Հիշել նախագիծը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՂԱԿԱՁԵՎ ԱՅԳՈՒ 4-ՐԴ ՀԱՏՎԱԾԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«Երևան քաղաքի Oղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման 

1. Անհրաժեշտությունը.

ՀՀ կառավարության 2006 թ. սեպտեմբերի 7-ի N 1402-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի (2006-2020 թթ.) իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի և Երևան քաղաքի ավագանու 2023 թ. դեկտեմբերի 26-ի N 46-Ա որոշմամբ հաստատված` Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրի շրջանակներում մայրաքաղաքում հնոր այգիների հիմնումը, զբոսայգիների ու հանրային կանաչ տարածքների վերականգնումն ու զարգացումը, բնակիչների համար հարմարավետ կենսամիջավայրի ապահովումը, զբոսաշրջային գրավիչ էկոհամակարգի ձևավորումը, կլիմայական դիմակայունության բարձրացումը և օդի աղտոտվածության մակարդակի կրճատումը սահմանված են որպես առաջնահերթություններ:

Այս համատքեստում Օղակաձև այգու տարածքն այն առանձնահատուկ վայրերից է, որտեղ քաղաքային զբոսայգուն հարիր միջավայրի վերականգնումն էապես նպաստելու է բերված առաջնահերթույունների կյանքի կոչմանը: Համաքաղաքային նշանակության այս հանրային կանաչ տարածքում ֆունկցիոնալ գոտիների փոխկապվածության ու ճարտարապետական գրագետ լուծումների ապահովման, տարածքի արդյունավետ և նպատակային օգտագործման, շրջակա միջավայրի և պատմամշակութային  հուշարձանների պահպանության ու դրանց՝ քաղաքային զբոսայգու միջավայրին ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ:

2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները.

Քննարկվող հատվածում Օղակաձև այգու 4-րդ հատվածի՝ Սայաթ-Նովա փողոցից մինչև Նալբանդյան փողոց ընկած տարածքում (այսուհետ՝ Տարածք) տարիների ընթացքում նվազել են ընդհանուր օգտագործման գոտիները՝ խաղահրապարակները, կանաչապատ տարածքները, զբոսավայրերը: Բացի այն, որ Տարածքում տեղակայվել կամ կառուցվել են տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինություններ, նաև առկա են անկանոն, քաոտիկ տեղաբաշխված և բարեկարգ այգու կերպարն աղճատող՝ տարբեր եղանակներով ծանրաբեռնված տարածքներ: Այգում առկա են նաև ՀՀ կառավարության 07.10.2004 թ. N 1616-Ն որոշմամբ հաստատված՝ ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված հուշարձաններ: Նշված իրավիճակում գործնականորեն անհնար է ապահովել այգու՝ նպատակային նշանակությամբ օգտագործումը և դրա էկոհամակարգի կայունությունը: Դժվար է ապահովել նաև այգու պատշաճ խնամքը: Զբոսայգու որոշ հատվածներում բացակայում են ոռոգման ցանցերը: Ընդհանուր առմամբ՝ քաղաքացիների հանգիստն այգու հատկորոշված հատվածում պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ է Տարածքի հիմնանորոգում, բուսավերականգնում՝ դրա հետագա հատուկ խնամքի ապահովմամբ:

Անհրաժեշտ է բնապահպանական և ճարտարապետական փոխկապակցված լուծումներով վերականգնել այգին՝ այն վերածելով որպես միջազգային ստանդարտներին պատշաճող, հանգստի և ժամանցի կազմակերպման հնարավորությամբ քաղաքային զբոսայգու՝ բնակչության բոլոր տարիքային խմբերի համար հարմարավետությամբ ու ներառական լուծումներով: 

3. Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը.

Տարածքի բարեկարգման, կանաչապատման և նպատակային օգտագործման համար անհրաժեշտ նախապայմաններ ապահովելու համար անհրաժեշտ է տարաբնույթ և միջավայրին ոչ համահունչ շինությունները, բարեկարգ այգու ստեղծմանը խաթարող ծանրաբեռնված տարածքներն ազատել այդ տարերայնորեն տեղակայված կառույցներից: Հենց այս նպատակով մշակվել է «Երևան քաղաքի Oղակաձև այգու 4-րդ հատվածի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է՝

  • տարածքների ձեռք բերող սահմանել Երևան համայնքին.
  • օտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու մարմին ճանաչել Երևան համայնքին՝ ի դեմս Երևանի քաղաքապետի.
  • սեփականության օտարման գործընթացը մեկնարկելու վերջնաժամկետ սամանել 2025 թվականի սեպտեմբերի 1-ը.
  • հանրության գերակա շահ ճանաչված տարածքի և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթները վերապահել Երևանի քաղաքապետին և այլն:

Հաշվի առնելով առկա իրավիճակը՝ մշակվել է Տարածքում այգու վերականգման ծրագիր, որի համաձայն հատակագծային օպտիմալ լուծումներով կստեղծվեն բարեկարգ ծառուղիներ ու ծաղկազարդ արահետներ, հետիոտնային շարժման համար ճեմուղիների և հետիոտն արահետների ցանց, ջրային մակերեսներ՝ շատրվաններ, հարթ կառույցներ, սպորտային գոտիներ, հանրության համար նախատեսված թենիսի չոր կորտեր ոչ միայն ակումբային տրամաբանությամբ, այլև՝ լայն հանրությանն ազատ հասանելի, ինչպես նաև՝ հաճախորդների սպասարկման և զբոսայգու շահագործման համար նախատեսված այլ կառույցներ, հեծանվային ուղիներ, աստիճաններ, թեքահարթակներ ու այլ տարրեր:

Այգու տարածքի արդյունավետ օգտագործման և շուրջտարյա գործունեության ծավալման հնարավորության նպատակով այգում կստեղծվեն կամ կվերակառուցվեն նաև փակ փոքրածավալ կառույցներ՝ սննդի սպասարկման կետ, սրճարան, ընտանեկան հանգստի և ժամանցի ոչ հիմնական շինություններ, հուշանվերների խանութ, hանրային միջոցառումների՝ համերգային և մշակութային ծրագրերի կազմակերպման միջավայրերի ապահովմամբ: Հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների առկայությունը կարող է նպաստել ճանաչողական զբոսաշրջության կազմակերպմանը՝ համալիր վերականգնելով այգում առկա պատմամշակութային ժառանգություն ռեսուրսը և ապահովելով դրանց շրջակայքի պատշաճ տեսքը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Երևանի քաղաքապետարան և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ: 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները. 

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, միաժամանակ՝ Երևան համայնքի բյուջեում ֆինանսական հոսքերի փոփոխությունների մասով գնահատականը ավելի կհստակեցվի քաղաքաշինական ծրագրի իրականացման գործընթացը մեկնարկելու ժամանակ: 

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման ընդունումը չի առաջացնում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու կամ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չի առաջացնում: 

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 

Նախագիծն ուղղակիորեն բխում է Երևան քաղաքի գլխավոր հատակագծից, Երևանի զարգացման 2024-2028 թթ. հնգամյա ծրագրից և նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2.7-րդ՝ «Քաղաքաշինություն» և 4.10-րդ՝ «Շրջակա միջավայրի պահպանություն» բաժինների շրջանակներում հռչակված հանձնառությունների իրականացմանը:

  • Քննարկվել է

    03.09.2024 - 19.09.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 781

Տպել