Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Ոստիկանությունում ծառայության ընդունվելիս թեկնածուին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները ստուգվում են Կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» թիվ 175 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 2-ով սահմանված` հիվանդությունների և ֆիզիկական թերությունների կարգացուցակի համաձայն։

Նշված կարգացուցակով, ի թիվս այլնի, սահմանված են նաև թեկնածուի հասակին ներկայացվող սահմանափակումներ։ Որոշման հավելված 2-ի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանվում է ֆիզիկական ինֆանտիլիզմը՝ ֆիզիկական զարգացման անբավարար մակարդակով, իսկ 2-րդ ենթակետով սահմանվում է միայն հասակի և քաշի հստակ պահանջ (հասակը` 160սմ-ից ցածր կամ քաշը՝ 50կգ-ից պակաս) առանց ֆիզիկական ինֆանտիլիզմի այլ ախտանիշների։

Բացի այդ, նշված հավելվածով թեկնածուի պիտանելիությունը որոշվում է ըստ առանձին սյունակներով ներկայացվող պաշտոնների համար սահմանված պահանջների։

Իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գործող վերը նշված իրավակարգովորումը ոչ միայն չի համապատասախանում ներկայումս Ոստիկանությունում ընթացող համակարգային փոփոխությունների տրամաբանությանը, այլ` չարդարացված խոչընդոտներ է ստեղծում կադրային համալրման աշխատանքներն իրականացնելիս, հատկապես ոստիկանությունում կանանց ներգրավվածության ապահովման խնդրի լուծման գործընթացում։

Այսպես, 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում Ոստիկանության բժշկական վարչության բժշկական հանձնաժողով է ուղեգրվել՝ 757 իգական սեռի ներկայացուցիչ, որոնցից 561-ը կամ 74,1%-ը՝ նոր ընդունվողներ, 196-ը կամ 25,9%-ը՝ հետագա ծառայությունը շարունակողներ:

Տվյալներն ամփոփելով պարզվել է, որ Ոստիկանության համակարգ (մասնավորապես՝ Պարեկային ծառայություն) ընդունվելու համար առողջության պահանջներին չհամապատասխանող կանանց ընդհանուր տոկոսային համամասնությամբ առավել մեծ է «անբավարար ֆիզիկական զարգացում (հասակ, քաշ)» առողջության պահանջներին չհամապատասխանելը՝ Ոստիկանության համակարգ ընդունվողների ընդհանուր թվի 62%-ը և պարեկային ծառայություն ընդունվողների 60,8%-ը:

Ուսումնասիրելով վերլուծության արդյունքները` հանգում ենք այն եզրակացության, որ Ոստիկանությունում ծառայության համար դիմած կանանց կեսից ավելին հասակի կամ քաշի սահմանված շեմը չբավարարելու հետևանքով դուրս են մնում ընդունելությունից, թեև ներկայացվող մյուս պահանջներին, ըստ էության, համապատասխանում են։

Համակողմանի կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ ներկայումս գործող հասակին և քաշին ներկայացվող պահանջներն օբյեկտիվորեն մեղմացման կարիք ունեն՝ հաշվի առնելով դիմող կանանց հասակի միջին ցուցանիշները։

Նման վիճակագրության առկայությունն առաջացնում է նաև կանանց իրավունքների պաշտպանությանն ուղղված շարունակական և համակարգված գործունեության իրականացման անհրաժեշտություն: Շարունակական աշխատանքների իրականացմամբ պետք է արմատավորել այն գիտակցումը, որ կանանց իրավունքների երաշխավորմամբ ու հավասարությամբ, իրավունքների բարձր պաշտպանությամբ ամրանում են պետության հիմքերը, երաշխավորվում է իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, ինչը բխում ոչ միայն ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթներից, այլև միջազգային փաստաթղթերով ստանձնած պարտավորություններից։ Պետությունն այս դրույթների ուժով կրում է պարտականություն նպաստելու իրավահավասարության սահմանմանը, խտրականության արգելքին:

Հաշվի առնելով գործնականում առաջացող խնդիրները, հասակի և քաշի պահանջի՝ որպես ֆիզիկական ինֆանտիլիզմի վերաբերյալ առողջական պահանջ ներկայացման խնդիրը, ինչպես նաև բնակչության/անձի ֆիզիկական, ֆիզիոլոգիական և կենսաբանական առանձնահատկություններն ու տվյալները՝ առաջարկվում է Որոշման 2-րդ հավելվածի 17-րդ կետը փոփոխել: Մասնավորապես՝ նվազեցնել թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող սահմանային շեմերը՝ 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հասակի 157սմ-ը փոխարինել 154սմ-ով, իսկ 2-րդ ենթակետով  սահմանված հասակը՝ 160սմ-ից 155սմ, իսկ քաշը 50կգ-ից 47կգ։

Անդրադառնալով առանձին սյունակներով պաշտոններին ներկայացվող պահանջներին, հարկ է նշել, որ գործող կարգով առանձնացվել են ոստիկանությունում ծառայության պաշտոնների 3 խմբեր (սյունակներ), որոնցում հիմնականում հիմք է ընդունվել օպերատիվ, ոչ օպերատիվ, շարային, ոչ շարային ստորաբաժանումներում և այլ՝ «գրասենյակային» ծառայություններում համապատասխան գործառույթների իրականացումը։

Ներկայումս, Ներքին գործերի նախարարության ձևավորման և Ոստիկանությունում ընթացող փոփոխությունների արդյունքում վերակազմավորվել են Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումները, որոնց կողմից այլևս իրականացվելու են միայն ոստիկանական լիազորություններ և այդ շրջանակներում նախատեսվել է, որ Ոստիկանության ստորաբաժանումներում ծառայողներն իրականացնեն համապարփակ գործառույթներ, որոնք ըստ էության, իրենց մեջ ընգրկելու են վերը նշված բոլոր առանձնացված խմբերի գործառույթները։

Նոր պայմաններում իմաստազրկվում է կոնկրետ պաշտոնների կամ պաշտոնների առանձին խմբերի համար որոշակի պահանջների սահմանումը, ուստի անհրաժեշտություն է առաջացել սահմանել միասնական պահանջներ, որոնք կվերաբերեն ոստիկանության բոլոր ծառայություններին, անկախ պաշտոններրի անձնագրերով սահմանված գործառույթների տեսակներից, ինչը նաև էականորեն կսահմանափակի նշված գործընթացում վարչական մարմնի հայեցողական լիազորությունները և կապահովի իրավական որոշակիություն։

Բացի այդ, հիշյալ կարգացուցակով նախատեսված հիվանդություններից ոչ բոլորն են համապատասխանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 817-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչներին, ինչն անհրաժեշտ պայմաններ է սահմանում տարբեր երկրներում կամ տարածաշրջաններում և տարբեր ժամանակներում ստացված մահացության և հիվանդացության տվյալների համակարգված գրանցման, վերլուծության, մեկնաբանման, համեմատության, ինչպես նաև  տվյալների պահպանման, առանձնացման և վերլուծության համար, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև կատարել համապատասխան եզրութաբանական փոփոխություններ՝ նշված հրամանով նախատեսված ստանդարտներին համապատասխանելիությունն ապահովելու համար։

 

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Ոստիկանություն» բաժնի 3-րդ կետի 7-րդ ենթակետից, որը միտված է Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության ավելացմանը և գենդերային հավասարակշռության ապահովմանը:

 

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Կառավարության որոշման Նախագծով կնախատեսվի Ոստիկանությունում ծառայության ընդունվող կին թեկնածուի հասակին և քաշին ներկայացվող պահանջները մեղմացում, նպատակ ունենալով, ընդհանուր առմամբ, խթանել կանանց մասնակցությունը Ոստիկանությունում ծառայությանը, ինչպես նաև ապահովել առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչների համապատասխանելիությունը։ 

 

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Որոշման դրույթները կհամապատասխանեցվեն Ոստիկանությունում վիճակագրական դասակարգիչներին, որի արդյունքում կլուծվեն կադրային համալարման, այդ թվում՝ կանանց ներգրավածության խնդիրները և կբարելավվի իրավակիրառ պրակտիկան։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    12.06.2023 - 27.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4366

Տպել

Առաջարկներ`

Սամվել Սահակյան

26.06.2023

Գլուխ 4․ կետ 36․ ենթակետ 4)-ը առաջարկում եմ հեռացնել։

Սամվել Սահակյան

26.06.2023

Կետ 34․ Բացատրական մաս․ 7) ․ աղեստամոքսային տրակտի մոտոր-էվակուատոր ֆունկցիայի որոշման այդպիսի եղանակ չկա։ 8)-ը կետ 31-ի հետ կապ չունի։

Սամվել Սահակյան

26.06.2023

Կետ 31․ Ցանկը և բացատրական մասերը իրար չեն համապատասխանում։

Տեսնել ավելին