«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈԻՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 43.1. Աղբահանության և սանիտարական մաքրման կանոնները խախտելը, չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելը
- Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝
1) առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկ չափով, իսկ
2) սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի և (կամ) կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
- Աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից ու աղբավայրերից դուրս՝
- մինչև երկու կիլոգրամ քաշ ունեցող սպառման աղբ թափելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով.
- սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով.
- երկու կիլոգրամից ավելի զանգվածով սպառման աղբ թափելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքի՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
- մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
- խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
- մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
- մինչև 5 հատ անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողը), առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
- 5-ից ավելի անվադող թափելը (բացառությամբ հեծանվի դողը)` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով.
- մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.
- մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
- ընտանի կամ այլ կենդանիների փոքրաչափ՝ մինչև 1 քառակուսի մետր մակերեսով կենսաբանական նյութեր թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով.
- մինչև 1 խորանարդ մետր ծավալով կենսաբանական նյութեր, կոյուղու թափոններ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
- 1 խորանարդ մետր ծավալից ավել կենսաբանական նյութեր և կոյուղու թափոններ թափելը ՝ առաջացնում է տուգանքի նշանակում` ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի ութսունունապատիկից հարյուրպատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով.
- մինչև 20 կգ զանգվածով կենդանական թափոններ թափելը (ներառյալ սպանդանոցներից) առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով.
- 20 կգ զանգվածից ավելի կենդանական թափոն (ներառյալ սպանդանոցներից) թափելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
- Առանց թույլտվության շինարարական կամ խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումն առաջացնում է տուգանք' նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
- Համայնքի ղեկավարի սահմանած երթուղով շինարարական աղբը չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` հիսնապատիկից ութսունապատիկի չափով:
- Տրանսպորտային փոխադրամիջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
- Հիսուն տոննա և ավելի սպառման թափոնների ժամանակավոր պահեստարանի կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
- Աղբավայրերի և թափոնների փոխաբեռնման կայանների կազմակերպումն ու շահագործումն առանց համապատասխան թույլտվության առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:
- Սույն հոդվածի 2-ից 7-րդ մասերով սահմանված իրավախախտումները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված տուգանքների կրկնապատիկի չափով:
- Սույն հոդվածի 2-ից 6-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումները բնության հատուկ պահպանվող տարածքներում, միջազգային նշանակություն ունեցող համաշխարհային ժառանգության տեղամասում, ենթակա է տուգանման համապատասխան տուգանքի կրկնակի չափով, իսկ նշված վարչական իրավախախտման կրկին իրականացման դեպքում մեծացնում է համապատասխան տուգանքի չափը քառակի անգամ:
- Եթե սույն հոդվածի 2-րդ մասի 3-ից 6-րդ, 8-ից 10-րդ և 13-ից 15-րդ կետերում նշված դեպքերում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է վարչական իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված վարչական տույժը կատարելու պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին (պաշտոնատար անձին) ներկայացնում է համապատասխան ապացույց: Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է վարչական իրավախախտումը կատարած անձին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 15-րդ մասից հանել « ինչպես նաև տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելը» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի՝
- 1-ին մասում «43.1-րդ հոդվածի» բառերից հետո «1-ին, 2-րդ մասերով» բառերը փոխարինել «1-ին, 7-րդ մասերով» բառերով:
- 2-րդ մասում «43.1-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
01.12.2017 - 16.12.2017
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Նախարարություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 10645
Տպել