ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«5. Սույն հոդվածով սահմանված դեպքերում եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում, եթե ֆիզիկական անձինք Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված ժամկետներում հարկային մարմին չեն ներկայացրել եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր)։ Սույն մասի կիրառության իմաստով՝
1) եկամտային հարկի գումարների փոխհատուցում չի կատարվում եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) ներկայացման վերջնաժամկետը ներառող եկամտային հարկի վերադարձի հաշվետու ժամանակահատվածից սկսած.
2) եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) չներկայացնելու դեպքում սույն մասի 1-ին կետում նշված հաշվետու ժամանակահատված(ներ)ի համար եկամտային հարկի գումարների վերադարձ կատարված լինելու դեպքում այդ գումարները ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե․
3) եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնելուց հետո սույն մասի 1-ին կետում նշված հաշվետու ժամանակահատված(ներ)ի համար եկամտային հարկի գումարների վերադարձը կատարվում է Կառավարության սահմանած կարգով։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից։