ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի ընդունումը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց ևս ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալու անհրաժեշտությունից:
Միաժամանակ, «Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորումը կարող է չտարածվել այն անձանց վրա, որոնք կմասնակցեն կամավոր ատեստավորմանը և բավարար արդյունքի դեպքում կունենան դրույքաչափի փոփոխություն, որով նաև հնարավորինս կմեղմվի հաստատություններում թափուր տեղեր առաջանալու ռիսկը:
Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ևս սահմանվել է գործընթացի կարգավորման լիազորող նորմ՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառման կատարման անհրաժեշտությունը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կողմից բազմիցս ստացվել են առաջարկներ՝ կամավոր ատեստավորմանը մասնակցելու պատրաստակամության վերաբերյալ, ինչը սույն նախագծով կարգավորվում է՝ մասնագետներին շահադրդելու, հաստատություն մուտք գործելը խթանելու տեսանկյունից:
Հանրակրթության ոլորտում առկա խնդիրներից է հաստատություններում գրեթե բոլոր ուղղություններով ուսուցիչների պակասը լրացնելու հարցը, առավել ևս՝ որակյալ մասնագետներով: Բացի այդ, օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով՝ միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետները շարունակելու են պաշտոնավարել մինչև 2023 թվականի օգոստոսի 20-ը, ինչը ենթադրում է, որ շուրջ 9 տարի ժամկետում օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին բավարարելու քայլեր չձեռնարկած ուսուցիչները այլևս չեն կարող շարունակել դասավանդել:
Մյուս կողմից խնդրահարույց է դառնում թափուր տեղերը համալրելու հարցի հետագա կարգավորումը՝ հաշվի առնելով, որ որոշ ուղղություններով մասնագետներ կա՛մ պարզապես
չկան, կա՛մ լինելու դեպքում արդեն հաստատությունում տարիների փորձառություն ունեցող մասնագետներից որակյալ լինելու երաշխիք չկա: Հետևաբար, կարևոր լուծում է կամավոր ատեստավորման արդյունքում բավարար արդյունք ցուցաբերելու պարագայում հաստատություննից դուրս մնալու խնդրի առջև կանգնած մասնագետների համար պաշտոնավարումը շարունակելու հնարարավորություն ընձեռելը:
Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է, որ ուսուցչի պաշտոնին համապատասխանող և ուսուցիչ չաշխատող անձանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն տալով՝ կստեղծվի մասնագետների բազա, որոնք անհրաժեշտ արդյունք ցուցաբերելու դեպքում նախ կհիմնավորեն որակյալ մասնագետ լինելու փաստը և հետագայում կձգտեն մտել հաստատություններ՝ հաշվի առնելով վարձատրության բարելավման հնարավորությունը:
Ակնկալվում է նաև, որ ուսուցիչների մասնագիտական կատարելագործմանը զուգահեռ,
մասնակիորեն կնվազի ուսումնական հաստատություններից դուրս մնացող ուսուցիչների մասնաբաժինը:
Կարգավորումը կխթանի որակյալ մասնագետների մուտքը հաստատություններ:
Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները, կամավոր ատեստավորմանը մասնակցելով, մասնագիտական զարգացման և վարձատրության բարձրացման հնարավորություն կունենան:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «2050 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի «ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԳԱՆՊԱՏԱԿՆԵՐԻ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «1․ ԿԻՐԹ ԵՎ ԿԱՐՈՂՈՒՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻ, ԺՈՂՈՎՈՒՐԴ» համար 1 մեգանպատակի թիրախային արդյունքի ցուցանիշի ապահովման պահանջից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հավելվածի 2-րդ՝ «Կրթության առկա վիճակը և հիմնախնդիրները» գլխի 43-րդ և 45-րդ կետերով սահմանված, 3-րդ՝ «Կրթության մինչև 2023 թվականը զարգացման տեսլականը, նպատակը և ուղղությունները» գլխի 72-րդ, 73-րդ կետերով, 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված թիրախային արդյունքների ցուցանիշի ապահովման պահանջից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կատավարության 2021-2026 թվականների Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բաժնի 7.2 կետով սահմանված միջոցառման իրականացման անհրաժեշտությունից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 3-րդ պարբերությունից, 3-րդ պարբերության 4-րդ կետից:
Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 թ. մարտի 16-ի N 351-Լ. Ո Ր Ո Շ Ո Ւ Մ . 1.2.1, 2.2.5 միջոցառումների կատարման պահանջից:
ՀՀ կառավարության 2023 թ. մարտի 16-ի 351-Լ որոշման «Հանրակրթական հաստատություններում որակյալ ներառական կրթության ապահովման մեխանիզմների ներդրում» բաժնի 2.2.5 միջոցառում
Իրավական ակտի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Օրենքի նախագծի ընդունմամբ Մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորմանը մասնակցելու գործընթացը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի ավելացում: