«Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի ազգաբնակչությունը, տնտեսությունը և շրջակա միջավայրը մեծապես խոցելի են բնական երևույթների հետևանքով առաջացող աղետների նկատմամբ՝ երաշտներ, վաղ գարնանային ցրտահարություններ, կարկտահարություններ, սելավներ, ջրհեղեղներ, ուժեղ քամիներ, քարաթափեր, սողանքներ և անտառային հրդեհներ: Աշխարհագրական դիրքով Հայաստանը գտնվում է բարձր սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ երկրաշարժեր: Դրանց հետևանքով զոհվում և տուժում են բազմաթիվ մարդիկ, իսկ տնտեսությանը պատճառվում է հսկայական վնաս: Բարձր է ուրբանիզացիայի մակարդակը: Տեխնածին աղետները՝ քիմիապես վտանգավոր օբյեկտներ, օգտակար հանածոների հանքավայրերով պայմանավորված պոչամբարներներ, 50 և ավելի տարիներ շահագործվող ջրամբարներ, ևս զգալի ռիսկի աղբյուր են հանդիսանում:
Կարևորելով Հայաստանին սպառնացող և հետզհետե ահագնացող բնական վտանգների ռիսկը, ինչպես նաև վերջին տարիներին միջազգային հանրության մեջ առավել մեծ նշանակություն ձեռք բերող միտումները՝ աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգ ստեղծելու և զարգացնելու ուղղությամբ, անհրաժեշտություն է առաջացել մշակելու աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը: Ինչպես նաև հայեցակարգի մշակումը պայմանավորված է աղետների ռիսկի կառավարման գործող ազգային ռազմավարությունն արդիականացնելու, նոր լուծումներ և մոտեցումներ գտնելու կարևորությամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացվող նախագծերով ամրագրվում են աղետների ռիսկի կառավարման միասնական համակարգի հիմնադրույթները, կանխարգելում–նվազեցում-արձագանքում–վերականգնում շղթայի իրականացման անընդհատությանն ուղղված քաղաքականությունը՝ աղետների ռիսկի միասնական գործուն համակարգ ունենալու նպատակով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝
- աղետների ռիսկի հետևողական նվազեցում,
- աղետների ռիսկի կառավարման համակարգի բոլոր մակարդակներում բնակչության պաշտպանության կազմակերպման գործընթացի արդյունավետության բարձրացում,
- աղետների հետևանքով տուժած բնակչության քանակի, պատճառված նյութական վնասների նվազեցում,
- ոլորտը կարգավորող իրավական ակտերի, կարգերի և մեթոդաբանությունների համապատասխանեցումը միջազգային չափանիշներին,
- արտակարգ իրավիճակներում բնակչության վաղ ազդարարման գործուն համակարգի առկայություն,
- աղետների ռիսկի կառավարման միջոցառումների ներառում պետական նպատակային և համայնքային զարգացման ծրագրերում, պլաններում և բյուջեներում,
- աղետների ռիսկի կառավարման ոլորտում մասնավոր ներդրումների ներգրավվում,
- hետաղետային արագ վերականգման և հետագա վերակառուցման պլանների առկայություն,
- կամավորական շարժման ընդլայնում՝ հրշեջ հենակետերի ստեղծման նպատակով:
Աղետների ռիսկի կառավարման արդյունավետության բարձրացումը զգալիորեն կխթանի տնտեսության աճը, կնպաստի ներդրումների ակտիվության բարձրացմանը, ինչն էլ, իր հերթին, կբերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պետության կողմից սոցիալական ծրագրերի իրականացման ընդլայնմանը:
- Այլ տեղեկություններ
- «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը եվ դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
- «Աղետների ռիսկի կառավարման հայեցակարգը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
-
Քննարկվել է
03.05.2021 - 18.05.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 8604
Տպել