Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
25.01.2024
Նախագծով առաջարկվող փոփոխությունը համարում ենք խիստ խնդրահարույց հատկապես անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի՝ հետադարձությամբ իր նկատմամբ կիրառվելու անթույլատրելիության սահմանադրական երաշխիքի տեսանկյունից։ Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 65-րդ հոդվածով սահմանվող՝ ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիքի հասկացությունը և եթե գործող իրավակարգավորման համաձայն այդպիսին է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը, ապա փոփոխության ընդունման դեպքում բնակարանային պայմանների բարելավման կարիք կհամարվի ծառայության վայրից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական հաշվառման վայր չունենալը: Գտնում ենք, որ քննարկվող սոցիալական երաշխիքի շահառու հանդիսացող զինծառայողների շրջանակի նեղացումն ինքնին հետընթաց է պետության սոցիալական քաղաքականության առումով և ինքնին բացասական է, իսկ դրա իրավաչափությունը վիճելի։ Միևնույն ժամանակ, առավել խնդրահարույց ենք համարում Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող անցումային դրույթը, որի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարում է նաև այն պայմանագրային զինծառայողների համար ում համար այդ իրավունքն արդեն իսկ ծագել էր, սակայն որոնք այլևս չեն բավարարում Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող նոր պայմանին։ Ակնհայտ է, որ նշված դրույթը ուղղակի կերպով հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի՝ իր նկատմամբ կիրառվելու անթույլատրելիության սահմանադրական երաշխիքին, քանի որ իրավական վիճակը ակնհայտորեն վատթարացնող դրույթ են պարունակում այն պայմանագրային զինծառայողների համար, ում՝ ծառայողական բնակարանով ապահովվելու իրավունքը կամ չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը արդեն իսկ ճանաչվել է պետության կողմից։ Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը նույնպես ՍԴՈ-723 որոշմամբ անդրադարձել է սոցիալական երաշխիքը մասնակի չեղարկող մեկ այլ օրենքի՝ այդպիսի իրավունքը ծագած անձանց նկատմամբ հետադարձությամբ կիրառվելու հնարավորությունը սահմանող դրույթի սահմանադրականության հարցին և Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչել այն՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը․ « (…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը: Մինչդեռ, օրենքի վիճարկվող նորմն առնչվել է բազմաթիվ մարդկանց իրավունքներին: (…) »: Հարկ է ընդգծել, որ նշված գործով Սահմանադրական դատարանի կողմից քննարկման առարկա դարձած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը ևս, ինչպես և Նախագծի 2-րդ մասով սահմանված դրույթը նախատեսում էր սոցիալական երաշխիքը չեղարկող (մասնակի) դրույթի՝ այդ երաշխիքից օգտվելու իրավունք արդեն իսկ ստացած անձանց նկատմամբ հետադարձությամբ կիրառվելու հնարավորություն, ուստի դատարանի դիրքորոշումը լիովին վերաբերելի է խնդրո առարկա Նախագծին։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից կամ առնվազն Նախագծից հանել դրա 2-րդ հոդվածով նախատեսված դրույթը։