Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինհաշմանդամների, զինվորական կենսաթոշակառուների սոցիալական իրավունքների հետ կապված հարցերը, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը և զինծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնումը Կառավարության գործունեության համար առաջնահերթություն են:

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 1.3-րդ՝ պաշտպանության ոլորտ. զինված ուժերի բարեփոխումներ բաժնում արձանագրված է հետևյալը. «Կառավարության ուշադրության կենտրոնում մշտապես եղել և լինելու է զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պաշտպանության բարձրացումը, ուստի Կառավարությունը մեծացնելու է զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները, կատարելագործելու է զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմները։ Զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացումը, բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության ծրագրերը, պատերազմի հետևանքներն իրենց վրա կրող զինծառայողների սոցիալական և առողջապահական ծրագրերը նոր թափ են ստանալու»:

Հաշվի առնելով զինծառայողներին զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքներով ապահովելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարության ակտիվ զարգացումը, մեկ քաղաքից մյուսը տեղափոխվելու համար անհրաժեշտ միջին ժամանակահատվածը, առկա է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից օգտվելու պայմանների վերանայման անհրաժեշտություն:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին:

 

  1. 3. Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բնակության վայրից էական հեռավորության վրա ծառայող զինծառայողների համար ապահովել ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից օգտվելու անհրաժեշտ գործիքակազմ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ առկա է Կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի N 1219-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    10.01.2024 - 25.01.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն, Սոցիալական ապահովություն, Քրեակատարողական, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3454

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

25.01.2024

Նախագծով առաջարկվող փոփոխությունը համարում ենք խիստ խնդրահարույց հատկապես անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի՝ հետադարձությամբ իր նկատմամբ կիրառվելու անթույլատրելիության սահմանադրական երաշխիքի տեսանկյունից։ Այսպես՝ Նախագծի 1-ին հոդվածով փոփոխվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 65-րդ հոդվածով սահմանվող՝ ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիքի հասկացությունը և եթե գործող իրավակարգավորման համաձայն այդպիսին է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 30 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը, ապա փոփոխության ընդունման դեպքում բնակարանային պայմանների բարելավման կարիք կհամարվի ծառայության վայրից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ մշտական հաշվառման վայր չունենալը: Գտնում ենք, որ քննարկվող սոցիալական երաշխիքի շահառու հանդիսացող զինծառայողների շրջանակի նեղացումն ինքնին հետընթաց է պետության սոցիալական քաղաքականության առումով և ինքնին բացասական է, իսկ դրա իրավաչափությունը վիճելի։ Միևնույն ժամանակ, առավել խնդրահարույց ենք համարում Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող անցումային դրույթը, որի համաձայն՝ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարում է նաև այն պայմանագրային զինծառայողների համար ում համար այդ իրավունքն արդեն իսկ ծագել էր, սակայն որոնք այլևս չեն բավարարում Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող նոր պայմանին։ Ակնհայտ է, որ նշված դրույթը ուղղակի կերպով հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի՝ իր նկատմամբ կիրառվելու անթույլատրելիության սահմանադրական երաշխիքին, քանի որ իրավական վիճակը ակնհայտորեն վատթարացնող դրույթ են պարունակում այն պայմանագրային զինծառայողների համար, ում՝ ծառայողական բնակարանով ապահովվելու իրավունքը կամ չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը արդեն իսկ ճանաչվել է պետության կողմից։ Հարկ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը նույնպես ՍԴՈ-723 որոշմամբ անդրադարձել է սոցիալական երաշխիքը մասնակի չեղարկող մեկ այլ օրենքի՝ այդպիսի իրավունքը ծագած անձանց նկատմամբ հետադարձությամբ կիրառվելու հնարավորությունը սահմանող դրույթի սահմանադրականության հարցին և Սահմանադրությանը հակասող ու անվավեր ճանաչել այն՝ արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը․ « (…) Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում՝ արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը: Մինչդեռ, օրենքի վիճարկվող նորմն առնչվել է բազմաթիվ մարդկանց իրավունքներին: (…) »: Հարկ է ընդգծել, որ նշված գործով Սահմանադրական դատարանի կողմից քննարկման առարկա դարձած՝ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 73 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթը ևս, ինչպես և Նախագծի 2-րդ մասով սահմանված դրույթը նախատեսում էր սոցիալական երաշխիքը չեղարկող (մասնակի) դրույթի՝ այդ երաշխիքից օգտվելու իրավունք արդեն իսկ ստացած անձանց նկատմամբ հետադարձությամբ կիրառվելու հնարավորություն, ուստի դատարանի դիրքորոշումը լիովին վերաբերելի է խնդրո առարկա Նախագծին։ Հիմք ընդունելով նշվածը՝ առաջարկում ենք Նախագիծը հանել շրջանառությունից կամ առնվազն Նախագծից հանել դրա 2-րդ հոդվածով նախատեսված դրույթը։

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

23.01.2024

Նախագծով այս փոփոխությունն անընդունելի է և իր մեջ պարունակում է որոշակի ռիսկեր, մասնավորապես․ • Ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ բնակվելով զինծառայողը չի կարող ժամանակին և անհրաժեշտության դեպքում արագ հասնել զորամաս, մասնավորապես արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպիսիք են հանկարծակի սահմանային բախումները, անվտանգության սպառնալիքները, պատերազմը։ • Արագ մոբիլիզացվելու և իրեն ծառայության վայր տեղափոխվելու ժամանակ զինծառայողը կարող է բախվել ոչ միայն ժամանակի հետ, այլ նաև հանդիպել լրացուցիչ դժվարությունների, վտանգված լինեն ճանապարհները կամ տրանսպորտային ենթակառուցվածքները, լինեն ավտովթարներ և այլ արտակարգ իրավիճակներ: • Զինծառայողը կարող է դժվարությունների հանդիպել նաև կանոնավոր ուսումնական և այլ վարժանքներին մասնակցելու ժամանակ: Երկարաձգված երթևեկությունը կարող է հանգեցնել հոգնածության և սթրեսի ավելացման, ինչը կարող է ազդել զինծառայողի հոգեբանության և ընդհանուր կատարողականի վրա: Մասնավորապես անսպասելի միջադեպերի դեպքում զինծառայողն ավելի խոցելի վիճակում է հայտնվելու այդ մեծ հեռավորությունից զորամաս հասնելու համար։ Որքան պահանջվի արագ ծառայության վայր հասնելու խիստ անհրաժեշտությունն ու պահանջը, այնքան կմեծանա զինծառայողի խոցելիությունը ծառայության վայր հասնելու ողջ ժամանակահատվածում (օր․՝ կմ/ժ արագության գերազանցում, ինչը կհանգեցնի վթարի, տրանսպորտային միջոցների անսարքության և այլն): Հնարավոր է նաև այդ իրավիճակներում նույնիսկ խոչընդոտվի անմիջական հաղորդակցության միջոցների (կապի) օգտագործումը կամ ընդհատվի տվյալ ստորաբաժանման հետ անմիջական կապը։ • Բացի այդ, կախված կենսապայմաններից և տարածաշրջանից՝ զինծառայողը կարող է բախվել առողջության և անվտանգության ռիսկերի ճանապարհորդության ընթացքում, ներառյալ շրջակա միջավայրի վտանգների կամ սպառնալիքների ենթարկվելը: • Այս մեծ հեռավարությունը կարող է նաև լրացուցիչ անհանգստություն և դժվարություններ ստեղծի ոչ միայն զինծառայողի ընտանիքի անդամների մոտ, այլ նաև հենց զինծառայողի, քանի որ հարկ եղած դեպքում, ընտանիքին արագ հասնելու և աջակցություն ցուցաբերելու համար զինծառայողը բավարար ժամանակ չի ունենում կարճ ժամանակում հասնել իր ընտանիքին, այնուհետև նույն ժամանակին վերադառնալ իր ծառայության վայր։ • Զինծառայողների տեղաբաշխման վերաբերյալ քաղաքականություն մշակելիս և որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնել տարածաշրջանի կոնկրետ համատեքստը և հնարավոր մարտահրավերները, իհարկե չհեռանալով մեր իրականությունից: • Ի թիվս նաև այլ ռիսկերի առաջարկում ենք տարանջատել զինծառայողի ծառայողական բնակարանով ապահովվելու և ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքները և հեռավորություններն առանձին սահմանել նշված երկու իրավունքների համար, որը չպետք է գերազանցի 25 կմ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքն իրացնելու համար և 30 կմ ծառայողական բնակարանով ապահովված լինելու իրավունքն իրացնելու համար։ • Միևնույն ժամանակ, հաշվի առնելով նաև սույն նախագծին դեմ քվեարկող անձանց բարձր ցուցանիշը, կոչ ենք անում, այն հանել շրջանառությունից կամ լրամշակել՝ բոլոր ռիսկերը գնահատելով։

Դավիթ Ասատրյան

14.01.2024

Առկա չէ հիմնավորումներով բավարար պատճառաբանություններ զինծառայողների իրավական վիճակը վատթարացնելու, իրավունքները մասնակի սահմանափակելու համար: Հիմնավորումները ներկայացվում են այն տրամաբանության մեջ, որ կատարվում է զինծառայողներին դրամական փոխհատուցում տրամադրելու մասին, այնինչ այդ փոխհատուցւոմը սահմանված է օրենքով, ուղղակի կրկնապատկվում է այն տարածքը, որի դեպքում չէր տրամադրվում բնակելի տարածք: Հիմնավորումները թերի են և ողջ ամբողջական, ընդունված օրենքը չի բխում պետության կողմից ստանձնած պարտավորություններից, այդ թվում ռազմավարական փաստաթղթերից:

Տեսնել ավելին