Հայկ Կատվալյան
05.09.2022
Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Այսինքն, ՀՀ Կառավարության որոշման հիշյալ նախագծով առաջարկվող կարգավորումը հակասում է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ ԵՄ Քննարկվող նախագծով՝ 20 տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը, ինչը բխում է օրենքից և գործնականում խրախուսում է նաև անցումային իրավիճակում քննչական մարմնի շարքերը համալրած նախկին հետաքննիչներին՝ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը: