ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
« » _____________ 2023 թվականի
N - Ն
ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 8)-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 2 ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ___-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԻՆՈՌԵԵՍՏՐԸ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգը սահմանում է կինոռեեստրը վարելու և ազգային ֆիլմի փաստաթղթերը մշտական պահպանության հանձնելու ընթացակարգերն ու պայմանները:
- ԿԻՆՈՌԵԵՍՏՐ
- Կինոռեեստրը ազգային ֆիլմերի վիճակագրական հաշվառումը կազմակերպելու նպատակով ստեղծված տվյալների հիմնապահոց է:
- Կինոռեեստրը ստեղծում և դրա հետագա վարումն իրականացնում է մշակութային հիմնադրամը (այսուհետ՝ Ազգային մարմին)՝ էլեկտրոնային եղանակով։
- Կինոռեեստրում գրանցվում են ազգային ֆիլմերի, դրանց ստեղծագործական խմբի անդամների ու ֆիլմարտադրողների մասին տվյալները:
- Կինոռեեստրը բաղկացած է չորս բաժիններից՝
- Խաղարկային.
- Վավերագրական.
- Անիմացիոն.
- Այլ:
- Կինոռեեստրի բաժիններից յուրաքանչյուրը բաղկացած է երկու ենթաբաժնից՝
- Կինոռեեստրի բովանդակությունը ներառում է՝
- Ֆիլմի անվանումը.
- Ժանրը.
- Ֆիլմի տեսակը (ֆիլմ/տեսանյութ).
- Արտադրության երկիր.
- Արտադրող ընկերություն (ներ).
- Համարտադրող ընկերություն (ներ).
- Արտադրության տարի.
- Կրկնօրինակում (ստուդիա, երկիր, որտեղ կրկնօրինակվել է).
- Ռեժիսոր (ներ).
- Սցենարիստ (ներ).
- Կոմպոզիտոր (ներ).
- Օպերատոր (ներ).
- Նկարիչ (ներ).
- Արտադրող (ներ).
- Գլխավոր դերակատար (ներ).
- Ֆորմատը (35 մմ; լայնաֆորմատ, թվային և այլն).
- Դրվագների քանակը (եթե կիրառելի է).
- Մասերի քանակը (գլանափաթեթներ) (կինոժապավենների համար).
- Թվային կրիչի ծավալը (MB կամ GB).
- Գունավոր / սև ու սպիտակ.
- Մետրաժ (կինոժապավենի դեպքում).
- Տևողությունը.
- Հակիրճ բովանդակությունը (սինոփսիս).
- Հանդիսատեսի տարիքային կատեգորիա.
- Ցուցադրություններ, մրցանակներ (պրեմիերա, կինոփառատոներ, այլ).
- Վերարտադրման, տարածման, հրապարակային ցուցադրման, ներմուծման, վարձույթի, հրապարակային կատարման, եթեր հեռարձակելու, մալուխով հաղորդակցելու, հանրությանն իրազեկելու իրավունք ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձի անվանումը.
- Վարձութային վկայականի համարը.
- Վարձութային վկայականի ամսաթիվը, ժամկետները.
- Հաշվառման քարտի լրացման ամսաթիվը.
- Վարձույթի իրավունքների ավարտի ամսաթիվը.
- Վարձույթի իրավունքի կատեգորիան.
- Այլ նշումներ և տեղեկատվություններ:
- Կինոռեեստրում տվյալների մուտքագրումն իրականացվում է ազգային ֆիլմի կարգավիճակ տալու, վարձութային վկայական տալու կամ վկայականը հետ կանչելու մասին որոշում կայացնելու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում։
- Ֆիլմի վերաբերյալ կինոռեեստրում մուտքագրված սխալ տվյալների հայտնաբերման, ինչպես նաև մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի կամ ազգային մարմնի մասնագետի կողմից իրավատիրոջ, իրավունքների կատեգորիայի, ֆիլմի նկատմամբ իրավունքների օգտագործման ժամկետների կամ այլ նոր տեղեկություններ ստանալու դեպքում, կինոռեեստրում կատարվում են փոփոխություններ կամ լրացումներ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։
- Կինոռեեստրում առկա տեղեկատվությունը բաց է և հասանելի ցանկացած շահագրգիռ անձի համար:
- Կինոռեեստրում առկա տեղեկատվության հասանելիությունն ապահովվում է Ազգային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում այդ տեղեկատվության տեղադրման միջոցով:
- Վարույթում գտնվող գործերի վերաբերյալ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավապահ մարմինների և դատարանների հարցմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ անձանց հարցմամբ՝ կինոռեեստրում առկա տեղեկատվությունը Ազգային մարմինը ներկայացնում է գրանցամատյանից քաղվածքի տեսքով կամ պահանջվող տեղեկատվության բացակայության մասին տեղեկանքի տեսքով՝ հարցման օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:
- ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՄԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
- Ազգային ֆիլմի պահպանությունը, հեղինակային իրավունքի ու հարակից իրավունքների պաշտպանությունը և կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով ազգային ֆիլմի փաստաթղթերը, այդ թվում՝ ֆիլմի հիմնանյութերն ու ֆիլմի բնօրինակը հանձնվում են մշտական պահպանության՝ Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային Արխիվ (Հանձնման ենթակա նյութերի ցանկը սահմանում է Ազգային մարմինը):
- Ազգային ֆիլմ է համարվում կինոթատրոնում ցուցադրելու համար նախատեսված այն ֆիլմը, որը բավարարում է հետևյալ պայմանները.
- ֆիլմի ստեղծագործական խմբի մեծամասնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
- ֆիլմի սցենարի հեղինակը և (կամ) բեմադրող ռեժիսորը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
- ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ֆիլմարտադրողը։
- Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:
- Ազգային ֆիլմ հանդիսացող խաղարկային, վավերագրական, անիմացիոն ֆիլմերի և կինոտարեգրության հիմնանյութերն ու բնօրինակը դրանց արտադրության ամբողջական պետական ֆինանսավորման դեպքում ֆիլմարտադրողի կողմից հանձնվում են մշտական պահպանության Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվի կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի մասնաճյուղ:
- Պետական մասնակի ֆինանսավորում ստացած ազգային ֆիլմերի հիմնանյութերի և բնօրինակի պահպանման ձևաչափը սահմանվում է ազգային մարմնի և ֆիլմարտադրողի միջև պայմանագրով՝ հաշվի առնելով նախորդ կետի պահանջը։
- Ազգային ֆիլմերի և կինոտարեգրության հիմնանյութերի և բնօրինակի պահպանման ընթացքում Ազգային մարմինն ապահովում է հեղինակային և հարակից իրավունքների պահպանումը:
- Ազգային մարմինն ապահովում է ֆիլմարտադրողների կողմից ստեղծված ազգային ֆիլմերի հիմնանյութերի և բնօրինակի ազատ և անվճար հասանելիություն:
- Մինչև ազգային ֆիլմերի հիմնանյութերն ու բնօրինակը Ազգային մարմին և Հայաստանի Հանրապետության Ազգային արխիվ պահպանության հանձնելը՝ ֆիլմարտադրողն ապահովում է դրանց պահպանությունը: