ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2021 թվականի մարտի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (այսուհետ՝ ՀԸԳՀ), որի 1-ին հոդվածի (g) նպատակի, 41-րդ, 44-րդ, 50-րդ, 56-րդ, 65-րդ, 83-րդ, 90-րդ, 361-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել Եվրոպական միության օրենսդրությանը[1], այն է` համապատասխանեցնել և ներդաշնակեցնել իր օրենսդրությունը ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը։
Նշված պարտավորության իրականացման շրջանակներում օրենսդրության մոտարկման գործընթացը ենթադրում է նաև նոր մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի՝ Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման իրականացում։ Սակայն ներկայումս գործող օրենսդրությամբ նախատեսված չէ նման գործընթացի իրականացում և որևէ մարմնի վերապահված չէ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր կազմելիս ԵՄ օրենսդրության հետ մոտարկման համապատասխանությունը ստուգելու իրավասություն։ Հետևաբար, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ ՀԸԳՀ-ով սահմանված պարտավորությունները, անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություն և սահմանել համապատասխան կարգավորումներ:
Ուսումնասիրելով օտարերկրյա պետությունների փորձը՝ կարող ենք նկատել, որ օրինակ Մոլդովայի Հանրապետության «Նորմատիվ ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանվում է, որ նորմատիվ իրավական ակտերի նախագծերը ենթարկվում են փորձաքննության Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանելու տեսանկյունից՝ Օրենսդրության ներդաշնակեցման կենտրոնի կողմից: Եվ ստանալով համապատասխանության վերաբերյալ հայտարարությունը՝ նախագծի հեղինակը բացատրական նշումը լրացնում է համապատասխանության վերաբերյալ փորձաքննության եզրակացություններով և, անհրաժեշտության դեպքում, ամփոփագրում ներառում է Օրենսդրության ներդաշնակեցման կենտրոնի դիտողություններն ու առաջարկությունները:[2]
Իսկ Վրաստանի Հանրապետության «Նորմատիվ ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածով սահմանվում է, որ օրենքի նախագծին, ինչպես նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի նախագծին կցվում է բացատրական նշում, որում այլնի հետ մեկտեղ նշվում է Եվրոպական միության այն իրավական ակտը, որին մոտարկելու պարտավորությունը բխում է Վրաստանի Հանրապետության և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից, ինչպես նաև կցվում է այդ իրավական ակտին համապատասխանության վերաբերյալ աղյուսակ:[3] ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ներդաշնակեցման տեսանկյունից նորմատիվ իրավական ակտի նախագծի փորձաքննությունը իրականացնում է Վրաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ԵՄ իրավունքի ստորաբաժանումը:[4]
Համանման կարգավորումներ են առկա նաև Ուկրաինայի Հանրապետությունում։ Մասնավորապես ընդունվել են մի շարք իրավական ակտեր, որոնք ուղղված են Ուկրաինայի օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանը համապատասխանեցնելուն։[5]
Նշված իրավական հիմքերից է Ուկրաինայի 2004 թվականի օրենքը՝ «Ուկրաինայի օրենսդրությունը Եվրամիության օրենսդրությանը համապատասխանեցնելու ծրագրի մասին»։[6]
Այսպիսով կարող ենք նկատել, որ հիմնական կիրառելի մոտեցման համաձայն նախատեսվում է որևէ մարմին, օրինակ, Արդարադատության նախարարությունը, որը որպես կենտրոնական մարմին, ապահովում է ԵՄ օրենսդրության հետ մոտարկման համապատասխանության ստուգումը այն սահմաններում, որքանով այդ օրենսդրության վերաբերյալ հղումը նախատեսված է բացատրական նշումի շրջանակներում։ Նման մոտեցումը, ըստ էության, պայմանավորված է այն հանգամանքով, որ իրավական ակտի նախագիծը մշակող մարմինն է իրավասու և կոմպետենտ նախանշել մոտարկման ենթակա օրենսդրությունը` որպես համապատասխան ոլորտում գործունեություն և քաղաքականություն իրականացնող մարմին և, հետևաբար, տիրապետում է այդ ոլորտի կարգավորվող իրավական դաշտին։ Այլ կերպ, համապատասխան մարմինն է պատասխանատու մոտարկման իրականացման համար, իսկ կենտրոնական մարմինը բացատրական նշումի շրջանակներում ստուգում է մոտարկման համապատասխանությունը միայն։
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, հարկ է նշել, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀԸԳՀ-ի շրջանակներում ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու գործընթացի պատշաճ իրականացման նպատակով:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է.
- սահմանել օրենսդրության մոտարկման հասկացությունը.
- նախատեսել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկման համապատասխանության ստուգման կառուցակարգ,
- նշված ստուգումն իրականացնելու համար իրավասու մարմին դիտարկել Արդարադատության նախարարությունը.
- սահմանել նաև նշված ստուգման իրականացման կարգը և ժամկետները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել ՀԸԳՀ-ի շրջանակներում նախատեսված Եվրոպական միության օրենսդրությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը մոտարկելու գործընթացի իրականացումը:
- Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Արդարադատության նախարարությունում համապատասխան աշխատակազմի ձևավորման կապակցությամբ կարող են լրացուցիչ ծախսեր առաջանալ:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
[1] Տե՛ս, Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր»:
[2]Տե՛ս ЗАКОН № 100 от 22-12-2017о нормативных актах, Статья 36. https://www.legis.md/cautare/getResults?doc_id=105607&lang=ru
[3] Տե’ս organic law of Georgia on normative acts Constitutional Law of Georgia No 1324 of 13 October 2017 –website, 19.10.2017, Article 17, 1. c.d, 2.f, 5. a.b. a1,,https://matsne.gov.ge/en/document/view/90052?publication=34 (16.09.2022թ.-ի դրությամբ)
[4] Տե՛ս https://justice.gov.ge/?m=articles&id=IH6NLVInPt (16.09.2022թ.-ի դրությամբ)
[5] Տե՛ս http://dspace.univd.edu.ua/xmlui/bitstream/handle/123456789/9633/Approksimatsiya%20administrativno_pravovyih%20norm_%20reguliruyuschih%20ohranu%20okruzhayuschey%20sredyi%20v%20Ukraine_%20k%20evropeyskim%20normam_%20Kazanchuk_2013.pdf?sequence=1&isAllowed=y
[6] Տե՛ս https://zakon.rada.gov.ua/laws/show/1629%D0%B0-15#Text