի դեպքում՝ լիազոր մարմնի ներկայացուցիչները, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, իրավահաջորդ կազմակերպության և վերակազմակերպված թանգարանի գլխավոր ավանդապահները (ֆոնդապահները), հավաքածուների ավանդապահները (ֆոնդապահները)՝ ըստ բաժինների և մշակութային արժեքների փորձագետներ:
- Թանգարանային առարկաների ընդունման-հանձնման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով) մինչև տասը հազար միավորից բաղկացած թանգարանային հավաքածուի դեպքում վեցամսյա ժամկետում, իսկ տասը հազարից ավել միավորից բաղկացած թանգարանային հավաքածուի դեպքում առավելագույնը երկու տարվա ընթացքում իրականցնում է վերակազմակերպված թանգարանի թանգարանային առարկաների առկայության ստուգում՝ ըստ հաշվառման փաստաթղթերի:
- Իրավահաջորդ կազմակերպությունն առավելագույնը երեք տարվա ընթացքում իրականացնում է միացված թանգարանային առարկաների գրանցումը թանգարանի հավաքածուի հաշվառման գլխավոր մատյանում:
- ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԵՏԱԳԱ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
- Պետական կամ համայնքային թանգարանների գործունեության դադարեցման դեպքում՝ թանգարանային առարկաները և թանգարանային հավաքածուները փոխանցվում են լիազոր մարմնին:
- Լիազոր մարմինը գործունեությունը դադարեցված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության է հանձնում իր համակարգում գործող որևէ թանգարանի՝ կնքելով թանգարանային առարկաների հանձնման մասին պայմանագիր և ձևակերպելով ընդունման-հանձնման ակտ:
- Գործունեությունը դադարեցված պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաների հետագա տնօրինման որոշումը կայացնում է հիմնադիրը՝ մեկ այլ թանգարանին անորոշ ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու մասին լիազոր մարմնի առաջարկի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար՝ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Քննարկվել է
12.12.2024 - 30.12.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Մշակութային
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 677
Տպել