ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

         

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Կառավարությանը լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա Կառավարությանը անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ-իրավական ակտեր։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները, կարգավորման նպատակը և բնույթը

Տրանսպորտը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասը, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ընդգրկում է հետևյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային։

Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի  տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար։ Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում ֆինասական աջակցության ծրագրերի իրականցումը։  

Նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով օժտել Կառավարությանը լիազորությամբ՝ հաստատելու ֆինանսական աջակցության ծրագրեր՝  ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով  նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։

Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավվմանը։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1. 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    19.09.2024 - 06.10.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 852

Տպել

Առաջարկներ`

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

04.10.2024

Առաջարկում ենք նաև 1․1․ կետում ներկայացված լրացումը ձևակերպել հետևյալ խմբագրությամբ․ «1․1․ Կառավարությունը ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է հաստատել ֆինանսական աջակցության ծրագրեր՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև տվյալ ոլորտներում բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալները ավելացնելու նպատակով։ Այդ ծրագրերը կարող են ներառել վարկերի տրամադրում, սուբսիդիաների տրամադրում, հարկային արտոնություններ կամ այլ տեսակի ֆինանսական աջակցություններ, որոնք նախատեսված են ոլորտի զարգացման համար՝ կառավարության սահմանած կարգով և չափանիշներով»։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

04.10.2024

Առաջարկում ենք՝ հստակեցնել «ֆինանսական աջակցության ծրագրեր» եզրույթը, սահմանել, թե այդ ծրագրերն ինչպիսի՞ աջակցություններ կարող են ներառել և ի՞նչ աղբյուրներից է բխելու ֆինանսական աջակցությունը, հստակեցնել, թե ի՞նչ չափանիշներով է գնահատվելու տրանսպորտային միջոցների ձեռքբերման և ծառայությունների ծավալների ավելացման նպատակահարմարությունը, ինչ չափանիշների դեպքում է տրվելու ֆինանսական աջակցությունը։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

03.10.2024

Առաջարկում եմ «Տրանսպորտի մասին օրենքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից «ֆիզիկական և» բառերը հանել։ Կարծում եմ, որ այո Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից նոր և (կամ) էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ձեռքբերման և ՀՀ-ում շահագործման համար պետությունը պետք է կիրառի խրախուսման տարբեր մեխանիզմներ (նաև ֆինանսական աջակցություն), սակայն դրանք պետք է չլինեն կամայականության սկզբունքով այլ պետք է կրեն մասսայակ բնույթ, ինչը ենթադրում է համապատասխան իրավական ակտերում կոնկրետ փոփոխություններ։

Տեսնել ավելին