«ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սարքաշինության ոլորտի զարգացման ապահովմամբ և բխում է ՀՀ կառավարության ծրագրից և «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքից։
Փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը կապված է Կառավարության կողմից ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետ իրագործման, ինչպես նաև բարեփոխումների հիմնական ուղղությունների և դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման հետ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գործում մեծ դեր ունի սարքաշինության զարգացումը։ Սարքաշինության ոլորտը համարվում է գիտատար և ունի հնարավորություն նոր տեխնոլոգիաների կլանման, գիտական հենքի վրա նոր արտադրատեսակների արտադրության կազմակերպման։ Ոլորտը ողջ աշխարհում ունի զարգացման արագ միտում և այն ուղղորդվում է հիմնականում գիտության և տեխնոլոգիաների առավել արագ փոփոխությամբ մյուս ճյուղերի համեմատ՝ հետևաբար հանդիսանալով ավելի «տեխնոլոգիակլանող»։ Բնորոշվելով որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով առանձնացող ոլորտ՝ այն ապահովում է երկրի տնտեսության շարունակական զարգացումը, տնտեսության մրցունակությունը համաշխարհային տնտեսության մեջ, ապահովում է որակյալ կադրեր տնտեսությունում, լուծում զբաղվածության խնդիրներ։
Սարքաշինության ոլորտը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը:
Հարկ է նշել, որ 2022 թվականին համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրության արտադրանքի ծավալը կազմել է 6,988,985 հազ․ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 34.2%-ով: Էլեկտրական սարքավորանքի արտադրության արտադրանքի ծավալը կազմել է 14,745,390 հազ․ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ նվազելով 39.3%-ով։ Մեքենաների և սարքավորանքի արտադրության (չներառված ուրիշ խմբավորումներում) արտադրանքի ծավալը կազմել է 18,336,788 հազ․ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 77.7%-ով։
2022 թվականին աշխատողների միջին տարեկան թվաքանակը համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությունում կազմել է 633 մարդ, նախորդ տարվա 1092 մարդու փոխարեն, էլեկտրական սարքավորանքի արտադրությունում կազմել է 1243 մարդ, նախորդ տարվա 1323 մարդու փոխարեն, իսկ մեքենաների և սարքավորանքի արտադրությունում (չներառված ուրիշ խմբավորումներում) կազմել է 1114 մարդ, նախորդ տարվա 878 մարդու փոխարեն։
Եթե ընդհանուր գնահատական տանք ոլորտին, կարելի է նշել, որ մեքենաշինական արդյունաբերության մեջ ձևավորվել են գերակա ուղղություններ, որոնց արտադրանքը հիմնված է գիտատար ու սակավ նյութատար տեխնոլոգիաների վրա, միտումներ են նկատվում նաև արևային տեխնոլոգիաների զարգացման առումով, ինչը նաև ամրագրվում է միջազգային պահանջարկով։ Ներկայումս առանձնանում է նաև միկրոէլեկտրոնիկայի ուղղությունը, որը կարող է արձանագրել արտահանման բարձր ցուցանիշներ՝ օգտագործելով ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները։
Ոլորտի զարգացման գործում էական է արտահանումը խթանող միջոցառումների իրականացումը, արտահանման շուկաների ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը, ոլորտի ապահովումը որակյալ մասնագետներով, պետության կողմից ոլորտին աջակցության տրամադրումը, որոնք կապահովեն երկրի կայուն և շարունակական ընդլայնվող տեղը համաշխարհային շուկայում, կնպաստեն երկրի բրենդինգի աճին համաշխարհային մակարդակով՝ որպես որակյալ և հուսալի սարքաշինական արտադրանք արտադրող և արտահանող երկիր։
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտ է ընդունել և իրագործել սարքաշինության ճյուղի զարգացման նոր ռազմավարական մոտեցումներ։
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատակաուղղված է արդյունաբերության (այդ թվում՝ սարքաշինության) մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:
Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ սարքաշինական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրին՝ նշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունմամբ նոր հնարավորություններ կստեղծվեն ոլորտի զարգացման համար, պետության աջակցության գործիքակազմը նկատելիորեն կբարձրացնի ոլորտի տնտեսավարողների մրցունակությունը համաշխարհային շուկայում, հետևաբար դրական ազդեցություն կունենա նաև տնտեսական աճի վրա: Բացի այդ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կավելանան արտադրության և արտահանման ծավալները։
Այլ տեղեկություններ։ Սույն նախագծով ծրագրի հաստատման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների և ծախսերի ավելացում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի 2.1. «Մշակող արդյունաբերություն» կետից։ Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով որակային բարձր հատկանիշներով աչքի ընկնող և մրցունակ արտադրանք։ Հետևաբար Կառավարության կողմից պետք է իրականացվեն համապատասխան քայլեր վերոնշյալ նպատակն ապահովելու ուղղությամբ։
-
Քննարկվել է
08.11.2023 - 23.11.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 2155
Տպել