ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ-180-Ն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում «փորձաքննության» բառից հետո լրացնել «, մոտարկման» բառը:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր՝ 11-րդ կետ.
11) մոտարկում՝ միջազգային պայմանագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում ներպետական օրենսդրության համապատասխանեցումը և ներդաշնակեցումը առանձին ոլորտներում տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված իրավական կարգավորումներին:
Հոդված 3. Օրենքի 3-րդ գլխի վերնագրում «ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ» բառերը փոխարինել «, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆԸ ՄՈՏԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ» բառերով:
Հոդված 4. Օրենքի 3-րդ գլուխը լրացնել նոր՝ 8.1-ին հոդվածով.
«Հոդված 8.1. Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգումը
- Հայաստանի Հանրապետության` մի կողմից և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ սույն հոդվածում` Համաձայնագիր) շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգումը (այսուհետ սույն հոդվածում՝ Ստուգում) իրականացվում է Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման նպատակով:
- Ստուգումն իրականացնում է նախարարությունը` սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված բացատրական նշումի շրջանակներում նշված օրենսդրության առնչությամբ, որից հետո տրվում է եզրակացություն։ Նորմատիվ իրավական ակտի նախագիծը Ստուգման նպատակով նախարարություն է ներկայացվում նախագիծը փորձաքննության ներկայացնելու հետ միաժամանակ։
- Նորմատիվ իրավական ակտի նախագիծը հիմնավորման հետ մեկտեղ Ստուգման են ուղարկում համապատասխան ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը կամ Կառավարության անդամը, ինչպես նաև Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինները:
- Նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվող հիմնավորումը ներառում է նաև բացատրական նշում, որը պետք է պարունակի.
1) նշում Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության մասին, որը ներառում է մոտարկման ենթակա իրավական ակտի վերնագիրը, համարը և ընդունման ամսաթիվը.
2) ներկայացված նախագծի` նշված օրենսդրությանը մոտարկման վերաբերյալ պարզաբանում կամ մոտարկման անհրաժեշտության բացակայության վերաբերյալ բացատրություն:
- Նորմատիվ իրավական ակտի նախագծի` Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը տրվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը նախարարություն մուտքագրվելու օրվան հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում: Առավել բարդ կամ ծավալուն նորմատիվ իրավական ակտի նախագծերի ներկայացման դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 աշխատանքային օրով, որի մասին տեղեկացվում են նախագիծը ներկայացնողները:
- Նախարարության կողմից Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում նախագիծը չի կարող ներկայացվել Կառավարության քննարկմանը։
- Եթե սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված ժամկետում նախարարությունը Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ եզրակացություն չի տալիս կամ չի երկարաձգում դրա տրամադրման ժամկետը, օրենսդրական ակտի նախագիծը կարող է ներկայացվել վարչապետի աշխատակազմ, իսկ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագիծը ակտն ընդունող մարմնի կողմից կարող է ընդունվել և ուղարկվել հրապարակման` առանց եզրակացության:
- Ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծի վերաբերյալ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության վերաբերյալ բացասական եզրակացություն տրամադրվելու դեպքում նախագիծը ենթակա չէ հրապարակման։
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Կառավարության աշխատակարգում և Արդարադատության նախարարության կանոնադրության մեջ սույն օրենքի իրականացումն ապահովող փոփոխությունները պետք է իրականացվեն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։