Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունման նպատակն է ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի ներդրման շրջանակներում համապատասխան իրավակարգավորումներ սահմանելու միջոցով բարձրացնել հայտարարագրերի ներկայացման կարգապահությունը։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված դեպքերում ֆիզիկական անձինք պարտավոր են մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 1-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։ Օրենսգրքի 159-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին և 4-րդ մասերով սահմանված են եկամտային հարկի գումարների փոխհատուցման դեպքերը։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում հայտարարագիրը չներկայացնելու դեպքում՝ նշված ժամկետից սկսած դադարեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցումները մինչև հայտարարագրի ներկայացնելը։
ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։
4․ Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահության բարձրացումն է։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:
7․ Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգի շրջանակներում կարգապահությունը։